Թատերական երաժշտություն
«Թատերական երաժշտություն, երաժշտություն թատերական ներկայացումների համար։
Դրամատիկական թատրոնում այն չունի հիմնորոշ դեր, սակայն լրացնում, հարստացնում է թատերական գործողության հուզական բովանդակությունը, նպաստում դրամատիկական բախումների բացահայտմանը, գործող անձանց բնութագրմանը։
Օգտագործման չափն ու բնույթը պայմանավորված են՝ դրամատուրգի ուղղակի նշումներով (օրինակ՝ Ուռենու երգը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ, Անհույս սիրո երգը՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» դրամայում, Կակուլիի, Կեկելի, Էփեմիայի երգերը՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգության մեջ, հեռացող զինվորական նվագախմբի քայլերգը՝ Անտոն Չեխովի «Երեք քույր» դրամայում), պիեսի բովանդակությամբ (օրինակ՝ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Հ. Իբսենի «Պեր Գյունտ», Շիրվանզադեի «Նամուս», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), ռեժիսորի մտահղացմամբ (օրինակ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», երաժշտությունը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, 1925 թվական, Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», երաժշտություն՝ Սարգիս Բարխուդարյանի, 1934 թվական, Դերենիկ Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան», երաժշտությունը՝ Արամ Սաթյանի, 1934 թվական, Ալեքսանդր Արաքսմանյանի «Վարդեր և արյուն», երաժշտությունը՝ Վաղարշակ Կոտոյանի, 1957 թվական, Պեյո Յավորովի «Վիտոշի փեշերին», երաժշտություն՝ Մարտին Վարդազարյանի, 1966 թվական)։
Հայտնի են թատերական երաժշտության նմուշներ, որոնք կատարվում են պիեսից և ներկայացումից անկախ (օրինակ՝ Էդվարդ Գրիգի երաժշտությունը՝ Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ»-ի, Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ Մ․ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի, Գրիգոր Եղիազարյանի երաժշտությունը՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»-ի համար)։
Պայմանավորված ամերիկյան դրամատիկական թատրոններում երաժշտության ակնհայտ գերակշռությամբ՝ 1920–1930-ական թվականներին սկզբնավորվել է մյուզիքլ ժանրը։
Թատերական երաժշտություն են են գրել նաև Լևոն Խոջա-Էյնաթովը, Սերգեյ Բալասանյանը, Կարո Զաքարյանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Ալեքսանդր Դոլուխանյանը, Գրիգոր Եղիազարյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Ա. Բաբաջանյանը, Արամ Սաթունցը, Ծովակ Համբարձումյանը, Տիգրան Մանսուրյանը, Ավետ Տերտերյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ա. Սաթյանը, Ստեփան Լուսիկյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|