Վերսալի պալատ
Վերսալի պալատ | |
---|---|
ֆր.՝ Parc et château de Versailles | |
Երկիր` | Ֆրանսիա |
Ճարտարապետական ոճ` | դասական |
Հիմնող` | Լուի Արդար[1] |
Ճարտարապետ` | Լուի Լևո, Ժյուլ Արդուեն–Մանսար |
Վերսալի պալատ (ֆր.՝ Parc et château de Versailles), հնում ֆրանսիական թագավորների նստավայրը Վերսալ քաղաքում, ներկայումս՝ Փարիզի արվարձան։ Համաշխարհային նշանակության զբոսավայր է։
Վերսալը ձևավորվել է Լյուդովիկոս XIV-ի նախաձեռնությամբ 1661 թվականին՝ դառնալով այդ դարաշրջանի յուրահատուկ հուշարձան։ Ճարտարապետներն են՝ Լուի Լևո և Ժյուլ Արդուեն–Մանսար։ Այգին ստեղծել է Անդրե Լենոտրը։ Վերսալի պալատական համալիրը խոշորագույնն է Եվրոպայում։ Այն առանձնանում է զարմանալի ամբողջականությամբ, ճարտարապետական ձևերի ներդաշնակությամբ և յուրահատուկ լանդշաֆտով։ 17–րդ դարի վերջին Վերսալը եվրոպական միապետների և ազնվականության նստավայրի շքեղության ու կատարելության օրինակ էր։
Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ 1682-1789 թվականներին, Վերսալը արքաների պաշտոնական նստավայրն էր։ 1801 թվականին, ստանալով թանգարանի կարգավիճակ, բացվել է հանրության համար։ 1830 թվականին թանգարան է հռչակվում Վերսալի պալատական ողջ համալիրը։ 1837 թվականին պալատում բացվում է Ֆրանսիայի պատմության թանգարանը։ 1979 թվականին Վերսալի պալատը և այգին ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Վերսալի հետ են կապված ֆրանսիական և համաշխարհային պատմության մի շարք նշանակալի իրադարձություններ։ Այսպես՝ 18–րդ դարում արքայական նստավայրը դառնում է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրման վայր, այդ թվում՝ մի փաստաթղթի, որով ավարտվում է ԱՄՆ անկախության պատերազմը (1783)։ 1789 թվականին Վերսալում ընդունվում է Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան։ 1871 թվականին՝ Ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո, գերմանական զորքերով պաշարված Վերսալում հռչակվում է Գերմանական կայսրության ստեղծումը։ 1919 թվականին այստեղ կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը՝ սկիզբ դնելով միջազգային հարաբերությունների վերսալյան համակարգին։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսորդական ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերսալյան պալատի պատմությունը սկսվում է 1623 թվականից, երբ Լյուդովիկոս XIII–ի ցանկությամբ Ժենա դե Սուազիից (Jean de Soisy) գնված տարածքի վրա աղյուսից կառուցվեց որսորդական հասարակ ամրոց։ Ամրոցը ներկայիս մարամարե պալատի տեղում էր գտնվում։ Նրա չափերն էին 24×6 մ։ 1632 թվականին տարածքն ընդարձակվում է Փարիզի արքեպիսկոպոս Գոնդիից գնված տարածքների հաշվին։ Ձեռնարկվում է ամրոցի երկամյա վերակառուցում։
Լյուդովիկոս XIV
[խմբագրել | խմբագրել կոդը]1661 թվականին Լուի Արև արքան սկսում է ընդարձակել պալատը, որպեսզի այն դարձնի իր մշտական նստավայրը, քանի որ Ֆրոնդայից հետո Լուվրում ապրելը այդքան էլ ապահով չէր թվում արքային։ Ճարտարապետներ Անդրե Լենոտրը և Շառլ Լեբրենը ընդարձակում ու վերակառուցում են ամրոցը կլասիցիզմի ոճով։ Այգու կողմից շենքի դիմացի ճակատը զբաղեցնում է սյունազարդ սրահը (Հայելային սրահ), որը իր նկարներով, հայելիներով, սյուներով ազդեցիկ տպավորություն է գործում։ Ուշագրավ են նաև Վերսալի պալատական մատուռը և արքայական օպերան։
Լյուդովիկոս XV
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդովիկոս XIV-ի մահից հետո՝ 1715 թվականին, հնգամյա Լյուդովիկոս XV արքան, պալատականները և խնամակալները վերադարձան Փարիզ։ Ռուսաստանի արքա Պետրոս I-ը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հանգրվանել է Մեծ Տրիանոն (Le Grand Trianon) պալատում․ 44-ամյա արքան Վերսալում գտնվելու ժամանակ ուսումնասիրել է պալատի և այգու կառուցվածքը, ինչն էլ հիմք հանդիսացավ Ֆիննական ծոցի ափին՝ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում, Պետերգոֆ պալատի հիմնադրման համար։
Լյուդովիկոս XV-ի օրոք ևս պալատը փոփոխվում է, բայց ոչ այնպիսի մասշտաբներով, ինչպես կատարվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք։ 1722 թվականին թագավորն ու պալատականները տեղափոխվում են Վերսալ․ առաջին նախագիծը դառնում է Հերկուլեսի սրահի կառուցումը, որի հիմքը դրվել էր դեռևս Լյուդովիկոս XIV-ի օրոք։
Լյուդովիկոս XV-ի էական ներդրումը պալատում եղել է պալատի երկրորդ և երրորդ հարկերում մի շարք սրահների ձևավորումը։ Նրա օրոք ավարտին են հասցվել օպերայի և Փոքր Տրիանոնի սրահները։
Այս շրջանում է քանդվել Դեսպանների աստիճանը՝ արքայական մեծ սրահի հանդիսավոր մուտքը, արքայի դստեր համար սենյակներ ձևավորելու նպատակով։
Լյուդովիկոս XV-ի օրոք Վերսալի այգում էական փոփոխություններ չեն կատարվում․ 1738-1741 թվականներին ճարտարապետ Գաբրիելի խորհրդով ավարտին է հասցվում միայն Նեպտունի լողավազանը։
Արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև մեր օրերն են հասել պալատի կառուցման բոլոր ծախսերը։ Դրանք կազմում են 25 725 836 լիվր (1 լիվրը համապատասխանել է 409 գրամ արծաթի), ինչը ընդհանուր հաշվով կազմում է 10 521 866, 924 կգ արծաթ կամ 456 միլիոն գուլդեն։ Կառույցի ժամանակակից արժեքը գնահատելը գրեթե անհնարին է։ Հաշվի առնելով, որ արծաթի մեկ կիլոգրամը արժի 250 եվրո, պալատի շինարարության համար ծախսվել է 2,6 միլիարդ եվրո։ Սակայն հաշվի առնելով ժամանակի գուլդենի գնողունակությունը, կառույցը արժեցել է 37 միլիարդ եվրո։ Եթե հաշվի առնենք Ֆրանսիայի՝ 17–րդ դարի բյուջեն, ապա Վերսալի պալատի ժամանակակից արժեքը կկազմի 259,56 միլիարդ եվրո։ Այս գումարի գրեթե կեսը ծախսվել է ինտերիերի ձևավորման համար։
Շինարարության մեծ ծավալը ենթադրում էր աշխատանքներում շատ մարդկանց ընդգրկում։ Մերձակա գյուղերից աշխատուժի ներգրավումը կատարվում էր մեծ դժվարությամբ․ գյուղացիներին ստիպում էին դառնալ շինարարներ։ Այդ առիթով արքան նույնիսկ հրամայում է, որ մերձակայքում ուրիշ ոչ մի շինարարություն չընթանա, որպեսզի գյուղացիները ստիպված աշխատեն Վերսալում։ Շինարարներ էին բերվում Նորմանդիայից ու Ֆլանդրիայից։ Խաղաղ ժամանակներում պալատի շինարարությանն էր լծվում նաև բանակը։
Վերսալի այգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերսալի պալատի կանոնավոր այգին խոշորագույններից է Եվրոպայում։ Այն բաղկացած է բազմաթիվ սանդղավանդներից, որոնք պալատից հեռանալուն զուգընթաց ցածրանում են։ Գազոնը, լողավազանները, շատրվանները, ինչպես նաև բազմաթիվ քանդակները պալատական համալիրի ճարտարապետական շարունակությունն են։ Վերսալի այգում կան մի քանի ոչ մեծ պալատական շինություններ, օրինակ՝ Փոքր Տրիանոնը, Մեծ Տրիանոնը, Ֆրանսիական սալոնը, որ նախատեսված է խաղերի համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատի շուրջը աստիճանաբար ձևավորվել է քաղաք, որում բնակություն են հաստատել արքայական պալատը կառուցող արհեստավորները։ Վերսալի պալատում են ապրել Լյուդովիկոս XV–ը և Լյուդովիկոս XVI–ը։ Այդ ընթացքում Վերսալի բնակչությունը կազմել է մոտ 100 հազար մարդ։ Սակայն բնակչության թիվը արագ նվազել է, երբ արքան ստիպված տեղափոխվել է Փարիզ։
Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնի կայսրության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականի մայիսի 5–ին Վերսալի պալատում հավաքվել են ազնվականության, հոգևորականության և բուրժուազիայի ներկայացուցիչներ։ Այն բանից հետո, երբ թագավորը, որին օրենքով թույլատրված էր կազմակերպել նման հավաքույթներ, քաղաքական նկատառումներով ցրում է խորհուրդը, բուրժուազիայի ներկայացուցիչները, իրենց հռչակելով Ազգային ժողով, առանձնանում են պարահանդեսների համար նախատեսված շենքում։ 1789 թվականից հետո դժվարությամբ էր հաջողվում պահպանել Վերսալի պալատը։
1789 թվականի հոկտեմբերի 5-ին փարիզյան արվարձաններից մարդկային բազմությունը, ապա նաև ազգային գվարդիան Լաֆայետի գլխավորությամբ շարժվեցին Վերսալ՝ պահանջելով, որ արքան իր ընտանիքով և Ազգային խորհուրդը տեղափոխվեն Փարիզ։ Ուժերի ճնշման տակ Լյուդովիկոս XVI-ը, Մարի Անտուանետը, նրանց հարազատներն ու Ազգային խորհուրդը տեղափոխվում են մայրաքաղաք։ Դրանից հետո Վերսալի քաղաքական և վարչական նշանակությունը նվազում է։ 1799 թվականին իշխանության գլուխ է անցնում Նապոլեոն Բոնապարտը, ով Վերսալը վերցնում է իր հոգածության ներքո։ 1805 թվականին Վերսալ է այցելում Պիոս VII պապը։ 1806 թվականին Նապոլեոն կայսրը ֆրանսիացի ճարտարապետ Ժակ Գոնդուենին հանձնարարում է մշակել Վերսալի վերականգնման ծրագիր։ Ճարտարապետը ներկայացնում է երկու ծրագիր, սակայն նրանցից և ոչ մեկը չի արժանանում կայսեր հավանությանը։ 1808 թվականին սկսվում է Վերսալի պալատի վերակառուցումը, որի արդյունքում վերականգնվում են հայելիները, ոսկե դրվագազարդերը․ Ֆոնտեբլոյից և Լուվրից տեղափոխվում է կահույք։ 1811-1812 թվականներին կայսրին ներկայացվում են պալատական համալիրի զարգացման ծրագրեր, որոնք, սակայն, իրագործել չի հաջողվում․ 1814-1815 թվականներին փլուզվում է առաջին կայսրությունը, և իշխանության գլուխ են անցնում Բուրբոնները։
Հեղափոխությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Ֆիլիպի կառավարման շրջանում սկսեցին վերականգնել շատ շինություններ և սրահներ, իսկ Վերսալի պալատը դարձավ ազգային պատմական նշանավոր թանգարան, ուր ցուցադրվում էին կիսանդրիներ, կտավներ, արվեստի՝ պատմական արժեք ներկայացնող այլ գործեր։
Գերմանական կայսրության հռչակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերսալի պալատը մեծ նշանակություն է ունեցել ֆրանս–գերմանական հարաբերություններում։ Ֆրանս–պրուսական պատերազմում Ֆրանսիայի պարտությունից հետո 1870 թվականի հոկտեմբերի 5–ից մինչև 1871 թվականի մարտի 13–ը Վերսալը եղել է գերմանական բանակի գլխավոր շտաբի նստավայրը։ 1871 թվականի հունվարի 18–ին Վերսալի հայելային սրահում հռչակվել է Գերմանական կայսրության ստեղծումը, և միապետ է հռչակվել Վիլհելմ I–ը․ այդ վայրը միտումնավոր էր ընտրվել ֆրանսիացիներին ստորացնելու նպատակով։ |Գերմանական կայսրության հռչակում (1871) Ֆրանսիայի հետ հաշտության պայմանագիրը ևս ստորագրվել է հայելային սրահում միայն ավելի ուշ՝ փետրվարի 26–ին։ Մարտին ֆրանսիական էվակուացված կառավարությունը մայրաքաղաքը Բորդոյից տեղափոխում է Վերսալ, իսկ 1879 թվականին՝ կրկին Փարիզ։
Վերսալի պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Վերսալի պալատում կնքվում են հաշտության նախնական պայմանագիր և Վերսալյան պայմանագիրը, որը պարտություն կրած Գերմանական կայսրությունը ստիպված էր ստորագրելու։ Այս անգամ պայմանագիրը կնքելու պատմական վայրը ընտրում են ֆրանսիացիները գերմանացիներին ստորացնելու նպատակով։
Վերսալյան պայմանագրի ծանր ու ստորացուցիչ պահանջները ընկնում են Վայմարյան Հանրապետության ուսերին։ Կա տեսակետ, որի համաձայն՝ Վերսալյան պայմանագրով սկզբնավորվեց նացիզմը Գերմանիայում։
Երկրորդ աշխարհամարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վերսալի պալատը դառնում է ֆրանս–գերմանական հաշտության վայր։ Այդ է վկայում Ելիսեյան պայմանագրի 40-ամյակի տոնակատարությունը 2003 թվականին։
1952 թվականին հանրապետության կառավարությունը որոշում է Վերսալի վերանորոգման համար տրամադրել 5 միլիարդ ֆրանկ՝ այդ նպատակով դիմելով բարեգործներին։ Ամբողջ Ֆրանսիայում սկսվում է դրամահավաք։ Աստիճանաբար Վերսալ են վերադարձվում արժեքավոր իրեր, արվեստի գործեր։ 1950–ական թվականներին գործում է պարտադիր արարողակարգ․ Ֆրանսիա այցելած պետական ղեկավարներին Ֆրանսիայի նախագահը ընդունում էր միայն Վերսալում։ Միայն 1990–ական թվականներին է այդ կարգը դադարում գործելուց, և հանդիպումները տեղափոխվում են Փարիզ։ 1960–ական թվականներին ամբողջությամբ վերականգնվում է Մեծ Տրիանոնը։
Ֆրանսիայի հինգերորդ հանրապետությունը նպաստում է Վերսալի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի զարգացմանը[2]։ 1995 թվականին № 95-463 հրամանով Վերսալը հռչակվում է թանգարան։ Նոր կարգավիճակը Վերսալին տալիս է ֆինանսական անկախություն և իրավաբանական անձի կարգավիճակ։ Սահմանվում է Վերսալի նախագահի պաշտոն, որ զբաղեցնում է Ժան–Ժակ Այագոնը։ 2011 թվականի հոկտեմբերի 2–ին Վերսալի նախագահ է հռչակվում Կատերինա Պեգարդը։
1979 թվականին Վերսալը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2008 թվականի պաշտոնական տվյալներով տարեկան շուրջ 5 միլիոն մարդ է այցելում Վերսալ, և մոտ 8–10 միլիոն մարդ է քայլում Վերսալի այգում[3]։
Վերսալի պալատում ծնվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերսալի պալատում են ծնվել հետևյալ արքաները․
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական շատ պալատներ կառուցվել են Վերսալի պալատի նմանությամբ։ Այդպիսիք են Պոտսդամի Սան Սուսի, Վիեննայի Շյոնբրուն պալատները։ Վերսալի պալատի ազդեցությունն է կրում Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ պալատը, Գատչինայի պալատը, Լատվիայում գտնվող Ռունդալի պալատը և պալատական շատ այլ կառույցներ Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cultural Objects Name Authority
- ↑ Opperman 2004
- ↑ At the Court of the Sun King, Some All-American Art, New York Times (September 11, 2008).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Verlet, Pierre (1985). Le château de Versailles. Paris: Librairie Arthème Fayard
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-05-07 Wayback Machine
- Վերսալի լուսանկարների պատկերասրահ Արխիվացված 2016-06-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերսալի պալատ» հոդվածին։ |
|