Jump to content

Նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավահանգիստ Նյու Յորքում և Նյու Ջերսիում
Խարսխակայան Ֆրանսիայում

Նավահանգիստ, ափի տեղամաս՝ դրան հարող ջրային տարածությամբ, կառույցների ու հարմարանքների համալիրով, որը նախատեսված է նավերի կայանման, սպասարկման, բեռնման-բեռնաթափման և այլ գործողությունների համար։ Տարբերում են ծովային (սպասարկում է ծովային նավագնացությունը) և գետային (ներքին ջրային ուղիների) նավահանգիստներ։ Հիմնական տարրերն են աքվատորիան (ջրային մաս) և տարածքը (ափամաս)։

Նավահանգիստ Պիրեյում
Նավահանգիստ Լատվիայում

Աքվատորիայի կազմի մեջ սովորաբար մտնում են նավահանգստի ջրային մատույցները, խարսխակայանները և ներքին ջրավազանները։ Ջրային մատույցները կարող են լինել բնական (ծովի կամ գետի տեղամաս) և արհեստական (նավահանգիստները․ բնական խորությունների հետ կապող առբերիչ ջրանցքների հարմարանքով)։

Նավահանգիստ ԱՄՆ-ում
Ռազմական նավահանգիստ Մարչվուդում

Խարսխակայանները աքվատորիայի ուժեղ ալեկոծումներից պաշտպանված տեղամասերն են, որտեղ նավերը խարիսխ ձգած կարող են կանգնել կառամատույց մտնելու կամ նավահանգստից դուրս գալու թույլտվության սպասելիս։

Գետային նավահանգիստ Մոսկվայում

Ներքին ջրավազաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ջրավազանները (երբեմն անվանում են նավակայաններ կամ նավահանգստային ջրավազաններ) նախատեսված են կառամատույցներում նավերի կայանման համար։ Նավարկելի ուղեգիծը սարքավորվում է նավարկման իրադրությունը ցույց տվող նշաններով։ Նավահանգստի տարածքը ընդգրկում է նավահանգստի ցամաքային մատույցները (երկաթուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային խողովակաշարեր), կառամատույցի գիծը հարող մերձկորդոնային մասը (որտեղ տեղավորվում են, այսպես կոչված, մերձկորդոնային երկաթուղագծերն ու ավտոմոբիլային կառանցները, բեռնավորման սարքավորումներն ու մեխանիզմները, պահեստները, բեռների կարճատև պահման հարթակները, ուղևորակայանը), ետնամասը (սովորաբար զբաղեցնում են ներնավահանգստային երկաթուղիները, ավտոմոբիլային ճանապարհները, բեռների երկարատև պահման պահեստները, նավահանգստի օժանդակ ձեռնարկությունները, ծառայողական և ադմինիստրատիվ շենքերը)։

Նավահանգստի հիդրոտեխնիկական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգստի հիդրոտեխնիկական կառույցներն են պաշտպանական (ծովապատնեշներ, ալեբեկիչներ), կառամատույցի (պիրսեր, նավահանգստային առափնյա), նավամբարձիչ և նավանորոգման (էլինգներ, սլիպներ, դոկեր) կառույցները։ Հիդրոտեխնիկական կառույցներ են նաև ծովային փարոսները և նավահանգստի աքվատորիայի սահմաններում տեղադրված նավարկման իրադրությունը ցույց տվող նշանները։

Հիմնական սարքավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական սարքավորումների կազմի մեջ մտնում են փոխբեռնման ցիկլային գործողության (պորտալային, թրթուրավոր, իշոտնուկավոր, կամրջաձև ամբարձիչներ, վագոնաշրջիչներ) և անընդհատ գործողության (շարժական և ստացիոնար փոխակրիչներ, պնևմատիկ և հիդրավլիկական տեղակայանքներ, պոմպակայաններ)՝ սարքերը, մեխանիզմները, բունկերավորման սարքավորումները, էներգաուժային տեղակայանքները, լուսավորման և կապի համակարգերը, հակահրդեհային սարքավորումները են։ Ներնավահանգստային տրանսպորտի մեջ մտնում են երկաթուղին, բեռնատար ավտոտրանսպորտը, հատուկ անռելս տրանսպորտը (ինքնագնաց սայլակներ, բեռնիչներ ևն)։ Ներնավահանգստային ջրային փոխադրումներն իրականացվում են ծառայողական-օժանդակ տորմիղով (գլխավորապես բուքսիրներ ունեցող բեռնանավերով)։

Նավահանգստի տեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգստի հիմնական տեխնիկական բնութագրերն են խորությունը կառամատույցի մոտ, կառամատույցի գծի երկարությունը և նավահանգստի տարածքի նշագիծը։ Ժամանակակից ծովային նավահանգիստներում չորաբեռների նավերի համար կառամատույցի մոտ խորությունը 10-15 մ է, նավթատար նավերի համար՝ 15-20 մ։ Կառամատույցների թիվը բեռների յուրաքանչյուր կատեգորիայի համար որոշվում է առանձին։ Նավահանգստի տարածքի կորդոնամերձ մասի նշագիծը, որպես կանոն, հաստատուն է, որը հեշտացնում է երկաթուղային տրանսպորտի շարժումը։ Նավահանգստի պլանը (նրա բոլոր մասերի ընդհանուր, շաղկապված տեղադրումը) կազմվում է՝ հաշվի առնելով ռելիեֆը, օդերևութաբանական, հիդրոլոգիական ու տեղական այլ պայմանները, և համաձայնեցվում է նավահանգստին հարող քաղաքի պլանի հետ։ Այսպես, օրինակ, նավահանգիստը չպետք է քաղաքը «կտրի» ծովից և միաժամանակ քաղաքն ազատ տարածություն պիտի ունենա՝ նավահանգստի հետագա զարգացման համար։ Մարդատար հատվածը, որպես կանոն, տեղադրում է քաղաքի կենտրոնական մասին մոտ և պետք է ապահովի քաղաքային տրանսպորտի հարմար մուտքը ծովային (կամ գետային) կայարան։ Կառամատույցի գծերը կարող են տեղադրվել ճակատային (ափի երկայնքով), ծովապատնեշների երկայնքով, պիրսերում, ինչպես նաև ափի ներքին ջրավազանների երկայնքով։ Նավահանգստի հիմնական տրանսպորտատնտեսական բնութագրերն են բեռնաշրջանառությունը, թողունակությունը, նավաշրջանառությունը։

Ժամանակակից նավահանգիստների դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային նավահանգիստները հիմնականում լինում են քաղաքացիական (առևտրական, ձկնորսական) և ռազմական։ Առևտրական նավահանգիստները սովորաբար ծառայում են որպես սկզբնակետ՝ բեռները ծովային ուղիներով արտասահման ուղարկելու (էքսպորտ) և ստանալու (իմպորտ), ինչպես նաև մի երկրի նավահանգիստների միջև բեռներ փոխադրելու (մերձափնյա նավագնացության) համար։ Առևտրական նավահանգիստները լինում են ընդհանուր նշանակության (միջազգային առևտրի խոշոր նավահանգիստներ՝ Սանկտ Պետերբուրգ, Վլադիվոստոկ, Լոնդոն, Մարսել, Նյու Յորք և այլն), որոնք կատարում են տարբեր բեռնային գործողություններ և մասնագիտացված՝ նախատեսված միատեսակ բեռնային գործողությունների համար։ Մասնագիտացված են նաև մարդատար նավահանգիստները (Յալթա, Սոչի), որոնց համար բեռնային գործողություններն ունեն երկրորդական նշանակություն։ Ծովային նավահանգիստների հատուկ տեսակ են ծովային կայարանները, որոնք անցնող նավերին մատակարարում են վառելիք, խմելու ջուր, պարեն։

Ձկնորսական նավահանգիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսական նավահանգիստները (օրինակ, Կալինինգրադի, Մուրմանսկի) ձկնորսական նավատորմի բազաներ են, այնտեղ պահեստսառնարաններից բացի, երբեմն տեղավորվում են ձկնամշակման ձեռնարկություններ։

Ապաստարան նավահանգիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապաստարան նավահանգիստները խարսխակայաններ են, որտեղ փոթորիկների ժամանակ մերձափնյա նավարկության նավերը, ձկնորսանավերը, երկկայմ առագաստանավերը, մոտորավոր միակայմանավերը կարող են խարիսխ ձգել կամ կանգնել հատուկ տակառների վրա։ Ապաստարան նավահանգիստներում սովորաբար կան նավանորոգման արհեստանոցներ և նավամբարձիչ միջոցներ՝ վնասված նավերին օգնություն ցույց տալու համար։

Ռազմական նավահանգիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական նավահանգիստները ծառայում են ռազմական նավատորմի նավերի միավորումների խարսխման համար և ռազմածովային բազաների բաղկացուցիչ մասերն են։

Նավահանգստի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստներ` ըստ տեղադրման դիրքի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկ, Համբուրգ և այլ նավահանգիստներ), ծովալճակի (օրինակ, Իլյիչովսկ՝ նավահանգիստ Օդեսայի մոտ, Իրանի Էնգելի նավահանգիստ), ափային (օրինակ, Մարսելի, Օդեսայի, Սևաստոպոլի, Վլադիվոստոկի, Ռիո դե ժանեյրոյի և այլն) և ներքին (օրինակ, Խերսոնի, Նիկոլաևի, Ռուանի և այլն)։

Նավահանգիստներ` ըստ տրանսպորտային նշանակության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տրանսպորտային նշանակության՝ տարբերում են համաշխարհային (համաշխարհային առևտրի կենտրոններ), միջազգային (տարբեր երկրների միջև բեռնափոխանակությունն ապահովող), տեղական (մերձափնյա նավագնացության կամ էլ փոքր նավերի պատսպարման համար)։

Գետային նավահանգիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային նավահանգիստները ըստ նշանակության լինում են ընդհանուր, հատուկ, նախակայաններ, ապաստարան նավահանգիստներ։ Ըստ տեղադրման տարբերում են ազատ գետերի, նավարկելի ջրանցքների, ջրամբարների և լճերի մոտ տեղադրված նավահանգիստներ (վերջին երկուսը նման են ծովային նավահանգիստներին)։ Ծովային և գետային նավահանգիստների հիմնական տարրերը, հիդրոտեխնիկական կառույցները և տեխնիկական բնութագրերը նույնն են։

Ծովային նավահանգիստ,17-րդ դար

Նավահանգիստները հին աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավահանգիստներ կառուցել են դեռևս հին դարերում։ Հայտնի են Կրետե կղզու (մ․ թ․ ա․ 3400 թվականին)՝ Մեսարա քաղաքի մոտ, Միջերկրական ծովի՝ Սիդոն և Տյուրոս քաղաքների մոտ կառուցված ծովային նավահանգիստները։ Հռոմեական կայսրության շրջանում նավահանգիստներ հիմնադրվեցին Սիցիլիա և Սարդինիա կղզիներում։ Միջին դարերում խոշոր նավահանգիստներ կառուցվեցին Նիդերլանդներում, Իսպանիայում, ավելի ուշ՝ Անգլիայում։ ԽՍՀՄ տարածքում առաջին նավահանգիստները կառուցվել են 11—12-րդ դարերի, այժմյան Տալլին և Ռիգա քաղաքների տեղերում։ Մի շարք խոշոր նավահանգիստներ (Տագանրոգի, Պետրովսկի՝ այժմ Մախաչկալայի, Պետերբուրգի՝ այժմ Լենինգրադի, Կրոնշտադտի, Կամչատկայի Պետրոպավլովսկի) կառուցվել են Պետրոս Առաջինի օրոք։ Նավահանգիստների կառուցումը (ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մյուս երկրներում) որոշակի զարգացում է ստացել 19 դարի սկզբից։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավահանգիստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 187