Մանիսայի մարզ
Մանիսայի մարզ թուրքերեն՝ Manisa ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 16 շրջան |
Վարչկենտրոն | Մանիսա |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 1,429,643 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 13,810 |
Սահմանակցում է | Այդընի մարզ, Բալըքեսիրի մարզ, Դենիզլիի մարզ, Իզմիրի մարզ, Քյոթահիա և Ուշաքի մարզ |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-45 |
Հեռախոսային կոդ | +90 236 |
Փոստային ինդեքսներ | 45000–45999 |
Ավտոմոբիլային կոդ | 45 |
manisa.gov.tr | |
Մանիսայի մարզ (թուրքերեն՝ Manisa ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանիսայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Իզմիր (արևմուտք), Այդըն (հարավ), Դենիզլի (հարավ-արևելք), Ուշաք (արևելք), Քյութահյա (հյուսիս-արևելք), Բալըքեսիր (հյուսիս)։
Մարզկենտրոն Մանիսայի մերձակայքում է գտնվում Սփիլ լեռ ազգային պարկը (Spil Dağı Milli Parkı), որը հարուստ է անտառներով ու տաք աղբյուրներով։ Այդտեղ գտնվում է խեթական մայր-աստվածուհի Կիբելայի խեթական փորագրությունը։ Ազգային պարկը լեռնագնացություն և ճամբարային հնարավորություններ է ընձեռում։ Մարզի տարածքը հիմնականում լեռնային է, կտրատված գետերի մեծ ու փոքր հովիտներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանիսայի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա լիդիացիների կողմից։ Առավել հայտնի է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը՝ ներկայիս Սալիհլիի շրջանում։ Բազմաթիվ երկրաշարժերի պատճառով տեսանելի մնացորդների մեծ մասը թվագրվում է միայն հռոմեական ժամանակների։ Այստեղ կան հունական աստվածուհի Արտեմիսի տաճարի մնացորդները և վերականգնված մարզադահլիճը, ինչպես նաև 3-րդ դարի մեծ սինագոգը։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել պարսիկները։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո այստեղ սկսել է հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։ Մարզկենտրոն Մանիսան հիմնադրվել է ավելի քան 2 հազար տարի առաջ` որպես Մագնեսիա։ Մ.թ.ա. 190 թվականին այստեղ տեղի է ունեցել պատմական ճակատամարտ Հին Հռոմի և Սելևկյան կայսրության միջև։ Դրանից հետո Պերգամոնի արքան կառուցել է Ֆիլադելֆիա (այժմ՝ Ալաշեհիր) քաղաքը։ Աքհիսարի տարածքում պահպանվել են Թիաթիրա քաղաքի ավերակները։ Տեղի եկեղեցին Հայտնության գրքում նշված է որպես մեկը հայտնի յոթից։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սարուխանների թյուրքական (1300-1410) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1827), ապա Այդընի կուսակալության (1827-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Այդընի վիլայեթը։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Մանիսայում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Մանիսան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տարածքը 13,810 կմ² է, բաժանվում է 16 շրջանների։ Դրանք են՝
- Մանիսա, թուրքերեն՝ Manisa
- Ահմեթլի, թուրքերեն՝ Ahmetli
- Ալաշեհիր, թուրքերեն՝ Alaşehir
- Աքհիսար, թուրքերեն՝ Akhisar
- Գյոլմարմարա, թուրքերեն՝ Gölmarmara
- Գյորդես, թուրքերեն՝ Gördes
- Դեմիրչի, թուրքերեն՝ Demirci
- Թուրգութլու, թուրքերեն՝ Turgutlu
- Սալիհլի, թուրքերեն՝ Salihli
- Սարըգյոլ, թուրքերեն՝ Sarıgöl
- Սարուհանլը, թուրքերեն՝ Saruhanlı
- Սելենդի, թուրքերեն՝ Selendi
- Սոմա, թուրքերեն՝ Soma
- Քըրքաղաչ, թուրքերեն՝ Kırkağaç
- Քյոփրյուբաշը, թուրքերեն՝ Köprübaşı
- Քուլա, թուրքերեն՝ Kula
Բնակչությունը հասել է 1,429,643 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Մանիսա քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Մանիսայի Ջելալ Բայար համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի տնտեսությունը հիմնականում ապավինում է հիմնականում արդյունաբերությանը, մասամբ նաև՝ զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը։ Մարզը զարգացած է արդյունաբերական գործունեության առումով, որի կենտրոններն են Մանիսան, Թուրգութլուն, Աքհիսարը և Սալիհլին։ Մարզում գործում է Աքհիսար ռազմական ավիաբազան, որը միակ ավիաբազան է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սարդեսի հունական գիմնազիան
-
Ֆիլադելֆիայի (Աշաշեհիր) սուրբ Հովհաննես եկեղեցին
-
Քարվանսարա Մանիսայում
-
Կիբելա աստվածուհու փորագրությունը Սփիլ լեռան վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manisa governor's official website
- Manisa municipality's official website
- Manisa Weather Forecast Information Արխիվացված 2005-12-17 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիսայի մարզ» հոդվածին։ |
|