Վլադիմիր Կրյուչկով
Վլադիմիր Կրյուչկով ռուս.՝ Владимир Александрович Крючков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1924[1][2] |
Ծննդավայր | Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 2007[3][1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտակարգ դրության պետական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Vladimir Kryuchkov Վիքիպահեստում |
Վլադիմիր Ալեքսանդրովիչ Կրյուչկով (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Крючко́в, փետրվարի 29, 1924[1][2], Վոլգոգրադ, Tsaritsyn Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2007[3][1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, 1988-1991 թվականների ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ (ԿԳԲ), Յուրի Անդրոպովի մտերիմ զինակիցներից մեկը։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ (1991 թվականի օգոստոսի 18-21):
ԽՍՀՄ Բանակի գեներալ (1988 թվականի հունվարի 27), 1944 թվականից ԽՄԿԿ անդամ, Կենտկոմի անդամ (ընտրվել է 1986, 1990), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի 11 գումարման պատգամավոր ԲԽՍՀ-ից (1984-1989), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1989 սեպտեմբերի 20-1990 հուլիսի 13)։
Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Կրյուչկովը ծնվել է 1924 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանի Ցարիցին քաղաքում[4][5], բանվորի ընտանիքում։ Նրա ծնողները Իոսիֆ Ստալինի թունդ կողմնակիցներ էին։
Աշխատել է մակնիշող 1941-1942 թվականներին Ստալինգրադի թիվ 221 հրետանային գործարանում, որից հետո մինչև 1943 թվականներին՝ Գորկու թիվ 92 հրետանային գործարանում[6]։ 1943 թվականից կատարել է կոմերիտական աշխատանք[6]։ 1944 թվականին անդամագրվել է կոմունիստական կուսակցության կազմում և դարձել լրիվ դրույքով ՀամԼԿԵՄ աշխատակից։ 1943-1944 թվականներին եղել է Ստալինգրադում ԽՍՀՄ շինարարության նախարարության 25-րդ հատուկ շինմոնտաժային տեղամասի ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմսօրգ (կոմերիտմիության կազմակերպիչ)։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավաբանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրյուչկովի կարիերան խորհրդային արդարադատության համակարգում սկսվել է իրավաբան դառնալուց հետո։ Նա սկզբում աշխատել է իր հայրենի քաղաքում Ստալինգրադի դատախազությունում որպես քննիչ, հետագայում՝ դատախազ։
- 1944-1945 թվականներին ՀԼԿԵՄ շրջկոմի Բարիկադնովո շրջանի առաջին քարտուղար (Ստալինգրադ)։
- 1945-1946 թվականներին սովորել է Սարատովի իրավաբանական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտ։ 1946 թվականին՝ Ստալինգրադի քաղկոմի ՀԼԿԵՄ երկրորդ քարտուղար։
- 1946-1947 թվականներին Ստալինգրադի Տրակտորազավոդսկ շրջանի ժողովրդական դատախազության քննիչ[7]։
- 1947-1950 թվականներին եղել է Ստալինգրադի դատախազության քննչական բաժնի դատախազ[7]։ Այդ ընթացքում, 1949 թվականին ավարտել է Համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտ[7] իրավաբան մասնագիտությամբ։
- 1950-1951 թվականներին եղել է Ստալինգրադի Կիրովի շրջանի դատախազ[7]։ 1951 թվականին ուղարկվել է ուսման ԽՍՀՄ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց։
ԱԳՆ և ԽՍՀՄ ԽՄԿԿ ԿենտԿոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951-1954 թվականներին կրթություն է ստացել ԽՍՀՄ ԱԳՆ Բարձրագույն դիվանագիտական դպրոցում[7], այնուհետև ըստ բաշխման աշխատանքի է անցել Արտաքին գործերի Նախարարության IV Եվրոպական բաժնում որպես երրորդ քարտուղար ԽՍՀՄ։
- 1955-1959 թվականներին Հունգարական Ժողովրդական Հանրապետության ԽՍՀՄ դեսպանատան երրորդ քարտուղար[7]։ Մասնակցել է 1956 թ. հունգարական իրադարձություններին։
- 1959-1963 թվականներին եղել է «Եղբայրական երկրների բաժնի» Հունգարիայի և Ռումինիայի ռեֆերենտ, 1963-1965 թթ.-ին՝ ԽՄԿԿ Կենտկոմի ենթաբաժնի վարիչ[7]։
- 1965-1967 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար[7] Յուրի Անդրոպովի օգնական[6]։
ԽՍՀՄ ՊԱԿ-ում գրաված պաշտոններ (1967 թ.-ից հետո)
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ՄԽ առընթեր ԿԳԲ նախագահի պաշտոնում Յուրի Անդրոպովի նշանակումից հետո (մայիսի 18-ին), մայիսի 24 - հունիսի 7 եղել է ԿԳԲ նախագահի օգնական[6]
- 1967-1971 թվականներին ԿԳԲ Քարտուղարության պետ[6]
- 1971-1974 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԱԳՎ (արտաքին հետախուզություն) առաջին տեղակալ
- 1974-1988 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի ԱԳՎ[6] պետ
- 1978-1988 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ նախագահի տեղակալ[7]
- 1988-1991 թվականներին ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ[6][7]։
Աֆղանական պատերազմ. գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆղանստանի պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու կազմակերպման աշխատանքներին, Քաբուլում ՊԱԿ-ի ներկայացուցչության ձևավորմանը և ՊԱԿ-ի հատուկ նշանակության "Որոտ" ու "Զենիթ" ջոկատների միջոցով Ամինա պալատի գրոհի նախապատրաստմանը։ Կրյուչկովը նաև կատարել է աֆղանական առաջնորդ Բաբրակ Կարմալին փոխարինելու մասին ԽՄԿԿ ԿենտԿոմի Քաղբյուրոյի որոշման իրականացման առաքելությունը, Քաբուլ կատարած այցի ժամանակ համոզելով հրաժարական տալ[8]։ Խորհրդային կողմը կատարում էր Ժնևյան համաձայնագրի պայմանները, իսկ ամերիկյան կողմը միայն սպասում էր Աֆղանստանից խորհրդային զորքերի շուտափույթ դուրս բերմանը։ ՊԱԿ-ի ղեկավարը համարում էր, որ դրանից հետո ԱՄՆ-ին մնում էր միայն տապալել Նաջիբուլայի ռեժիմը և Քաբուլում տեսնել ամերիկյան շահերին համապատասխան ղեկավարներ[8]։
ԽՍՀՄ փլուզման նախաշեմ. գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 թվականի սեպտեմբերի 20-ից եղել է ԽՄԿԿ ԿենտԿոմի Քաղբյուրոյի անդամ
- 1990 թվականի մարտից եղել է ԽՍՀՄ-ի Նախագահական Խորհրդի անդամ[7]
- 1991 թվականի մարտի 1-ից վերանշանակվել է ՊԱԿ-ի նախագահ, որը կապված էր միութենական կառավարության վերակազմավորման հետ (ԽՍՀՄ Նախագահին առընթեր Նախարարների կաբինետի ստեղծում)[9]
- 1991 թվականի մարտի 13-ին դարձել է ԽՍՀՄ Անվտանգության Խորհրդի անդամ[10]
- 1991 թվականի մայիսին Կրյուչկովի նախաձեռնությամբ ընդունվել է ԽՍՀՄ անվտանգության մարմինների օրգանների մասին օրենքը
- 1991 թվականի հունիսին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի լիագումար նիստում հանդես է եկել «ազդեցությունների գործակալների» (агенты влияния) մասին ելույթով և միացել է փոխվարչապետ Վալենտին Պավլովի ԽՍՀՄ Նախարարների Կաբինետին արտակարգ լիազորություններով օժտելու պահանջին[7]։
Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի օգոստոսի 5-ից օգոստոսի 17-ը կազմակերպել է ապագա Արտակարգ դրության պետական կոմիտեի (ГКЧП) անդամների հանդիպումները և խորհրդակցությունները։ Դարձել է ԽՍՀՄ ГКЧП անդամ (օգոստոսի 18-21-ը)[7]։
Ձերբակալություն և զղջում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստոսի 22-ին Վլադիմիր Կրյուչկովը ձերբակալվել է ГКЧП-ի գործունեությանը մասնակցելու համար ՌՍՖՍՀ ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքի 64 հոդվածով՝ Հայրենիքի դավաճանություն[11]։ Գտնվել է Մատրոսկայա տիշինա բանտում[6]։ Կրյուչկովի փաստաբաններն էին Յուրի Իվանովը և Յուրի Պիլիպենկոն։
Կրյուչկովի ձերբակալության օրը ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնից նրան ազատելու մասին հրամանագիր է արձակել և այդ որոշումը ներկայացրել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նստաշարջանի քննարկմանը[12]։ Ըստ ԽՍՀՄ Սահմանադրության 113 հոդվածի 3 կետի և 127 հոդվածի 6 կետի՝ միութենական կառավարության անդամները ԽՍՀՄ նախագահի կողմից նշանակվում և պաշտոնից ազատվում են Գերագույն Խորհրդի համաձայնությամբ[13][14]։
Ձերբակալության օրը` օգոստոսի 22-ին, տեղի է ունեցել Կրյուչկովի առաջին հարցաքննությունը։ Նա հայտարարել է, որ ոչ մի անգամ չի քննարկել Միխայիլ Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից զրկելու մասին, այլ խոսքն այն մասին է եղել, որ Գորբաչովն իր լիազորությունները ժամանակավորապես հանձնի փոխնախագահ Գենադի Յանաևին[15]։ Նրա խոսքով, Գորբաչովը օգոստոսի 18-ի Ֆորոսում ԳԿՉՊ-ի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում լիազորությունները փոխանցել Յանաևին, բայց ասել է, որ նրանք փորձեն արտակարգ դրություն հայտարարել և հայտնել է իր առողջության վատացման մասին («ռադիկուլիտն անհանգստացնում է»)[16]։ Կրյուչկովը քննիչներին հայտնել է նաև, որ ГКЧП -ն որևէ գործողություն չի ձեռնարկել ընդդեմ ՌԴ ղեկավարության։ Ըստ նրա ГКЧП անդամները հասկանում էին, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների (նա այդպես է պատասխանել ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի գրոհի[17] և Արխանգելսկից նախագահ Ելցինի մեկնելուն խոչընդոտելու մասին հարցերին)[18]։
Կրյուչկովը ձերբակալությունից 2 օր անց նամակ է գրել ՊԱԿ-ի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինող Վադիմ Բակատինին (Գորբաչովը օգոստոսի 23-ին նշանակումն արդեն կատարել էր, բայց այդ պահին դեռևս հաստատված չէր Գերագույն Խորհրդի կողմից), որում ԳԿՉՊ գործողություններն անվանել է պետական հեղաշրջում, իսկ իր մասնակցությունը՝ հանցավոր գործողություն[19]։ 2010 թվականի Հինգերորդ ալիքի Ժամանակի դատ ծրագրում փաստաբան Յուրի Իվանովը հայտարարել է, որ այս նամակն իր պաշտպանյալը հոգեբանական ճնշման տակ է գրել։ Կալանքի առաջին հարցաքննությունների ընթացքում, 2-3 օր շարունակ, երբ Կրյուչկովը դեռևս փաստաբան չուներ, միացվում էր ռադիո, որով ասվում էր, որ նա «դահիճ» է և «մարդասպան»։ Հարկ է նշել, որ արդեն հաջորդ օրը (օգոստոսի 25-ին) Կրյուչկովը նամակ է գրել Գորբաչովին, որում մեկ անգամ ևս հայտարարել է, որ ГКЧП չէր պլանավորում հեռացնել նրան ԽՍՀՄ նախագահի պաշտոնից։
Միխայիլ Սերգեևիչ, այս ամենի պլանավորումը երկրին օգնելու մտահոգությամ վրա էր միայն հենված։ Ինչ վերաբերվում է Ձեզ, ապա ոչ մեկ Ձեզ հետ կապերը խզելու մտադրություն չի ունեցել<...>Հայտարարվել էր, որ բնակչության հետ հակամարտության դեպքում գործողություններն անմիջապես դադարեցվելու էին։ Ոչ մի արյունահեղություն։ Ողբերգական պատահարը տեղի ունեցավ Սադովի կալցոյով զինվորական հերթապահ մեքենայի անցնելու ժամանակ։ Դա կհաստատի հետաքննությունը։ Ձեզ մոտ էինք գալիս զեկուցելու և գործողությունները դադարեցնելու հաստատ մտադրությամբ[20][21]։ - Վլադիմիր Կրյուչկովի Մ. Ս. Գորբաչովին բանտից գրած նամակից հատված, 1991 թ. օգոստոսի 25
|
1991 թվականի օգոստոսի 29-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ՊԱԿ-ի նախագահի պաշտոնում հաստատեց նախագահ Գորբաչովի ներկայացրած Վադիմ Բակատինին[22], ըստ էության հավանություն տալով Կրյուչկովի՝ իր պարտականությունների կատարումից ազատ արձակվելուն (դրանից մեկ օր առաջ Կառավարության հրաժարականի արդյունքում ձերբակալված Կրյուչկովը փաստորեն պաշտոնապես դարձել էր ՊԱԿ-ի նախագահի պաշտոնակատար[23]):
1991 թվականի դեկտեմբերի 19-ին անկախ Լիտվայի գլխավոր դատախազությունը[24] հեռակա կարգով մեղավոր ճանաչեց ԼԽՍՀ-ի Քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով (հեղաշրջման փորձ) 1991 թ. հունվարին Վիլնյուսի դեպքերին մասնակցություն ունենալու համար։ Հոդվածը նախատեսում էր մինչև 15 տարի ազատազրկում կամ գնդակահարություն[25]։
Ազատ արձակվելուց հետո գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրյուչկովը դարձել է ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների վեցերորդ կալանավորված ղեկավարը (Յագոդա, Եժով, Աբակումով, Բերիա, Մերկուլով) և նրանցից միակը, ով չի դատապարտվել գնդակահարության։
- 1992 թվականի հուլիսի 3-ին Կրյուչկովն ուղերձով դիմել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին, որում, մասնավորապես, մեղադրել է Ելցինին ԽՍՀՄ փլուզումը ԳԿՉՊ-ի անդամների վրա բարդելու համար[7]։
- 1993 թվականի հունվարին Կրյուչկովը ԳԿՉՊ-ի մյուս անդամների հետ միասին (Յանաև, Պավլով, Տիզյակով, Բակլանով և Յազով) ազատվել է բանտից՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ[26], իսկ 1994 թվականի փետրվարին համաներվել է ՌԴ պետդումայի Դաշնության Ժողովի կողմից[27]։
- Ազատ արձակվելուց հետո Կրյուչկովը աշխատանքի է անցել Սերգեյ Կուրղինյանի Փորձարարական ստեղծագործական կենտրոնում[28]։
- 1993 թվականի մայիսի 1-ին մասնակցել է ցույցին, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով[29]։
- 1993 թվականի հոկտեմբերի 1-ին ՌԽՖՍՀ ՆԳՆ նախկին նախարար Անդրեյ Դունաևին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի Գերագույն Խորհրդի վրա գրոհ է լինելու[30][31]։
- Կրյուչկովը եղել է «Սիստեմա» (АФК «Система» - Акционерная финансовая корпорация) ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի մեջ մտնող «Ռեգիոն» ԲԸ տնօրենների Խորհրդի նախագահ, եղել է Ռուսաստանի ФСБ տնօրեն Վլադիմիր Պուտինի խորհրդական[7]։
- Բանակի աջակցման շարժման կազմկոմիտեի անդամ, մասնակցել է պետանվտանգության աշխատակից վետերանների խորհրդի աշխատանքներին։
- 2007 թվականի հոկտեմբերի վերջին Կրյուչկովը ԿԳԲ-ի այլ նախկին ղեկավարների հետ հրապարակել է մի նամակ՝ ռուսական հատուկ ծառայություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել երկպառակությունը[32]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2007 թվականի նոյեմբերի 23-ին, Մոսկվայում սրտամկանի կաթվածից[33] 84 տարեկանում, կարճատև հիվանդությունից հետո[32]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի ФСБ-ի Մշակութային կենտրոնում, մասնակցել է Ռուսաստանի ՖՍԲ տնօրեն Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ СВР/ԱՀԾ տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, Վ. Վ. Պուտինը չի մասնակցել[34]։ Թաղված է Մոսկվայում, Տրոեկուրովյան գերեզմանատանը (հողամաս 10)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը` Ալեքսանդր Եֆրեմովիչ Կրյուչկովը (1889-1951) և մայրը` Մարիա Ֆյոդորովնա Կրյուչկովան (1896-1987) եղել են թունդ ստալինականներ։
Կինը՝ Կրյուչկովա Եկատերինա Պետրովնան (1924-2005), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի էր։ Ունեցել է երկու որդիներ՝ Սերգեյ Կրյուչկով (1950) և Ալեքսեյ Կրյուչկով (1957-13.02.2007): Ալեքսեյ Կրյուչկովը աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ[35][36] գլխավոր խորհրդական։
Թոռները՝ Անդրեյ Ալեքսեյի Կրյուչկով և Վլադիմիր Ալեքսեյի Կրյուչկով։
Հուշագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին աշխատել է հուշագրությունների վրա, գրել է գրքեր.
- Անձնական գործը (1996)
- Անդունդի եզրին (2003)
- Ինքնություն և իշխանություն (2004)
- Առանց վաղեմության ժամկետի (2006):
Տիրապետել է գերմաներեն և հունգարերեն լեզուներին։ Իոսիֆ Կոբզոնը հիշում է, որ Կրյուչկովը սիրում էր Եսենինի պոեզիան[37]։
Կոչումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-մայոր (17.05.1968)
- Գեներալ-լեյտենանտ (17.12.1973)
- Գեներալ-գնդապետ (16.12.1982)
- Բանակի գեներալ (27.01.1988)
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Վասկովի "Անհայտ հեղաշրջում" վավերագրական ֆիլմում, Ռուսաստան, 2009թ.
- Անդրեյ Մյագկովի "Մառախուղը ցրվում է" հետուստասերիալում, Ռուսաստան, 2010թ.
- Ալեքսանդր Սիրինի "Ելցինը. Երեք օր օգոստոսին" գեղարվեստական ֆիլմում, Ռուսաստան, 2011թ.
- Վալերի Բարինովի "Ինչից է սկսվում հայրենիքը" հեռուտասերիալում, Ռուսաստան, 2014 թ.:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի երկու շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Մեդալներ և այլ գերազանցության տարբերանշաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.boston.com/bostonglobe/obituaries/articles/2007/11/27/vladimir_kryuchkov_helped_plot_soviet_coup/
- ↑ Ավելի ուշ՝ Ստալինգրադ, այժմ՝ Վոլգոգրադ
- ↑ "Soviet Union's hawkish KGB chief Kryuchkov dies at 83". Reuters. 25 November 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 КРЮЧКОВ Владимир Александрович
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 Крючков Владимир Александрович — Биография
- ↑ 8,0 8,1 «Долгий путь из Афганистана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Указ Президента СССР от 1 марта 1991 г. № УП-1575, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 1 марта 1991 г. № 1981-I
- ↑ Указ Президента СССР от 13 марта 1991 г. № УП-1619, согласие на назначение дано постановлением Верховного Совета СССР от 7 марта 1991 г. № 2010-I
- ↑ Крах авантюры: день четвертый. 22 августа 1991 года Путч. Хроника тревожных дней. — М.: Прогресс, 1991.
- ↑ УКАЗ Президента СССР от 22_08_1991 № УП-2445 Արխիվացված 2013-10-02 Wayback Machine.
- ↑ «Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Конституция СССР принятая 7 октября 1977, с изменениями и дополнениями от 26 декабря 1990 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Программа "Вести".
- ↑ ЧП союзного масштаба — допросы по делу ГКЧП (см. на 02:00) // Телекомпания «Совершенно секретно», 2013
- ↑ Часть 66 из 175 — Варенников Валентин Иванович.
- ↑ Программа "Вести".
- ↑ Обращение В. А. Крючкова к назначенному на должность Председателя КГБ СССР В. В. Бакатину. Горбачев Фонд. — Цит. по: Звягинцев А. Г., Орлов Ю. Г. Заложники вождей. Российские и советские прокуроры. ХХ век. 1954—1992. — М.: Росспэн, 2006. — С. 591..
- ↑ Тайны ушедшего века. Глава 21. СТРАННЫЙ ГКЧП
- ↑ https://ru.wikisource.org/wiki/Письмо_Председателя_КГБ_СССР_Президенту_СССР_от_25.08.1991
- ↑ «Постановление Верховного Совета СССР от 29 августа 1991 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 1991 թ. օգոստոսի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշում № 2366-I «Պավլով Վ. Ս.-ին ԽՍՀՄ վարչապետի պաշտոնից ազատելու մասին»։ Ըստ «ԽՍՀՄ Մինիստրների կաբինետի մասին» օրենքի 13 հոդվածի 2-րդ մասի, վարչապետի հրաժարականը հանգեցնում է Մինիստրների կաբինետի ամբողջ կազմի հրաժարականին։ Համաձայն այդ օրենքի 13 հոդվածի 3-րդ կետի, միութենական ղեկավարությունների անդամները (ներառյալ այդ պահին ձերբակալված Կրյուչկովը) պահպանում էին իրենց պաշտոնները
- ↑ Անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ պետական խորհուրդը 1991 թ. սեպտեմբերին
- ↑ Дело о перевороте в Литве: следствие окончено, преступники разбежались
- ↑ Ъ-Газета — Пресс-конференция по делу ГКЧП
- ↑ ՌԴ Պետական դումայի Դաշնային Ժողովի 1994 թ. փետրվարի 23-ի № 65-1 ГД «Քաղաքական և տնտեսական համաներման մասին» որոշում
- ↑ Тайны биографии Сергея Кургиняна
- ↑ 1 МАЯ 1993 ч.1
- ↑ Забытые жертвы октября 1993 года (К двадцатилетию трагических событий)
- ↑ «Провокаторы были с обеих сторон»
- ↑ 32,0 32,1 Последний из КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
- ↑ Бывший глава КГБ Владимир Крючков умер от инфаркта Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
- ↑ Ушёл последний из КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
- ↑ О кончине Крючкова Алексее Владимировиче//Сын Владимира Крючкова
- ↑ Умер сын экс-главы КГБ Крючкова
- ↑ Умер бывший шеф КГБ Արխիվացված 2015-10-28 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крючков Владимир Александрович. СВР России. Проверено 19 августа 2013. Արխիվացված 2013-08-07 Wayback Machine.
- Крючков Владимир Александрович. Сайт В. Мзареулова. Проверено 19 августа 2013. Արխիվացված 2016-12-17 Wayback Machine.
- Крючков Владимир Александрович. Биография.ру. Проверено 19 августа 2013. Արխիվացված 2014-10-30 Wayback Machine.
- Калашников В., Калашникова М. КГБ боролся с видеомагнитофонами и просмотрел распад СССР // Известия. — 2006, 13 декабря.
- Экс-глава КГБ Крючков: Американцы будут разваливать Россию с помощью доллара, глобализации и «утечки» ядерных материалов // Комсомольская Правда. — 2007, 4 сентября.
- Экс-глава КГБ Крючков: Американцы будут разваливать Россию с помощью доллара, глобализации и «утечки» ядерных материалов (продолжение) // Комсомольская Правда. — 2007, 5 сентября.
- Серкова С. Члены ГКЧП поняли слова президента по-своему // Коммерсантъ : газета. — 1993, 3 декабря. — № 233 (456).
- Тайны ушедшего века. Глава 21. СТРАННЫЙ ГКЧП
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կրյուչկով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Վոլգոգրադ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ՊԱԿ սպաներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ