Քեյնսականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեյնսականություն (անգլ.՝ keynesianism), տնտեսագետների գերակշռող մեծամասնության փիլիսոփայական, գաղափարական և վերլուծական հայացքները, ինչպես նաև նրանց կողմից ընդունվող կարծիքները զբաղվածության և տնտեսության կայունացման գործնական ուղիների տեսության մասին[1]։
Քեյնսականության հիմնադիրն է 20-րդ դարի խոշորագույն տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը։ Նա ուսումնասիրության հիմնական օբյեկտ դարձրեց ազգային տնտեսությունը որպես մեկ ամբողջություն, իր ուշադրության կենտրոնում ունենալով սպառումը, խնայողությունը, ներդրումները, զբաղվածությունը և այլն։
Քեյնսական ուսմունքն իրենից ներկյացնում է տնտեսագիտական մտքի նորդասական ուղղության հիմնարար մեթոդաբանական սկզբունքների շարունակությունը, քանի որ թե՛ Քեյնսը, թե՛ իր հետևորդները, առաջնորդվելով զուտ տնտեսագիտական տեսության գաղափարով, ելնում են հասարակության տնտեսական քաղաքականության ոլորտում նախ և առաջ տնտեսական գործոնների առաջնահերթ նշանակությունից, բնորոշելով դրանք արտահայտող քանակական ցուցանիշները և նրանց միջև կապերը, որպես կանոն, սահմանային և ֆունկցիոնալ վերլուծության մեթոդների, տնտեսամաթեմատիկական մոդելավորման հիման վրա[2]։ Ուսումնասիրելով մակրոտնտեսական հիմնական փոփոխականները, Քեյնսն իր առջև խնդիր էր դրել պարզելու դրանց միջև գործող պատճառա-հետևանքային կապերը և փոխհարաբերությունները։ Այս մոտեցմամբ Քեյնսը դրեց ժամանակակից մակրոտնտեսագիտության հիմքերը։ Նա առանձնացնում էր երեք հիմնական փոփոխականներ՝ տրված, անկախ և կախյալ։ Տրված փոփոխական էր աշխատանքի որակը և քանակը, կիրառվող տեխնոլոգիան, մրցակցության աստիճանը, սպառողական ճաշակը և այլն։ Անկախ փոփոխականներ էին սպառման սահմանային հակումը, կապիտալի սահմանային արտադրողականությունը, տոկոսի նորման։ Կախյալ էին զբաղվածությունը և ազգային եկամտի` աշխատավարձի միավորով արտահայտված ծավալները։
Քեյնսի անկախ փոփոխականների ուսումնասիրությունը դարձավ տնտեսագիտության առանցքային հարցերից մեկը։
Քեյնսն առաջ քաշեց այն դրույթը, որ կապիտալիստական համակարգը զուրկ է հավասարակշռության ներքին մեխանիզմից։ Այդ պատճառով էլ համախառն պահանջարկի կրճատման ժամանակ այն չի վերադառնում արտադրության և զբաղվածության նախկին մակարդակին, հետևաբար տնտեսությունը երկար ժամանակ կարող է գտնվել ճգնաժամային իրավիճակում։ Բացի այդ, ժամանակակից քաղաքականության կարևորագույն գիծը նա համարել է դեմոկրատիան, դրա համար էլ հիմնախնդրի լուծման համար այնպիսի եղանակներ է առաջարկել, որոնք կարող էին անընդունելի լինել ժամանակաշրջանի գիտության և պրակտիկայի համար, բայց ընդունելի` դեմոկրատական հասարակության համար, որը մտահոգված է սոցիլական հիմնախնդիրներով[3]։ Քեյնսականները մերժում էին սպառողական վարքագծի ռացիոնալությունը, օպտիմալացման սկզբունքները։ Քեյնսի մակրոտնտեսական մոդելները հիմնված էին խմբային և ոչ թե` անհատական վարքագծի վրա։ Տնտեսագիտության մեջ քեյնսականների կատարած արմատական փոփոխությունն էր նաև այն, որ նրանք մերժեցին «Սեյի օրենք»ի գործողության մեխանիզմի կենսունակությունը։ Քեյնսականության գաղափարակիրներ էին ամերիկացի տնտեսագետներ Ս. Վայնթրաուբը, Դ. Դավիդսոնը, Ա. Լեյոնխուֆտը, անգլիացի տնտեսագետներ Ն. Կալդորը, Ջ. Ռոբինսոնը, Պ. Սրաֆֆան։
Քեյնսյան տեսության գաղափարական հիմնադրույթներից էր «արդյունավետ ահանջարկ»ի հայեցակարգը, որը բխում էր «դրամական տնտեսության» գաղափարի տրամաբանությունից (Monetary economy[4]): Արդյունավետ պահանջարկի գաղափարի էությունն այն էր, որ իրական ազգային եկամուտը որոշվում է արդյունավետ պահանջարկի մեծությամբ։
Ջ.Քեյնսին հաջողվել է ստեղծել սպառման, խնայողության և ներդրումների փոխհարաբերության այլընտրանքային մոտեցում։ Նա հիմնավորեց, որ խնայողությունների և ներդրումների հավասարությունն անկայուն բնույթ ունի, իսկ տոկոսադրույքը ճկուն չէ խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար։
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տեսության նման, քեյնսականությունը և նորդասական տնտեսագիտությունը զերծ չէին թերություններից, որոնց հաղթահարման և դրանք իրականությանը համապատասխանեցնելու միտումով ձևավորվեց նորդասական սինթեզը։ Սինթեզի էությունն էր՝ քեյնսյան և նորդասական տեսության միավորումը մեկ ընդհանուր տեսության մեջ։ Այս ուղղությունը հիմնականում արտացոլում էր անգլո-ամերիկյան տնտեսագետների հայացքները։ Նորդասական սինթեզի դրույթը Հանսեն-Սամնուելսոնի մոդելն է, որը հայտնի է «քեյնսյան խաչ» անունով։ Մոդելը հիմնվում է այն գաղափարի վրա, որ կարճաժամկետում գները ճկուն չեն և չեն արձագանքում ամբողջական պահանջարկի փոփոխություններին։ Ամբողջական ծախսերի աճը հանգեցնում է թողարկման ծավալների և ազգային եկամտի ավելացմանը։ Պ. Սամուելսոնը նշել է, որ նորդասական սինթեզը եկամուտների բաշխման շուկայական մեխանիզմը մեկնաբանող դրույթների առողջ միջուկի և քեյնսյան տնտեսագիտության հիմնական սկզբունքների համադրությունն է։

«Քեյնսյան հեղափոխություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քեյնսյան հեղափոխության» սկիզբն ազդարարեց 1936 թվականին հրապարակված «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատությունը, ինչի շնորհիվ մի կողմից հիմք դրվեց տնտեսագիտության տեսության հետազոտության նոր մակարդակին` մակրոտնտեսագիտությանը, մյուս կողմից էլ քեյնսյան հեղափոխությունը օբյեկտիվ պատասխանն էր այն իրողության, որ նորդասական տեսությունն այլևս ունակ չէր իր մեթոդաբանությամբ պատասխանելու տնտեսական կյանքում առաջացած հիմնախնդիրներին, չնայած մինչ այդ անդրադարձել էին մակրո մակարդակին, բայց համակարգված վերլուծություններ չէին կատարել[5]։ «Հենվելով իր սեփական ուսումնասիրության «հեղափոխական» մեթոդաբանության վրա Ջ. Քեյնսը, ի տարբերություն իր նախորդների և իշխող տնտեսագիտական ուսմունքներին հակառակ, պնդում էր պետության օգնությամբ աշխատավարձի կրճատումը, որպես գործազրկության վերացման հիմնական պայմանի, թույլ չտալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ սպառումը, մարդու հոգեբանությամբ պայմանավորված խնայողության հակվածության արդյունքում աճում է շատ ավելի դանդաղ, քան եկամուտները»[6]։ Քեյնսյան հեղափոխության հետևանքով տնտեսագիտական տեսության մեջ առաջացան երկու բևեռներ, որոնք էին՝ նորդասական միկրոտնտեսագիտությունը և քեյնսյան մակրոտնտեսագիտությունը։
«Հիմնական հոգեբանական օրենքն» ընկած է Ջ. Քեյնսի սպառման տեսության հիմքում, որի համաձայն հասարակական իրական եկամտի ավելացման կամ նվազման դեպքում համախառն սպառման չափերը կփոխվեն նույն ուղղությամբ, բայց ոչ նույն արագությամբ։ Սրանից հետևում է, որ եկամտի աճի հետ մեկտեղ սպառման ծախսերի տեսակարար կշիռը նվազում է, խնայողություններինը՝ աճում։ Հիմնական հոգեբանական օրենքը Քեյնսին հնարավորություն է տվել զարգացնելու բազմարկիչի հայեցակարգը։ «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատության ներածությունում Քեյնսը նշում է.

Aquote1.png Ես այս գիրքն անվանել եմ «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն»՝ ուշադրությունս հիմնականում սևեռելով «ընդհանուրի» սահմանմանը։ Գիրքն այդպես է վերնագրված, որպեսզի իմ փաստարկներն ու եզրակացությունները հակադրվեն դասական տեսության փաստարկներին և եզրակացություններին, որով ես դաստիարակվել եմ և որը, ինչպես և 100 տարի առաջ գերիշխում է մեր սերնդի կառավարող և ակադեմիական շրջանակների գործնական և տեսական տնտեսագիտական մտքի վրա։ Ես կբերեմ ապացույցներ, որ դասական տնտեսության դրույթները կիրառելի են ոչ թե ընդհանուր, այլ միայն հատուկ դեպքերի համար, քանի որ այն տնտեսական իրավիճակը, որը դիտարկում է դասական տեսությունը հնդիսանում է հավասարակշռության հնարավոր իրավիճակների միայն սահմանային դեպքը։ Ավելին, այդ հատուկ դեպքին բնորոշ գծերը չեն համընկնում մեզ շրջապատող տնտեսական հասարակության ուրվագծին, ուստի դրանց քարոզումը մեզ սխալ ճանաարհով է տանում և իրական կյանքում այդ տեսությունը կիրառելու փորձ կատարելիս, հանգեցնում ճակատագրական հետևանքների[7]։ Aquote2.png


Քեյնսականության էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ. Մ. Քեյնսին հաջողվել է ստեղծել փողի և տոկոսի նորմայի մասին այլընտրանքային հայեցակարգ, որը լուրջ մրցակցության մեջ մտավ դասական և նորդասական տեսությունների հետ, սրանով իսկ նպաստելով տնտեսագիտության տեսության զարգացմանը։ Ճիշտ է, դասականների պես Քեյնսը նույնպես փողի առաջարկը համարում էր արտաքին գործոն, այդուհանդերձ նա այն պայմանավորում է իրացվելիության գործարքային, նախազգուշական, սպեկուլյատիվ շարժառիթներով։ Քեյնսականները, հետևելով Քեյնսի տեսությանը, ժխտում էին փողի չեզոքության դասական կանխադրույթը, պնդում, որ փողի քանակն ազդում է զբաղվածության և ազգային եկամտի վրա տոկոսադրույքի միջոցով։ Դրամավարկային ոլորտում իրականացվող միջոցառումներն իրենց ազդեցությունն են ունենում տնտեսության իրական հատվածի վրա։
Քեյնսականների տոկոսը բացառապես դրամական երևույթ է, որը կապված է փողի՝ որպես երկարատև օգտագործման ամենաիրացվելի ակտիվի գործունեության հետ։ Տոկոսի նորման հանդիսանում էր այն գինը, որը «հավասարակշռում է հարստությունը կանխիկ փողի տեսքով պահելու կայուն ցանկությունը և շրջանառության մեջ գտնվող փողի քանակությունը։ Փողի քանակը ևս համարվում է այնպիսի գործոն, որն իրացվելիության նախապատվության հետ միասին որոշում է տոկոսի իրական նորման»[8]։
Քեյնսի տեսության մեթոդաբանության մեջ հաշվի է առնված նաև արտատնտեսական գործոնների ոչ պակաս կարևոր ազդեցությունը տնտեսական աճի վրա, այն է`պետության (որը խթանում է սպառողական պահանջարկը արտադրության միջոցների նկատմամբ և նոր ներդրումները) և մարդկանց հոգեբանության (որը կանխորոշում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունների աստիճանը)։ Քեյնսն ու իր հետևորդները վերլուծության ենթարկելով աշխատանքի շուկայում հավասարակշռության հաստատման մեխանիզմի դրույթները, եզրակացնում են, որ աշխատավարձի նվազեցումը երբեք ներդրումների խթան հանդիսանալ չի կարող։ Նա համաձայն չէր դասականների այն տեսակետի հետ, որ աշխատավարձի փոփոխությունը տեղի է ունենում շուկայական ինքնակարգավորման սկզբունքներով, դրսևորվելով առաջարկի և պահանջարկի հարաբերական փոփոխության միջոցով։ Քեյնսականությունը հիմնավորում է, որ նման մոտեցումը չի համապատասխանում իրականությանը և չի բխում տնտեսական օրինաչափությունների պահանջներից։ Դրամական աշխատավարձի նվազումը անմիջական ազդեցություն է ունենում արդյունավետ պահանջարկի վրա։
Քեյնսականության ուշադության կենտրոնում էին տնտեսական պարբերաշրջանները, որոնց տեսությունների էվոլյուցիան դիտարկվում էր չորս փուլերով։ Առաջին փուլն ընդգրկում է 19-րդ դարի սկիզբը, երբ տնտեսական պարբերաշրջաններն ու ճգնաժամերը պատահական երևույթներին շարքն էին դասվում։ Երկրորդ փուլում հանդես եկավ մարքսյան այն տեսկետը, ըստ որի տնտեսական պարբերաշրջանները և ճգնժամերը կապիտալիստական տնտեսակարգի ներքին հակասությունների, հիմնական կապիտալի նորացման հետևանք են։ Երրորդ փուլում (20-րդ դարի 20-30-ական թվականներ) քեյնսականներն են, ովքեր նշված երևույթները համարում էին ազգային եկամտի, սպառման, կուտակման փոխհարաբերության և շուկայական մեխանիզմի անկատարության հետևանք։ Չորրորդ փուլում արդեն տնտեսական պարբերականությունն օրինաչափ երևույթ է, որի վերելքն ու անկումը կապվցած է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնների հետ։ Քեյնսականները տնտեսական պարբերաշրջանի առաջացման հիմնապատճառը տեսնում էին ներդրումային ծախսերի անբավարար մեծությամբ պայմանավորված պահանջարկի շոկերի մեջ։ «Ջ. Քեյնսը նշում էր, որ ներդրումներ կատարելու որոշման վրա առաջին հերթին ազդում են սպասումները, որոնք, որես կանոն, կայուն բնույթ չունեն և կախված են ապագայի նկատմամբ ձեռնարկատերերի լավատեսական և վատատեսական տրամադրություններից։ Ընդ որում, անհիմն լավատեսությունը կամ չափից ավելի մեծ արձագանքը դրական փոփոխություններին կարող է հանգեցնել բացասական հետևանքների»[9]։ Տնտեսական տատանումներն ըստ քեյնսականների, առաջ են գալիս նաև աշխատավարձի ոչ ճկուն բնույթից։ Ամբողջական պահանջարկը տատանվելով ազդում է առաջարկի վրա։ Ազգային եկամուտը, սպառումը և կապիտալի կուտակումն են այն երեք բաղադրիչները, որոնց փոխազդեցությունը տնտեսական պարբերաշրջանի էությունն է կազմում։
Քեյնսականության տեսանկյունից տնտեսական պարբերաշրջանային զարգացման հիմնախնդիրներն առավել հանգամնանալից ուսումնասիրել է ամերիկացի տնտեսագետ Էլվին Հանսենը, ով իր հայեցակարգն է շարադրել «Ազգային եկամուտը և տնտեսական պարբերաշրջանները» աշխատությունում։

Ավանդական քեյնսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական քեյնսականությունը ձևավորվել է 1930-ական թվականների երկրորդ կեսին։ Ավանդական քեյնսականության գաղափարների հիման վրա էր, որ 1950-60-ական թվականներին ձևավորվեց նորդասական սինթեզը։ Քեյնսականների այս շարքում իր ուրույն տեղն ունի Ջոն Հիքսը, ով իր աշխատություններում ուշադրության կենտրոնում էր պահում տնտեսական հավասարակշռության հիմնահարցերը։ Նրա մեծագույն ներդրումը IS-LM մոդելն է, որը մինչ օրս ունի գիտագործնական կիրառություն։ Մոդելի հիմքում ընկած է ներդրումը, խնայողությունը, իրացվելիությունն ու փողը ներկայացնող կորերի մեկնաբանությունը։ Ջ. Հիքսի մյուս կարևոր ներդրումն այն է, որ նա զարգացրեց արագացուցիչի գաղափարը։ Ի տարբերություն Ջ. Քեյնսի՝ բազմարկիչի, որը ներդրումների շնորհից ապահովում էր եկամուտների և զբաղվածության աճ, Հիքսի արագացուցիչը արագացնում էր գործընթացը և լրացնում յուրաքանչյուր հավելաճ՝ ներդրումների ծավալի աճով։ «Բազմարկիչ-արագացուցիչ»ի հիմնքում ընկած գաղափարը հետևյալն է՝ ներդրումների աճի պարագայում բազմարկիչի էֆեկտը հանգեցնում է արտադրանքի թողարկման համապատասխան աճի, ինչը շարժման մեջ է դնում մեխանիզմը, իսկ արդյունքում իրականացվում են նոր ներդրումներ։

Նորքեյնսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տնտեսագետներ փորձեցին քեյնսյան տնտեսագիտությունը համադրել նորդասական տնտեսագիտության հետ, որի արդյունքում առաջացավ նորդասական սինթեզը, ինչը, սակայն քննադատության ենթարկվեց, ձևավորելով նեոլիբերալիզմ և մոնետարիզմ։ Ի հակադրություն սույն տեսությունների, մի խումբ տնտեսագետներ ձևավորեցին նորքեյնսականությունը։ Այն հանդես եկավ 1970-ական թվականների վերջերին և 80-ականների սկզբին։
Այս տեսության ականավոր ներկայացուցիչներից են Գրեգորի Մենքյուն, Դեյվիդ Ռոմերը, Ժոզեֆ Ստիգլիցը, Ստենլի Ֆիշերը, Օլիվեր Բլանշերը և այլոք։ Նորքեյնսականները ձգտում էին այնպիի եզրահանգումների, որոնք բնորոշ էին քեյնսականությանն ընդհանրապես։ Իրենց ուշադրության կենտրոնում պահելով գործազրկության դիտարկումը, նրանք գտնում էին, որ հարկադրական գործզրկությունը գների կամ աշխատավարձի ոչ ճկունության արդյունք է։ Համախառն ծախսերի մակարդկի փոփոխությունն ազդում է ոչ թե գների և աշխատավարձի, այլ քանակական փոփոխականների, զբաղվածության մակարդակի վրա։ Նորքեյնսականներն առաջ քաշեցին «ասիմետրիկ տեղեկատվություն» հասկացությունը, որին հետևեց դրա դեմ պայքարելու ալիքը և հետազոտական այդ ուղղությունն ստացավ ինֆորմացիոն տնտեսագիտություն անվանումը։ Ինֆորմացիոն տնտեսագիտության տեսաբանները փորձում էին որոշել թե ինչ է տեղի ունենում գնվող ապրանքի քանակի և գնի հետ, երբ առկա է տեղեկատվության ասիմետրիա։ Տեսությունը հիմնավորում է, որ շուկայի կանոնակարգված գործունեության համար անհրաժեշտ են համապատասխան ինստիտուտներ և պետական միջմտություն։
Նորքեյնսականների ուշագրավ գաղափարներից էր արդյունավետ աշխատանքի հայեցակարգը, որի շրջանակներում առաջ է քաշվում այն տեսակետը, որ աշխատողների ջանքերն ուղիղ համեմնատական կախում ունեն աշխատավարձից։ Արդյունավետ և հավասարակշռված աշխատավարձի շուրջ դրույթներն ապացուցելու համար նորքեյնսականները մշակեցին անարդյունավետ ընտրության և շեղման մոդելները։ Առաջինը մշակել է Ա. Վայսսը։ Դրա էությունը հավասարակշռվածից բարձր սահմանված աշխատավարձի մակարդակը անարդյունավետ ընտրություն կատարելու հետևանքով առաջացող բացասական հետևանքները չեզոքացնելու մեթոդ է։ Իսկ շեղման մոդելը, որը մշակվեց Ֆ. Շապիրոյի և Ջ. Ստիգլիցի կողմից, հիմնված է բարոյական ռիսկի գաղափարի վրա, ըստ որի, ֆիրման պետք է սահմանի հավասարակշռվածից բարձր աշխատավարձի մակարդակ, որեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն դրսևորի լավագույն կողմերով, գիտակցելով, որ ցանկացած պահի կարող է փոխարինվել մեկ ուրիշով։

Հետքեյնսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդասական սինթեզը, լինելով հակասություններ պարունակող տեսություն, ի վերջո հայտնվեց փակուղում և, երբ արևմտյան տնտեսագիտության մեջ տեղի ունեցավ հայացքների վերակողմնորոշում, ձևավորվեցին նոր տեսություններ, որոնցից աչքի ընկավ հետքեյնսականությունը։ Այսպիսով, հետքեյնսականություն հոսանքը քեյնսյան տեսության վերանայման, վերակառուցման հետևանք էր։ Հետքեյնսականները քննադատում էին օրթոդոքսալ տեսակետը, քանզի այն չէր արտացոլում սոցիալական հիմնախնդիրները։ Տնտեսագիտական իր հայացքներով հետքեյնսական է համարվում Ն. Կալդորը։ Կալդորը գտնում էր, որ տնտեսական համակարգի հավասարակշռությունն էապես կախված է ներդրումների սահմանային հակվածությունից։ Նրա դիտարկման մեջ պարբերաշրջանային զարգացման ազդակ են դիտարկվում ներքին էնդոգեն գործոնները։
Հետքեյնսականների դրույթներում ամբողջական պահանջարկը դիտարկվում է որպես հիմնական փոփոխական, որը պայմանավորում է գործարար ակտիվության մակարդակը, իսկ իրական աշխատավարձի մակարդակը որոշվում է ոչ թե աշխատանքի շուկայում, այլ վերջնական սպառման ապրանքների և ծառայությունների շուկայում։ Շուկայական տնտեսությունը հետքեյնսականների մոտ արտադրական տնտեսություն է, ուր արտադրության գործընթացը բավական տևական է և տնտեսությունը շարժվում է արդեն իսկ բացահայտված ու հայտնի ներկայից դեպի անորոշ ապագա։ Ապագայի անորոշությունը նվազագույնի հասցնելու համար դիտարկվում են ֆորվարդային պայմանագրեր։ Համընդհանուր ճանաչում ստացած ակտիվը՝ փողը, ըստ հետքեյնսականների, լավագույն միջոցն է տնտեսավարող սուբյեկտներին պաշտպանելու համար։ Գործարար պարբերաշրջանների վերլուծության համար հետքեյնսականները կիրառումն էին երկարատև օգտագործման ակտիվների տեսությունը։ Հետքեյնսականությունը տնտեսագիտական միակ ուղղությունն է, որ մերժում է էկզոգեն դրամական զանգվածի գաղափրը, ըստ որի փողի զանգվածը որոշվում է մասնավոր հատվածից անկախ գործող Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում։ Անդրադառնալով գնագոյացման դրույթներին, հետքեյնսականները ենթադրում են, որ գների արձագանքը պահանջարկի փոփոխություններին բավականին թույլ է, երբեմն էլ՝ փոփոխելի է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ պահանջարկի աճը կարող է ուղեկցվել գների անկմամբ։ Ըստ նրանց, գները կատարում են նաև ուղեկցող ֆունկցիաներ՝ դիրքավորման, ռազմավարական, ֆինանսական և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրակոսյան, Գրիգոր Եղիշի, Տնտեսագիտական ուսմունքների պատմություն ։ Ուս. ձեռնարկ / Գ. Կիրակոսյան, Մ. Թավադյան, Ս. Գրիգորյան ; Խմբ.՝ Գ.Ե. Կիրակոսյան. - Երևան ։ Տնտեսագետ, 2004. - 416 էջ
  • Յադգարով, Յա. Ս. Տնտեսագիտական ուսմունքների պատմություն ։ Դասագիրք / Յա.Ս. Յադգարով. - 3-րդ հրատ. - Երևան ։ Ասողիկ, 2001. - 344 էջ
  • Վարդանյան Ատոմ։ Ջ. Մ. Քեյնսի տեսության վարքագծային տեսանկյունները // Բանբեր ՀՊՏՀ. – 2010. – թ 1(19). – էջ 32-51. – (Տնտեսագիտւթյան տեսություն)։
  • Վլասյան, Վարդան Սամվելի։ Քեյնսականությունը և դրա էվոլյուցիան ։ (Դասախոսությունների նյութեր) / Վ.Ս. Վլասյան. - Երևան ։ Ա. հ., 2014. - 128 էջ
  • Քաղաքատնտեսություն ։ [Նաև՝ Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն / Ջոն Մեյնարդ Քեյնս]/ Ընդհ․ խմբ․՝ Գայանե Մելքոմ Մելքոմյան, Վահրամ Սողոմոնյան, Դավիթ Ստեփանյան - Երևան ։ Ֆոկուս, 2017. - 369 էջ
  • Քեյնս, Ջոն Մեյնարդ։ Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն / The general theory of employment and money Ջ.Մ. Քեյնս; Առաջաբ. և խմբ.՝ Ա. Մարկոսյան, Ս. Դավոյան; Թարգմ.՝ Կ. Կիրակոսյան. - Երևան ։ Տիգրան Մեծ, 2006. - 389 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կիրակոսյան, Գրիգոր Եղիշի, Տնտեսագիտական բացատրական բառարան / Գ.Ե. Կիրակոսյան, Հ.Բ. Ղուշչյան, Ի.Տ. Տիգրանյան. - Երևան ։ Տնտեսագետ, 1999. - 464 էջ
  2. Յադգարով, Յա. Ս. Տնտեսագիտական ուսմունքների պատմություն ։ Դասագիրք / Յա.Ս. Յադգարով. - 3-րդ հրատ. - Երևան ։ Ասողիկ, 2001. - էջ 236
  3. Կիրակոսյան, Գրիգոր Եղիշի, Տնտեսագիտական ուսմունքների պատմություն ։ Ուս. ձեռնարկ / Գ. Կիրակոսյան, Մ. Թավադյան, Ս. Գրիգորյան ; Խմբ.՝ Գ.Ե. Կիրակոսյան. - Երևան ։ Տնտեսագետ, 2004. - 416 էջ
  4. https://www.sciencedirect.com/topics/economics-econometrics-and-finance/monetary-economy
  5. Վլասյան, Վարդան Սամվելի։ Քեյնսականությունը և դրա էվոլյուցիան ։ (Դասախոսությունների նյութեր) / Վ.Ս. Վլասյան. - Երևան ։ Ա. հ., 2014. - էջ 13
  6. Յադգարով, Յա. Ս. Տնտեսագիտական ուսմունքների պատմություն ։ Դասագիրք / Յա.Ս. Յադգարով. - 3-րդ հրատ. - Երևան ։ Ասողիկ, 2001. - էջ 236
  7. Քեյնս, Ջոն Մեյնարդ Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն / The general theory of employment and money Ջ.Մ. Քեյնս; Առաջաբ. և խմբ.՝ Ա. Մարկոսյան, Ս. Դավոյան; Թարգմ.՝ Կ. Կիրակոսյան. - Երևան ։ Տիգրան Մեծ, 2006. - էջ 16
  8. Վլասյան, Վարդան Սամվելի։ Քեյնսականությունը և դրա էվոլյուցիան ։ (Դասախոսությունների նյութեր) / Վ.Ս. Վլասյան. - Երևան ։ Ա. հ., 2014. - էջ 31
  9. Վլասյան, Վարդան Սամվելի Քեյնսականությունը և դրա էվոլյուցիան ։ (Դասախոսությունների նյութեր) / Վ.Ս. Վլասյան. - Երևան ։ Ա. հ., 2014. - էջ 37