Բաղդասար Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաղդասար Արզումանյան | |
---|---|
Բաղդասար Արզումանյանն իր նախագծած աշխատանքների կողքին | |
Ծնվել է | հունվարի 1, 1916[1] |
Ծննդավայր | Բորիսովկա, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 20, 2001[3] (85 տարեկան) կամ նոյեմբերի 19, 2001 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[3] |
Ազգություն | հայ |
Գործունեության տարիներ | 1950-2001 |
Կրթություն | ՀԱՊՀ (1949)[3] |
Աշխատավայր | Երևաննախագիծ[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Երևանի ճոպանուղի[3], Էրեբունի թանգարան[3], Սասունցի Դավիթ[3], Սամարղանդի «Աֆրասիաբ» թանգարան[3] և Գանձատուն թանգարան[3] |
Պարգևներ | |
Բաղդասար Արզումանյան Վիքիդարանում | |
Baghdasar Arzoumanian Վիքիպահեստում |
Բաղդասար Հայրապետի Արզումանյան (հունվարի 1, 1916[1], Բորիսովկա, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 20, 2001[3] կամ նոյեմբերի 19, 2001, Երևան, Հայաստան[3]), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել N 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ՝ Միքայել Մազմանյան և Հովհաննես Մարգարյան)։
1938 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Հայրենական պատերազմի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, 1946 թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
1958 թ. եղել է նորաստեղծ Երևաննախագիծ ինստիտուտի N1 ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի պաշտոնակատար (ղեկավար Գրիգոր Աղաբաբյան), իսկ 1978 թ.՝ նույն ինստիտուտի «Մոմիկ» ստեղծագործական խմբի ղեկավարը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 1950 թվականից։ 50-ականների վերջում ակադեմիկոս Հովհաննես Մարգարյանի հետ համատեղ նախագծել է Կիրովական քաղաքի «Գուգարք» հյուրանոցը։ 1959 թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968 թ.՝ «Էրեբունի» թանգարանը (Շմավոն Ազատյանի հետ)։
Բ. Արզումանյանը մեծ ներդրում ունի Էջմիածնի Մայր Աթոռում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը (1966), «Սփյուռք» հուշակոթողը (1988), խաչքար (1991) և այդ ամենի մեջ՝ հայ ճարտարապետության գանձ ներկայացնող Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (1980)։ Նա հեղինակ է Սանկտ Պետերբուրգում կառուցված նահատակաց հուշարձանի և Ս. Կատարինե եկեղեցու Ս. Սեղանի (1993)։
Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել Մեսրոպյան ոսկե այբուբենը, Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի Բարձրավան, Գորիսի Վերիշեն գյուղերում, Սամարղանդ քաղաքում, Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), Սպիտակի եկեղեցին, Օշականի հայ դպրության թանգարանը, Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարը[4][5]։
Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.
- Երևանի Նոր Նորք թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցին,
- Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցին,
- Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին,
- Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին,
- Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցին,
- Սևանի Վազգենյան դպրանոցի Սուրբ Հակոբ մատուռը,
- Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին[6]։
Հեղինակ է Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, Ս. Ներսես Շնորհալի շքանշանների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1966)
- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական մրցույթի դափնեկիր
- ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ (1989)
- Հայ եկեղեցու Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշան (1997)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օդեսա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 Память народа (ռուս.) — 2015.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 158—159.
- ↑ Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 94-95
- ↑ ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 158-159։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Վ. Հարությունյան «Նորօրյա Ոսկեձեռիկը. ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի կյանքն ու ստեղծագործական վաստակը», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղդասար Արզումանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղդասար Արզումանյան» հոդվածին։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ծղուկ գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 2001 մահեր
- Նոյեմբերի 19 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր շինարարներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հայ ճարտարապետներ