Ընկալում
Ընկալում (ըմբռնում) (լատին․՝ perceptio՝ «պերցեպցիա»), զգայական իմացության ձև։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկեր։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։ Ընկալումը պասսիվ հայեցողություն չէ, այլ ակտիվ գործունեություն է։ Հետազոտական գործողություններ կատարելով, անձը հոգեկանում ստեղծում է օբյեկտի նմանակը կամ մոդելը, որը սուբյեկտիվ է, կոչված է արտացոլել իրականությունը։ Ընկալումը նաև ամբողջական և կառուցվածքային մոդել է։ Ընկալումը իմացության երկու մակարդակների՝ զգայական արտացոլման ու վերացական մտածողության յուրահատուկ կապող օղակն է։ Ընկալումը առարկայական է, այսինքն՝ ընկալման պատկերին համապատասխանում է որոշակի օբյեկտ։ Եթե այդպիսի օբյեկտ չկա, ուրեմն գործ ունենք հալյուցինացիայի հետ, իսկ եթե առարկաների հատկություններն աղճատված են ներկայանում, գործ ունենք պատրանքների (իլյուզիաների) հետ։
Ընկալման պրոցեսի հոգեբանական մեխանիզմներն առավելապես ենթագիտակցական բնույթ ունեն, իսկ գիտակցվում են միմիայն դրանց արդյունքները՝ ամբողջական պատկերները։ Կենսափորձի, գիտելիքների ազդեցությունը ընկալման ակտուալ գործընթացի վրա կոչվում է ապերցեպցիա։ Ընկալման վրա մեծ է անձի դիրքորոշման ազդեցությունը, մանավանդ երբ անհրաժեշտ է ընկալել ու գնահատել մարդուն։ Ապերցեպցիայի և դիրքորոշումների ազդեցության հետևանքով ընկալումը դառնում է ընտրողական (սելեկտիվ)։
Ընկալման առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առարկայնություն. ընդունակություն է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին-առանձին։ Ընդ որում, առարկայնությունը ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում է օնտոգենեզում՝ սկսած երեխայի կյանքի առաջին տարուց։ Այն ձևավորվում է շարժումների հիման վրա, որոնք ապահովում են առարկայի կապը, շփումը երեխայի հետ։ Այդպիսի շարժումներ են ձեռքերի շարժումները առարկաները շոշափելիս, աչքերինը՝ հայացքով հետևելիս։ Շարժողական բաղադրիչը բնորոշ է նաև այլ մոդալությամբ ընկալումներին. օրինակ՝ ձայն լսելով կամ հոտ զգալով՝ մենք կատարում են կողմնորոշիչ շարժումներ գրգռիչի աղբյուրի նկատմամբ։ Սակայն վերջինս հաճախ չեն գիտակցվում մարդու կողմից։
- Ամբողջականություն. Ի տարբերություն զգայության, որն արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։ Նույնիսկ ընկալվող օբյեկտի առանձին հատկանիշնեերի ոչ ամբողջական արտացոլման դեպքում կատարվում է ստացված ինֆորմացիայի մտածական վերակառուցում մինչև առարկայի ամբողջական պատկեր։
- Կառուցվածքայնություն. ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մենք ընկալում ենք զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
- Հաստատունություն. առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Այս հատկությունը որոշակի չափով դրսևորվում է առարկային ձևի, չափի, գույնի, մեծության տեսողական ընկալման դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում, կամ միևնույն մարդու հասակը թե 3մ, թե 10մ հեռավորության վրա ընկալվում է ամփոփոխ, թեև ցանցաթաղանթի վրա այդ մարդու պատկերի չափերը տարբեր են տարբեր հեռավորությունների վրա։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
- Ապերցեպտիվություն. ընկալումը կախված է ոչ միայն գրգռման բնույթից, այլև հենց սուբյեկտից։ Սա նշանակում է, որ ընկալման վրա մեծ ազդեցություն են թողնում մարդու նախկին փորձը, գիտելիքները։ Հենց դա է պատճառը, որ նույն առարկական տարբեր կերպ է ընկալվում տարբեր մարդկանց կողմից։
- Իմաստավորվածություն. ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
- Ընտրողականություն. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։ Այսինքն՝ շրջապատող աշխարհի բազմազանությունից մենք ընտրում ենք այն առարկաները, որոնք պետք է արտացոլենք։ վերջինս կապված է նաև մեր զգայական արտացոլման և ուշադրության հետ։
- Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։ Այստեղ արտացոլվում է ոչ միայն լեզվի, այլև մարդու որոշակի փորձի ազդեցությունը։ Ընկալման պատկերը, պահպանելով իր առանձնահատկությունը, դասվում է առարկաների որոշակի համագումարի մեջ, այսինքն՝ դասակարգվում է։ Հենց դասակարգումն է ապահովում օբյեկտի ճանաչումը՝ անկախ նրա հատկությունների և աղավաղումների։ Ընդհանրացվածության շնորհիվ կարելի է տալ առարկայի չընկալված հատկանիշները։
Ընկալման բոլոր առանձնահատկությունների միջև առկա է ֆունկցոնալ նմանություն։ Եթե ընկալումը չունենար այսպիսի հատկություններ, ապա շրջակա միջավայրին մեր ադապտացիայի հնարավորությունը կլիներ անհամեմատ ցածր։ Ընկալման այսպիսի կազմակերպվածությունը թույլ է տալիս ադեկվատ հարաբերվել շրջակա միջավայրի հետ։ Ընկալման առանձնահատկությունները բնածին չեն և զարգանում են մարդու կյանքի ընթացքում։
Ընկալման անհատական տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալումը մեծ մասամբ կախված է անհատի առանձնահատկություններից։ Մեր գիտելիքները, հետաքրքրությունները, դիրքորոշումները, հուզականությունը ազդում են օբյեկտիվ իրականության ընկալման վրա։ Քանի որ մարդիկ տարբերվում են իրենց անհատականությամբ, ուստի կարելի է ասել, որ գոյություն ունեն ընկալման անհատական տարբերություններ։
Անկախ ընկալման անհատական տարբերությունների բազմազանության՝ կարել է առանձնացնել դրանց որոշակի տեսակներ, որոնք բնորոշ են ոչ թե մեկ մարդու, այլ մարդկանց որոշակի խմբերի։
- Ընդհանրական կամ սինթետիկ տեսակ. այսպիսի առանձնահատկություն ունեցող մարդկանց մոտ առկա է առարկայի ընդհանուր տպավորություն, ընկալման ընդհանուր բովանդակություն, ընկալման ընդհանուր հատկություններ։ Այսպիսի մարդիկ քիչ են ուշադրություն դարձնում մանրամասնություններին։ Նրանք չեն առանձնացնում դրանք դիտավորյալ, իսկ եթե նույնիսկ ընկալում են, ապա ոչ միանգամից։ Մանրամասնությունները տեսնելու համար նրանք պետք է իրենց առջև դնեն հատուկ խնդիր, որի լուծումը մեծ աշխատանք է պահանջում։
- Վերլուծական տեսակ. այսպիսի մարդիկ, ընդհակառակն, ուշադրություն են դարձնում մանրամասնություններին։ Հենց դրանց է ուղղված նրանց ընկալումը։ Ընկալված առարկայի ամբողջությունը, ընդհանրական իմաստը նրանց համար հետին պլանում է։ Նրանց պատմությունները միշտ հարուստ են մանրամասն նկարագրություններով, որոնց կողքին հաճախ ամբողջի իմաստը կորչում է։
- Նկարագրական կամ պարզաբանման տեսակ. առաջին տեսակին պատկանող մարդիկ սահմանափակվում են տեսածի կամ լսածի փաստային կողմով, չեն փորձում բացատրել ընկալված երևույթի էությունը։ Երկրորդ խմբի մարդիկ չեն բավարարվում ընկալածով, միշտ ձգտում են բացատրել տեսածը կամ լսածը։
- Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ տեսակ. օբյեկտիվ տեսակի համար բնորոշ է իրականության հետ համեմատաբար բարձր համապատասխանությունը։ սուբյեկտիվ տեսակին պատկանող մարդիկ դուրս են գալիս ընկալածի փաստացի սահմաններից և ներդնում իրենց սուբյեկտիվ տպավորությունները, վերաբերմունքը։ Նրանք ավելի շատ խոսում են իրենց զգացածի և մտածածի մասին։
Ընկալման անհատական կարևոր տարբերություն է դիտողականությունը։ Դա ընդունակություն է առարկաների մեջ ընկալելու քիչ նկատելի գծեր՝ հաշվի առնելով նաև ընկալման արագությունը։ Այն բնորոշ է ոչ բոլոր մարդկանց և ոչ նույն մակարդակով։ Հետաքրքրասիրությունը դիտողականության զարգացման համար կարևոր գործոն է։ Խոսելով դիրողականության մասին՝ ընդունված է առանձնացնել դիտավորյալ (կանխամտածված) և ոչ դիտավորյալ (ոչ կանխամտածված) ընկալման տեսակներ։ Առաջինի դեպքում մենք առաջնորդվում ենք նախօրոք դրված նպատակով։
Դիտողականության անհատական տարբերությունները պայմանավորող գործոններից մեկը տեսողական վերլուծչի կառուցվածքային-ֆունկցիոնալ տարբերությունն է, ինչն ազդում է տեսողության սրության վրա։ Ընդ որում, դիտողականության զարգացման համաչ ոչ այնքան կարևոր է տարիքը, որքան մարզումը։
Ընկալման փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկալման սկիզբ. այն պահին, երբ ընկալվող օբյեկտը մեր տեսողական դաշտում է, ակնաբյուրեղի միջոցով կիզակետվում է ցանցաթաղանթի վրա։ Այս գործընթացի էությունը կայանում է ցանցաթաղանթի ակտիվ գործունեության մեջ։ Այսինքն՝ տեղի է ունենում ընկալման ֆիզիոլոգիական հարմարեցում, ընդ որում ոչ պայմանառեֆլեկտորային մակարդակում։
- Այս փուլի համար բնութագրական է բավարար ինֆորմացիայի կուտակում։ Օբյեկտից եկող ազդանշանների ամբողջական արտացոլում ցանցաթաղանթի վրա։
- Ինֆորմացիայի փոխանցում. գործընթացի մեջ ներառվում է տեսսողական նյարդըմ որի միջոցով ցանցաթաղանթի ինֆորմացիան անցնում է դեպի գլխուղեղ։
- Ինֆորմացիան հասնում է գլխուղեղի համապատասխան կենտրոն և տարածվում՝ ընդգրկելով նոանոր կենտրոններ։
- Գլխուղեղի կողմից ստացված ինֆորմացիայի հետազոտում։ Սա այն փուլն է, երբ ուղղակի գնահատվում է ազդանշանը որակական մակարդակոմ։ Այս փուլում գլխուղեղն ընտրում է՝ շարունակել հետազոտել այդ օբյեկտը, թե ուշադրությունը շեղել այլ առարկայի վրա։ Այսինքն՝ գլխուղեղը դրսևորում է իր վերաբերմունքը ստացված ազդանշանի նկատմամբ՝ առանց հասկանալու, թե ինչ տեսակի օբյեկտ է ընկալվում։
- Ազդանշանի դասակարգում վերացարկման մակարդակում։ Առարկայի ընդհանուր տեսակի որոշումը տեղի է ունենում համակարգային մակարդայում։
- Առարկայի դասակարգումը օբյեկտային մակարդակում։ Գլխուղեղում ակտիվանում են նոր կենտրոններ՝ ներառյալ հիշողության շրջանները,, որոնք ներառում են ինֆորմացիա տվյալ ընկալվող առարկային հետ ընդհանուր գծեր ունեցող այլ առարկաների մասին։ Այս ծավալային աշխատանքից հետո տրվում է եզրահանգում այս առարկայի մասին։
- Որոշման ընդունում՝ շարունակել կամ դադարեցնել օբյեկտի հետազոտումը։ Այստեղ կարող ենք խոսել բանականության կամ գիտակցության մասին, քանի որ տեղի է ունենում գիտակցական ընտրություն մտածողության մակարդակում։ Այս փուլը շատ կարևոր է ընկալման գործընթացում։ Այն հեռացնում է հենց ընկալման սկզբում ոչ անհրաժեշտ ինֆորմացիան։
- Օբյեկտի անհատականացում, այսինքն՝ սկսվում է օբյեկտի մանրամսն հետազոտում՝ նրա առանձնահատկություններով։
- Օբյեկտի ներառում անհատական փորձի մեջ։ Դասակարգված օբյեկտը իր հատկանիշներով հիշվում է գլխուղեղի կողմից։
- Օբյեկտին սուբյեկտիվ բնութագրերի շնորհում։ Այսինքն՝ որոշվում է ընկալողի վերաբերմունքը օբյեկտի նկատմամբ։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկալումն անցնում է զարգացման երկարատև շրջան։ Այդ զարգացման էությունը կայանում է նրա ոչ այնքան քանակական հարստացման, որքան խորը որակական վերակառուցման մեջ, ինչի արդյունքում ընկալման տարրական ձևերը փոխարինվում են բարդ պերցեպտիվ գործունեությամբ։ Վերջինիս մեջ ներառված են ինչպես առարկան ճանաչելու պրակտիկ գործունեությունը, այնպես և նրա հատկությունների վերլուծությունը խոսքի մասնակցությամբ։
Նորածնի ընկալումը շատ դիֆուզ է, ընդ որում նա ընկալում է ոչ թե առանձնացված առարկաներ, այլ նրանց դիֆուզ հատկանիշները՝ գույներ, վառ գծեր։ Դա է պատճառը, որ շրջապատող միջավայրի նկատմամբ երեխայի ռեակցիան մեծապես կախված է, օրինակ՝ մոր դիրքից, ժպիտից, հագուստից։ Երեխաների կողմից միջավայրի ամբողջական առարկաների ընկալման մասին կարելի է դատել նրանց հայացքով, երբ նրանք ոչ թե ուղղակի տեսնում են առարկաները, այլ կարծես հայացքով շոշափում են դրանք, մանիպուլյացիա իրականացնում առարկաների հետ։
Ինչպես նշում է Բորիս Տեպլովը, երեխայի մոտ առարկայական ընկալման նախնական նշանները ի հայտ են գալիս 2-4 ամսականում։ 5-6 ամսականում երեխայի մոտ նկատվում է առարկայի ֆիքսման հնարավորությունների մեծացում։ Կարելի է ասել, որ այս շրջանից սկսվում է ընկալման բուն զարգացումը։ Ըստ Ալեքսանդր Զապոռոժեցի՝ ընկալման զարգացումը շարունակվում է նաև ավելի մեծ տարիքում։ Նախադպրոցական տարիքից կրտսեր դպրոցական տարիքին անցման ժամանակ, հատկապես խաղերի և կառուցողական գործունեության ազդեցության տակ, երեխայի մոտ ձևավորվում է տեսողական ընկալման բարդ ձևեր, ինչպես նաև ընկալված օբյեկտը մասերի բաժանելու ունակություն, հետազոտելու այդ մասերը, ապա միավորելու մեկ ամբողջության մեջ։
Երեխայի ընկալումը բուռն կերպով զարգանում է դպրոցական տարիքում, ընդ որում այն ներառում է մի քանի փուլ։ Առաջին փուլը կապված է առարկայով մանիլուլյացիա կատարելիս նրա ադեկվատ պատկերի կառուցման հետ։ Հաջորդ փուլում երեխաները ծանոթանում են առարկաների տարածական հատկանիշներին ձեռքի և աչքի շարժումների միջոցով։ Իսկ ավելի բարձր փուլերում, կախված հոգեկանի զարգացման հետ, երեխաները ձեռք են բերում ունակություն արագ և առանց արտաքին գործողությունների ճանաչելու ընկալվող առարկաների հատկությունները, տար բերակելու դրանք միմյանցից։
Ընկալման զարգացման կարևոր պայման է աշխատանքը. նկարելու, կարդալու, երգելու և այլնի հետ կապված ճանաչողական գործունեությունը։ Երեխայի համար շատ կարևոր է խաղը, որի ընթացքում նա ոչ միայն ընդկայնում է իր շարժողական փորձը, այլև շրջապատի առարկաների մասին պատկերացումը։
Ընդ որում, երեխայի և մեծահասակի ընկալման տարբերություններից մեկն այն է, որ երեխան, օրինակ՝ սխալվում է առարկայի տարածական հատկանիշները գնահատելիս։ Երեխայի համար դժվար է նաև ժամանակի ընկալումը. նա դժվարանում է տարբերակել «այսօր», «վաղը», «երեկ» հասկացությունները։ Երեխաները դժվարանում են նաև գնահատել նկարներում պատկերված օբյեկտները։
Այս ամենն, իհարկե, կախված է երեխայի գիտելիքների, անհատական փորձի պակասից։ Հետագայում հատկապես խոսքի զարգացման շնորհիվ, ընկալումը երեխայի մոտ դառնում է ամբողջական։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։
- Շոշափական ընկալում. շոշափելիքը մեծ նշանակություն ունի տարածության և շրջապատող առարկաների մեխանիկական հատկությունների ընկալման գործընթացում։ Ընկալման այս տեսակի հիմքում ընկած են հպման, ջերմության, ճնշման և կինեսթետիկ զգայությունները։ Ընկալման այս հատուկ տեսակի օրգանը ձեռքն է, ընդ որում առաջնային, ակտիվ դերը պատկանում է բթամատին։ Առանձնացվում է շոշափական շարժումների երկու տեսակ.
- Մատների մանր շարժումներ, որոնք օգտագործվում են առարկայի առավել ինֆորմատիվ կետերի ուսումնասիրման համար,
- Խոշոր շարժումներ, որոնք թույլ են տալիս միավորել առարկայի առանձին հատկանիշները և ստուգել դրանց վերաբերյալ պատկերացումները։ Շոշափման միջոցով առարկաների ճանաչումը կոչվում է ստերեոգնոզիա։
- Հոտառական ընկալում. թույլ է տալիս զգալ և տարբերել տարբեր տեսակի հոտեր։ Մարդու կողմից ընկալվող հոտերի քանակը բավական շատ է։ Չնայած հոտառության նշանակությունը համեմատաբար ցածր է, բայց համի հետ միասին մեծ դեր ունի մարդու կյանքում. նույնիսկ հաճախ հանդես է գալիս որպես էսթետիկ հաճույքի աղբյուր։
- Համի ընկալում. բերանի ընկալիչների վրա ազդող գրգռիչների ընկալումն է համային զգայության հիման վրա։ Համի ամբողջական պատկերը ձևավորվում է շոշափական, ջերմային, հոտառական ընկալիչների փոխազդեցության արդյունքում։ Համի ընկալումը կապված է համային տարբեր խառնուրդների փոխներգործության հետ։
- Տեսողական ընկալում. շրջապատող միջավայրի տեսանելի օբյեկտի պատկերի «կառուցման» գործընթացն է։ Տեսողությունը այն համակարգն է, որը թույլ է տալիս միանգամից ընկալել առարկայի բարդ կառուցվածքը։ Տեսողական ընկալման գործարկող օրգանը աչքն է։ Վերջինիս բարդ կառուցվածքը, ակոմոդացիոն և կոնվերգենցիոն մեխանիզմները թույլ են տալիս ընկալել տարածությունը, նրա մեջ առկա առարկաները և նրանց բարդ առանձնահատկությունները։
- Լսողական ընկալում. ընկալման այս տեսակը տարբերվում է մյուսներից։ Եթե տեսողական և շոշափական ընկալումները արտացոլում են տարածության մեջ առկա առարկաները, ապա լսողական ընկալումը կապված է ժամանակի ընթացքի մեջ առկա գրգռիչների հաջորդականության հետ։
Ի տարբերություն կենդանիների՝ մարդկանց լսողական ընկալման գործում մեծ դեր են խաղում երկու օբյեկտիվ համակարգեր, որոնք ունեն ոչ թե կենսաբանական, այլ սոցիալական ծագում։ Դրանք են լեզվի ֆոնեմատիկ ռիթմիկ-երաժշտական համակարգերը։ Այս գործոնների շնորհիվ մարդու լսողությունը օժտված է մեծ բարդությամբ, հարստությամբ։
Ընկալումները կարելի է դասակարգել ըստ մատերիայի գոյության երեք ձևերի՝ տարածության, ժամանակի և շարժման։
- Տարածության ընկալում։
Առարկայի ձևի և մեծության, տեղի, միմյանց նկատմամբ դիրքի համեմատությունը սեփական մարմնի հետ կոչվում է տարածության ընկալում։ Այն ներառում է առարկայի հեռավորության, ուղղության, խորության, ձևի, ռելիեֆի ընկալում։
- Ժամանակի ընկալում։
Վերջինս իրականության երևույթների տևողության, հաջորդականության արտացոլումն է մարդու գլխուղեղում։ Տարբերում ենք կենսաբանական ժամանակ հասկացությունը, որը կապված է օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների հետ, և հոգեբանական ժամանակ՝ կապված անհատի հոգեկան անհատական առանձնահատկություններից։
- Շարժման ընկալում։
Վերջինս մարդու գիտակցության մեջ արտացոլվում է որպես օբյեկտների, ինչպես նաև հենց դիտողի դիրքի փոփոխություն տարածության մեջ ժամանակի ընթացքում։
Ընկալումների դասակարգման հաջորդ մոտեցումը կապված է կամային ներդրման մակարդակի հետ։ Ըստ ասվածի՝ տարբերում ենք կանխամտածված (դիտավորյալ)և ոչ կանխամտածված (ոչ դիտավորյալ) ընկալում։
- Դիտավորյալ ընկալում. բնորոշվում է նրանով, որ վերջինիս հիմքում ընկած է գիտակցականորեն դրված նպատակ։ Այն կապված է մարդու կամային որակների հետ, կարող է իրագործվել կազմակերպված, նպատակադրված ընկալման ձևով։ Ընկալման այս տեսակի համար կարևոր նշանակություն ունի երկրորդ ազդանշանային համակարգը։
- Ոչ դիտավորյալ ընկալում. այն ընկալումն է, որի դեպքում շրջապատող իրականությունը ընկալվում է առանց հատուկ՝ նախօրոք դրված խնդրի, այսինքն՝ կապված չէ կամքի հետ. այն ոչ կազմակերպված ընկալում է։
Ընկալումները կարելի է դասակարգել նաև ըստ ընկալման օբյեկտի՝ առարկաների ընկալում, երաժշտության ընկալում և այլն։
Ընկալման առանձնահատուկ տեսակ է մարդու կողմից մարդու ընկալումը։ Վերջինս կոչվում է սոցիալական պերցեպցիա։
Սոցիալական ընկալման միջոցով մենք ստանում ենք ինֆորմացիա ոչ միայն մարդու ֆիզիկական տվյալների մասին, այլև մտքերի, ունակությունների, դիրքորոշումների, հույզերի և այլնի մասին։ Սոցիալական ընկալումն արտացոլում է սուբյեկտների միջև հարաբերությունները։
Փոխհարաբերությունների մեջ մարդը հանդես է գալիս որպես անհատ, որի վարքագծի արտաքին դրսևորումների հիման վրա կարելի է պատկերացում կազմել նրա հոգեկան առանձնահատկությունների մասին։ Այլ մարդու մասին պատկերացումը կախված է նաև սեփական ինքնագիտակցության մակարդակից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտամանով Ա. Դ., Տեսողության պատրանքներ, Ե., 1962
- Նալչաջյան Ա. Հոգեբանության հիմունքներ։ Եր.։ Հոգեբան, 1997.— 648 էջ։
- Гусев А.Н. Общая психология։ в 7 т։ учебник для студ. Высш. учеб. заведении/под. ред. Б.С. Братуся. т 2. Ощущение и восприятие/ Из. ц. «Академия», 2007-416с.
- Шиффман Х.Р. Ощущения и восприятие. 5-е из. СПб. Питер, 2003-928с.։ ил-(серия «Мастера психологии»).
- Маклаков А.Г. Общая психология, Изд.Питер, 2001. с 592.
- Столяренко Л.Д. Основы психологии. Издание 3-е, переработанное и дополненное. - Ростов-на-Дону։ «Феникс», 2000.
- Рубинштейн С.Л. Основы общей психологии, СПб։ Издательство «Питер», 2000 - 712 с.։ ил. – (Серия «Мастера психологии».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 107)։ |