Ֆիքրեթ Մուալա
Ֆիքրեթ Մուալա թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı | |
|---|---|
| Ծնվել է | 1903 |
| Ծննդավայր | Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
| Վախճանվել է | հուլիսի 20, 1967[1] |
| Մահվան վայր | Ռեյան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
| Մասնագիտություն | նկարիչ |
Ֆիքրեթ Մուալա Սայգը (թուրքերեն՝ Fikret Muallâ Saygı,1903, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Թուրքիա - հուլիսի 20, 1967[1], Ռեյան), 20-րդ դարի թուրք ավանգարդիստ նկարիչ[2]։ Նրա աշխատանքները կրում են էքսպրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցություններն ու կենտրոնացած են փարիզյան փողոցային կյանքի վրա։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիքրեթ Մուալան ծնվել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, սակայն երկար ժամանակ՝ սկսած 1939 թվականից, ապրել է Փարիզում՝ աշխատելով որպես նկարիչ[3]։
Ֆիքրեթ Մուալան շատ էր սիրում մորը։ Այս հարաբերությունները կարևոր դեր են խաղացել նրա հետագա կյանքում։ 12 տարեկանում ֆուտբոլ խաղալուց նա վնասել է աջ ոտքը, երբ փորձել է ընդօրինակել հորեղբորը՝ Հիքմեթ Թոփուզերին, ով Ֆեներբահչեի ֆուտբոլիստ էր։ Մայրը մահացել է գրիպի համաճարակի ժամանակ, որից հետո հայրն ամուսնացել է շատ երիտասարդ կնոջ հետ, բայց Ֆիքրեթը չի ընդունել խորթ մորը[3]։
Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկել է Ցյուրիխ՝ ճարտարագիտություն սովորելու։ Շուտով Ֆիքրեթ Մուալան լքել է Շվեյցարիան և հաստատվել Բեռլինում։ Մանկական տարիների դժբախտ պատահարը, որի պատճառով Մուալան ֆիզիկական թերություն էր ձեռք բերել, նպաստել է նրա անկայուն անհատականությանը և հասուն տարիքում հոգեկան խանգարմանը։ Նա մի քանի անգամ հոսպիտալացվել է՝ բուժվելով ալկոհոլային կախվածությունից և ծայրահեղ պարանոյայից։ 1928 թվականին հոսպիտալացվել է Բեռլինում՝ զառանցանքի պատճառով, ապա մեկնել Փարիզ՝ արվեստի մայրաքաղաք և իր համար անսահմանափակ ազատության կենտրոն։ Սակայն Մուալան ստիպված էր վերադառնալ տուն, քանի որ այլևս հորից փող չէր ստանում[3]։
Վերադարձ Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլի Բաքըրքյոյի հոգեբուժարանում եռօրյա ստուգումից հետո Մուալայի մոտ մտավոր առողջության հետ կապված խնդիրներ են ախտորոշվել։ Այդ ժամանակ Ֆիքրեթ Մուալան աշխատանքի էր անցել Այվալըքի միջնակարգ դպրոցում՝ որպես արվեստի ուսուցիչ։ Սակայն նա հրաժարվեց այս պաշտոնից և տեղափոխվեց Ստամբուլի Բեյօղլու թաղամաս։ Որոշ ժամանակ իր ուժերը փորձել է գրականության և նկարչության մեջ։ Նա ընկերացել էր սոպրանո Սեմիհա Բերքսոյի, գրող Նազիմ Հիքմեթի և նկարիչ Աբիդին Դինոյի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը կայացավ 1934 թվականին, որտեղ ներկայացված էին գծանկարներ, ջրաներկ աշխատանքներ և դիզայներական նախագծեր։ Ցուցահանդեսը, սակայն, մեծ ուշադրության չարժանացավ։ 1936 թվականին նա մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հոսպիտալացվեց։ Դուրս գրվելուց հետո Մուալան որոշեց հեռանալ Թուրքիայից, քանի որ կարծում էր, որ իրեն չեն հասկանում իր հայրենիքում։ 1939 թվականին Փարիզ մեկնելուց առաջ իր մտերիմ ընկեր Աբիդին Դինոյի խնդրանքով նա մոտ 30 երփնանկար է նկարել Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի թուրքական տաղավարի համար[4]։
Վերադարձ Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզում Մուալայի կյանքն աչքի է ընկել ալկոհոլից կախվածությամբ, խելագարությամբ և կոգնիտիվ դիսոնանսով։ Մուալան սիրահարվել էր թուրք նկարչուհի Հալե Ասաֆին, սակայն սերը փոխադարձ չէր։ Մուալան երկու ամսով դարձյալ հայտնվել է հիվանդանոցում, սակայն չի դադարել նկարել։ Ֆրանսիացի մոդել Դինա Վերնին փրկել է նրան արտաքսումից։ 1954 թվականին Ֆիքրեթ Մուալան Փարիզում բացել է իր առաջին ցուցահանդեսը։ Նա ընկերացել էր շատ հայտնի արվեստագետների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի հետ։ Ավելի ուշ նա մեկ շիշ գինու դիմաց վաճառել է Պիկասոյի ինքնագրով լուսանկարը։ Իր երկրորդ ցուցահանդեսից հետո կրկին հոսպիտալացվել է։
Մուալան հայտնի է եղել որպես հարբեցող և խելագար, բայց հարգանքի արժանացել նկարչական տաղանդի համար։ Կոլեկցիոներ Ֆերնան Անգլեն հովանավորել է նրան, ինչը թույլ է տվել Մուալային ապրուստ վաստակել՝ նկարելով և վաճառելով իր աշխատանքները[5]։
1962 թվականին նկարիչը կաթվածահար էր եղել։ Ցիռոզի պատճառով նա տեղափոխվել էր Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Ռեյան գյուղ։ 1967 թվականի մայիսից, նյարդային խանգարման սրման պատճառով, նա հոսպիտալացվել էր։ Հուլիսի 20-ի առավոտյան Ֆիքրեթ Մուալային մահացած էին գտել իր անկողնում։ Կտակի համաձայն՝ նրա աճյունը բերվել է Թուրքիա և թաղվել Ստամբուլի Քարաջաահմեթ գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Mualla, Fikret // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060122
- ↑ «Fikret Mualla: Hayatı, Eserleri ve Bilinmeyenleri». OGGUSTO (թուրքերեն). 2023 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Fikret Mualla (1903—1967)». T.C. Ministry of Culture and Tourism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Fikret Muallâ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Fikret Moualla - Musée d'Art et d'Histoire de l'Hôpital Sainte-Anne (MAHHSA)». web.archive.org. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիքրեթ Մուալա» հոդվածին։ |
| ||||||||||||