Jump to content

Երրորդ ալիք (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երրորդ ալիք (այլ կիրառումներ)
Երրորդ ալիք
Գիտափորձի հիման վրա նկարահանված «Դասի պլան» ֆիլմի պաստառ, որտեղ երևում է Երրորդ ալիքի ողջույնի ձևը
Տեսակսոցիալական գիտափորձ և հոգեբանական փորձ
Ժանրնոնֆիքշն
Թեմանացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում
Կայքthewavehome.com(անգլ.)

Երրորդ ալիք (անգլ.՝ The Third Wave, 1967 թվական ապրիլ, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Պալո Ալտո), սոցիալական հոգեբանական գիտափորձ, իրական պատմություն, հոգեբանական գիտափորձ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Իրականացրել է պատմության ուսուցիչ Ռոն Ջոնսը՝ նպատակ ունենալով մեկնաբանել նացիոնալ-սոցիալիզմի ազդեցությամբ գերմանացի ժողովրդի դրսևորած ազգայնամոլական և ռասայական խտրականության վարքը։

Ռոն Ջոնսը գիտափորձը կատարելու ընթացում դպրոցականների (մինչև 15 տարեկան) նկատմամբ կոշտ կանոններ կիրառելով ստեղծել է երիտասարդական խմբավորում և ի զարմանս ուսուցչի՝ ո՛չ մեծերի և ո՛չ էլ աշակերտների կողմից որևէ արգելքի կամ դիմադրության չի հանդիպել։

Այն նախատեսված էր երկու շաբաթում իրականացնել, սակայն ընդհատվել է ժամկետից շուտ, քանի որ ուսուցիչը զգուշացել է՝ տեսնելով, թե ինչպես է աշխատում ամբոխի հոգեբանությունը, թե երեխաներն ինչքան հեշտությամբ, ինքնակամ ենթարկվում են ամբոխի մանիպուլյացիային (անգլ.՝ Crowd manipulation)։ Հինգերորդ օրը գիտափորձի ալիքն այնպիսի թափ է հավաքել, որ մասնակիցների թիվը, 30-ից աճելով, հասնել է 200-ի։ Ըստ Ռոն Ջոնսի, այդ օրերի ընթացքում «նրանց ենթարկվողական վարքն ամենևին չէր տարբերվում Երրորդ ռայխի շարքային քաղաքացիների արարքներից»[1][2]։

Թեմայով նկարահանվել են բազմաթիվ մրցանակների արժանացած գեղարվեստական[3][4] և փաստավավեգրական[5] ֆիլմեր, գրվել է վեպ[6], որը տպագրվել է 23 լեզուներով, իսկ լիցենզավորված տարբերակն ընդգրկված է Գերմանիայի և Իսրայելի դպրոցական ծրագրերում[7]։ Բեմադրվել են տարբեր ժանրերի երաժշտական ներկայացումներ, որոնք ներկայացվել են աշխարհի շատ թատրոններում[8][9][10]։

Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքի Էլվուդ Կաբեռլե (անգլ.՝ Ellwood P. Cubberley High School) դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը՝ Սթիվ Կոնիգլիոուն[11], Երկրորդ համաշխարհային պատերազմի դասի ընթացքում հարցրեց պատմության ուսուցչին՝ Ռոն Ջոնսին[12], թե Գերմանիայի շարքային քաղաքացիներն ինչպե՞ս էին կարողանում ձևացնել, որ ոչինչ չգիտեն համակենտրոնացման ճամբարների և իրենց երկրում հրեաների զանգվածային ոչնչացման մասին։ Ուսուցիչն այդ հարցի պատասխանը չգիտեր, ուստի հաշվի առնելով, որ դասարանը դպրոցական ծրագրից առաջ է ընկել, որոշեց այդ թեմայի վերաբերյալ մեկշաբաթյա գիտափորձ կազմակերպել[11]։

Առաջին օր։ Ուժը կարգապահության մեջ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուշաբթի օրը ուսուցիչը աշակերտներին բացատրեց կարգապահության ուժի կարևորությունը։ Նա գրատախտակի վրա գրեց առաջին օրվա կարգախոսը` «Ուժը կարգապահության մեջ է».

STRENGTH THROUGH DISCIPLINE.

Կարգապահության ուժը զգալու համար Ջոնսը աշակերտներին հրամայեց «զգաստ» նստել. ոտքերն իրար զուգահեռ, ոտնաթաթերը հատակին ամուր կպած, իսկ ձեռքերը՝ մեջքի ետևում, որպեսզի ողնաշարն ուղիղ լինի՝ մեկնաբանելով, որ դա նպաստում է լավ կենտրոնանալուն և կամքն է կոփում։ Հետո հրամայեց մի քանի անգամ նստել-վեր կենալ այդ դիրքով, հետո բազմաթիվ անգամ պահանջեց դուրս գալ լսարանից և անաղմուկ ներս մտնել և զգաստ դիրքով գրավել իրենց տեղերը։ Դպրոցականներին այդ «խաղը» դուր եկավ, և նրանք բավականությամբ կատարում էին այդ հրահանգները և վարժվեցին վեր կենալ - «զգաստ նստել» գործողությունը կատարել 15 վայրկյանում։ Ջոնսը աշակերտներից պահանջեց հարցերին պատասխանելուց առաջ «Միստր Ջոնս» ասել և հարցերին պատասխանել կարճ ու կոնկրետ, երկուսից երեք բառով։ Նույնիսկ պասսիվ աշակերտներն աստիճանաբար սկսեցին հետաքրքրությամբ ենթարկվել։ Դասարանի ակտիվությունն աճում էր։ Ուսուցման Ավտորիտար մթնոլորտը անսպասելիորեն այնքան բարենպաստ էր, որ ուսուցչին ստիպեց կասկածել իր՝ նախկինում ունեցած մանկավարժական համոզմունքների վրա։ «Մի՞ թե հավատը Կարլ Ռոջերսի ուսմունքի նկատմամբ մարելու է»[11] (էջ 264)։

Երկրորդ օր։ Ուժը միասնության մեջ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեքշաբթի օրը աշակերտները ինքնուրույնաբար «զգաստ» նստեցին։ Ջոնսը գրատախտակի վրա խոշոր տառերով գրեց առաջին օրվա կարգախոսը՝ «Ուժը կարգապահության մեջ է» և ևս մեկը՝ «Ուժը միասնության մեջ է».

STRENGTH THROUGH DISCIPLINE.

STRENGTH THROUGH COMMUNITY.

Ջոնսը նրանց բացատրեց՝ ինչ է միասնության ուժը և այն զգալու համար աշակերտներին հանձնարարեց խմբակային վանկարկել իր մտածած կարգախոսները. «Ուժը կարգապահության մեջ է, ուժը միասնության մեջ է»։ Սկզբում այդ խոսքերն արտասանեցին աշակերտներից երկուսը, հետո՝ ևս երկուսը։ Աշակերտները, մեկմեկու նայելով, ոգեշնչվում էին։ Աստիճանաբար ամբողջ դասարանը հոտնկայս վանկարկում էր ինքնաներշնչող այդ խոսքերը։ Աշակերտները, տեսնելով իրենց խմբակային լինելու ուժը, կատարում էին բացահայտ ոգևորությամբ։ «Նրանք ընդհանուր գործ էին անում»։

Ինձ համար ավելի ու ավելի դժվար էր դառնում չենթարկվել միասնական մղմանը և դասարանի հետ չնույնանալ։ Ես ոչ միայն ղեկավարում էի խումբը, այլև ենթարկվում էի նրա թելադրանքին[11]։

Դասի ավարտին Ջոնսն աշակերտներին ցույց տվեց, թե ինչպես պետք է ողջունել իրար հանդիպելիս. պետք է ծալված աջ ձեռքը բարձրացնել աջ ուսի մոտ` ափը կորավուն ձգած։ Այս ձևը նա անվանեց Երրորդ ալիքի ողջույն` ձեռքի ափի բացվածքը նմանեցնելով մեծ ալիքի գագաթի։ Իսկ երրորդ ալիք, քանի որ ծովի ալիքները երեքական են գալիս, և ամենաուժգինը ամենավերջինն է լինում (այս խորհրդանիշը առկա է անգլիացի բանաստեղծ Ալֆրեդ Թենիսոնի Արթուրի վերադարձը հովվերգությունում[13] որպես Երրորդ Ռայխի կամ նացիստական Գերմանիայի հոմանիշ)։ Հաջորդ օրերին աշակերտները պարբերաբար ամենուրեք իրար ողջունում էին այդ ժեստով։ Դա մեծացրեց շրջապատի հետաքրքրությունը դասարանի նկատմամբ։

Երրորդ օր։ Ուժը գործողության մեջ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորեքշաբթի օրը գիտափորձի մեջ ներգրավված 30 աշակերտներին ինքնակամ միացան ևս 13-ը։ Ջոնսը որոշեց անդամության տոմսեր բաժանել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել մասնակցությունը։ Ոչ ոք չհրաժարվեց։ Նա գրատախտակին ավելացրեց երրորդ օրվա կարգախոսը.

STRENGTH THROUGH DISCIPLINE.

STRENGTH THROUGH COMMUNITY.

STRENGTH THROUGH ACTION.

Նա պատմեց գործողության ուժի մասին։ Նրա խոսքերով՝ անհատական մրցակցությունը հաճախ տխրություն է պատճառում, իսկ խմբակային գործունեությունը թույլ է տալիս ուսման մեջ հասնել առավել մեծ հաջողությունների։ Գործողության ուժը զգալու համար Ջոնսը աշակերտներին հանձնարարեց միասին մշակել Երրորդ ալիքի նախագիծ. այլ դպրոցի 20 ցածր դասարանցիների հասկացնել, որ ուսմանը նպաստում է «զգաստ» նստելը և ցույց տալ մեկական վստահելի դպրոցական, ովքեր կարող են միանալ գիտափորձին։ Ջոնսը աշակերտներից երեքին հանձնարարեց զեկուցել կարգ ու կանոնի խախտումների և Երրորդ ալիքի վերաբերյալ արված քննադատությունների մասին։ Սարսափելին այն էր, որ մոտ 20 աշակերտ կամավոր մատնություն էին անում, այսինքն դասարանի կեսը իր պարտքն էր համարում հետևել մյուսին և զեկուցել այդ մասին։ Աշակերտներից մեկը՝ Ռոբերտը, ով աչքի էր ընկնում իր խոշոր մարմնակազմությամբ և ցածր առաջադիմությամբ, Ջոնսին ասաց, որ նրա թիկնապահը կլինի, և դպրոցով մեկ գնում էր նրա հետևից։

Դասարանի երեք լավագույն աշակերտուհիները, որոնց ինտելեկտուալ ընդունակությունների պահանջը չկար ստեղծված իրավիճակում, նմանվել էին սովորական պայմաններում ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների, ամեն ինչ անում էին մեխանիկորեն, առանց նախաձեռնողականության։ Նրանք գիտափորձի մասին հայտնեցին իրենց ծնողներին։ Արդյունքում տեղի ռաբբին զանգահարեց Ջոնսին, սակայն բավարարվեց ուսուցչի պատասխանով, որ դա գերմանական անհատականության տեսակի գործնական ուսուցում է։ Հոգևորականը խոստացավ ամեն ինչ բացատրել ծնողներին, այդպիսով մեխանիկորեն, առանց իրավիճակի մեջ խորանալու դարձավ գիտափորձի մասնակից։ Ջոնսը խորապես հիասթափված էր, որ նույնիսկ ծնողները չեն դիմադրում, իսկ տնօրենը ողջունում էր Երրորդ ալիքի ողջույնով և արդարանում էր, որ գերմանական գերի է եղել, և խնդրում էր հասկանալ իրեն[11]։

Չորրորդ օր։ Ուժը հպարտության մեջ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն աստիճանաբար գեստապոյի էր նմանվում, խանգարվել էր դպրոցի անդորրը, այլ դասարանների աշակերտները հավաքներին մասնակցելու համար բացակայում էին դասերից, ուսուցիչներն անհանգստացած հարց ու փորձ էին անում։ Ջոնսը որոշեց դադարեցնել շարժումը, քանի որ այն դուրս էր գալիս իր վերահսկողությունից։ Աշակերտներն ավելի ու ավելի էին ներգրավված նախագծում։ Մի քանի աշակերտներ ինքնուրույն ստեղծել էին թիկնապահների բաժին, որը ֆիզիկական հարձակման էր ենթարկում այլախոհ ուսանողների և դպրոցի թերթի թղթակցի վրա։

Հինգշաբթի օրը Ջոնսը գիտափորձն ավարտելու մտադրությամբ աշակերտներին բացատրեց հպարտության ուժը։ Այդ նպատակով նա, ձայնը ցածրացնելով, սկսեց բացատրել Երրորդ ալիքի առաջացման իրական պատճառը։ 80 աշակերտներ, ովքեր հավաքվել էին լսարանում, լուռ և զգաստ նստած լսում էին, որ իրենք ազգային երիտասարդական ծրագրի մասն են կազմում, որի առաջ խնդիր է դրված քաղաքական վերափոխումներ կատարել հանուն ժողովրդի բարեկեցության։

Երրորդ ալիքը ոչ միայն գիտափորձ է կամ գործնական պարապմունք, այլ համազգային ծրագիր է, որի նպատակն է` գտնել աշակերտներ, ովքեր պատրաստ են պայքարել երկրում քաղաքական վերափոխումներ իրականացնելու համար։ Այն ամենը, ինչ մինչ այս մենք անում էինք, իսկական գործի նախապատրաստում էր։ Երկրով մեկ ինձ նման մանկավարժներ հավաքում և վարժեցնում են երիտասարդական ջոկատներ, ովքեր կարգապահության, միասնության, հպարտության և գործողության օգնությամբ ազգին ցույց կտան, որ հասարակությունը կարելի է լավացնել։ Եթե մենք կարող ենք փոխել այս դպրոցի կանոնները, ապա կկարողանանք փոխել ֆաբրիկաների, խանութների, համալսարանների և բոլոր այլ կազմակերպությունների կանոնները։ Դուք երիտասարդների ընտրյալ խումբ եք, որոնք կօգնեն այդ գործին։ Եթե դուք ցույց տաք, թե ինչ եք սովորել վերջին չորս օրերի ընթացքում... մենք ի վիճակի կլինենք փոխել մեր ժողովրդի ճակատագիրը։ Մենք կարգապահության, միասնության, հպարտության և գործելու, նոր նպատակ ունենալու զգացում կներարկենք։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է և ամուր դիրքեր գրավելու ձեր ցանկության մեջ։
- Ռոյ Ջոնս «Երրորդ ալիք»

Իր խոսքերի լրջությունն ապացուցելու համար Ջոնսը պահակախմբի չորս անդամների պատվիրեց լսարանից հանել և գրադարան ուղեկցել երեք աղջիկների, որոնց անձնվիրությունը կասկածելի էր թվում, և հաջորդ օրը նրանց լսարան չթողնել։

Հետո նա պատմեց, որ այս շարժումը համաժողովրդական շարժման մաս է. երկրի մյուս մարզերում նույնպես Երրորդ ալիքի նման հարյուրավոր խմբեր են գործում։ Իսկ ուրբաթ կեսօրին իրենց ստեղծման մասին կհայտնի շարժման ղեկավարը և նախագահական պաշտոնի նոր թեկնածուն։ Նա հրամայեց ուսանողներին մասնակցել ուրբաթ օրը կեսօրվա հանրահավաքին՝ ականատես լինելու այդ հայտարարությանը։

«Վաղվա հավաքին լրատվական միջոցներ են լինելու, վաղը դուք ցույց կտաք ձեր կարգապահությունը, միասնությունը, հպարտությունը, այն ամենը, ինչ սովորել եք մինչ օրս։ Այդ մասին ոչ մի խոսք։ Այդ հավաքը միայն շարժման մասնակիցների համար է» (էջ 272)։

Հինգերորդ օր։ Ուժը ըմբռնման մեջ է

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբաթ կեսօրին 200 աշակերտ լցվեցին լսարան։ Նրանց թվում էին սպորտսմեններ, ճանաչում վայելողներ, բայքերներ, կեղծ հիպիներ, դադաիստներ, աշակերտներ, որոնց ըստ էության չէր էլ հետաքրքրում դպրոցական անց ու դարձը։ Սակայն դահլիճը միասնական էր։ Բոլորը բացարձակ զգաստ, լուռ նստած նայում էին չմիացրած հեռուստացույցի էկրանին (էջ 273)։ Ջոնսի ընկերները, ֆոտոնկարիչներ ձևանալով, անցնում էին լսարանով մեկ։

Պրես-կոնֆերանսը սկսելուց առաջ կարգապահությունը ցուցադրելու համար Ջոնսն ասաց, որ «ուզում եմ ցույց տաք մամուլին, թե որքան կազմակերպված ենք մենք»։ Այս խոսքերից հետո Երրորդ ալիքի ողջույնով ողջունեց, և բոլոր երկու հարյուր աշակերտները մեքենայաբար կրկնեցին, որից հետո ուսուցիչն ասաց իր կարգախոսը՝ «ուժը կարգապահության մեջ է»։ Եվ երկու հարյուր ձայներ կրկնեցին. «ուժը կարգապահության մեջ է»։ Այդպես կրկին ու կրկին, բարձր ու ավելի բարձր։

Կեսօրին հեռուստացույցը միացրեցին, սակայն էկրաններին ոչինչ չկար։ Սպասողական վիճակը աստիճանաբար վերաճեց անհանգստության։ Աշակերտների վրդովմունքը տեսնելով՝ Ջոնսը խոստովանեց, որ «ոչ մի շարժում էլ գոյություն չունի, չկա ազգային ծրագիր», իսկ աշակերտները, սեփական կարծիքից հրաժարվելով, հեշտությամբ ենթարկվել էին մանիպուլյացիային, հավատացել էին մեծ ստին։ Նրա խոսքերով՝ աշակերտների գործողությունները շատ չէին տարբերվում գերմանացի ժողովրդի վարքից։

«Ու՞ր էիք գնում։ Ինչի՞ էիք ձգտում։ Ինչքա՞ն հեռու կարող էիք հասնել։ Ես ձեզ ցույց կտամ ձեր ապագան»։

Այս ասելով ուսուցիչը միացրեց պրոյեկտորը։ Էկրանի վրա Երրորդ ռայխի շքերթն էր, կարգապահություն, մահվան ճամբարներ, դատական գործընթաց... համր ֆիլմը ըմդհատվեց։ Էկրանին երևացին խոսքեր.

Յուրաքանչյուրը մեղքն իր վրա պետք է վերցնի։ Ոչ ոք չի կարող հայտարարել, որ ինքը ոչ մի կերպ չի մասնակցել դրան։

Լսարանը լուսավորվում էր միայն պրոյեկտորի լույսով։ Ուսուցիչը լուռ էր։ Դահլիճը ուշքի էր գալիս։ Ջոնսը խոսեց՝ հայտնելով իր մտքերը կատարվածի մասին։ Նա աստիճանաբար վերագտնում էր ինքն իրեն որպես ուսուցիչ։

Այս շաբաթվա ընթացքում անձնական փորձով տեսանք, թե ինչպես են ապրել և արարքներ գործել նացիստական Գերմանիայում։ Հասկացանք, թե ինչ է նշանակում կարգապահական սոցիալական միջավայր ստեղծելը, հատուկ հասարակություն կառուցելը, այդ հասարակությանը հավատարմության երդում տալը, գիտակցությունը կանոններով փոխարինելը։ Մենք լա՛վ գերմանացիներ կլինեինք... Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ճակատագրերի ամենակարող տերեր զգալը... Մենք տեսանք, որ ֆաշիզմը ինչ-որ մարդիկ չեն անում։ Այն այս սենյակում է, մեր սովորույթների և ապրելակերպի մեջ է։ Դեռ մի փոքր չփորած, այն ջրի երես դուրս եկավ։ Այն մեզնից յուրաքանչյուրի ներսում է։ Մենք այդ վարակիչ հիվանդության կրողներն ենք։ Մարդն իր բնույթով արատավոր է, և այդ է պատճառը, որ մարդիկ իրար նկատմամբ լավ չեն վերաբերվում։ Այստեղից հետևություն, որ սոցիալական կարգը պահպանելու համար ուժեղ առաջնորդ և կարգապահություն է պետք։ Եվ ևս մեկը՝ ինքնարդարացում։

Ահա թե ինչն է ստիպում մարդկանց իրենց հիշողությունից ջնջել անցյալը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը, գիտակցելով կատարվածը, երբևէ չի խոստովանի, որ եղել է Երրորդ ալիքի վերջին դասին, որևէ մեկը չի ցանկանա, որ իր հարազատներն ու ընկերներն իմանան, որ նրանք պատրաստ էին հրաժարվել անձնական ազատությունից և կամքից՝ հանուն կարգապահության դիկտատի և անտեսանելի առաջնորդների, որ Երրորդ ալիքը ընդունել են որպես կենսակերպ, որ մանիպուլյացիայի են ենթարկվել։ Այդ օրվա և այդ հավաքի գաղտնիությունը կպահեն։ «Այն կլինի նաև ի՛մ գաղտնիքը, մեր ընդհանուր գաղտնիքը»։ Ջոնսը ֆոտոսարքերից հանեց ժապավենները, լուսավորեց, որով Երրորդ ալիքը դադարեց գոյություն ունենալ։

Դպրոցականները ճնշված հեռանում էին, Ռոբերտը լալիս էր։ Ջոնսը նրան գրկել էր և սփոփում էր՝ ասելով, որ ամեն ինչ ավարտված է, ամեն ինչ կարգին է։ Շատերը չէին կարողանում արցունքները զսպել, հետ ու առաջ էին անում, իրար գրկում և գնում դեպի դուռը, գնում դեպի այդ դռնից այն կողմ գտնվող աշխարհ։

Գիտափորձը ինքնաբուխ էր սկսվել, և երկար ժամանակ լայն մասսաները տեղյակ չէին այդ մասին, առավելապես այն պատճառով, որ մասնակիցներն ամաչում էին իրենց գործողությունների համար։ Նրանք մեկ շաբաթ ապրել էին ընդհանուր կյանքով, և ինչպես Ջոնսն էր ենթադրել, նրանք ընդհանուր գաղտնիք ունեին։ Չորս տարի շարունակ նրանք խոսում էին Երրորդ ալիքի մասին, բայց ո՛չ հավաքի մասին։ Նրանք ուզում էին այդ մասին մոռանալ։

Ֆիլմագրություն և գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970-ականների ավարտին Ջոնսն այս գիտափորձի արդյունքները հրատարակեց իր մանկավարժական գրքում
  • Մինչ այդ, 1967 թվականի ապրիլի 21-ին, գիտափորձի միակ նկարագրությունը «The Catamount» դպրոցական թերթում էր տպվել[14][15]
  • 1981 թվականին գիտափորձի հիման վրա հրատարակվեց «Ալիք» վեպը[6] և համանուն ամերիկյան հեռուստաֆիլմը[16][17][18][19]
* 1982 թվականին արժանացել է Էմմի մրցանակաբաշխության Ականավոր մանկական ծրագիր (Outstanding Children's Program) մրցանակի
* 1981 թվականին Պիբոդի մրցանակի (Peabody Award)
* 1981 թվականի երիտասարդ արվեստագետ մրցանակի
* 1982 թվականին առաջադրվել է Հումանիտար մրցանակի 60 րոպե կատեգորիայում
* 1983 թվականին արժանացել է Ամերիկայի գրողների գիլդիայի ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈՈՒ մրցանակ
  • 2008 թվականի «Գիտափորձ 2. ալիք»[3] ֆիլմը նույնպես գիտափորձի վրա էր հիմնված
  • 2011 թվականին էկրաններ բարձրացավ ամերիկյան «Lesson Plan» վավերագրական ֆիլմը, որը ներառում էր մասնակիցների հարցազրույցներն այդ գիտափորձի մասին, հեղինակը Ջոնսի աշակերտներից Ֆիլիպ Նիլն է[20][21]
* Ֆիլմի թրեյլերը 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացվել է ամերիկյան կինոփառատոնին (Mill Valley Film Festival)[22]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Third Wave» 1967 original experiment Արխիվացված 2017-05-20 Wayback Machine Մասնակիցների պաշտոնական կայք
  2. The third wave, 1967: an account - Ron Jones
  3. 3,0 3,1 The Wave (2008). Synopsis by Jason Buchanan Directed by Dennis Gansel. allmovie կայքում (անգլ.) («Die Welle» Գերմանիա)
  4. The Wave: 1981 movie adaptation.
  5. «Lesson Plan» 2010
  6. 6,0 6,1 Թոդ Սթրասեր «The Wave». Mass Market Paperback – September 15, 1981 2005 հրատարակություն
  7. Joseph Robinette, Ron Jones The Third Wave Արխիվացված 2016-03-08 Wayback Machine ISBN (10):1583427376
  8. «Musical adaptation by Ron Jones». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  9. Olaf Pyttlik The Wave, The Musical 2000
  10. The Third Wave Musical THE WAVE - LATEST WAVE NEWS/EVENTS 2013 թվական
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ռոն Ջոնս Third Wave. Из:. No Substitute for Madness. A Teacher, His Kids & The Lessons of Real Life. Island Press, Covelo, California, 1977 (San Francisco, Calif.: Zephyros, 1977). անգլերենից ռուսերեն թարգմանություն
  12. Ron Jones
  13. Alfred Lord Tennyson. The Coming of Arthur from: Idylls of the King [1859-1885]
  14. «The Catamount от 21 апреля 1967, т. 11, выпуск 14, стр. 3». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  15. «The Third Wave» prezents inside look into Fascism Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «The Catamount» April 21, 1967, Page 3
  16. The Wave at the Internet Movie Database
  17. The Wave: what is it about? Արխիվացված 2006-04-24 Wayback Machine Պատմության տարբեր դրսևորումների մասին
  18. The Wave Movie (Novel by Todd Strasser)
  19. The Wave (1981) Die Welle (2008) MARCH 28, 2009
  20. Trailer for the documentary Lesson Plan. (2010)
  21. Lesson Plan (2011)
  22. Ducey, Patricia. «Experiment in Fascism at an American High School: The Lesson Plan @ The Newport Beach Film Festival». Արխիվացված 2019-04-21 Wayback Machine Libertas Film Magazine.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]