Կոգնիտիվ դիսոնանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոգնիտիվ դիսոնանս (լատ.՝ cognitiо «իմացություն» և dissonantia «աններդաշնակություն», «անկարգություն», «ներդաշնակության բացակայություն»), անձի հոգեկան անհարմարավետության վիճակ, որն առաջանում է գիտակցության մեջ կոնֆլիկտային պատկերացումների` մտքերի, համոզմունքների, արժեքների կամ հուզական արձագանքների բախման արդյունքում:

Կոգնիտիվ դիսոնանսի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոգնիտիվ դիսոնանսի տեսությունը և հասկացությունն առաջ է քաշել ամերիկացի հոգեբան Լեոն Ֆեստինգերը 1957 թվականին[1]: Տեսությունը բացատրում է այն կոնֆլիկտային իրավիճակները, որոնք առաջանում են «անձի իմացական կառուցվածքում»[2]: Տեսության նպատակն է ուսումնասիրել և մեկնաբանել կոգնիտիվ դիսոնանսի վիճակը` որպես անձի պատասխան որոշակի իրավիճակների, մարդկանց կամ ամբողջ հասարակության գործողությունների:

Տեսության հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեստինգերը ձևակերպել է իր տեսության երկու հիմնական վարկած.

  1. Դիսոնանսի առաջացման դեպքում անձն ամբողջ ուժով ձգտելու է նվազեցնել երկու դիրքորոշումների միջև առկա անհամապատասխանությունը` փորձելով հասնել կոնսոնանսի (ներդաշնակության): Դա տեղի է ունենում, քանի որ դիսոնանսն առաջացնում է հոգեբանական անհարմարավետության զգացում»[3]:
  2. Հաստատելով առաջին վարկածը` երկրորդը սահմանում է, որ փորձելով նվազեցնել առաջացած դիսկոմֆորտը` անձը խուսափելու է այն իրադրություններից, որոնք կարող են ուժգնացել անհարմարավետության զգացումը:

Դիսոնանսի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսոնանսը կարող է առաջանալ տարբեր պատճառներով[3].

  • տրամաբանական անհամապատասխանություն,
  • մշակութային ավանդույթներ,
  • անձի և ավելի մեծ խմբի կարծիքի անհամապատասխանություն,
  • անցյալի փորձի և ներկա իրադրության անհամապատասխանություն:

Այդպիսի վարքագծի արդյունքում տեղի է ունենում անձի որոշակի դիրքորոշումների (որոնց վրա իրավիճակն այս կամ այն կերպ ներգործում է) փոփոխություն: Դա արդարացվում է այն հանգամանքով, որ անձի համար կենսականորեն կարևոր է պահպանել իր ունեցած գիտելիքների համաձայնեցվածությունը[4]:

Այդ է պատճառը, որ մարդիկ պատրաստ են արդարացնել իրենց մոլորությունները. որևէ սխալ քայլ կամ հանցանք գործած մարդը հակված է իրեն արդարացնել` իր դիրքորոշումները փոխելով այնպես, ասես կատարվածն իրականում այդքան էլ սարսափելի չէ: Այդ կերպ նա «կարգավորում է» իր մտածողությունը, որպեսզի նվազեցնի իր ներքին կոնֆլիկտը[4]:

Դիսոնանսի աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքում հանդիպող տարբեր իրադրությունների արդյունքում դիսոնանսը կարող է ուժգնանալ կամ թուլանալ. ամեն ինչ կախված է մարդու առջև ծագող խնդիրներից:

Այսպես, դիսոնանսը նվազագույն կլինի այն դեպքում, երբ անձը, օրինակ, փողոցում գումար տա մի աղքատ մարդու, ով (ինչպես երևում է), այդքան շատ չունի ողորմության կարիք: Եվ, ընդհակառակը, դիսոնանսն ուժգին կլինի, եթե անձը պետք է հանձնի շատ կարևոր քննություն, սակայն չի փորձում նախապատրաստվել դրան[3]:

Դիսոնանսը կարող է առաջանալ (և առաջանում է) ցանկացած իրադրությունում, երբ պետք է որոշում կայացնել, ընդ որում, դիսոնանսի ուժգնությունը կարող է մեծանալ` կախված այն բանից, թե այդ ընտրությունը որքան կարևոր է անձի համար:

Կոգնիտիվ դիսոնանսի ուժգնությունը կարելի է չափել Ֆուրիեի հոլոգրամաների հիման վրա[5]:

Դիսոնանսի թուլացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ դիսոնանսի ուժգնությունից` դրա գոյությունն իսկ անձին դրդում է ամբողջովին ազատվել դրանից, իսկ եթե տարբեր պատճառներից ելնելով առայժմ հնարավոր չէ դա անել, ապա գոնե պետք է թուլացնել այն: Դա կարելի է անել տարբեր միջոցներով.

  1. փոխել սեփական վարքագիծը,
  2. փոխել կոգնիցիաներից որևէ մեկը, իրեն համոզել հակառակի մեջ[6],
  3. զտել տվյալ խնդրի կամ հարցի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը,
  4. ընդունել սեփական սխալները, հասնել խնդրի նոր, առավել ամբողջական ընկալմանը:

Օրինակ` եթե անձը մոլի ծխող է և տարբեր աղբյուրներից իմանում է, որ ծխելը վնասակար է առողջությանը, ապա ստացված տեղեկատվության համապատասխան կարող է փոխել իր վարքագիծը. թողնել ծխելը, քանի որ համոզվում է, որ այն վնասում է առողջությանը, կարող է ժխտել ծխելու` վնասակար լինելու հանգամանքը և գտնել տեղեկատվություն այն մասին, որ որոշ դեպքերում ծխելը կարող է նույնիսկ օգտակար լինել` այդ կերպ նվազեցնելով բացասական ինֆորմացիայի կարևորությունը: Երրորդ տարբերակում նա կարող է խուսափել բոլոր այն տեղեկություններից, որոնցում շեշտվում են ծխելու վտանգները: Արդյունքում նրա գիտելիքների և արարքների միջև առկա դիսոնանսը կնվազի[2][3]:

Դիսոնանսի կանխարգելում և չեզոքացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում անձը կարող է կանխարգելել դիսոնանսի և որպես հետևանք` ներքին անհարմարավետության զգացումի առաջացումը` խուսափելով իր խնդրի հետ կապված ցանկացած նոր տեղեկատվությունից, որը կարող է հակասել արդեն եղածին[3]:

Անձի համար կենսակարևոր տեղեկատվության «զտման» մեխանիզմները նկարագրվում են պաշտպանական մեխանիզմների տեսության մեջ (հասկացությունն առաջ է քաշել Զիգմունդ Ֆրոյդը, հետագայում մշակել է Աննա Ֆրոյդը):

Եթե դիսոնանսն արդեն առաջացել է, ապա անձը կարող է նվազեցնել դրա ուժգնությունը կոգնիտիվ կառույցի մեջ արդեն առկա բացասական տարրերի փոխարեն մեկ կամ մի քանի կոգնիտիվ տարր ավելացնելու միջոցով[3]: Այդ դեպքում նա կփնտրի այնպիսի տեղեկատվություն, որը կխրախուսի իր ընտրությունը (կհաստատի կայացրած որոշումը) և վերջին հաշվով կթուլացնի կամ կվերացնի դիսոնասի վիճակը: Սակայն այսպիսի վարքագիծը կարող է ունենալ բացասական հետևանքներ, հանգեցնել անձի կողմից իրականության աղճատված և ոչ օբյեկտիվ ընկալմանը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Festinger, L. (1957). A Theory of Cognitive Dissonance. California: Stanford University Press.
  2. 2,0 2,1 Андреева Г. М. Психология социального познания: Учеб. пособие для студентов вузов / Под. ред. Э. М. Харланова. — 3-е изд., перераб. и доп. — М.: Аспект Пресс, 2005. — 303 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Фестингер Л. Теория когнитивного диссонанса / Пер. с англ. А. Анистратенко, И. Знаешева. — СПб.: Ювента, 1999. — 318 с., ил.
  4. 4,0 4,1 4,2 Майерс Д. Социальная психология / Пер. с англ. З. Замчук; Зав. ред. кол. Л. Винокуров. — 7-е изд. — СПб.: Питер, 2006. — 794 с., ил. (Серия «Мастера психологии»).
  5. Павлов А. В. Логика с исключением на алгебре фурье-дуальных операций: нейросетевой механизм редуцирования когнитивного диссонанса.- Вестник НИУ ИТМО. — УДК 004.387; 535.417.-Выпуск 6(94)
  6. Кэмпбелл Дж. Б. Когнитивный диссонанс (cognitive dissonance) // Психологическая энциклопедия / Под ред. Р. Корсини, А. Ауэрбаха.. — 2-е изд.. — СПб.: Питер, 2006. — 1096 с. — ISBN 5-272-00018-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]