Տնտեսագիտության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսագիտական մտքի զարգացման պատմությունը ցույց է տալիս տարբեր մտածողների տեսությունները տնտեսագիտության և քաղաքական տնտեսության վերաբերյալ։ Այն ընդգրկում է անտիկ ժամանակաշրջանից մինչև ներկա ժամանակաշրջանը։

Տնտեսագիտության տեսությունների պատմությունն արտացոլում է հասարակության տնտեսական կյանքի օրինաչափությունները նկարագրող տեսական հայացքների զարգացումը։ Տեսության մասին մարդկանց նախասկզբնական պատկերացումները բնութագրվում էին իրենց պարզությամբ և պայմանավորված էին բնատնտեսության առանձնահատկություններով։ Մյուս կողմից, հին աշխարհի մտածողների հայացքներում արդեն իսկ նկատելի էր նոր ձևավորվող ապրանքային հարաբերությունների վերաբերյալ պատկերացումների սաղմնավորումը։

Տնտեսագիտության ձևավորման գործընթացը ներառում է երկու փուլ` նախապատմության շրջան և որպես համակարգված գիտության կայացման ու զարգացման շրջան, ինչը շարունակվում է առ այսօր։

Տնտեսագիտության նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմության շրջանում հին մտածողների տնտեսագիտական հայացքներն ու պատկերացումները իրենց արտացոլում էին գտնում փիլիսոփայական աշխատություններում և հանդես էին գալիս առանձին տնտեսական երևույթների վերաբերյալ դիտարկումների, մեկնաբանությունների ու կարծիքների տեսքով։

Հին Հունաստանի փիլիսոփաների աշխատություններում քննարկման առարկա էին արդեն իսկ որոշակիորեն ձևավորված բնաիրային և դրամական տնտեսությունները, միջազգային առևտրի ու պատերազմների տնտեսական հետևանքները, հարստացման ու աղքատության հիմնահարցերը և այլն։ Անտիկ շրջանի և միջնադարյան մտածողները տարբեր կերպ էին ընկալում, մեկնաբանում և տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից գնահատում աշխատանքի դերը, հարստությունն ու աղքատությունը, արդարության տեսանկյունից փողի դերակատարությունը և այլն։ Հասարակության հարստացման հիմնական աղբյուր էին դիտարկվում պատերազմները և դրա արդյունքում նվաճված ժողովուրդների հարստահարումը և միջազգային առևտուրը։

Պլատոնը և Արիստոտելը, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել արևմտյան փիլիսոփայական մտքի զարգացման վրա

Հին մտածողների տնտեսագիտական պատկերացումներում հիմնական ջրբաժանը վերաբերում էր այդ ժամանակաշրջանում ձևավորված երկու` բնաիրային և դրամական տնտեսություններից որևէ մեկին նախապատվություն տալու և կարևորությունը գերագնահատելու պատկերացումներին։ Որոշ մտածողներ (Քսենոֆոն, Պլատոն) նախապատվությունը տալիս էին բնատնտեսությանը, որպես բարիքների ստեղծման և բարեկեցության հիմնական աղբյուր` զուգորդված պատերազմների և նվաճված ժողովուրդներին շահագործելու անհրաժեշտությամբ։ Այլ մտածողներ (Սոլոն, Պերիկլես), ընդհակառակը` գովերգում էին դրամական հարաբերությունները, ինչն ուղղակիորեն աղերսվում էր առևտրին և ոսկու տեսքով հարստության ձևավորմանը։

Անտիկ աշխարհում տնտեսագիտական նախնական պատկերացումների համակարգման և գիտական դիսցիպլինների որոշակի կարգակառույց ձևավորելու առումով անգնահատելի է Հին աշխարհի մեծագույն մտածող Արիստոտելի դերը, ով միաժամանակ հանդիսանում է արդի գիտական շատ ուղղությունների հիմնադիրը։

Արիստոտելն իր ժամանակի տնտեսական հարաբերություններն ու գործընթացները համակարգել և բաժանել է երկու մասի` բնականի կամ «էկոնոմիկայի» և ոչ բնականի կամ «քրեմատիստիկայի»։ «Էկոնոմիկան» կամ մարդկանց բնական տնտեսական գործունեությունը բնաիրային տնտեսություն է, որտեղ ստեղծվում են բարիքները, նպատակ է հանդիսանում մարդկանց պահանջմունքների բավարարումը և հարստությունը հանդես է գալիս օգտակար նյութական իրերի ամբողջության տեսքով։ «Քրեմատիստիկան» տնտեսության ապրանքային և փողային ձևաչափն է, որի նպատակն է հարստության կուտակումը առևտրային, վաշխառուական գործարքների միջոցով և դրսևորվում է փողի կուտակման տեսքով։

Տնտեսագիտության մեջ Արիստոտելն իրականացրեց առաջին արժեքավոր ընդհանրացումն ու տնտեսական երևույթների կանոնակարգումը, որի հիմքի վրա, ըստ իրենց բնույթի և բովանդակության, հստակեցվեցին ինչպես տնտեսական գործունեության տեսակները, այնպես էլ դրանք արտացոլող տնտեսագիտական պատկերացումները։ Նա հարստության բնական ձևը համարում էր նյութական բարիքը, որի կարևորագույն հատկությունը մարդու որևէ պահանջմունք բավարարելու ունակությունն է։ Արիստոտելն առաջին անգամ կիրառության մեջ դրեց պարզ արժեձևերը դրամաձևի վերածելու գաղափարը, միաժամանակ իր աշխատություններում ձևավորելով ապրանքի, արժեքի, գնի, փողի և արդի մի շարք այլ կարևորագույն տնտեսագիտական տեսությունների հիմքերը[1]։

Տնտեսագիտական պատկերացումների զարգացումը միջնադարում ընթացել է երկու ուղղություններով` իսլամական արաբական Արևելքում և արևմտաեվրոպական քրիստոնեական երկրներում։

Իբն Խալդուն

Միջնադարյան Արևելքում տնտեսագիտական մտքի ակնառու ներկայացուցիչ է համարվում Իբն Խալդունը (1322-1406)[2] , որի ուսմունքի համաձայն, հասարակությունը պետք է բաժանվի հարուստների և աղքատների, բայց միևնույն ժամանակ պահպանելով չափավորությունը` չլինեն չափից ավելի հարուստ և չափից ավելի աղքատ։ Իբն Խալդունը հասարակության զագացման հիմքում դնում էր նյութական բարիքների արտադրությունը, բայց համոզված լինելով որ հանրույթը շարունակաբար «պարզագույն» մակարդակից գնում է դեպի ավելի «քաղաքակիրթ» մակարդակ, ապա հողագործությունից և անասնապահությունից բացի, մարդկանց տնտեսական գործունեության ոլորտ էին ներառում նաև «չափավոր» առևտուրն ու արհեստները։

Թովմա Աքվինացի

Միջնադարյան Եվրոպայի մտածողների տնտեսագիտական պատկերացումները հենվում էին Աստվածաշնչի սկզբունքների ու պատվիրանների և եկեղեցական կանոնների վրա, ինչով պայմանավորված այդ գաղափարախոսությունը հաճախ անվանում են Կանոնականություն։ Թեև Եվրոպայում շարունակում էին հեղինակություն վայելել Արիստոտելի տնտեսագիտական հայացքները, այնուհանդերձ այս ժամանակաշրջանը ունեցավ նաև իր ականավոր մտածողներին, որոնց շարքում առանձնանում է Թովմա Աքվինացին (1225-1274)։ Թովմա Աքվինացին բնատնտեսության գաղափարախոս էր, հասարակության բարեկեցության հիմքն ու աղբյուրը համարում էր նյութական բարիքների արտադրությունը։ Աքվինացին և մյուս կանոնականները 3 բացասաբար էին վերաբերվում առևտրին և դրամաշրջանառությանը, սակայն հետագայում հասկանալով, որ դրանք ևս տնտեսական գործունեությանը ուղեկցող բնական երևույթներ են, սկսեցին պայքարել միայն փողի դիմաց ստացվող բարձր տոկոսների դեմ։ Թովմա Աքվինացու և մյուս կանոնականների գիտական ժառագության մեջ նշանակալի էին «արդարացի գնի», «արդարացի տոկոսի» տեսությունների մշակումը, համաձայն որի, «արդարացի գինը» դիտարկվում էր որպես բարիքի արտադրության գործընթացում աշխատանքային և նյութական ծախսումների ամբողջություն, իսկ «արդարացի տոկոսը»` որպես վաշխառուի իր փողը վտանգի ենթարկելու ռիսկի փոխհատուցում։ Թեև այս մոտեցումներով հիմնախնդրին տրվում էր գիտական տեսք և ձևակերպում, սակայն բաց էր մնում գիտական լուծում տալու առաջարկը, քանզի կանոնականները ստիպված էին ընդունել, որ իրական կյանքում ցանկացած իր կարող է վաճառվել ավելի բարձր գնով, քան դրա վրա կատարված ծախսումների արժեքը և վաշխառուի կողմից փողը կարող է տրվել շատ ավելի բարձր տոկոսով, քան այդ գումարի կորստի ռիսկն է։

Տեսական տնտեսագիտության գիտական համակարգի կայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության, որպես ինքնուրույն գիտական դիսցիպլինի կայացման դարաշրջանն ընդգրկում է տեսական հայացքների ու գաղափարների զարգացման ժամանակաշրջանը մերկանտիլիստներից մինչև անգլիացի տնտեսագետ Դ. Ռիկարդո։ Այս ժամանակաշրջանի բոլոր փուլերում տնտեսագիտական տեսությունների զարգացումը դրսևորվել է իրական տնտեսական հարաբերությունների կամ այլ խոսքով` կապիտալիստական տնտեսական համակարգի զարգացման գործընթացների արտացոլման, վերլուծության և մեկնաբանման տեսքով։

Տնտեսագիտության կայացման գործում անգնահատելի է եվրոպական երկրների տնտեսական զարգացումն ու առանձին մտածողների գիտական ներդրումն ու տնտեսագիտական հայացքների էվոլյուցիան։

Անգլիան համարվում է դասական տնտեսագիտության կայացման երկիրը, իսկ անգլացի մտածող Ադամ Սմիթը ավարտին հասցնելով տնտեսագիտության վերջնական գիտական շերտը` ինքնուրույն գոյության իրավունք պարգևեց գիտության այս բնագավառին։

Տնտեսագիտությունը բավականին երկար ժամանակ հայտնի էր «Քաղաքատնտեսություն» անվամբ, որն առաջին անգամ օգտագործել էին մերկանտիլիստները, իսկ գիտական լայն շրջանառության մեջ դրեց Ա. Սմիթը։

Արդի տեսքով դասական տնտեսագիտության սկիզբը դրվեց Անգլիայում 17-18-րդ դարերում, սակայն մինչ այդ արդեն ձևավորվել էին երկու ուսմունքներ, որոնք էլ հիմք հանդիսացան նոր գիտության ձևավորման ու զարգացման համար։ Այդ ուսմունքներն էին մերկանտիլիզմը և ֆիզիոկրատների տեսությունը։

Մերկանտիլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկանտիլիզմի դպրոցի (16-17 դարեր[3]) ներկայացուցիչների հետազոտությունների ուշադրության կենտրոնում էր շրջանառության ոլորտը, իսկ իրական հարստություն էր համարվում փողը։ Արտադրությունը դիտվում էր որպես 4 հարստության ստեղծման նախադրյալ, իսկ հարստության իրական աղբյուրի դերում շրջանառության ոլորտն էր, որտեղ ապրանքները վերածվում էին փողի։ Ընդ որում, մերկանտիլիստները էական տարբերություն էին տեսնում ազգի հարստության ձևավորման և մեծացման գործում ներքին և արտաքին առևտրի ունեցած դերի առումով։ Ներքին առևտուրը իրականացնում էր փողի փոխանցումը ներքին տնտեսության մասնակիցների միջև, իսկ ազգի հարստության մեծացման աղբյուրը արտաքին առևտուրն է, երբ արտահանված ապրանքների դիմաց երկիր է հոսում փողը` ոսկու և արծաթի տեսքով։

Մերկանտիլիստական հայացքները լայն տարածում և զարգացում ստացան Անգլիայում, որտեղ 16-րդ դարում տիրապետող էր մոնետար մերկանտիլիզմը (դրամական հաշվեկշիռ, հետագայում` առևտրային հաշվեկշիռ

Մերկանտիլիզմի վաղ շրջանը սկսվել է մինչև աշխարհագրական մեծ հայտանգործությունները և զարգացում է ապրել մինչև 16-րդ դարի կեսերը։ Այդ ժամանակահատվածում հարստության հիմնական աղբյուրը առևտուրն էր, ուստի տնտեսական զարգացման գրավականն էր դրամական և առևտրային դրական հաշվեկշռի ապահովումը։ Վաղ շրջանի մերկանտիլիստները գտնում էին, որ արտաքին առևտրում դրական հաշվեկշիռ ապահովելու համար անհրաժեշտ է արտահանվող ապրանքների վրա սահմանել առավելագույն բարձր գներ, սահմանափակել ապրանքների ներմուծումը, թույլ չտալ ոսկու և արծաթի արտահանումը երկրից։ Վաղ շրջանի մերկանտիլիստները առաջնությունը տալիս էին փողի կուտակման գործառույթին։

Մերկանտիլիստների գաղափարների ազդեցությամբ տնտեսությունում պետությունը ակտիվ միջամտության քաղաքականություն էր վարում, նպաստում էր առևտրային մենաշնորհների ձևավորմանը, որի նպատակն էր արտահանվող ապրանքների բարձր գների սահմանումն ու երկրի ոսկու և արծաթի պաշարների ընդլայնումը։ Անգլիայում վաղ շրջանի նշանավոր մերկանտիլիստներն էին Վ. Ստաֆֆորդը, Ջ. Գելսը, իսկ Ֆրանսիայում` Անտուան Մոնկրետյենը, որն էլ առաջին անգամ շրջանառության մեջ է դրել «քաղաքատնտեսություն» եզրույթը։

Ժան Բատիստ Կոլբեր

Ուշ կամ զարգացած շրջանի մերկանտիլիզմը ընդգրկում է 16-րդ դարի երկրորդ կեսից մինչ 18-րդ դար ընկած ժամանակահատվածը։ Այդ շրջանում եվրոպական երկրներում աննախադեպ ծավալների էր հասել արտաքին առևտուրը, ինչն էապես խթանում էր ազգային տնտեսություններում արդյունաբերության զարգացմանը։ Առևտրային և տնտեսական առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար ուշ շրջանի մերկանտիլիստները խորհուրդ էին տալիս գրավել արտաքին շուկաները համեմատաբար էժան ապրանքներով, ինչպես նաև եկամուտներ ապահովել մեկ երկրի ապրանքներն այլ երկրներում վերավաճառելով, թույլատրել ապրանքների ներմուծումը` բացառությամբ շքեղության ապրանքների, թույլատրել երկրից ոսկու և արծաթի արտահանումը առևտրային գործարքներ իրականացնելու նպատակով և այլն։

Ուշ շրջանի հայտնի մերկանտիլիստներից էին Անգլիայում Թոմաս Մանը, իսկ Ֆրանսիայում` Ժան Բատիստ Կոլբերը։

18-րդ դարում Անգլիայում մերկանտիլիզմին հաջորդեց դասական 5 տնտեսագիտությունը, որն այդպես կոչվեց տեսական և մեթոդական դրույթների համար, որոնք ընկած են ժամանակակից տնտեսագիտության հիմքում։ Տնտեսագիտությունը այս ժամանակաշրջանից սկսած աստիճանաբար ձեռք է բերում գիտական ուսմունքի կարգավիճակ, որի հիմնադիրներից առաջինը անգլիացի նշանավոր քաղաքական, հասարական գործիչ և գիտնական Ու. Պետին էր (1623-1687)։ Գիտական կարիերայի վաղ շրջանում Ու. Պետիի տնտեսագիտական հայացքները հենված էին մերկանտիլիզմի ուսմունքի վրա, որից նա ժամանակի ընթացքում ոչ միայն կարողացավ հրաժարվել, այլև հանդես գալ այդ տեսության սուր քննադատությամբ։ «Փողի մասին» իր տեսությունում նա ուշադրություն սկսեց դարձնել արտադրությանը` առևտրականների աշխատանքը համարելով անարտադրողական։ Մերկանտիլիզմի ուսմունքի հիման վրա ընդունված օրենքները փողի արտահանման վերաբերյալ նա համարում էր «անբնական», միաժամանակ գտնելով, որ այդպիսի օրենքներով առաջնորդվող երկրները չեն կարող դիմանալ բնության օրենքներին։

Ու. Պետին առաջինն էր, որ ուշադրություն դարձրեց և հիմքեր նախապատրաստեց տնտեսագիտությունում արժեքի աշխատանքային տեսության զարգացման համար։ Նա պնդում էր, որ արժեքը ստեղծվում է արտադրության մեջ, իսկ առևտրականները պարզապես եկամուտներ են ստանում արդյունք ստեղծողների հաշվին։ Պետիի համոզմամբ աշխատանքը հարստության հայրն է, հողը` մայրը, իսկ ապրանքի արժեքը պայմանավորված է դրա ստեղծման ընթացքում աշխատանքի և հողի մասնակցությունով։ Նրա տեսությունը թերի էր, քանզի իր պատկերացմամբ արժեք ստեղծում է այն աշխատանքը, որի կիրառմամբ արտադրվում էր բարիքը և դրա հիման վրա ձևավորվում էր ապրանքի «բնական գինը»։ Մյուս կողմից, Պետին հաշվի չէր առնում աշխատանքի հետ կապված այնպիսի կարևոր իրողություններ, ինչպես աշխատողների մասնագիտական ունակություններն ու կարողությունները, տեխնոլոգիաները, արտադրության գործիքներով զինվածության աստիճանը և այլն։

Ֆիզիոկրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական տնտեսագիտության կայացման ու զարգացման գործում կարևոր դեր է խաղացել նաև ֆիզիոկրատների դպրոցը, որի հիմնադիրն էր Ֆրանսուա Քենեն (1694-1774)։ «Ֆիզիոկրատիա» բառն ունի հունական ծագում և թարգմանաբար նշանակում է բնության իշխանություն։ Ֆիզիոկրատները որոշիչ դեր էին հատկացնում գյուղատնտեսական արտադրության ոլորտներին։ Տնտեսագիտության զարգացման առումով ֆիզիոկրատների կարևոր ներդրումն այն առաջընթաց մոտեցումն էր, որով հաղթահարվեց մերկանտիլիստների այն հիմնարար կանխադրույթի կենսունակությունը, թե հարստություն ստեղծվում է միայն շրջանառության ոլորտում։ Նրանք հարստության ստեղծման աղբյուր էին համարում գյուղատնտեսությունում կիրառվող արտադրողական աշխատանքը, դրանով իսկ շարունակելով զարգացնել արժեքի աշխատանքային տեսությունը։

Ֆիզիոկրատները առաջին անգամ փորձեր կատարեցին կազմելու հասարակական վերարտադրության և ստեղծված տարեկան ամբողջական արդյունքի շրջապտույտի մակրոտնտեսական մոդելը (այն հայտնի է տնտեսագիտությունում Քենեի «Տնտեսական աղյուսակ» անվամբ), որը հիմք հանդիսացավ մակրոտնտեսական հավասարակշռության 6 գիտական տեսությունների ու մոդելների համար։

Ֆիզիոկրատների տեսության էական թերությունն էր այն մոտեցումը, համաձայն որի, արտադրողական և հարստություն ստեղծող էր համարվում միայն գյուղատնտեսության մեջ կիրառվող աշխատանքը, որի շնորհիվ ստեղծվում է արտադրական ծախքերի նկատմամբ ավելի մեծ եկամուտ ապահովող «զուտ արդյունքը»։ Բոլոր նրանց, ովքեր ներգրավված չէին գյուղատնտեսությունում, այլ զբաղված էին արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ֆիզիոկրատները անվանում էին անպտուղ դասակարգ, քանզի գործունեության այս տեսակները չեն ստեղծում «զուտ արդյունք»։ Ֆրանսուա Քենեն տեսական և կիրառական հարթություններում քննադատության ենթարկեց մերկանտիլիստական հայացքները, հիմնավորելով, որ նրանց գաղափարների վրա կառուցված տնտեսական քաղաքականությունը, ինչն արտահայտվում էր պետության ակտիվ միջամտությամբ, խախտում է տնտեսական բնականոն հավասարակշռությունը և զարգացման բնական ընթացքը։

Ֆիզիոկրատների դպրոցի մեկ այլ նշանավոր ներկայացուցիչ` Պիեռ Բուագիլբերը (1646-1714) դարձավ ֆրանսիական դասական քաղաքատնտեսության նախահայրը։ Բուագիլբերը քաղաքատնտեսության ուսումնասիրման առարկան համարում էր արտադրության ոլորտի հիմնահարցերի վերլուծությունը։ Նրա կարծիքով, ոչ հողի, ոչ էլ փողի տիրապետումը չի ապահովի հարստություն, եթե հողերը չեն մշակվում, իսկ փողը չի փոխանակվում կենսականորեն անհրաժեշտ առարկաների հետ։ Իր գիտական ուսումնասիրություններում Պ. Բուագիլբերը ևս հանգեց արժեքի աշխատանքային տեսությանը` ուսումնասիրելով շուկայում ապրանքների փոխանակային հարաբերությունների մեխանիզմը, հաշվի առնելով ծախսված աշխատանքի քանակը, աշխատաժամանակը։ Նա տարբերել է ապրանքի շուկայական գինը և «իսկական արժեքը», որի համար չափանիշ էր համարում աշխատաժամանակը։ Փոխանակման գործառույթներում Պ. Բուագիլբերը փողին հատկացնում էր շրջանառությունը ապահովող հասարակ գործիքի դեր։

Ֆիզիոկրատները քննադատելով մերկանտիլիստների տնտեսական գործընթացներում փողի բացարձակ դերի մասին դրույթը, իրենց հերթին, բացարձականացնում էին գյուղատնտեսության դերը երկրի տնտեսության մեջ։

Տնտեսական քաղաքականության առումով ֆիզիոկրատները մերժում էին պետության որևէ միջամտություն տնտեսությանը։ Տնտեսական լիբերալիզմի նրանց գաղափարախոսությունն ամփոփված էր «Թույլատրեք անել այն, ինչ ցանկանում են, թույլ տվեք գնալ այնտեղ, ուր ուզում են» լոզունգներում (ֆր.՝ Laissez faire, laissez passer):

Անգլիական դասական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ արդարության, լրիվ ազատականության և լրիվ հավասարության հաստատում. Ահա այն շատ պարզ գաղտնիքը, որը ամենալավ ձևով է ապահովում բոլոր խավերի բարգավաճումը[4]։

Ադամ Սմիթը` տնտեսագիտության հայրը

Արդի տեսքով դասական տնտեսագիտությունը իր գոյությամբ պարտական է, նախ և առաջ, անգլիացի նշանավոր մտածող Ադամ Սմիթին (1723-1790), որի գիտական հետաքրքրությունների շրջանակը կազմում էին տնտեսագիտությունից բացի մաթեմատիկան, աստղագիտությունը, դասական լեզուները, փիլիսոփայությունը, իրավագիտությունը և այլն։ Ա. Սմիթը իր գիտական ուսումնասիրություններով հանրագումարի բերեց մինչ այդ եղած տնտեսագիտական ուսմունքները և դրեց դասական տնտեսագիտության ձևավորման հիմքը։ Նա քննադատեց ֆիզիոկրատական և մերկանտիլիստական տեսությունները, միաժամանակ ընդունելով և զարգացնելով դրանցում եղած որոշ դրույթներ։ Նա ընդունում էր ֆիզիոկրատների առաջարկած բնական կարգի ձևավորման և տնտեսական ազատականացման հայեցակարգը, միևնույն ժամանակ համամիտ էր մերկանտիլիստների հետ արդյունաբերական և առևտրային կապիտալների արտադրողական լինելու հարցում։ Հարստությունը, ըստ Ա. Սմիթի, ստեղծվում է նյութական արտադրության բոլոր ճյուղերում, քանզի դրա աղբյուրը աշխատանքն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության մեջ դեռևս ձևավորված չէր մեքենայական արտադրությունը, Սմիթը աշխատանքի արտադրողականության աճը կապում էր աշխատանքի հասարակական բաժանման հետ։

1776 թվականին Ա. Սմիթը հրապարակեց իր գլխավոր աշխատությունը` «Ազգերի հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն», որում արժեքի աշխատանքային տեսության հիման վրա ընդհանրացրեց իր տնտեսագիտական հայացքները կապիտալիստական տնտեսակարգի և շուկայական տնտեսության, շահույթի, աշխատավարձի, ռենտայի ու եկամուտների վերաբերյալ։ Նա մերժում էր այն դրույթը, ըստ որի ապրանքի դրամական արժեքը հարկ է հաշվարկել վերջինիս սպառողական արժեքի հիման վրա։ Ըստ Սմիթի` ապրանքի դրամական արժեքի աղբյուրն ու չափը աշխատանքն է, ընդ որում շուկան հաշվի է առնում ապրանքի արտադրության ոչ թե անհատական աշխատանքային ծախսումները, այլ հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքը, որի ներքո նա նկատի ուներ տվյալ պայմաններում արտադրության աշխատանքի միջին ծախսը։

«Ազգերի հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատությունը բաղկացած է 5 գրքից։ Առաջին գրքում լուսաբանվել է հիմնական տնտեսագիտական կատեգորիաների` արժեքի, փողի, հողային ռենտային, աշխատանքի բաժանման բովանդակությունը։ Երկրորդ գիրքը նվիրված է կապիտալի բնույթի, վերջինիս կուտակման և կիրառելիության հետ կապված խնդիրների վերուծությանը։ Երրորդ գրքում Ադամ Սմիթը անդրադարձել է Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսական պատմությանը։ Հաջորդ գլխում հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել իր ժամանակի տնտեսագիտական ուսմունքները` մերկանտիլիզմն ու ֆիզիոկրատների դպրոցը։ Աշխատության վերջին գլուխը նվիրված է անգլիական կառավարության տնտեսական քաղաքականության վերլուծությանը։

Սմիթը տնտեսական լիբերալիզմի ջատագով էր, կարևորում էր տնտեսական գործընթացների բնական զարգացման ընթացքին չխոչընդոտելու քաղաքականության իրականացումը պետության կողմից։ Ֆիզիոկրատներից փոխառելով այս առանցքային դրույթները, միևնույն ժամանակ «բնության կենսատու ուժի» փոխարեն, նա իր տեսության հիմքում է դնում մարդու էությանը ապրիորի բնորոշ հատկությունը` եսասիրությունը, անձնական շահը հնարավորինս առավելագույն բավարարելու ձգտումը։ Սմիթի պատկերացմամբ, տնտեսության յուրաքանչյուր մասնակից, հիմք ընդունելով ողջամիտ (ռացիոնալ) տնտեսական գործունեություն իրականացնելու կանխադրույթը, հստակ պատկերացնում է ինչպես իր անձնական տնտեսական շահերը, այնպես էլ դրանք առավելագույնս բավարարելու եղանակներն ու միջոցները։ Դրա արդյունքում շուկան 8 դառնում է այն միջավայրը, որտեղ բախվում են եսասիրական նկրտումներ ունեցող մասնակիցները և նրանց փոխադարձաբար սահմանափակող գործողությունների շնորհիվ ձևավորվում է ընդհանուր հասարակական բարիքն ու բավարարվում է հասարակական շահը։ Այսինքն, մարդկանց տնտեսական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե հասարակական դաշինքով, այլ ձևավորվում են ինքնաբուխ կերպով, անկախ տնտեսավարող սուբյեկտների կամքից կամ ցանկություններից։

Այսպիսով, տնտեսության արդյունավետ գործունեությունը բխելով անձնական, մասնավոր շահի առավելագույն բավարարման կանխադրույթից` իրականություն է դառնում շուկայի ինքնակարգավորվող մեխանիզմների օգնությամբ, որի հիման վրա էլ Ա. Սմիթն առաջ քաշեց իր տեսության համար առանցքային հանդիսացող «շուկայի անտեսանելի ձեռք» դրույթը։ Ըստ Սմիթի` տնտեսության յուրաքանչյուր մասնակից ավելի շուտ կհասնի իր նպատակին, եթե դիմի այլոց եսասիրությանը, քան առաջնորդվի հասարակական շահով։ Նա պնդում էր, որ յուրաքանչյուր անձ առաջնորդվելով անձնական շահով, առավել գործուն է աջակցում հասարակական շահերի բավարարմանը, քանզի հակառակ դեպքում չէր պահպանվի ռեսուրսների արդյունավետ բաշխման և օգտագործման սկզբունքը և կվերանար տնտեսական մրցակցությունը։ Սմիթի առաջարկած մոդելի շրջանակում տնտեսության բնականոն զարգացում հնարավոր է միայն ազատ մրցակցության և տնտեսական լիբերալիզմի պայմաններում, ուստի և «անտեսանելի ձեռքի» կանխավարկածը ենթադրում է «տնտեսական մարդու» գործունեության և պետության միջամտության այնպիսի հարաբերակցություն, որի պայմաններում լավագույնս կդրսևորվեն ազատ տնտեսական զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները։ Ադամ Սմիթի մոտ տնտեսության զարգացման «բնական կարգը» դիտարկվում էր հավիտենական, քանզի անփոփոխ են մարդու բնույթն ու էությունը։ Այստեղից էլ բխեցվում է նմանօրինակ իրավիճակից ածանցվող տնտեսական օրենքների ու օրինաչափությունների անկախությունը, օբյեկտիվությունը և հավիտենականությունը։

Տնտեսագիտության զարգացման առումով, ուշարժան է այն փաստը, որ Սմիթն է առաջին անգամ կիրառության մեջ դրել համախառն և զուտ եկամուտ տնտեսագիտական կատեգորիաները։

Դավիթ Ռիկարդոն և դասական քաղաքատնտեսության հետագա զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ռիկարդո

Անգլիական դասական տնտեսագիտության դպրոցի մեկ այլ նշանավոր ներկայացուցիչ Դավիթ Ռիկարդոյի (1772-1823) տնտեսագիտական հայացքները արտացոլում էին կապիտալիստական տնտեսակարգի զարգացման ավելի ուշ շրջանը և ամփոփված են 1817 թվականին հրապարակված «Քաղաքատնտեսության և հարկման սկզբունքները» աշխատությունում։ Լինելով կապիտալիզմի զարգացման մեքենայական դարաշրջանի ականատեսը` նա կարողացավ բացահայտել իր ժամանակի տնտեսակարգի ներքին հակասությունները։ Նրա գիտական ժառանգության երեք հիմնական դրույթներն են հանդիսանում հողային ռենտայի և շահույթի, շահույթի և աշխատավարձի միջև եղած հակադրությունների բացահայտումն ու դրա հիման վրա բաշխման կատեգորիան առաջնային պլանում դնելը[5]։

Տնտեսագիտության զարգացման առումով անգնահատելի է Ռիկարդոյի գիտական ժառանգությունը։ Նա մշակեց և կիրառության մեջ դրեց այնպիսի նշանակալի տեսություններ, ինչպես ռենտայի տեսությունը, փողի քանակական տեսությունը, միջազգային առևտրում համեմատական ծախսերի սկզբունքը և մի շարք այլ դրույթներ, որոնցից շատերն առ այսօր կիրառության մեջ են արդի տնտեսագիտությունում։ Ռիկարդոյի գիտական ստեղծագործությունը նշանակալի է նաև այն առումով, որ առաջին անգամ որոշակի հստակությամբ և համոզմունքով հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունների վերլուծությունը նա համարեց տնտեսագիտության ուսումնասիրության առարկայի բաղկացուցիչ մաս։

Ռիկարդոն տնտեսության զարգացումը դիտարկում է հասարակության սոցիալական գործընթացների համատեքստում, ինչը էական նվաճում էր տնտեսագիտական մտքի զարգացման պատմության մեջ։ Եթե միջնադարյան մտածողները մարդկանց տնտեսական գործունեությունից ածանցվող սոցիալական հարաբերությունների կարգավորման սկզբունքի իրականացումը պատկերացնում էին բարոյականության պահանջներին և քրիստոնեական նորմերին համապատասխանեցնելու տեսքով, իսկ Ա. Սմիթն այն կապում էր մարդկանց «բարոյական զգացումների» հետ, ապա Ռիկարդոն առաջին անգամ պնդեց, որ տնտեսագիտությունը սոցիալական անհավասարությունն ու հակասությունները պետք է բացատրի տնտեսագիտորեն, այսինքն, բացահայտի դրանց տնտեսական և սոցիալական պատճառները` հիմք ընդունելով բաշխման գործառույթի առանձնահատկությունները և իրականացման մեխանիզմները։

Տնտեսագիտական տեսության հիմնական ուղղությունների ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարքս
Das Kapital գրքի առաջին էջը, որի հեղինակը Կարլ Մարքսն է

Այն հասարակությունների հարստությունը, որոնցում կապիտալիստական ռեժիմն է գերակայում, իրենից ներկայացնում է ապրանքների հսկայական կուտակում, իսկ դրա մի հատվածը` մի ապրանք։ Հետևաբար, մեր հետաքննությունը պետք է սկսի հենց ապրանքների հետազոտություններից[6]։

Տնտեսագիտության զարգացումը 19-րդ դարից սկսած հայտնվեց տնտեսական հարաբերությունների հակասական զարգացման հորձանուտում և տնտեսակարգի փոփոխություններին արձագանքելու տեսանկյունից սկսեց դրսևորել երկակի մոտեցում։ Հասարակության սոցիալական հարաբերությունների և հակասությունների ուսումնասիրումը աստիճանաբար մղվում էր ետին պլան և տնտեսագիտության ուշադրությունը ավելի ու ավելի էր կենտրոնանում տնտեսության գործունեության վրա։ Տնտեսագետների շրջանում տիրապետող էր դառնում ձգտումը զբաղվելու զուտ տնտեսական գործընթացների ուսումնասիրությամբ` փորձելով ձերբազատվել մարդկանց տնտեսական գործունեության սոցիալական նախադրյալներից ու հետևանքներից։ Հասարակության սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության նմանօրինակ առաջնահերթություններից որևէ մեկին նախապատվություն տալը հանգեցրեց երկու հիմնական ուղղությունների ձևավորմանը տնտեսագիտության մեջ։

Առաջին ուղղության ներկայացուցիչները, որոնց շարքում կարելի է առանձնացնել Ժան Սիսմոնդին և մարքսիստներին, իրենց ուշադրությունը կենտրոնացրեցին հասարակության սոցիալական հարաբերությունների ուսումնասիրությանը։

Ժան Սիսմոնդին (1773-1842) հանդես էր գալիս կապիտալիզմին բնորոշ հակասությունների քննադատությամբ, ընդդեմ խոշոր կապիտալի` պաշտպանելով փոքր բիզնեսի շահերը։ Հասարակական տարբեր խմբերի շահերի ներդաշնակեցման հնարավորությունը նա հիմնավորում էր փոքր արտադրության զարգացմամբ, ինչը նախադրյալներ կստեղծեր նաև տնտեսակարգի հակասությունները հաղթահարելու 10 համար։ Հիշարժան է, որ մեր օրերում ևս տնտեսության և հասարակության զարգացման արդյունավետ միջոց և հնարավորություն է դիտվում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը։

Կապիտալիզմի սոցիալ-տնտեսական վերլուծությունը ֆունդամենտալ հիմքերի վրա էր դրված մարքսիստական ուղղության մտածողների աշխատություններում։ Տնտեսագիտական այս ուղղության հիմնադիր Կարլ Մարքսի (1818-1883) տնտեսական համակարգը հենվում էր արտադրողական ուժերի զարգացման ու հասարակության բովանդակության վերաբերյալ մատերիալիստական հայացքները դիալեկտիկայի հետ կապող մեթոդաբանական սկզբունքների վրա։ Մարքսի սոցիալ-տնտեսական տեսությունում տնտեսության բովանդակությունը դիտարկվում էր հասարակության բովանդակության զարգացման պրիզմայով, իսկ բուն տնտեսական հարաբերությունները` որպես սեփականության հարաբերությունների համակարգ։ Ելնելով արժեքի աշխատանքային տեսությունից, նա առաջին պլան մղեց կապիտալիստական հասարակարգում մարդու կողմից մարդու շահագործման խնդիրը, կապիտալիստների և վարձու աշխատողների հակադրությունը։ Մարքսիզմը դարձավ 20-րդ դարի սոցիալիստական հեղափոխությունների տեսական հիմնավորումը։

Տնտեսագիտական տեսության մյուս ուղղությունը ուշադրությունը կենտրոնացնում էր ոչ թե հասարակության սոցիալական հարաբերությունների ուսումնասիրության վրա, այլ հետազոտում էր ապրանքային հարաբերությունների համակարգի գործառնությունը, տնտեսական որոշումների կայացման գործընթացում համակարգի առանձին տարրերի միջև փոխադարձ կապերն ու փոխներգործությունը։

Երկրորդ ուղղության` սահմանափակ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերլուծության, ձևավորման և զարգացման համար էական խթան հանդիսացավ տնտեսագիտական տեսության մեջ մաթեմատիկական վերլուծության մեթոդի զարգացումը` շնորհիվ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի այնպիսի նշանավոր գիտնականների աշխատանքների, ինչպես Ա. Կուրնոն, Հ. Հոսսենը, Լ. Վարասը և իհարկե Պարետոն։ Այս ուղղության զարգացման վրա նշանակալի ազդեցություն ունեցավ Կ. Մենգերի, Ֆ. Վիզերի և Ե. Բեմ-Բավերկի կողմից մշակված մարգինալիզմի տեսությունը (անգլ.՝ marginal analysis` սահմանային վերլուծություն)։

Ալֆրեդ Մարշալ

Տնտեսագիտական տեսության երկու ուղղությունները մարգինալիզմի մեթոդաբանական համակարգի հիման վրա և միկրոէկոնոմիկայի շրջանակում միավորելու փորձ կատարեց նոր դասական տեսության դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը (1842-1924)։ Դա արտահայտվեց գնագոյացման մեխանիզմի երկակի մոտեցման տեսքով` պահանջարկի կողմից սահմանային օգտակարության տեսության շրջանակում և առաջարկի կողմից` արտադրության գործոնների հայեցակարգի շրջանակում[7]։ Մարշալի գաղափարները հետագա զարգացում ստացան Ջ. Կլարկի և Ի. Շումպետերի կողմից` տնտեսական վերլուծության դինամիկայի ներմուծմամբ, ինչը հնարավորություն տվեց տնտեսական համակարգի իրական փոփոխությունները դիտարկել ժամանակի ընթացքում և մակրոէկոնոմիկայի դիրքերից։

Տնտեսական գործընթացների վերլուծությունը նրանք տեղափոխեցին մակրոէկոնոմիկայի միջավայր` հետազոտության առարկա դարձնելով տնտեսության դինամիկան և պարբերաշրջանային զարգացումը։ Տնտեսական հարաբերությունների և դրանց ուսումնասիրությանը միտված տեսությունների զարգացման ընթացքը պարտադրում էր անհրաժեշտորեն ուշադրություն դարձնել կապիտալիզմի զարգացմանը ուղեկցող նոր իրական հիմնախնդիրներին և, նախ և առաջ, սոցիալական հիմնահարցերին։ Այս առումով, ուշարժան էր Ա. Պիգուի «Բարեկեցության տնտեսագիտական տեսություն» աշխատությունը, որտեղ հետազոտության կենտրոնում շուկայական տնտեսության սոցիալական խնդիրների քննարկումն է մարգինալիստական հայեցակարգի շրջանակում։ Պիգուն հիմնավորում էր պետության միջամտությամբ եկամուտների վերաբաշխման ճանապարհով սոցիալական բարեկեցության վրա ազդելու անհրաժեշտությունը։ Տնտեսագիտության զարգացման բովանդակային առումով նոր փուլ սկսվեց 20-րդ դարում, որի բնորոշ առանձնահատկությունը տնտեսական վերլուծությունների նշանակետի տեղափոխումն էր միկրոմակարդակից մակրոմիջավայր։ Տնտեսական վերլուծությունների ուղղվածության, բնույթի և մասշտաբի այսօրինակ փոփոխությունները, նախ և առաջ, բխում էին կապիտալիստական տնտեսակարգում տեղի ունեցող փոփոխություններից։ Հատկապես 20-րդ դարի առաջին կեսին ոչ միայն ակնառու դարձան, այլև տագնապալի ծավալով ու խորությամբ սկսեցին դրսևորվել տնտեսակարգի հակասությունները, մակրոտնտեսական անկայունությունը, անկումներն ու ճգնաժամերը, որի գագաթնակետը կապիտալիստական ողջ աշխարհը ցնցած 1929-1933 թվականներին «Մեծ Դեպրեսիան» էր։

Այդ ժամանակաշրջանի տնտեսագիտական որևէ ուղղություն կամ տեսություն անզոր էր ոչ միայն բացահայտելու դեպրեսիայի պատճառները, այլ ուրվագծելու դրա հաղթահարման ուղիներն ու եղանակները։ Տնտեսագետներին, որոշումներ կայացնողներին և ընդհանրապես հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխանները ամփոփված էին 1936 թվականին հրապարակված անգլիացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատությունում[8]։

Քեյնսի առաջարկած տեսությունը շրջադարձային էր տնտեսագիտության պատմության մեջ[9]։ Նա տնտեսագիտական հետազոտության ոլորտը լրացրեց մակրոտնտեսական մոդելով և հենվելով դրա վրա կարողացավ փաստացի իրողությունների վերլուծությամբ հիմնավորել, որ տնտեսությունը, ինչպես պնդում են դասականները, միայն «անտեսանելի ձեռքի» օգնությամբ չի կարող ինքնակարգավորվել, պետության կողմից տնտեսական գործընթացներին միջամտության բացակայության պայմաններում արդի աշխարհում անհնար է ապահովել մակրոտնտեսական կայունություն և հավասարակշռություն, անխուսափելի են լինելու տնտեսական անկայունությունն ու պարբերաշրջանային անկումները, որոնք վերածվելու են նորանոր ճգնաժամերի։ Նա հիմնավորեց արդի տնտեսությունների պետական կարգավորման անհրաժեշտությունը արդյունավետ պահանջարկի միջոցով, որն հնարավոր է ապահովել ծախսումների ու ներդրումների և պետական ակտիվ հարկաբյուջետային քաղաքականության օգնությամբ[10]։

Քեյնսի և իր նախորդների տնտեսագիտական մոդելների հիմնական տարբերությունները հանգում էին հետևյալին.

  • Դասականների տնտեսագիտական վերլուծությունների համար հիմք էր ընդունվում միկրոմակարդակը, Քեյնսի տեսությունը ներառում է մակրոմակարդակը։
  • Եթե դասականները հակված էին ընդունելու, որ միկրոմակարդակում տնտեսական արդյունավետ գործունեությունը ի զորու է ապահովել մակրոտնտեսական կայուն և հավասարակշռված վիճակ, ապա Քեյսնը ոչ միայն մերժում էր մշտական հավասարակշռված վիճակի հնարավորությունը, այլև հիմնավորում էր տնտեսական տատանումների և հավասարակշռության վիճակների խախտման անխուսափելի իրողության հնարավորությունը։
  • Եթե մարքսիզմի ներկայացուցիչները կապիտալիզմին բնորոշ անկայունությունը դիտում էին որպես այդ տնտեսակարգի կործանման նախապայման, ապա Քեյնսը համոզված էր, որ շուկայական ինքնակառավարման մեխանիզմների բազմազանությունն ու արդյունավետ պետական քաղաքականությունը հնարավորություն կտան հաղթահարել տնտեսական անկումները և վերականգնել մակրոտնտեսական հավասարակշռությունը ։

Քեյնսը մակրոտնտեսագիտության տեսության առանցքում փողի և գների փոխարեն դրեց եկամուտը, զբաղվածությունը և տոկոսը, կառուցեց մոդելներ, որոնց օգնությամբ հնարավոր էր վերլուծել, ստուգել, կանխատեսել և կարգավորել տնտեսական գործընթացները։

Հետպատերազմյան շրջանում շուկայական տնտեսության խթանման ուղիների որոնումը, քեյնսյան տեսությանը զուգահեռ, իրենց արտահայտությունը գտան նաև ժամանակի ազատական լիբերալիզմի հայեցակարգերում։ Ի տարբերություն Քեյնսի, մոնետարիստները Մ. Ֆրիդմանի գլխավորությամբ տնտեսական կարգավորման գործառույթներում առանձնահատուկ նշանակություն էին տալիս փողի զանգվածին և ինֆլյացիոն գործընթացների վրա վերջինիս ազդեցությանը։ Առաջարկի խթանման տեսության կողմնակիցները (Ա. Լաֆֆեր, Մ. Էվանս) իրենց աշխատություններում ուշադրություն էին հրավիրում կորպորացիաների գործունեությունը խթանելու անհրաժեշտության վրա։ Ռացիոնալ սպասումների տեսությունը (Ջ. Մուտ, Ռ. Լուկաս) շեշտադրում էր շուկայական տնտեսության կոնյուկտուրային և իրողություններին տնտեսական սուբյեկտների հարմարվելու ունակությունը և դրա հիման վրա սեփական վարքագծի դրսևորմանն ու որոշումների կայացման գործընթացի առանձնահատկու- թյունները։ Հասարակական ընտրության տեսության կողմնակիցները (Ջ. Բյուկենեն, Մ. Օլսոն) փորձում էին հաղթահարել պետության կողմից տնտեսության կարգավորման թույլ կողմերը` անհատականության սկզբունքը դիտելով որպես հասարակական որոշումների կայացման հիմք։

Տնտեսագիտության սոցիալ-տնտեսական ուղղությունը 20-րդ դարում գերակայող դարձավ Խորհրդային Միությունում և սոցիալիստական ճամբարի երկրներում, ինչն արդյունքում հանգեցրեց այս տեսության այլասերմանը։

Արդի տնտեսագիտության հիմնական բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տնտեսագիտության տեսությունն իրենից ներկայացնում է տնտեսագիտական ուսումունքների, տեսությունների, դպրոցների և ուղղությունների բազմադարյան զարգացման ու էվոլյուցիայի արդյունք, որի արդի կառուցվածքը, նախ, պարզագույնից մինչև բարդ խառը տիպի տնտեսական համակարգերի ձևավորման ու զարգացման արդյունքն է, քանզի կոչված է արտացոլելու դրանցում տեղի ունեցող գործընթացներն ու հարաբերությունները։

Երկրորդ, արդի տնտեսագիտության տեսության կառուցվածքի վրա նշանակալի ազդեցություն է ունեցել ազգային տնտեսությունների մոդելների բազազանությունն ու առանձնահատկությունները։

Եվ, վերջապես, ժամանակակից տեսությունը տնտեսագիտության վերլուծական և հետազոտական հնարավորությունները ընդլայնող գիտական բազմաթիվ քանակական և որակական մեթոդների զարգացման արդյունքն է։ Ժամանակակից տնտեսագիտությունը տնտեսական գիտությունների համակարգ է, որոնք միմյանց կապված են հետազոտության ընդհանուր առարկայով` մարդկանց տնտեսական հարաբերությունները, ընդ որում` այդ միասնությամբ հանդերձ, համակարգում ներառված գիտություններից յուրաքանչյուրն ունի հետազոտության իր առարկան։

Որպես արդի տնտեսագիտական տեսության կարգակառույցի բաղկացուցիչ մասեր, կարելի է տարանջատել հետևյալ գիտական ուղղությունները`

  1. սահմանափակ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման տեսություն։
  2. Սոցիալ-տնտեսական տեսություն։
  3. Ինստիտուցիոնալ տեսություն։
  4. Տնտեսագիտական տեսությունների պատմություն։ Տնտեսագիտական բոլոր գիտությունների համար ընդհանուր հիմք է հանդիսանում տնտեսագիտության տեսությունը, որը յուրահատուկ տեսական հիմք է հանդիսանում մնացյալ ճյուղերի համար։

Տնտեսագիտական գաղափարները Միջնադարյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան Հայաստանում տնտեսագիտությունը դեռևս գտնվում էր լինելիության պրոցեսում և նոր էր միայն ձևավորվում։ Ուստի, այդ ժամանակաշրջանի հայ հեղինակներից ոչ ոք հատուկ տնտեսագիտական ուսումնասիրություն չի թողել, և չենք էլ կարող նրանցից տնտեսագիտական երևույթների համակարգված վերլուծություն ակնկալել[փա՞ստ]։

Միջնադարյան Հայաստանի տնտեսագիտական գաղափարները ներկայացնելու համար սովորաբար առանձնացվում են ֆեոդալիզմի զարգացման երկու պատմական ժամանակաշրջաններ[փա՞ստ]՝

  1. Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջան (3-9 դդ․), որը բնութագրվում է ֆեոդալական հարաբերությունների ձևավորմամբ ու ամրապնդմամբ։ Ստեղծվում էր ֆեոդալական հիեարխիան, որը հիմնված էր արտադրության հիմնական միջոցի՝ հողի նկատմամբ սեփականության և նրա վերաբաշխման համար մղվող պայքարի վրա։ Այս ժամանակահատվածում Հայսատանը գտնվում էր պարսկական և բյուզանդական, այնուհետև արաբական ;ծի տակ։
  2. Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջան (10-14 դդ․), երբ Հայաստանը թոթափում է արաբական տիրապետությունը և, ձեռք բերելով քաղաքական անկախություն, թևակոխում է սոցիալ-տնտեսական զարգացման մի շրջան, որը նշանավորվում է նրանով, որ ստեղծվում են կալվածատիրական բնույթի տնտեսություններ և ամրապնդվում է ճորտատիրական տնտեսակարգը, զարգանում են արհեստներն ու առևտուրը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արիստոտել, Գիրք 2-րդ, մաս 5-րդ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. Spengler, Joseph J. (1964 թ․ ապրիլ). «Economic Thought of Islam: Ibn Khaldun». Comparative Studies in Society and History vol6 no. 3. Cambridge University Press. էջեր 268–306. JSTOR 177577. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  3. "Mercantilism," Laura LaHaye The Concise Encyclopedia of Economics (2008)
  4. Ադամ Սմիթ, Վիքիքաղվածք
  5. David Ricardo's Contributions to Economics, The Victorian Web
  6. Մարքս (1859) Zur Kritik der Politischen Oekonomie, Բեռլին, էջ 3.
  7. Principles of Economics,Ալֆրեդ Մարշալ, «Տնտեսագիտության և ազատականության գրադարան»
  8. Keynes (1919) The Economic Consequences of the Peace at The Library of Economics and Liberty
  9. Keynes (1919) Chapter VI, para 4
  10. Քեյնսը վիքիքաղվածքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]