Ղրիմի պատերազմ
Ղրիմի պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմներ | |||||||||||
Հովհաննես Այվազովսկի, «Սինոպի ճակատամարտը» | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Օսմանյան կայսրություն Ֆրանսիա Մեծ Բրիտանիա Սարդինիայի թագավորություն |
Ռուսական կայսրություն Մեգրելիա | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
սուլթան Աբդուլ Մեջիդ կայսր Նապոլեոն III Վիկտորիա թագուհի թագավոր Վիկտոր Էմանուիլ II |
Նիկոլայ I Ալեքսանդր II | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Օսմանյան կայսրություն 165 000 Ֆրանսիա 309 268 Միացյալ Թագավորություն 200 868 Սարդինիայի թագավորություն Սարդինիայի թագավորություն 21 000 գերմանական զորք՝ 4250 շվեյցարական զորք՝ 2200 կազակների զորք՝ 1400 |
Ռուսական կայսրություն 750 000 | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Օսմանյան կայսրություն 45 300 Ֆրանսիա 97 365 Միացյալ Թագավորություն 22 602 Սարդինիայի թագավորություն 2 194 |
Ռուսական կայսրություն 143 000 25 000 զոհ 16 000 սպանված՝ վերքերից 89 000 զոհ՝ հիվանդություններից |
Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ։
Պատերազմի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
Պատերազմական գործողություններ ծավալվեցին Դանուբի, Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Երևանի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ կռվում էին լեռնականների դեմ։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) Կարսից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։
Թուրքերի Արդահանի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի Թիֆլիս, նոյեմբերի 14-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ Նոյեմբերի 19-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10-11 հազար) ջարդեցին թուրքական գլխավոր ուժերը (36 հազար) Բաշկադըքլարի ճակատամարտում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ Պավել Նախիմովի նավախումբը նոյեմբերի 18-ին Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը։
Պատերազմի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի պարտությունն արագացրեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատերազմի մեջ մտնելը։ 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854 թվականի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։
Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854 թվականի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը Ճորոխ գետի մոտ ջարդեց Բաթումի թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին Բայազետը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան Վրաստան ներխուժած Շամիլի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։
Հուլիսի 24-ին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854 թվականի սեպտեմբերի 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո-ֆրանսիական և թուրքական բանակները հանդիպեցին ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։
Պատերազմի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հազարանոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր Փաշայի 35 հազարանոց թուրքական կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սեաստոպոլից շեղելու ռուս, հրամանատարության փորձերը (Բալակլավայի (1854 թվականի հոկտեմբերի 13), Ինկերմանի (հոկտեմբերի 24), Չյորնայա գետի (1855 թվականի օգոստոսի 4) ճակատամարտերը) հաջողություն չունեցան։ Թշնամու տեխնիկական և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը, գլխավոր հրամանատարների (Ա. Մենշիկով, Մ. Դորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները և այլն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855 թվականի օգոստոս)։
Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855 թվականի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հազարանոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հազարանոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23-25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։
Կարևոր ճակատամարտերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինոպի ճակատամարտ, 30 նոյեմբերի 1853 թ.
- Սիլիստրայի պաշարումը, 5 ապրիլի - 25 հունիսի 1854 թ.
- Բոմարսունդի առաջին ճակատամարտը, 21 հունիսի 1854 թ.
- Բոմարսունդի երկրորդ ճակատամարտը, 15 օգոստոսի 1854 թ.
- Պետրոպավլովսկի պաշարումը, 30–31 օգոստոսի 1854 թ.
- Ալմայի ճակատամարտ, 20 սեպտեմբերի 1854 թ.
- Սևաստոպոլի պաշարումը, 1854թ. սեպտեմբերի 25-ից մինչև 1855 թ. սեպտեմբերի 8-ը
- Բալակլավայի ճակատամարտ, հոկտեմբերի 25 1854 թ.
- Ինկերմանի ճակատամարտ, 5 նոյեմբերի 1854 թ.
- Եվպատորիայի ճակատամարտ, 17 փետրվարի 1855 թ.[1]
- Չեռնայայի ճակատամարտը (նաև «Տրակտիր կամրջի ճակատամարտ»), 1855 թ. օգոստոսի 16
- Քինբերնի ճակատամարտ (1855), 17 հոկտեմբերի 1855 թ.
- Ազովի ծովի ծովային արշավ, 1855 թ. մայիս-նոյեմբեր
- Կարսի պաշարումը, 1855 թ. հունիսից մինչև նոյեմբերի 28-ը
Փարիզի հաշտության պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։
Ռուսական կայսրության պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859-61 թվականների հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։
Հայերի մասնակցությունը պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես 18-րդ դարի վերջի և19-րդ դարի սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լազար Սերեբրյակովը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Վաղարշապատ, Կարս, Իգդիր, Ղարաբաղ, Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853 թվականներին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853-1854 թվականին Շիրակի և Փամբակ-Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։
1854 թվականի հունիսին, երբ թուրքական 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուսական զորքերի օգնության հասնելը, Ի. Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ-վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854 թվականի մայիսին Ավետիս Տեր-Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր-Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ-Դարայի ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեներալ Ն. Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Միքայել Լորիս–Մելիքովի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրքական զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Eupatoria-ի ճակատամարտ». history-maps.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-11-09-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան Ա. Մ., Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը, Ե., 1958։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |