Jump to content

Էդուարդ Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղայան (այլ կիրառումներ)
Էդուարդ Աղայան
Ծնվել էմարտի 16, 1913(1913-03-16)[1][2]
Մեղրի[1][2]
Մահացել էդեկտեմբերի 29, 1991(1991-12-29)[3] (78 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2] և Լեզվի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Էդուարդ Բագրատի Աղայան (մարտի 16, 1913(1913-03-16)[1][2], Մեղրի[1][2] - դեկտեմբերի 29, 1991(1991-12-29)[3], Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշվետար, ապա՝ հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։

1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945 թվականին՝ դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1953 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին՝ ակադեմիկոս։

1932-1991 թվականներին աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956 թվականներին՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950 թվականներին՝ բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։

Լեզվաբան Էդուարդ Աղայանի տունը Կարճևանում

Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ 1950-1953 թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991 թվականներին` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։ Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, Մոսկվա, ԱՄՆ, Հնդկաստան և այլն)։

1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980 թվականին և 1985 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Էդուարդ Աղայանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում[5]։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանի գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության (համեմատական քերականություն, նկարագրական քերականություն, պատմական քերականություն), բառագիտության (բառաքննություն և ստուգաբանություն), բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959 թվականին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957 թվականին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով։

Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատություններն աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, վանկի, հնչույթի, ձևույթի, խոսքի մասերի, լեզվական կառուցվածքի ու համակարգի և այլն)։

Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել՝ նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ։ Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը՝ հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում։

Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում։

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1970
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1983
  • «Աշխատանքային արիության» մեդալ, 1945
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
  • Լեզվի ծագումը և զարգացումը, Ե., 1948[6]:
  • Լատիներեն լեզվի քերականություն, գիրք 1, Ե., 1950:
  • Հրաչյա Հակոբի Աճառյան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1956, 104 էջ[7]։
  • Պատմա-համեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Ե., 1957:
  • Հայ լեզվաբանության պատմություն։ Սկզբից մինչև մեր օրերը, ԵՊՀ հրատարակչություն, 1958[8]։
  • Լեզվաբանության ներածություն, Հայպետուսմանխրատ, 1963, 638 էջ[9]։
  • Գրաբարի քերականություն, ԳԱԱ հրատարակչություն, 1964, 362 էջ[10]։
  • Դրվագներ Արևելքի գրականության պատմության, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 242 էջ[11]։
  • Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974:
  • Արդի հայերենի բացատրական բառարան։ պարունակում է 135600 բառ և 11000 դարձվածաբանական միավոր։ «Հայաստան» հրատարակչություն, 1976[12]։
  • Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր)։ ԵՊՀ, 1976, 590 էջ[13]։
  • Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Ե., 1977[14]:
  • Տերմինագիտություն։ Դասախոսություն։ Լույս, 1978, 51 էջ[15]։
  • Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984[16]:
  • Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986:
  • Մեսրոպ Մաշտոց, ԵՊՀ հրատարակչություն, 1986, 116 էջ[17]։
  • Հայոց լեզու։ Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք, Լույս, 2002, 151 էջ[18]։
  • Արդի հայերենի առձեռն բացատրական բառարան, Մանմար, 2014, 1327 էջ[19]։
  • Բազմավաստակ, մեծ գիտնականը (Նիկողայոս Մառի ծննդյան 100-ամյակը)։ «Գրական թերթ», 1965, № 2:
  • Հին շփոթի բավիղներում։ «Գրական թերթ», 1969, № 2:
  • Հոդվածների մատենագիտություն[20]։

Խմբագրական կոլեգիայի անդամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

  • Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ համալսարան, 2009, էջ 73-75։
  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 20-22։
  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 66։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդուարդ Աղայան». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  7. Աղայան, Էդուարդ Բագրատի (1956). Հրաչյա Հակոբի Աճառյան. ՀՍՍՌ ԳԱ հրատկչ.
  8. Աղայան, Էդուարդ Բագրատի (1958). Հայ լեզվաբանության պատմություն։ սկզբից մինչեվ մեր օրերը. Erevani Hamlsarani Hratarakchʻutʻyun.
  9. Աղայան, Էդուարդ Բագրատի (1963). Լեզվաբանության ներածություն. Հայպետուսմանխրատ.
  10. Աղայան, Էդուարդ Բագրատի (1964). Գրաբարի քերականություն. ԳԱԱ հրատ.
  11. Աղայան, Էդուարդ Բագրատի (1971). Դրվագներ Արեվելքի գրականության պատմության. Երևանի Համալսարանի Հրատարակչություն.
  12. Աղայան, Էդուարդ Բագրատի (1976). Արդի հայերենի բացատրական բառարան։ պարունակում է 135600 բառ եւ 11000 դարձվածաբանական միավոր. «Հայաստան» հրատ.
  13. Աղայան, Էդուարդ Բագրատի; Պիվազյան, Էմանուել Արզումանի; Ժամկոչյան, Հայկազ Գեւորգի (1976). Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր). ԵՊՀ.
  14. Աղայան, Էդուարդ Բագրատի (1977). Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, Մեսրոպյան այբուբենի եվ հարակից հարցերի մասին. Erevani Hamalsarani Hratarakchʻutʻyun.
  15. Աղայան, Էդուարդ Բագրատի (1978). Տերմինագիտություն։ Դասախոսություն. Լույս.
  16. Աղայան, Էդուարդ Բագրատի (1984). Ընդհանուր եվ հայկական բառագիտություն. Erevani Hamalsarani Hratarakchʻutʻyun.
  17. Աղայան, Էդուարդ Բագրատի (1986). Մեսրոպ Մաշտոց. ԵՊՀ հրատ.
  18. Աղայան, Էդուարդ Բագրատի (2002). Հայոց լեզու։ Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք. Լույս. ISBN 9785545014439.
  19. Աղայան, Էդուարդ Բագրատի (2014). Արդի հայերենի առձեռն բացատրական բառարան. Manmar. ISBN 9789939621098.
  20. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Աղայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242