Աշխարհաքաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհաքաղաքացիություն կամ կոսմոպոլիտիզմ (հին հուն.՝ κοσμοπολίτης, հունարն «աշխարհ» և «քաղաքացի» բառերից), գաղափարաքաղաքական հոսանք, քաղաքական տեսություն, որ քարոզում է հայրենիքի և սեփական ժողովրդի արժեքների, ազգային ավանդույթների, մշակույթի, ազգային պետության կամ ազգային իրավունքների ստորադասումը կամ դրանց համար պայքարից հրաժարումը` հանուն «համամարդկային արժեքների» գերակայության, «համաշխարհային պետության» ստեղծման և «համաշխարհային քաղաքացիության» հաստատման: Մեկ այլ սահմանմամբ` «համաշխարհային քաղաքացիության» մասին հետադիմական գաղափարախոսություն, որը քարոզում է հրաժարում ազգային ավանդույթներից և մշակույթից, հայրենասիրությունից, մերժում է պետական և ազգային սուվերենությունը:

Կոսմոպոլիտիզմի պատմական զարգացումը [խմբագրել]

Պատմական այլևայլ պայմաններում «Կոսմոպոլիտիզմ» տերմինն ունեցել է տարբեր բովանդակություն: Վերածննդի դարաշրջանում կոսմոպոլիտիզմն ուղղված էր ընդդեմ ֆեոդալական մասնատվածության (Ա.Դանթե, Թ.Կամպանելլա): Կոսմոպոլիտիզմի վերացական-հումանիստական իդեալը լուսավորականության դարաշրջանում արտահայտել է ֆեոդալական ճնշումից անհատի ազատագրության գաղափարը: Գերմանիայում կոսմոպոլիտիզմի գաղափարները, ի հակադրություն ֆեոդալական «հայրենասիրության», զարգացրել են Գ.Լեսինգը, Յո.Գյոթեն, Ֆ.Շիլլերը, Ի.Կանտը, Յո.Ֆիխտեն: Կապիտալիզմի հաստատումով բուրժուական կոսմոպոլիտիզմը դառնում է հետադիմական և արտացոլում է կապիտալի բնույթը՝ ձգտել այնտեղ, ու սպասվում է առավել շահույթ: Իմպերիալիզմի փուլում կոսմոպոլիտիզմը, որպես բուրժուական գաղափարախոսության անբաժան մաս, դառնում է ավելի ռեակցիոն և արտացոլում կապիտալիզմի «ինտերնացիոնալացման» հակումը: Կոսմոպոլիտիզմի գաղափարներ են արտահայտում հումանիստական պացիֆիզմի ներկայացուցիչները (օրինակ, ՄԱԿ-ը համաշխարհային պետության վերածելու առաջարկը): Սակայն նման տեսությունները ուտոպիական են, քանի որ հաշվի չեն առնում սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների գոյությունն ու ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը:

(1979թ.) "5-րդ հատոր", Հայկական սովետական հանրագիտարան։