Պեր Գյունտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեր Գյունտ
բուկմոլ՝ Peer Gynt
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրverse drama?
Բնօրինակ լեզունորվեգերեն
Կերպար(ներ)Peer Gynt?, Solveig?, Mother Aase? և Anitra?
Ստեղծման տարեթիվ1865
Նկարագրում էՆորվեգիա
Երկիր Նորվեգիա
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 14, 1867[1]
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 24, 1876
 Peer Gynt Վիքիպահեստում

Պեր Գյունտը, չորս գործողությունից բաղկացած չափածո պիես, որի հեղինակը Հենրիկ Իբսենն է։ Առաջին մասը «Առավոտն» է, երկրորդ մասը՝ «Անիտրայի պարը»։ Մյուս մասերն են «Օզեի մահը» և «Լեռնային արքայի քարանձավում»։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականին Իբսենը ստանալով գրականագիտական թոշակ, ընտանիքի հետ մեկնում է Իտալիա, որտեղ երկու տարվա ընթացքում գրում էերկու պիես՝ «Բրանդ» (1865 թ.) և «Պեր Գյունտ» (1867 թ.): Թատերագիտության մեջ ընդունված է այս երկու ստեղծագործությունն ընդունել իբրև մեկ ամբողջություն՝ որպես ինքնորոշման և անհատականության կերտման երկու այլընտրանքային գաղափարներ։ Պիեսում բանահյուսական կերպարները ներկայացված են որպես այլանդակ և չար արարածներ, իսկ գյուղացիները՝ դաժան ու բիրտ մարդիկ։ Ի դեպ, Իբսենը կարծում էր, որ այդ հեքիաթի որոշ հերոսներ շատ նման են իր ընտանիքի անդամներին, հատկապես իր ծնողներին՝ Կնուդ Իբսենին և Մարիշեն Ալտենբուրգին։ Նորվեգիայում և Դանիայում պիեսը խիստ բացասական վերաբերմունքի արժանացավ։ Օրինակ Հանս Քրիստիան Անդերսենն այն անվանեց կատարյալ անիմաստություն։ Բայց հետզհետե, շնորհիվ Սոլվեյգի կերպարի, սկսվեց պիեսի վերաիմաստավորումն ու վերագնահատումը։ Դրան մեծապես նպաստեց նաև «Պեր Գյունտ»-ի բեմադրման համար Իբսենի խնդրանքով Էդվարդ Գրիգի գրած երաժշտությունը։ Ավելի ուշ այն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես ինքնուրույն երաժշտական ստեղծագործություն։ Շարադրված լինելով նորվեգերենի բուկմոլ տարբերակով՝ «Պեր Գյունտ»-ը դարձել է ամենաշատ բեմադրված նորվեգական պիեսներից մեկը։ Գրված է նորվեգական համանուն հեքիաթի հիման վրա։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արար

Պիեսի գործողությունները կատարվում են 19-րդ դարի առաջին կեսին Նորվեգիայում (Գուդբրանյան հովտում և շրջակա լեռներում), Մարոկկոյում՝ Միջերկրական ծովի ափին, Սահարա անապատում, Կահիրեի մի խենթանոցում, ծովում և կրկին Նորվեգիայում՝ հերոսի հայրենիքում։ Գլխավոր հերոս Պեր Գյունտը որդին է երբեմնի հարուստ ու բոլորի կողմից հարգված Յոն Գյունտի, ով հետագայում տրվել է խնջույքների, վարել շռայլ կյանք և վատնել կարողությունը, որից հետո լքել էր իր ագարակը, կնոջն ու որդուն թողել կարիքի մեջ ու դարձել շրջիկ վաճառական։ Մայրը՝ Օզեն, երազում է մեծացնել որդուն և նրա աջակցությամբ ետ բերել իրենց հարստությունը։ Բայց շուտով Պերն ի հայտ է բերում իր անպիտանությունը։ Նա հոգով պոետ է և գլուխգովան, ու բնավ նման չէ նորվեգական ժողովրդական հեքիաթների կրտսեր որդուն՝ Աշ Լադին, որի բնավորության գծերից, այնուամենայնիվ, ինքն ուներ։ Պիեսի սկզբում Պերը պարծենում է հյուսիսային եղջերուի դեռ չկատարած որսով, իսկ մայրը ծաղրում է նրա վառ երևակայությունը և սիրեցյալի`հարուստ ագարակատիրոջ դուստր Ինգրիդի հետ հարաբերությունները կարգավորելու անզորությունը։ Հաջորդ օրը նշանակված էր Ինգրիդի հարսանիքը, ով ամուսնանալու էր ուրիշի հետ, և Պերը գնում է այնտեղ՝ հուսալով հարսնացուից ստանալ վերջին հնարավորությունը։ Մայրը փորձում է ամոթանք տալով կանգնեցնել նրան, սակայն ապարդյուն։

Հարսանիքի ժամանակ մյուս հյուրերը ծաղրում և ծիծաղում են Պերի վրա։ Բայց հանկարծ նա նկատում է հեռու վայրերից այս կողմեր տեղափոխված Հաուգյան մի ընտանիքի ավագ դստերը՝ Սոլվեյգին ու սիրահարվում։ Պերը մոտենում է աղջկան և պարի հրավիրում։ Բայց աղջիկը մերժում է՝ հայտնելով, որ նախ դա իր հորը դուր չի գա, և երկրորդ՝ Պերը վատ համբավ ունի։ Սոլվեյգը հեռանում է, իսկ Պերը սկսում է խմել։ Երբ հանկարծ լսում է, որ Սոլվեյգը փակվել է մի սենյակում, նա որոշում է առիթը ձեռքից բաց չթողնել և գնալով այնտեղ՝ փախցնում է աղջկան դեպի լեռները, որտեղ էլ անցկացնում են գիշերը։ Սոլվեյգը ևս սիրահարվում է Պերին և համաձայնում նրա հետ ապրել անտառային խրճիթում։

Երկրորդ արար

Պերին հայտարարում են օրինազանց և հայտարարում վտարված հարազատ վայրերից։ Նա հարկադրված է միայնակ փախչել իր գյուղից։ Քանի որ նա թափառում էր լեռներում, նրա մայրը՝ Օզեն և Սոլվեյգի հայրը սկսում են որոնել նրան, բայց ապարդյուն։ Դառնալով վտարանդի, Պերը հանդիպում է սիրո ծարավի երեք հովվուհու, ովքեր մինչ այդ ձգտում էին հրապուրել տրոլներին։ Պերը նրանց հետ թունդ հարբում է և սկսում տառապել կատարվածի համար։ Նա գլուխը ցցած վազում է քարայր և ուշագնաց փռվում գետնին։ Արարի մյուս հատվածը, կարծես, տեղի է ունենում Պերի երազում։ Նա հայտնվում է ամբողջովին կանաչով ծածկված մի կնոջ մոտ, ով պնդում է, որ ինքը լեռների տրոլ թագավորի դուստրն է։ Նրանք միասին մտնում են լեռնային սրահը, և տրոլ թագավորը Պերին տալիս է տրոլ դառնալու հնարավորություն, եթե նա համաձայնի ամուսնանալ իր դստեր հետ։ Պերը սկզբում համաձայնում է առաջարկված պայմաններին, բայց վերջում հրաժարվում է, իմանալով որ կանաչ կինը երեխա ունի։ Բայց իմաստուն տրոլ թագավորն ասում է, որ երեխան ծնվել է իր գլխից։ Սյուժեի կարևոր դրվագներից է այն հարցումը, որ տալիս է տրոլ արքան Պերին. «Ի՞նչ տարբերություն տրոլի և մարդու միջև»։ Պատասխանը տալիս է Լեռան Ծերունին. «Այնտեղ դրսում, որտեղ պայծառ երկինք է, մարդն ասում է. «Անկեղծ եղիր ինքդ քեզ հետ», իսկ այստեղ տրոլն ասում է. «Անկեղծ եղիր ինքդ քեզ հետ՝ գրողի ծոցն աշխարհը»»։ Այս պիեսում տրոլին տրվող հիմնական բնութագիրը եսասիրությունն է։ Դրանից հետո Պերն այն դարձնում է իր նշանաբանը` միշտ հայտարարելով, որ ինքը ինքն է, ինչ էլ որ լինի։ Այնուհետև նա հանդիպում է ամենահետաքրքիր նկարագիրն ունեցող կերպարներից մեկին՝ Բոյգին, որը իրական կերպար չունեցող մի արարած է։ Հարցին, թե ով է ինքը, Բոյգը պատասխանում է. «ԻՆքս եմ»։ Ժամանակի ընթացքում Պերը Բոյգի այս կարևոր խոսքն էլ դարձնում է իր համար նշանաբան՝ ասելով. «Հեռու մնա»։ Իր մնացած կյանքում նա միշտ ջուր էր ծեծում և դես ու դեն ընկնում՝ փոխանակ առերեսվելու ճշմարտության հետ։ Ուշքի գալով, նա դեմ առ դեմ հանդիպում է Հելգային՝ Սոլվեյգի քրոջը, ով նրան կերակուր է տալիս և փոխանցում ողջույններ քրոջից։ Իսկ Պերը տալիս է արծաթե կոճակ՝ պատվիրելով, որ Սոլվեյգը պահպանի այն և խնդրում, որ աղջիկը չմոռանա իրեն։

Պերը երկար տարիներ է անցկացնում հայրենիքից հեռու՝ փորձելով տարբեր արհեստներ ու ստանձնելով տարբեր դերեր. նա լինում է ստրկավաճառ, մութ գործերի մեջ թաթախված գործարար՝ Մարոկկոյի նավահանգիստներում, թափառական՝ անապատում, տեսնում է Մեմնոնի կոթողներն ու Սֆինքսը, դառնում է բեդվինների առաջնորդի գուշակը, որի դուստր Անիտրան փորձում է հրապուրել իրեն։ Իր թափառումները Պերն ավարտում է Կահիրեի խենթանոցում, որտեղ նրան անվանում են կայսր։ Երբ վերջապես ծերանալուց հետո Պերը որոշում է վերադառնալ տուն, նրա նավը խորտակվում է։ Նավի ուղևորների շարքում նա հանդիպում է Անծանոթ ուղևորին, ով ցանկանում է Պերի մարմնի վրա փորձ կատարել՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվում երազանքները։

Վերադառնալով հայրենի գյուղ, Պերը մասնակցում է մի գյուղացու հուղարկավորությանը, ապա աճուրդով վաճառում է իր անցած կյանքի ամբողջ ունեցվածքը։ Աճուրդի ժամանակ նա հանդիպում է կոճակների վարպետի, ով կարծիք է հայտնում, թե Պերի հոգին պետք է մնա մնացած կեղտոտ գույքի հետ, մինչև որ նա կարողանա բացատրել, թե որտեղ և երբ է իր կյանքում նա եղել հենց ինքը, իր կերպարը։ Իսկ նիհար մի Ոմն պնդում է, որ Պերին չի կարելի անվանել իսկական մեղավոր, որին անհրաժեշտ է դժոխք ուղարկել։ Մռայլվելով, Պերը գնում է իր տունը և տեսնում է Սոլվեյգին, ով սպասել է իրեն այն պահից ի վեր, ինչ ինքը հեռացել էր։ Եվ նա ասում է, որ Պերն իր համար միշտ մնացել է հենց ինքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեր Գյունտ» հոդվածին։