Jump to content

Գինեգործությունն Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայում մեծ հեղինակություն վայելող տոսկանական գինիները համարվում են իտալական ավանդական և ժամանակակից գինեգործական ավանդույթների մեկտեղման վառ օրինակ։

Գինեգործությունն Իտալիայում, խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն ու մշակույթը Իտալիայում։ Իտալիան շատ երկար գինեգործական պատմություն ունեցող երկիր է, քանի որ նրա ներկայիս տարածքում նախկինում տեղակայված է եղել հզորագույն Հռոմեական կայսրությունը, որում գինու արվեստը այդ ժամանակաշրջանի համար հասնում էր ֆանտաստիկ բարձունքների։ Առաջին խաղողի որթը Իտալիայում հայտնվել է մոտավորապես մ.թ.ա 1000 թվականին։ Սրանից կարելի է եզրակացնել, որ իտալական գինեգործությունն ավելի քան 3000 տարեկան է։

Իտալական գինին համաշխարհային շուկայում ամենամեծ ազդեցություն ունեցող ազգային գինիներից է։ Որակական ցուցանիշներով իտալական գինիները մշտապես մրցակցության մեջ են ֆրանսիականի հետ։ Ըստ վերջին տարիների ցուցանիշների՝ իտալացի գինեգործները տարեկան արտադրում են շուրջ 45-50 հեկտար գինի, որը կազմում է համաշխարհային գինեգործական արտադրանքի ⅓-ը[1]։

Հռոմեական կայսրության ժամանակ խաղաղը տարածվեց ողջ Ապենինյան թերակղզով, սակայն Հռոմի կործանումից հետո անտիկ գինեգործության գաղտնիքներն ու հաջողությունները մոռացվեցին։ Իտալիայում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, գինեգործությունը համարվում էր շարքային գյուղացիների աշխատանք։ Գինին կատարում էր ջրի դեր. ցանկացած ուտեստի լրացնող մաս էր։ Գինեգործության ավանդույթները վերածնվեցին միայն 11-րդ դարում, երբ Իտալիան բուռն տնտեսական վերելք ապրեց։ 15-րդ դարում կրկին Իտալիայում սկսեց քայքայվել գինեգործությունը։ Պատճառները շատ էին՝ օսմանյան թուրքերի նվաճումները Եվրոպայում, ավանդական կապերի խզումը, Ամերիկայի հայտնագործումը, Եվրոպայի կարևոր տնտեսական կենտրոնների տեղափոխումը Ատլանտյան օվկիանոսի հարակից շրջաններ, Իտալիայի քաղաքական մասնատումը և ներքին զինված հակամարտությունը։ Ուշ միջնադարում խաղողագործությամբ զբաղվում էին անգամ վանքապատկան հողերում։ Հետագայում երկրում գինու պահանջարկը ընկավ, իսկ արտասահմանում պահանջարկ կար որակյալ գինու։ Իտալիան սկսեց արտադրել գինի հատուկ արտահանման համար։ 20-րդ դարի երկրորդ կեսին իտալական գինեգործները վարակվեցին մեծ գումարների համար՝ «Մեծն գինիներ» ստեղծելու տարերքով։ Արդյունքում երկրի գինեգործության որակը լավացավ։ Իտալիան այսօր համարվում է Ֆրանսիայի գլխավոր մրցակիցը գինեգործության ասպարեզում։ Սակայն ժամանակակից և ավանդական իտալական գինիները տարբեր հասկացություններ են։ Գինեգործության շնորհիվ զարգացավ նաև խաղողագործությունը։ Արդյունքում առաջացան նոր տեսակի խաղողի սորտեր։ Այժմ Իտալիայի յուրաքանչյուր շրջան ունի իր հատուկ տեսակի խաղողը, որը ուրիշ ոչ մի տեղ չի աճում։ Սանջովեզեն կարելի է համարել ազգային տեսակ։ Սակայն վերջին 20 տարիներին հայտնի դարձան Կաբերնե-Սովինիոն, Մերլո, Շարդոնե և այլ ֆրանսիական տեսակներ, որոնցից պատրաստում են գինիներ, որոնք ունեն որոշ ավանդական իտալական գծեր, բայց այդպիսի գինիները մեծ մասամբ պահանջված են միջազգային շուկայում։ 2015 թվականին Ֆրանսիան զիջել է Իտալիային գինու արտադրությունում առաջնությունը։ Այդ մասին հայտնում է AFP-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գինեգործության և խաղաղագործության մշակույթը դարերի պատմություն ունեցող Իտալիայում» (PDF). Ec.europa.eu. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.