Տիկնիկների տունը (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիկնիկների տունը
նորվ.՝ Et dukkehjem
A Doll's House.jpeg
Ժանր Q44092605?
Հեղինակ Հենրիկ Իբսեն
Բնագիր լեզու նորվեգերեն
Գրվել է 1879
Հրատարակություն դեկտեմբերի 21, 1879
A Doll's House

«Տիկնիկների տունը» (նորվ.՝ Et dukkehjem), Հենրիկ Իբսենի պիեսը, գրված 1879 թվականին:

Պիեսի հիմնական թեման հասարակության մեջ կնոջ դերն է: Ժամանակակիցներն այն որպես ֆեմինիզմի մանիֆեստ էին ընկալում: Իրականում, «Տիկնիկների տան» միակ հարցադրումը չի սահմանափակվում «կանացի հարցով»: Խոսքն այստեղ առհասարակ մարդու անձնական ազատության մասին է: Պիեսում քննադատվում է ոչ այնքան «տղամարդկային աշխարհը», որքան 1870-ականների հասարակությունը, դրա նորմերն ու դրվածքը, բուրժուական աշխարհի մեռած կանոնները: ՅՈՒՆԵՍԿՈ-ն 2001 թվականին «Տիկնիկների տան» ձեռագիրն ընդգրկեց «Աշխարհի հիշողության» ցանկի մեջ[1]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի մտահղացումը եղել է 1878 թվականին: Իբսենը ձգտում էր ողբերգության դասական ձևով արտահայտել ժամանակակից խնդիրները: Ստեղծագործությունը գրվել է 1879 թվականին: Դրամայի հիմքում Իբսենն իրական պատմություն է ներկայացրել: Նորայի նախատիպը նորվեգացի-դանիացի գրող Լաուրա Քիլերն էր (1849-1932): «Բրանդ» պիեսի ազդեցությամբ 19-ամյա աղջիկը գրել է «Բրանդի դուստրերը» գիրքը, որը կեղծանվամբ հրատարակվել է 1869 թվականին: Իբսենը ծանոթացել է նրա հետ ու խորհուրդ տվել զբաղվել գրականությամբ: Նրանց միջև ընկերություն է ծագել: Հոր մահից հետո Լաուրան տեղափոխվել է Դանիա, որտեղ էլ 1873 թվականին ամուսնացել է Վիկտոր Քիլերի հետ: Նա բարի մարդ էր, սակայն երբեմն դաժանության նոպաներ էր ունենում, հատկապես ծանր էր տանում փողի պակասությունը: 1876 թ. Վիկտորը հիվանդանում է տուբերկուլյոզով: Նա պետք է բուժում ստանար հարավում: Իր հարուստ հորը դիմելու՝ Լաուրայի խնդրանքները որևէ արդյունք չունեցան: Այդ ժամանակ նա գաղտնի կերպով բանկից պարտք է վերցնում: Նրա երաշխավորն իր հարուստ ու հեղինակավոր ընկերն է դառնում: Հենց այդ տարի նրանք ամուսնու հետ մեկնում են Շվեյցարիա և Իտալիա: Ամուսինն առողջանում է: Հետդարձին Քիլերներն այցելում են իբսեններին Մյունխենում: Լաուրան գաղտնի պատմում է այս ամենի մասին Իբսենի կնոջը՝ Սյուզանին: Դանիա վերադառնալուց հետո կրկին գումար է անհրաժեշտ լինում՝ մեկ այլ քաղաք տեղափոխվելու համար: Լաուրան կրկին պարտք է վերցնում: Այս անգամ նրա համար երաշխավոր է դառնում մի հեռավոր ազգական: Պարտքի մարման ժամկետին Լաուրան հիվանդ էր և առանց փողի: Բարեկամը ևս ծանր ֆինանսական դրության մեջ էր և չի կարողանում մարել պարտքը: Լաուրան հուսահատության պահին որոշում է կեղծ մուրհակ տալ, սակայն փոշմանում ու ոչնչացնում է այն: Այս ամբողջ պատմությունը հայտնի է դառնում նրա ամուսնուն: Վերջինս նախ վշտակցում է կնոջն ու նրա կողքին է լինում, սակայն շուտով ընտանիքի ու ընկերների ազդեցությամբ փոխում է իր վերաբերմունքն ու ապահարզան պահանջում: Նրանք շուտով բաժանվում են: Լաուրայի երեխաներին խլում են նրանից, նրան հայտարարում խաբեբա ու հոգեկան հիվանդ: Սակայն որոշ ժամանակ անց ամուսինը խնդրում է նրան հետ վերադառնալ տուն: Լաուրան համաձայնում է և 1879 թվականից սկսում է զբաղվել գրականությամբ ու աստիճանաբար վճարում է իր պարտքերը: Դրանից հետո նա երկու անգամ հանդիպել է Իբսենին: Հենց նրա կյանքն է հիմք դարձել «Տիկնիկների տունը» պիեսի սյուժեի ստեղծման համար:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորվալդ Հելմեր, փաստաբան, Նորա, նրա կինը Դոկտոր Ռանկ Ֆրու Լիննե Կրոսգստադ, մասնավոր հավատարմատար Հելմեր ընտանիքի երեք փոքրիկ երեխաները Աննա-Մարիա, նրանց դայակը Հելմերների տան սպասուհին Գործակատար

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Հելմերների տանը, Ծննդյան տոներից առաջ: Նորան քաղաքից վերադառանում է՝ ծանրաբեռնված ընտանիքի անդամների նվերներով, ամուսինը նրան մեղադրում է վատնելու համար. ինքը դեռ նոր է նշանակվել որպես բանկի տնօրեն, իսկ աշխատավարձը կբարձրացնեն միայն երեք ամսից: Պարտքով ապրելը նրա համար անընդունելի է: Նորան, «վատնողը», «թռչնակը», «սկյուռիկը», ինչպես նրան Թորվալդն է անվանում, ի պատասխան միայն կատակում է, նա անհոգ ու թեթևամիտ է թվում: Նրանց հյուր է գալիս Նորայի վաղեմի ընկերուհին՝ ֆրու Լիննեն: Ամուսնու մահից հետո նա զուրկ է ֆինանսական միջոցներից և ստիպված է աշխատանք փնտրել: Նորան պատմում է նրան, որ երբ Թորվալդը հիվանդ էր, ինքն ստիպված է եղել պարտքով փող վերցնել, որպեսզի բժիշկների խորհրդով նրան մեկ տարով Իտալիա տանի: Հիմա նա ստիպված է վճարել պարտքը, սակայն այդ մասին ամուսնուն ասել չի կարող: Նա կարծում է, թե անհրաժեշտ գումարն իրենց տրամադրել է Նորայի հայրիկը: Հիմա նա ստիպված է խնայել, իր վրա ոչինչ չծախսել ու մանր առևտրով զբաղվել: Այդ ընթացքում Հելմերին այցելում է Կրոգստադը. հենց նրանից է Նորան պարտքով փող վերցրել: Հելմերը Կրոգստադին զրկել է աշխատանքից, և հիմա վերջինս խնդրում է Նորային համոզել ամուսնուն: Հակառակ դեպքում, նա սպառնում է մատնել Նորային: Նորան ազնվորեն փորձում է համոզել ամուսնուն՝ աշխատանքից չազատել Կրոգստադին, սակայն նա չի համաձայնում: Ի դեպ, այդ նույն պաշտոնին նա արդեն վերցրել է ֆրու Լիննեին: Հասկանալով, որ ոչինչ չի փոխվելու, Կրոգստադը փոստարկղում նամակ է թողնում Թորվալդի համար, որտեղ նա նկարագրում է Նորայի՝ պարտք վերցնելու պատմությունը: Նորան հազար ու մի պատճառ է մտածում, որ ամուսնուն չթողնի մոտենալ փոստարկղին: Ֆրու Լիննեն, ցանկանալով օգնել Նորային, գնում է Կրոգստադի մոտ. պարզվում է, մի ժամանակ նրանք սիրել են իրար, սակայն Լիննեն ամուսնացել է մեկ այլ, առավել ապահովված տղամարդու հետ: Հիմա ֆրու Լիննեն առաջարկում է «միմյանց օգնության ձեռք մեկնել». նա ցանկանում է ապրել հանուն ինչ-որ մեկի: Կրոգդստադը երջանիկ է և պատրաստ է անգամ հետ վերցնել իր նամակը, սակայն ֆրու Լիննեն համոզում է նրան չանել այդ. նա կարծում է, որ գաղտնիքը պետք է բացվի: Թորվալդն ու Նորան վերադառնում են Ծննդյան տոնի երեկույթից, և չարաբաստիկ նամակը երևում է արկղից: Թորվալդը կատաղած է, նա կնոջն անվանում է դերասան, ստախոս, հանցագործ, ասում է, որ նրան այլևս չի վստահի երեխաների դաստիարակությունը: Հենց նույն պահին սպասուհին մեկ այլ նամակ է բերում. Կրոգստադը վերադարձնում է Նորայի մուրհակը: Թորվալդը երջանիկ է, Նորան նրա համար նորից դառնում է «երգող թռչնակ», «աղավնյակ»: Սակայն Նորան հայտարարում է, որ հեռանում է տնից: «Այստեղ ես քեզ համար տիկնիկ-կին եմ եղել, ինչպես իմ հայրական տանը տիկնիկ-դստրիկ եմ եղել: Իսկ ես կարծում եմ, որ ես նախ և առաջ մարդ եմ, ինչպես և դու, կամ գոնե, պիտի ձգտեմ մարդ դառնալ: Ես այլևս չեմ կարող բավարարվել նրանով, ինչ ասում է մեծամասնությունը և ինչ գրված է գրքերում: Ես ինքս պիտի մտածեմ այս ամենի մասին ու փորձեմ գլուխ հանել ինքնուրույն»: Թորվալդի խնդրանքներն անօգուտ են. նրա վիրավորական վերաբերմունքից հետո Նորայի մեջ շատ բան է փոխվում. նա հասկանում է, որ պետք է գտնի ու պահի իր արժանապատվությունը:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոուզի, դերերում՝ Ջեյն Ֆոնդա, Էդվարդ Ֆոկսմ Տրեվր Հովարդ, Դեյվիդ Ուուրեն: Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա 1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Պատրիկ Հարլանդ, դերերում՝ Էնտնի Հոփքինս, Քլեր Բլում, Ռալֆ Ռիչարդսոն, Դենհոլմ Էլլիոթ: Մեծ Բրիտանիա 1973- «Նորա: Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Արիլդ Բրինկման, դերերում՝ Կնուտ Րիսան, Լիսե Ֆելստադ, Պեր-Թեոդոր Հաուգեն, Բենտե Բյորսյում: Նորվեգիա


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henrik Ibsen: A Doll's House (англ.). UNESCO. Проверено 19 июля 2010. Архивировано из первоисточника 31 марта 2012