Ժիլբերտու Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲրազիլիաԺիլբերտու Սիլվա

Gilberto Aparecido

da Silva
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվա
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Անտեսանելի Պատ[2]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[3][4] (47 տարեկան)
Ծննդավայր Լագոա դա Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 185 սմ[1]
Քաշ 79 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1988-1993 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2000 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 20+ (1+)
2000-2002 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 62 (4)
2002-2008 Անգլիա Արսենալ 170 (17)
2008-2011 Հունաստան Պանաթինաիկոս 78 (6)
2011-2013 Բրազիլիա Գրեմիո 47 (1)
2013-2014 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 20 (1)
Ազգային հավաքական
2001-2010[5] Բրազիլիա Բրազիլիա 93 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժիլբերտու Ապարեսիդու դա Սիլվան (պորտ.՝ Gilberto Aparecido da Silva, հոկտեմբերի 7, 1976(1976-10-07)[3][4], Լագոա դա Պրատա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[1]), առավել հայտնի է որպես Ժիլբերտու Սիլվա (պորտ.՝ Gilberto Silva), բրազիլացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։ 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2005 և 2009 թվականներին՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, 2007 թվականին՝ Ամերիկայի գավաթակիր։

Ժիլբերտու Սիլվան մեծացել է աղքատ ընտանիքում և մանկուց ստիպված է եղել աշխատել ֆուտբոլով զբաղվելուն զուգահեռ[6]։ Իր ֆուտբոլային կարիերան նա սկսել է 1997 թվականին «Ամերիկա Մինեյրո» ակումբում, իսկ 2000 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»՝ դառնալով ակումբի առաջատար խաղացողներից մեկը և երեք տարի խաղալով Բրազիլիայի Սերիա A-ում։ Ժիլբերտուն մեծ ճանաչման է արժանացել 2002 թվականին, երբ նա, մասնակցելով աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված հավաքականի բոլոր յոթ խաղերին, օգնել է Բրազիլիային դառնալ աշխարհի չեմպիոն[7]։

2002 թվականի օգոստոսին Ժիլբերտու Սիլվան 4.5 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց[8] տեղափոխվել է «Արսենալ», որի կազմում դարձել է Պրեմիեր Լիգայի 2003/04 մրցաշրջանի հաղթող և նվաճել Անգլիայի գավաթի երկու տիտղոս։ «Արսենալի» կազմում ացկացրած առաջին հինգ տարիների ընթացքում Ժիլբերտուն մասնակցել է 208 խաղի և խփել 23 գոլ։ 2006 թվականի օգոստոսի 19-ին նա խփել է ակումբի առաջին մրցույթային գոլը նորակառույց «Էմիրեյթս» մարզադաշտում[9]։ 2006 թվականին Ժիլբերտուն դարձել է «Արսենալի» փոխավագ։ Նա խփել է ակումբի ամենաարագ գոլը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2002/03 մրցաշրջանի շրջանակներում ՊՍՎ ակումբի դեմ խաղի 20-րդ վայրկյանին[10]։ «Զինագործների» կազմում խաղալու ընթացքում Ժիլբերտու Սիլվան դարձել է պաշտպանողական ոճի լավագույն կիսապաշտպաններից մեկը Եվրոպայում։ 2007 թվականին Ժիլբերտուն՝ որպես հավաքականի ավագ, մասնակցել է Կոպա Ամերիկային և դարձել գավաթակիր[11]։ 2012 թվականին նա վերադարձել է «Ատլետիկո Մինեյրո», որի կազմում հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտու Սիլվան մանկությունն անցկացրել է Լագոա դա Պրատա քաղաքում։ Հայրը եղել է դարբին, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ժիլբերտուն ունի 3 քույր[6]։ Նրա ընտանիքն ապրել է Ուսինա Լուսիանիա շրջանում գտնվող փոքր տան մեջ, որը կառուցել էր նրա հայրը։ Չնայած ֆինանսական դժվարություններին, ինչի պատճառով ընտանիքի բոլոր երեխաները ապրում էին մեկ սենյակում, ապագա ֆուտբոլիստի մանկությունն անցել է համեմատաբար անհոգ պայմաններում։ Նա գրում է որ իր կյանքում չի եղել ոչ մի պատասխանատվություն, ինքը փողոցում ֆուտբոլ է խաղացել իր հարազատների ու ընկերների հետ, երբեք չի առնչվել թմրանյութերի կամ բռնության հետ[12]։ 1988 թվականին 12-ամյա Ժիլբերտուն հնարավորություն է ստանում հաղթահարել աղքատությունը և զբաղվել ֆուտբոլով. նա միանում է «Ամերիկա Մինեյրո» ակումբի երիտասարդական թիմին։ Այդ ակումբում անցկացրած տարիների ընթացքում Ժիլբերտուն սովորել է պաշտպանական կարգապահություն՝ խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ազատ ժամանակ Ժիլբերտուն հոր մոտ սովորել է կահույքագործի արհեստ, որը նրան պետք է եկել հետագա տարիներին։ 1991 թվականին Ժիլբերտուի հայրն անցել է թոշակի, և 15-ամյա Ժիլբերտուն ստիպված է եղել ապահովել ընտանիքի ապրուստը. դրությունը ավելի է բարդացել նրա մոր առողջական վատ վիճակի պատճառով[13]։

Մենք աղքատ ընտանիք էինք և ստիպված էինք շատ աշխատել։ Ահա թե ինչու, երբ ես դեռ երեխա էի, ստիպված էի կատարել սևագործ բանվորի աշխատանք և աշխատել գործարանում։ Սակայն ես ուրախ եմ, որ ունեցել եմ դժվար սկիզբ։ Դա ստիպում է ինձ հասկանալ այն մարդկանց, ում բախտն այնքան էլ չի բերել[2]։

«Ամերիկա Մինեյրոյում» ստացած ցածր աշխատավարձի պատճառով Ժիլբերտու Սիլվան ստիպված է լինում թողնել ֆուտբոլը և աշխատանք փնտրել. նա եղել է սևագործ բանվոր, ատաղձագործ և հրուշակեղենի ֆաբրիկայի աշախատող։ Դա, ինչպես իրեն թվում էր, եղել է իր մանկության երազանքի վերջը[14]։ Գործարանում աշխատելու ընթացքում նա ամսական ստացել է 50 դոլար աշխատավարձ (2002 թվականի փոխարժեքով)[6][15]։ Ֆաբրիկայում 3 տարի աշխատելուց հետո Ժիլբերտուն կրկին սկսել է զբաղվել ֆուտբոլով՝ ընդունվելով տեղի երիտասարդական ակադեմիա, սակայն այնտեղ մնացել է շատ կարճ ժամանակ, քանի որ նրա մոր առողջական վիճակը վատացել է, և նա ստիպված է եղել վերադառնալ հրուշակեղենի ֆաբրիկա՝ պահպանելով իր ֆուտբոլային կարիերան վերսկսելու հույսը։

Ակումբային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը Բրազիլիայիում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ժիլբերտուի ընկերները նրան համոզում են վերադառնալ ֆուտբոլ։ Արդյունքում 1997 թվականի հունիսի 1-ին Ժիլբերտուն կրկին պայմանագիր է կնքում «Ամերիկա Մինեյրո»ի հետ՝ ընդգրկվելով թիմի հիմնական կազմում։ 22 տարեկան հասակում Ժիլբերտուն առաջին թիմի կազմում խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ «Ամերիկա Մինեյրոյի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում նա համարվել է ակումբի առաջատար խաղացողներից մեկը, չնայած որոշ երկրպագուներ նրան քննադատել են անկայուն լինելու համար[15]։ Նա օգնել է թիմին հաղթել Սերիա Բ-ում, ինչի արդյունքում թիմը տեղափոխվել է Սերիա Ա[16]։

1998 թվականի մրցաշրջանի արդյուքներով թիմը վերադարձել է Սերիա Բ։ Ակումբի կազմում անցկացրած 3-րդ մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն մասնակցել է 6 խաղի և խփել 1 գոլ, ինչպես նաև օգնել է թիմին Մինեյրոյի լիգայում զբաղեցնել 2-րդ տեղը։ 2000 թվականին 24-ամյա Ժիլբերտուն տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»։ Հաջորդ մրցաշրջանում Ժիլբերտուն մարզիչ Կարլոս Ալբերտո Պարեյրայի նախաձեռնությամբ կենտրոնական պաշտպանի դիրքից տեղափոխվել է կիսապաշտպանություն, որտեղ ցուցադրել է լավագույն արդյունքները։ 2001 թվականի մրցաշրջանում նա խփել է 3 գոլ և դարձել է բացահայտում «Ատլետիկո Մինեյրոյի» համար[17]։

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո Ժիլբերտուն գրավում է անգլիական Պրեմիեր Լիգայի 2 ակումբների՝ («Աստոն Վիլլայի» և «Արսենալի») ուշադրությունը, որոնք պայքար են սկսում ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։ Օգոստոսին Ժիլբերտուն, լինելով «Ատլետիկո Մինեյրոի» խաղացող, միանում է «Արսենալին»՝ մասնակցելով Ավստրիայում կայացած նախամրցաշրջանային ուղևորությանը։ Սակայն խնդիրներ են առաջանում պայմանագիր կնքելու հարցում, քանի որ «Ատլետիկո Մինեյրո» ակումբի վրա դրվում է տրանսֆերային էմբարգո որոշ խաղացողների, այդ թվում նաև Ժիլբերտուին աշխատավարձ չվճարելու պատճառով[18][19]։ Խնդիրներ են առաջանում նաև Մեծ Բրիտանիայում Ժիլբերտուի համար աշխատելու թույլտվություն ստանալու հետ կապված[20]։ Այնուամենայնիվ, 2002 թվականի օգոստոսի 7-ին Ժիլբերտուն միանում է «Արսենալին» 4,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Դրանից հետո «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերն ասել է.

Նրա մեջ ես սիրում էի երևույթները չբարդացնելու ձգտումը։ Նա կարող է խաղալ ողջ դաշտում, սակայն հանդես է գալիս միայն պաշտպանության առջևում. դա այն է, ինչ նա անում է լավագույնս[18]։

Սովոր լինելով ապրել Բրազիլիայի ոչ մեծ քաղաքներում՝ Ժիլբերտուն սկզբում չէր կարողանում հարմարվել Լոնդոնի կենսակերպին[21]։ Այնուամենայնիվ խաղադաշտում նա հարմարվեց շատ արագ։ Ակումբի կազմում նրա դեբյուտը կայացավ 2002 թվականի օգոստոսի 11-ին, երբ նա փոխարինման դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի առաջնության շրջանակներում անցկացվող «Լիվերպուլի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում և խփեց հաղթական գոլը[22]։ 2002/03 մրցաշրջանի սկզբում Ժիլբերտուն դաշտի կենտրոնում խաղալու համար դաժան մրցակցության մեջ մտավ իր հայրենակից Էդու Գասպարի հետ։ Երկու անգամ փոխարինման դուրս գալուց հետո Ժիլբերտուն օգոստոսի 26-ին խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և օգնեց «Արսենալին» 5:2 հաշվով հաղթել «Վեստ Բրոմվիչ» ակումբին։ Ժիլբերտուի լավ մարզավիճակը երևաց նաև 2002 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ նա սահմանեց ամենաարագ գոլի ռեկորդ՝ գոլ խփելով ՈՒԵՖԱ Չեմպիոների լիգայի՝ «ՊՍՎի» դեմ խաղի մեկնարկից ընդամենը 20,07 վայրկյան անց[23]։ Սակայն նրա տրանսֆերի հետ կապված խնդիրները շարունակվում են, քանի որ ոչ բոլոր հարցերն էին լուծում ստացել։ Արդյունքում 2002 թվականի նոյեմբերին Ժիլբերտուն իր փաստաբաններին հանձնարարում է «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ դատական հայց նախապատրաստել չվճարված աշխատավարձի պատճառով։ 2002/03 մրցաշրջանի երկրորդ կեսին նա մնում էր «Արսենալի» հիմնական խաղացող։ Չնայած մրցաշրջանի ավարտին ունեցած վատ մարզավիճակին՝ Ժիլբերտուն արժանացավ Անգլիայի գավաթի մեդալի՝ եզրափակչում «Միլենիում» մարզադաշտում խաղալով «Սաութհեմփթոն» ակումբի դեմ, որտեղ «Արսենալը» հաղթեց նվազագույն հաշվով[24]։

2003/04 մրցաշրջանը լավագույնն էր Ժիլբերտուի համար. նա կարևոր դեր խաղաց «Արսենալի» չեմպիոն դառնալու հարցում, իսկ ակումբը ողջ մրցաշրջանն անցկացրեց առանց պարտության։ Մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն «Արսենալի» կազմում մասնակցեց Պրեմիեր լիգայի 38 խաղերից 32-ին։ Հաջորդ մրցաշրջանը Ժիլբերտուի համար նորից հաջող սկսվեց. նա խփեց իր առաջին գոլը Սուպերգավաթում՝ «Միլենիում» մարզադաշտում գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»ի դարպասը։ Այդ խաղում «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով։ Մրցաշրջանի առաջին խաղերի ընթացքում Ժիլբերտուն ուժեղ ցավ էր զգում մեջքի հատվածում, և «Բոլթոն Ուոնդերերս» ակումբի դեմ խաղից հետո՝ 2004 թվականի սեպտեմբերի 27-ին, անցկացված բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ նրա ողերում կան ճեղքվածքներ։ Նախապես հայտարարվեց, որ նա չի խաղա մեկ ամիս[25], սակայն հետագայում պարզ դարձավ, որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը[26]։

Բժիշկը Ժիլբերտուին խորհուրդ տվեց 3 ամիս կրել սեղմիրան, որը կնպաստի վնասված ոսկորի առողջացմանը։ Ժիլբերտուն վերադարձավ հայրենի Բրազիլիա՝ այնտեղ անցկացնելու բուժումը[27]։ Բրազիլիայում անցկացրած ժամանակամիջոցում նա կասկածում էր, թե կկարողանա կրկին խաղալ ֆուտբոլ. նա ենթադրում էր, որ այդ վնասվածքը վերջ կդնի իր կարիերային։ Այնուամենյնիվ նա վերջնականապես ապաքինվեց։ 2005 թվականինշ ապրիլի 22-ին Ժիլբերտուն մասնակցեց «Նորվիչ Սիթիի» դեմ խաղին, որն ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ «Արսենալի»։ 2004/05 մրցաշրջանի ընթացքում Ժիլերտուն բուժվում էր 7 ամիս և մասնակցեց ընդամենը 17 խաղի։ Նրա բացակայությունը համընկավ «Արսենալի» ընդհանուր թիմային անկման հետ, ինչը տեղիք տվեց քննարկումների թիմի համար Ժիլբերտուի կարևորության վերաբերյալ[28], ոմանք էլ նշում էին, թե «Արսենալի» համար դժվար էր առանց Ժիլբերտուի[18]։ 2004/05 Մրցաշրջանում Ժիլբերտուն «Արսենալի» հետ զբաղեցրեց 2-րդ տեղը Պրեմիեր լիգայում և նվաճեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»[29]։

2005 թվականի հունիսին ֆուտբոլային գործակալ Ժակ Լիխտենշտեյնը դատի տվեց «Ատելետիկո Մինեյրոյին» 2002 թվականին տեղի ունեցած Ժիլբետուի տրանսֆերի պատճառով։ Լիխտենշետեյնի փաստաբանը պնդում էր, որ գործակալն ու նրա ոչ պաշտոնական գործընկերը՝ Ռոնի Ռոզենտալը, երբեք չեն ստացել պայմանավորված գումարը, որը պետք է կազմեր տրանսֆերի արժեքի 10%-ը, ինչը տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսին Ժիլերտուի տրանսֆերի ժամանակ[30]։ Արսեն Վենգերն և «Արսենալի» փոխնախագահ Դևիդ Դեյնը դատարանում ցուցմունք տվեցին՝ հայտարարելով, որ «Արսենալը» գործ է ունեցել անմիջապես «Ատլետիկո Մինեյրոյի» հետ, և ոչ մի գործակալ չի միջամտել գործարքին[31]։ Գործը վարում էր դատավոր Ռայմոնդ Ջեքը, ով հունիսի 29-ին դատավճիռ ընդունեց ընդդեմ Լիխտենշտեյնի, ով պարտավորվեց «Ատլետիկո Մինեյրոյին» վճարել £ 94000 դատական ծախսերի համար[32]։ Մեկ տարի անց այդ գործի պատճառով «Արսենալը» կրկին կարող էր խնդիրներ ունենալ, երբ ակումբի նախկին խաղացող Էշլի Քոուլը քննադատեց ակումբին «կեղծավորության ու երկակի ստանդարտների» համար հանուն Ժիլբերտուի տեղափոխման[33]։

Ժիլբերտուն պաշտպանում է դարպասի անկյունը (2006 թվականի ապրիլ)

Երբ սկսվեց 2005/06 մրցաշրջանը, իրավաբանական հարցերը արդեն լուծված էին։ թիմի ավագի՝ կիսապաշտպան Պատրիկ Վիեյրաի հեռանալուց հետո ակումբում ավելացավ Ժիլբերտուի հեղինակությունը[12]։ Մի քանի ամիս անց՝ 2005 թվականի սեպտեմբերին, Ժիլբերտուն, ցանկություն հայտնելով շարունակել իր կարիերան «Արսենալում», ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2009 թվականի հունիս[34]։ Մեկ ամիս անց՝ 2005 թվականի հոկտեմբերի 18-ին, Ժիլբերտուն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով՝ մասնակցելով «Սպարտա Պրահա» ակումբի դեմ խաղին[35]։ Ժիլբերտուն վատ էր խաղում մրցաշրջանի ձմեռային ամիսներին, սակայն Չեմպիոների լիգայի եզրափակիչ փուլում (մասնավորապես «Մադրիդի Ռեալի»[36], «Յուվենտուսի»[37][38] և «Վիլյառեալ»ի դեմ խաղերում[39]) ցուցադրած պաշտպանական լավ որակների շնորհիվ նա արժանացավ գովասանքի։ 2006 թվականի մայիսի 17-ին Ժիլբերտուն «Արսանալի» կազմում մասնակցեց Չեմպիոների լիգայի եզրափակիչ խաղին ընդդեմ «Բարսելոնայի». վերջինս հաղթեց 2:1 հաշվով[40]։

Ակումբի պաշտպան Սոլ Քեմփբելի ու հարձակովող Դենիս Բերգկամպի հեռանալուց հետո (վերջինս ավարտեց կարիերան)՝ 2006 թվականի ամռանը, Ժիլբերտուն դարձավ «Արսենալի» փոխավագ 2006/07 մրցաշրջանի համար[10]։ Ժիլբերտուն լավ էր նախապատրաստվել մրցաշրջանին. հոլանդական ԱՖԱՍ մարզադաշտում անցկացված «ԱԶ» ակումբի դեմ նախամրցաշրջանային ընկերական խաղում նա խփեց իր առաջին գոլը։ Հետագայում նա խփեց «Արսենալի» առաջին գոլը առաջնությունում. դա տեղի ունեցավ «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված «Աստոն Վիլլա»ի դեմ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով։ «Արսենալը» շարունակեց ցուցադրել լավ արդյունքներ, իսկ Ժիլբերտուն խփեց մի քանի գոլ, ինչպես նաև լավ կատարեց ավագի պարտականությունները այն ժամանակ, երբ Թիերի Անրին վնասվածք ուներ[41]։ Ժիլբերտուն ու նրա գործակալ Պաուլու Վիլյանան հաստատեցին, որ խաղացողը չի ուզում խզել պայմանագիրը ակումբի հետ[42]։ Ժիլբերտուի լավ մարզավիճակը պահպանվեց նաև մրցաշրջանի 2-րդ կեսում։ Թեև «Արսենալը» լիգայում զբաղեցրեց 4-րդ տեղը, Ժիլբերտուն մրցաշրջանի ավարտին ճանաչվեց ակումբի լավագույն խաղացող Ռոբին վան Պերսիից հետո, ով Պրեմիեր լիգայում խփել էր 10 գոլ[43]։ Գոլերի մեծ քանակը պայմանավորված է նրանով, որ Թիերի Անրին 2 անգամ վնասվածք էր ստացել և Ժիլբերտուն՝ որպես ավագ, իրացնում էր 11 մետրանոցները։ Դրանից բացի Ժիլբերտուն լավ խաղ էր ցուցադրում դաշտի կենտրոնում և օգնում էր ակումբի երիտասարդ խաղացողներին, ինչ շնորհիվ «Արսենալի» որոշ երկրպագուներ և ֆուտբոլային մեկնաբաններ Ժիլբերտուին համարում էին ակումբի լավագույն խաղացողը և լավագույններից մեկը Պրեմիեր լիգայի այդ մրցաշրջանում[44][45]։

2007/08 մրցաշրջանի սկիզբը նշանավորվեց նրանով, որ «Արսենալից» հեռացավ թիմի ավագ Թիերի Անրին, ով տեղափոխվեց Բարսելոնա[46]։ Այդ փաստը և 2006-07 մրցաշրջանում Ժիլբերտուի՝ «Արսենալի» փոխավագ եղած լինելու հանգամանքը որոշ մարդկանց ստիպեց ենթադրել, որ թիմի ավագ կդառնա Ժիլբերտուն[47][48]։ Սակայն ի զարմանս Ժիլբերտուի[49], ավագի թևկապը հանձնեցին Վիլյամ Գալլասին[50]։ Ժիլբերուն Ամերիկայի գավաթի առաջնությանը[51] մասնակցելու պատճառով «Արսենալ» է վերադառնում ուշացումով. նա բաց է թողնում մրցաշրջանի սկիզբը և արդյունքում կորցնում է իր տեղը առաջին թիմի կազմում, որտեղ նրան փոխարինում է երիտասարդ կիսապաշտպան Մաթյո Ֆլամանի։ Դրա պատճառով ավելի շատացան խոսակցությունները Ժիլբերտուի՝ Իտալիա տեղափոխվելու մասին, քանի որ նա դժգոհ էր, որ գտնվում է «Արսենալի» պահեստայինների նստարանին[52]։ Այնուամենայնիվ Վենգերը ժխտեց այն լուրը, թե ակումբն այլևս Ժիլբերտուի կարիքը չունի։ Վենգերը պնդում էր, որ Ժիլբերտուն մնա «Արսենալում» և պայքարի իր տեղի համար[53][54]։ Չնայած դրան՝ 2007 թվականի հոկտեմբերին մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ Ժիլբերտուն բարկացած է Վենգերի վրա այն պարտճառով, որ վերջինս նրան խնդրել է Լիգայի գավաթի՝ «Շեֆիլդ Յունայթեդ» ակումբի հետ հանդիպման ժամանակ խաղալ պաշտպանութունում. ֆուտբոլիստը հրաժարվել է կատարել մարզչի հանձնարարությունը[55]։ Ժիլբերտուն խաղն ավարտեց դաշտի կենտրոնում, բացի այդ[56] նա ու Վենգերը ժխտեցին այն լուրերը, թե իրենց միջև եղել են տարաձայնություններ[57][58]։ Հետագայում Ժիլբերտուն նշել է, որ այդ ժամանակ ինքը բնավ էլ ուրախ չի եղել մնալ պահեստայինների նստարանին, բայց մնացել է, որպեսզի պայքարի իր տեղի համար[59]։ Հոկտեմբերին Ժիլբերտուն հավաքականի ավագի թևկապը փոխանցեց Լուսիոյին, ով ապաքինվել էր վնասվածքից հետո։

Ժիլբերտուն վիճում է Նանիի հետ

2007/08 մրցաշրջանի ձմեռային ամիսներին Ժիլբերտուն քիչ է խաղում «Արսենալի» կազմում, սակայն պաշտպանում է իր տեղը Բրազիլիայի հավաքականում՝ մասնակցելով մի քանի խաղերի[60]։ Ավելի ու ավելի հիասթափվելով քիչ խաղալու պատճառով՝ 2008 թվականի փետրվարին Ժիլբերտուն խոստովանել է, որ Վենգերն ստիպել է իրեն զգալ «բոլորովին անպետք»[61]։ Չնայած դրան՝ Ժիլբերտուն հրաժարվում է վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ[62]։ Դա Վենգերին ստիպում է բանակցություններ սկսել Ժիլբերտուի հետ։ Չխաղալով «Արսենալում»՝ Ժիլբերտուն սկսում է պայքարել Բրազիլիայի հավաքականի կազմում 2008 թվականի օգոստոսին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար[63], սակայն այդ մրցությանը նույնպես նա չի մասնակցում։ Ժիլբերտուն թեստ է հանձնում Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար և հետագայում պիտի ստանար բրիտանական անձնագիր[64]։ Ապրիլին Ժիլբերտուի դրությունը փոխվեց դեպի լավը. նա մասնակցեց մրցաշրջանի 12 խաղերից 5-ին և խփեց 1 գոլ։ Գոլը խփվել է ապրիլի 19-ին Ռեդինգ ակումբի դեմ խաղում. թեև սկզբում այն հաշվվել է որպես ինքնագոլ[65], սակայն Պրեմիեր լիգայի կասկածելի գոլերի հանձնաժողովը գոլը գրանցել է Ժիլբերտուի օգտին[66]։ Սակայն 2007/08 մրցաշրջանում Ժիլբերտուի վերադարձը չօգնեց «Արսենալին» նվաճել որևէ տիտղոս։ Հետագայում լուրեր են տարածվում, թե հնարավոր է, որ մի քանի խաղացողներ լքեն ակումբը[67], որոնց թվում կարող էր լինել Ֆլամանին, ով ակումբում գրավել էր Ժիլբերտուի տեղը։ Մայիսի 6-ին ֆրանսիացին տեղափոխվեց «Միլան»[68], և «Արսենալի» կիսապաշտպանի տեղը մնաց ազատ։ 2008 թվականի ամռանը Ժիլբերտուի՝ ակումբից հեռանալու հնարավորությունը փոքր էր, և Վենգերը նշել է, թե կուզենար, որ Ժիլբերտուն մնար ակումբում[69]։ Խաղացողը հայտարարել է, որ ուզում է մնալ ակումբում[70], և հնարավոր է, որ նույնիսկ երկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ։ 2007/08 մրցաշրջանում Ժիլբերտուն «Արսենալի» կազմում մասնակցել է 36 խաղի, որոնցից միայն 12-ում է խաղադաշտ դուրս եկել հանդիպման առաջին րոպեներից[71]։

«Պանատինաիկոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը Բրազիլիայի հավաքականի կազմում միջազգային խաղերի մասնկացելուց հետո Ժիլբերտուն լրջորեն տրամադրվում է, որ պիտի տեղափոխվի «Պանատինաիկոս» ֆուտբոլային ակումբ[72][73]։ Պայմանագիրը կնքվել է 2008 թվականի հունիսի 17-ին, երբ Ժիլբերտուն բոլոր պայմաննները քննարկել է հունական կողմի հետ։ Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել[74]։ Նոր ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում Ժիլբերտուն թիմին օգնում է հասնել Չեմպիոների լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ ակումբը 3:2 ընդհանուր հաշվով պարտվում է «Վիլյառեալին»։ «Պանատինաիկոսի» կազմում Ժիլբերտուն 2009/10 մրցաշրջանում դարձավ Հունաստանի չեմպիոն և Հունաստանի գավաթակիր։ Լինելով ակումբի հիմնական հենակետային կիսապաշտպանը՝ Ժիլբերտուն մասնակցեց բազմաթիվ խաղերի։ 2011 թվականի մայիսի 23-ին Ժիլբերտուն խփեց ՊԱՕԿ-ի դեմ խաղի հաղթական գոլը, որը միակն էր հանդիպման ընթացքում[75]։ Երկու օր անց Ժիլբերտուն անցկացրեց իր վերջին հանդիպումը «Պանատինաիկոսի» կազմում. այդ խաղում «Պանատինաիկոսը» 2:0 հաշվով հաղթեց ԱԵԿ-ին[76]։

Վերադարձ Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 23-ին Ժիլբերտուն ավարտում է իր իննամյա կարիերան Եվրոպայում և պայմանագիր կնքում Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքի «Գրեմիո» ակումբի հետ[77]։

Նախկինում Ժիլբերտուն ակնարկել է, որ մի գեղեցիկ օր ինքը կարող է վերադառնալ Բրազիլիա, որպեսզի խաղա «Ատլետիկո Մինեյրոյում»»[78]։

201 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է, որ Ժիլբերտուն նախնական պայմանագիր է կնքել «Ատլետիկո Մինեյրոյի» հետ[79]։

2012 թվականի դեկտեմբերի 9-ին «Ատլետիկո Մինեյրոյի» երկրպագուները դիմավորել են Ժիլբերտուին «Տանկրեդու Նևես» օդանավակայանում. 11 տարի անց նա վերադառնում է Բելու Հորիզոնտի։ Վերադարձից հետո Ժիլբերտուն խոսում է 2013 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում հաղթելու ցանկության մասին[80]։ Նա հասնում է այդ նպատակին՝ «Ատլետիկոյի» հետ 2013 թվականի հուլիսի 24-ին գավաթի խաղարկության եզրափակչում տուգանայինների շնորհիվ հաղթելով Պարագվայի «Օլիմպիա» ակումբին[81][82][83]։

2013 թվականի հուլիսի 28-ին տեղի ունեցած «Կրուզեյրոյի» դեմ խաղում Ժիլբերտուն ստանում է աջ ծնկի մենիսկի վնասված։ Դրանից մեկ շաբաթ անց նա վիրահատվում է[84]։ 2013 թվականի դեկտեմբերին Ժիլբերտուն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ մեկնում է մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս։ 2014 թվականի հունվարին խաղացողի հետ պայամանգրի ժամկետը չի երկարացվում, և Ժիլբերտու Սիլվան մնում է առանց ակումբի[85]։ Արդյունքում նա որոշում է ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հոկտեմբերին Ժիլբերտու Սիլվայի խաղային լավ որակները նկատում է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով նրան հրավիրում է մասնակցելու 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին[86]։ Հավաքականի կազմում Ժիլբերտու Սիլվան առաջին անգամ խաղացել է հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման դուրս գալով Չիլիի հավաքականի դեմ խաղում։ Նոյեմբերի 7-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հավաքականի մեկնարկային կազմում՝ մասնակցելով Բոլիվիայի հավաքականի դեմ խաղին։ Ժիլբերտու Սիլվայի միջազգային կարիերան շարունակում է հաջողությամբ ընթանալ 2002 թվականի սկզբին. նա դուբլ է ձևակերպում Բոլիվիայի դեմ խաղում և գոլ խփում Իսլանդիայի դեմ խաղում։ 2002 թվականին նա անսպասելիորեն ընդգրկվում է Բրազիլիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու Հարավային Կորեայում ու Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։ Նախատեսվում էր, որ Ժիլբերտու Սիլվան կլինի պահեստային, սակայն Բրազիլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան և ավագ Էմերսոն Ֆերեյրան առաջնության սկսելուց կարճ ժամանակ առաջ վնասվածք է ստանում մարզման ժամանակ[87]։ Մարզիչ Սկոլարին Ժիլբերտուին նշանակում է կիսապաշտպան, և վերջինս մասնակցում է առաջնության բոլոր խաղերին, իսկ Բրազիլիան դառնում է չեմպիոն[88]։ Ըստ «Veja» ամսագրի՝ Ժիլբերտուն «պահպանել է դաշնամուրը Ռոնալդոյի և Ռիվալդոյի համար, ովքեր դրանով նվագում էին իրենց մեղեդիները»[15]։ Ժամանակ առ ժամանակ նա օգնում էր հարձակողական գործողություններին. կիսաեզրափակչում նա Ռիվալդոյի համար հնարավորություն ստեղծեց խփելու գոլ, որի շնորհիվ Բրազիլիան անցավ եզրափակիչ[89]։ Առաջնության ընթացքում Ժիլբերտուի ցուցաբերած լավ խաղի շնորհիվ նրան սկսեցին կոչել աշխարհի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը[90]։

2005 թվականի հունիսի 22-ին Ժիլբերտուն Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցում է Ճապոնիայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվում է 1:1 հաշվով. դա նրա միակ խաղն էր Կոնֆեդերացաների գավաթի խաղարկություններում։ Հավաքականի հիմնական կազմում չընդգրկվելը պայմանավորված էր նրանով, որ նա, մրցաշրջանի ընթացքում քիչ խաղալով «Արսենալի» կազմում, գտնվում էր ոչ այնքան լավ մարզավիճակում։ Այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականի կազմում նա դառնում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։ Չեմպիոնների լիգայի ընթացքում Ժիլբերտուն կրկին հասնում է լավ մարզավիճակի և հրավիրվում հավաքական՝ մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնությանը։ Նա երկու անգամ դուրս է եկել փոխարինման և երկու անգամ ընդգրկվել է մեկնարկային կազմում, քանի որ վնասվածքի պատճառով Էմերսոնը չի մասնակցել խաղերին։ Քառորդ եզրափակչում Բրազիլիան նվազագույն հաշվով պարտվում է Ֆրանսիային։ Բրազիլիայի համար անհաջող այդ առաջնությունից հետո կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն ավագ ֆուտբոլիստներին (այդ թվում նաև Ժիլբերտու Սիլվային) կոչ է անում հեռանալ հավաքականից[91]։ Սակայն հավաքականի մարզիչ է նշանակվում Ժիլբերտուի մանկության կուռքը՝ Դունգան[2][92], և ֆուտբոլիստը որոշում է չհետևել Ժունինյոյի խորհրդին, և շարունակել իր միջազգային կարիերան։

2007 թվականի հունիսի 1-ին Ժիլբերտուն՝ Բրազիլիայի հավաքականի որպես ավագ, մասնակցել է Անգլիայի հավաքականի դեմ խաղին, որն առաջին միջազգային պաշտոնական հանդիպումն էր Ուեմբլի մարզադաշտում[93]։ Ժիլբերտուն գլխով գոլ է խփել հանդիպման 20-րդ րոպեին, բայց այն չի հաշվվել[94]։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է հակառակորդի դարպասի գրավմանը, իսկ խաղն ավարտվել է 1:1 հաշվով[95]։

2007 թվականի ամռանը Ժիլբերտուն մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի ընթացքում եղել է հավաքականի ավագը Լուսիոյի բացակայության պատճառով[96]։ Եզրափակչում բրազիլացիները 3:0 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին, սակայն Ժիլբերտուն եզրափակիչ խաղին չի մասնակցել որակազրկման պատճառով[96]։ Պրեմիեր լիգայի 2007/08 մրցաշրջանի ավարտից հետո Ժիլբերտուն հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին և ԱՄՆ-ում կատարվող ամառային շրջագայությանը[97]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտուն (աջից) խաղում է «Աստոն Վիլլայի» նախկին ավագ Գարեթ Բարիի դեմ

Բրազիլիայում ժիլբերտուին կոչում են «անտեսանելի պատ»[2]։ Նրա խաղը հաճախ մնում է աննկատ, քանի որ նա խաղում է երկու կենտրոնական պաշտպանների ու մյուս կիսապաշտպանների արանքում՝ խանգարելով հակառակորդի հարձակողական գործողություններին, մինչ նրանք կհասցնեն արագություն հավաքել։ Այդ գործառույթն էր նա կատարում ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում[98]։ Քանի որ Բրազիլիայի հավաքականն ու «Արսենալը» խաղում են հարձակողական ֆուտբոլ, Ժիլբերտուն ապահովագրել է կողմնային կիսապաշտպաններին, ովքեր սովորաբար հետ չեն քաշվում պաշտպաններին օգնելու համար։ Խաղի ընթացքում Ժիլբերտուն երբեմն հետ է քաշվում, որպեսզի ապահովագրի կենտրոնական պաշտպաններին, Բրազիլիայի հավաքականում, որպես կանոն, դա Լուսիոն էր, իսկ «Արսենալում»՝ Կոլո Տուրեն, որոնք երկուսն էլ հայտնի են նրանով, որ սովորություն ունեն միանալու հարձակողական գործողություններին։

Ժիլբերտուի խաղաոճը տարբերվում է այլ կիսապաշտպանների խաղաոճից. եթե մյուս կիսապաշտպանները, ինչպիսիք են, օրինակ, Ռոբի Սևիջը և Ռոյ Քինը, ավելի ուժեղ են հակամարտություններում, ապա Ժիլբերտուն պաշտպանական գործողություններում ավելի պասիվ է։ Խաղացողին դիմավորելու փոխարեն նա հաճախ պահպանում է որոշակի հեռավորություն և դրանով հետ մղում նրան։ Այդ պատճառով էլ նա հազվադեպ է քարտեր ստանում, ի տարբերությունն այլ հենակետային կիսապաշտպաններին։ «Արսենալում» խաղալու տարիներին Ժիլբերտուն երկու անգամ ավելի քան 45 խաղ անցկացրել է առանց նկատողության[99]։

Ժիլբերտուն հաճախ օգնում է պաշտպանվել այն հակառակորդներից, ովքեր խաղում են երկար փոխանցումներով։ Նա հակառակորդին ստիպում է խաղալ դաշտի կենտրոնում, ինչին սովոր չեն շատ թիմեր[100]։

Չնայած Ժիլբերտուի փոխանցման ճշգրտության բարձր մակարդակին[101]՝ նախկինում նրա փոխանցումները բնութագրվել են որպես անհաստատ[102]։ Հավանաբար դա բացատրվում է նրա փոխանցման փոքր հեռավորությամբ։ Նա հաճախ գնդակը փոխանցում է իրեն մոտ խաղացող կիսապաշտպաններին, ինչպիսին է, օրինակ, Սեսկ Ֆաբրեգասը, այդ պատճառով էլ նրա փոխանցումները ճշգրիտ են։ Այդ կարճ փոխանցումները հաճախ մնում են աննկատ, իսկ հեռու տարածության վրա կատարված անհաջող փոխանցումները սովորաբար ենթարկվում են քննադատության, սակայն չնայած դրան՝ նրա փոխանցումների ճշգրտության մակարդակը մնում է բարձր։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներն ակումբների կազմում[18]
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Բրազիլիայի գավաթ Գաուշուի լիգա Ամերիկա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Գրեմիո 2012 26 0 8 0 15 1 3 0 52 1
2011 21 1 21 1
Ընդհանուր 47 1 8 0 15 1 3 0 73 2
Ակումբ Մրցաշրջան Հունաստանի Սուպերլիգա Հունաստանի գավաթ Հունաստանի Սուպերգավթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հունաստան Պանատինաիկոս 2010/11 25 1 1 0 0 0 0 5 0 0 0 30 1
2009/10 24 0 1 3 0 0 0 13 0 0 0 40 0
2008/09 29 3 1 1 0 0 0 9 0 2 0 41 3
Ընդհանուր 78 4 3 4 0 0 0 27 0 2 0 111 4
Ակումբ Մրցաշրջան Պրեմիեր Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Արսենալ 2007/08 17 1 1 3 0 3 0 6 0 0 0 29 1
2006/07 34 10 1 3 0 1 0 9 1 0 0 47 11
2005/06 33 2 1 1 0 3 1 10 1 1 0 48 4
2004/05 13 0 1 2 0 0 0 1 0 1 1 17 1
2003/04 32 4 1 3 0 1 0 8 0 1 0 45 4
2002/03 35 0 2 3 0 0 0 12 2 1 1 51 3
Ընդհանուր 164 17 7 15 0 8 1 46 4 4 2 237 24
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 2001 24 3 24 3
2000 38 1 38 1
Ընդհանուր 62 4 62 4
Ակումբ Մրցաշրջան Սերիա A Ընդհանուր
Խաղեր Գոլեր Փոխ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 1999 20 1 20 1
1998
Սերիա B
1997
Ընդհանուր

կարիերայի ընթացքում

356 26 10 27 0 23 2 76 4 6 2 488 35
Միջազգային խաղեր[103]
Հավաքականում Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Բրազիլիա Բրազիլիա 2001/02 14 (1) 3
2002/03 05 (0) 0
2003/04 08 (1) 0
2004/05 04 (0) 0
2005/06 09 (2) 0
2006/07 14 (1) 0
2007/08 11 (0) 0
2008/09 14 (0) 0
2009/10 14 (0) 0
Ընդհանուր 93 3


(Փակագծերում նշված են ոչ պաշտոնական խաղերը, որոնք չեն ներառվում ընդհանուր վիճակագրության մեջ)

Միջազգային գոլեր
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 31 հունվարի 2002 Սերա Դոուդարա, Գոյանիա, Բրազիլիա Բոլիվիա Բոլիվիա
2:0
6:0
Ընկերական խաղ
2.
3:0
3. 7 մարտի 2002 Ժոզե Ֆրաժելի, Կույբա, Բրազիլիա Իսլանդիա Իսլանդիա
4:0
6:1
Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Բրազիլիայի հավաքական
Բրազիլիա «Ամերիկա Մինեյրո»
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությույան արծաթե մեդալակիր - 1999
  • Բրազիլիայի Սերիա B-ի չեմպիոն - 1997
  • Սուլ Մինասի գավաթի դափնեկիր - 2000
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս
Բրազիլիա «Ատլետիկո Մինեյրո»
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությյան չեմպիոն - 2000
  • Մինաս Ժերայս նահանգի առաջանությյան արծաթե մեդալակիր - 2001
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր 2013
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս
Անգլիա «Արսենալ»
Հունաստան «Պանաթինաիկոս»
  • Հունաստանի չեմպիոն - 2010
  • Հունաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2011
  • Հունաստանի առաջնության բրոնզե մեդալակիր- 2009
  • Հունաստանի գավաթի դափնեկիր - 2010
  • Ընդհանուր՝ 2 տիտղոս

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիլբերտուն Փողոցային լիգայի ֆոտոսեսիայում
Ժիլբերտուն նվագում է մանդոլին

Հարցազրույցներից մեկում Ժիլբերտուն ասել է, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կցանկանար «ապրել փոքր ֆերմայում, ձի վարել, ու որ ողջ ընտանիքը կողքիս լինի»[104]։

Նա հիմնադրել է Փողոցային լիգան՝ բրիտանական բարեգործական կազմակերպություն, որը ֆուտբոլային հանդիպումներ է անցկացնում անտունների, փախստականների ու կացարան փնտրող անձանց համար։ 2003 թվականի հունիսին Ժիլբերտուն Փողոցային լիգայի 17 խաղացողների հետ շրջագայության է կատարել Բրրազիլիայում[105], որի ընթացքում նրանք այցելել են Ժիլբերտուի հայրենի քաղաք՝ Լագո դա Պրատա, և խաղացել տեղացի ֆավելների հետ «Մարականա» մարզադաշտում։

Ժիլբերտուն երաժշտության մեծ երկրպագու է։ Ազատ ժամանակ նա նվագում է մանդոլին և կիթառ։ Երբ նա առաջին անգամ գնացել է Անգլիա, սովորել է մանդոլին նվագել և նվագել է Սենտ Օլբանս քաղաքի փաբում։ Հետագայում նա սովորել է նվագել կիթառ[106]։

Ժիլբերտու Սիլվայի պատվին կոչվել է Լոնդոնի կենդանաբանական այգում գտնվող հսկա մրջնակերը։ Ժիլբերտուն «որդեգրել է» կենդանուն, որին նա ստացել է Լոնդոնի կենդանաբանական այգու մրցույթի հաղթողից։ Ֆուտբոլիստը կենդանուն անվանել է «իմ մի քիչ մազոտ եղբայրը»[107]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hugman, Barry J., ed. (2008). The PFA Footballers' Who's Who 2008–09. Mainstream Publishing. էջ 170. ISBN 978-1-84596-324-8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 McRae, Donald (2006 թ․ մայիսի 16). «This final is like our own World Cup». The Guardian. London. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Gilberto Aparecido da Silva – International Appearances». Rec.Sport.Soccer Statistics Foundation.
  6. 6,0 6,1 6,2 Mott, Sue (2006 թ․ սեպտեմբերի 2). «Life is sweet for Brazil's shop steward». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  7. «4thegame Profile». 4thegame.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Arsenal sign Gilberto Silva». Breaking News. 2002 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  9. Austin, Simon (2006 թ․ օգոստոսի 19). «Arsenal 1–1 Aston Villa». BBC Sport. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  10. 10,0 10,1 Henry, Thierry (2007 թ․ մայիսի 17). «The Sun Online: The Three Kings of Arsenal». The Sun. London. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  11. «dailymail.co.uk – Arsenal will have to cope without midfielder Gilberto». Daily Mail. London. 2007 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  12. 12,0 12,1 Wallace, Sam (2005 թ․ օգոստոսի 20). «The Premiership Interview: Highbury's Silva lining». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  13. White, Clive (2005 թ․ մայիսի 15). «Silva worth his weight in gold». The Daily Telegraph. London. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  14. Brodkin, Jon (2002 թ․ սեպտեմբերի 5). «New Gunner Gilberto is quick to earn his stripes». The Guardian. London. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Cheese is the secret to Silva's success». ESPN Soccernet. 2002 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  16. «América-MG é campeão da Série B de 1997; veja o vídeo da comemoração». Placar. 30/04/2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. «Brazil player profiles». CNN Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Gilberto Silva Profile». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  19. «ESPNsoccernet: Silva transfer 'in doubt' – report». ESPN Soccernet. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. «Brazilian Silva granted work permit». ESPN Soccernet. 2002 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. «Gilberto's a city slicker». BBC Sport. 2002 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  22. «Slick Arsenal win Shield». BBC Sport. 2002 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  23. «PSV — Arsenal». UEFA. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  24. «FA Cup final: Arsenal v Southampton». London: The Guardian. 2003 թ․ մայիսի 17. էջ B3.
  25. «Gilberto sidelined for at least a month». ESPN Soccernet. 2004 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  26. «Gilberto injury gives Arsenal soft centre»». London: The Guardian. 2004 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  27. «Arsenal hit by Gilberto injury setback». ESPN Soccernet. 2004 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 13-ին.
  28. «Wenger hails Gunner Gilberto's contribution». BreakingNews.ie. 2005 թ․ ապրիլի 1. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  29. «Match Report at FA Cup Finals». fa-cupfinals.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  30. «Jacques Lichtenstein vs. Clube Atletico Mineiro, Neutral Citation Number: 2005 EWHC 1300 (QB). Case No: HQ02X03806». ElDial.com. 2006 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  31. «Dein speaks at Gilberto inquiry». Sporting Life. 2006 թ․ հունիս. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  32. «Arsenal evidence sinks agent case». BBC Sport. 2005 թ․ հունիսի 29. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  33. Anderson, Jack. «Corruption in Sport» (1–2). The International Sports Law Journal. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  34. Bremner, Steve (2007 թ․ մայիսի 25). «Sun Online: I'm Gunner bring glory». The Sun. London. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  35. Davies, Christopher (2005 թ․ հոկտեմբերի 18). «Henry strikes twice to secure Arsenal record». London: The Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ մարտի 26-ին.
  36. Scott, Matt (2006 թ․ փետրվարի 22). «Henry storms Real citadel to reignite Gunners». London: The Guardian. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  37. Winter, Henry (2006 թ․ ապրիլի 25). «Arsenal bring Highbury curtain down in style». London: The Daily Telegraph. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  38. «Lehmann sends Gunners to Paris». ESPN Soccernet. 2006 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  39. «Gilberto wary of Riquelme's home threat». London: The Guardian. 2006 թ․ ապրիլի 25. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 13-ին.
  40. «2006 UEFA Champions League Final. Full time report» (PDF). UEFA. 2006 թ․ մայիսի 17. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  41. «Captaincy debate goes on as Gilberto inspires». London: The Guardian. 2006 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  42. «Gilberto reveals Juve interest». Worldsoccer.com. 2007 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  43. «Arsenal Squad Stats (Barclays Premier League), 2006-07». ESPN. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  44. «Ronaldo stands out from rest by any calculations». London: The Times. 2007 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  45. «Arsenal-Land – Player of the Year». Arsenal Land. 2007 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
  46. «Thierry Henry signs for Barcelona». nationmultimedia.com. 2007 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
  47. «Wenger — Gilberto in frame for captaincy». Arsenal F.C. 2007 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  48. «Axed Gilberto Silva faces Arsenal departure». London: The Daily Telegraph. 2007 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  49. «Gilberto: I heard skipper snub on web». inthenews.co.uk. 2007 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  50. «Wenger hands captain's armband to Gallas». Arsenal F.C. 2007 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  51. «Silva's gone till September». Sporting Life. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  52. «GIMME A GAME WENGER!». London: The People. 2007 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  53. «Flying start gives Wenger selection headache». Arsenal F.C. 2007 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  54. «Wenger — 'Fantastic' Gilberto will fight for place». Arsenal F.C. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  55. «Silva angry at snub». Daily Mirror. London. 2007 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  56. «Sheffield United Match Report». Arsenal F.C. 2007 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  57. «Wenger denies Gilberto bust-up». Sky Sports. 2007 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  58. Castles, Duncan (2007 թ․ նոյեմբերի 4). «Gilberto denies Wenger dispute». London: The Guardian. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 4-ին.
  59. Richard Clarke (2007 թ․ նոյեմբերի 7). «Gilberto — I am staying here to fight for my place». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  60. «Republic of Ireland 0:1 Brazil». BBC Sport. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  61. Long, Carl (2008 թ․ փետրվարի 9). «Gilberto's Wenger pain». London: The Sun. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  62. Pearson, James (2008 թ․ մարտի 16). «Gilberto to make summer decision». Sky Sports. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  63. «Silva seeks gold for Brazil in Beijing». London: The Guardian. 2008 թ․ մարտի 30. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  64. «Monday's gossip column». BBC Sport. 2008 թ․ մարտի 31. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  65. «Arsenal v Reading Match Report». Arsenal Singapore. 2008. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  66. «Dubious Goals Panel rule on Gilberto goal». Arsenal F.C. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  67. «Arsenal's trophyless season causes player struggles for Arsene Wenger». The London Paper. 2008 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  68. «AC Milan signs Arsenal midfielder Flamini». Beijing: People’s Daily. 2008 թ․ մայիսի 6. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  69. «Wenger wants Gilberto to stay». Arsenal Mania. 2008 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  70. «Gilberto keen to stick with Arsenal». metro.co.uk. 2008 թ․ մայիսի 13. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  71. «Soccerbase Stats 2007/08». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  72. «Gilberto Silva could quit Arsenal for Panathinaikos». Daily Mirror. London. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  73. «Thursday's gossip column». BBC Sport. 2008 թ․ հուլիսի 10. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  74. Spender, Barney (2008 թ․ հուլիսի 17). «Gilberto Silva signs for Panathinaikos». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  75. «Com gol de Gilberto Silva, Panathinaikos vence e embola quadrangular do Grego» (Portuguese). UOL. 2011 թ․ մայիսի 23. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  76. «Na despedida de Gilberto Silva, Panathinaikos se garante na Liga dos Campeões» (Portuguese). Esporte. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. «DEPOIS DE MIRALLES, GILBERTO SILVA É O NOVO REFORÇO DO GRÊMIO» (Portuguese). Grêmio. 2011 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. «Profile: Gilberto Silva». Goal.com. 2008 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  79. Pedley, Josh (2012 թ․ հոկտեմբերի 10). «Grêmio head coach Vanderlei Luxemburgo confirms Gilberto Silva will sign for Atlético-MG». Sambafoot.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  80. «Gilberto Silva é carregado por torcedores do Atlético em aeroporto e sonha com Libertadores» (Portuguese).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Atletico Mineiro 2-0 Olimpia (agg 2-2, pens 4-3)». Goal.com. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  82. «Ronaldinho and Bernard help Atletico Mineiro comeback against Olimpia before winning on penalties». The Independent. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  83. «Atletico produce heroic comeback for glory». FIFA.com. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  84. «Lesionado, Gilberto Silva fará cirurgia no joelho direito na sexta-feira». esportes.terra.com.br. 31.07.2013.
  85. Bernardo Lacerda (19.02.2014). «Sem time, Gilberto Silva estuda futebol para fazer bonito na TV». esporte.uol.com.br.
  86. «Gilberto Silva 2002 World Cup Profile». BBC Sport. 2002 թ․ մայիսի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  87. Fifield, Dominic (2002 թ․ հունիսի 3). «High jinks rule Brazil captain out of cup». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  88. «World Cup 2002 – Match Details». Rec.Sport.Soccer Statistics Foundation. 2006 թ․ մայիսի 7. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  89. Witzig, Richard (2006 թ․ մայիս). The Global Art of Soccer. CusiBoy Publishing. էջ 276. ISBN 978-0-9776688-0-9. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  90. Tales Azzoni (2010 թ․ հունիսի 10). «Gilberto Silva: I'm still good enough for Brazil». utsandiego.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  91. «Juninho Advises Brazil's Elders to Retire from the Squad». Softpedia. 2006 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  92. «Dunga appointed new Brazil coach». CNN. 2006 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  93. «England 1 Brazil 1». England Football Online. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  94. Saj Chowdhury (2007 թ․ հունիսի 1). «England 1:1 Brazil». BBC Sport. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  95. Phil McNulty (2007 թ․ հունիսի 1). «England 1:1 Brazil». BBC Sport. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  96. 96,0 96,1 «Gilberto Player Profile». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 2-ին.
  97. «Brazil squad for U.S. tour and World Cup qualifiers». Reuters UK. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  98. Jacob Daniel (2004 թ․ մարտի 1). The Complete Guide to Coaching Soccer Systems and Tactics. Reedswain Inc. էջ 106.
  99. «Gilberto Silva Statistics». Soccerbase. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  100. Phil Wymer (2005 թ․ նոյեմբերի 22). Coaching Soccer Tactics. Soccertactics.com. էջ 94.
  101. «Some interesting Opta stats». Arsenal Mania. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  102. «Gilberto the key to the Arsenal renaissance». Arsenali.co.uk. 2006 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
  103. «Gilberto Silva». Sambafoot.com. Վերցված է 2007 թ․ մայիսի 13-ին.
  104. «Gilberto Silva earned his comforts in life». newsvine.com. 2006 թ․ հունիսի 27. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  105. Jacob, Gary (2003 թ․ մայիսի 26). «Gilberto fights for homeless». London: The Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  106. «Brazil's stars wow with their musical talent». Sify Sports. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.
  107. «Gilberto meet — Gilberto!». ZSL — London Zoo — News. 2004 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլբերտու Սիլվա» հոդվածին։