Երևանի ճոպանուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի ճոպանուղի
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակչգործող
Կայարանների թիվ2
Աշխատանքային տվյալներ
Բացված1967
Փակված2004
ՍեփականտերՌոբերտ Եղիազարյան
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն540 մետր

Երևանի ճոպանուղի, 1967 թվականին Երևանում բացված ճոպանուղի։ Ճարտարապետներ՝ Հովհաննես Մարգարյան,Բաղդասար Արզումանյան, գլխավոր մեխկոնստրուկտոր՝ Մ. Վախտանգով[1]։ Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004 թվականներին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ճոպանուղին կապել է Հերացու փողոցը Նորք թաղամասի հետ` օրական տեղափոխելով մոտ 500 ուղևոր։ Ճոպանուղու ուղևորները հիմնականում ուսանողներ էին, քանի որ նրա Կենտրոն թաղամասի կառամատույցը մոտ է գտնվում երևանյան ԲՈՒՀ-երին։ 1990-ական թվականներին ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս։ Ճապանուղու ուղևորների մոտ 20-30%-ը անվճար հիմունքներով էին երթևեկում, որոնց երթևեկության համար պետությունը 1999 թվականից ի վեր չէր վճարում, ինչի հետևանքով 2003 թ. տվյալներով պետության պարտքը «Երևանի ճոպանուղի» ընկերությանը հասել էր 7,000,000 ՀՀ դրամի։

Երևանի խոշոր խորհրդային մոդեռնիստական կառույցներից է[2]։

Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է, ծառայում է որպես կացարան անօթևանների համար։

Միջադեպ ճոպանուղում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ապրիլի 2-ին, Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկել է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ։ Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից մահացել է հինգը, որոնցից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, մյուսները ստացել են ծանր մարմնական վնասվածքներ[3]։

Միջադեպի համար միակ մեղադրյալ ճանաչվեց «Երևանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը, ում մեղադրանք առաջադրվեց 245 հոդվածի 3-րդ մասով՝ «Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը»։ Ջանյանը դատապարտվեց 5 տարի 6 ամսվա ազատազրկման, սակայն խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չբացակայելու պայմանով[4]։

Ջանյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը, այն էր վթարից մեկ տարի առաջ` 2003 թվականի փետրվարին, կատարված վերանորոգումն անցկացվել էր անփութորեն, օգտագործվել էին անորակ և ստանդարտին չհամապատասխանող նյութեր[5]։

Դատաքննության ժամանակ չպարզվեց արդյոք «Երևանի ճոպանուղի» ԲԲԸ-ի սեփականատերը, աշխատակիցները, նորոգող ու սպասարկող կազմակեպություններն ու այլ անձինք մեղավորություն ունեցել են միջադեպի մեջ, թե ոչ[4]։

Վթարից հետո 2007 թ. ճոպանուղին սեփականության իրավունքով ձեռք է բերել քաղաքացի Ռոբերտ Եղիազարյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]