Ամբողջական պահանջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամբողջական պահանջարկը գնողունակ պահանջարկ ունեցող արտադրված արտադրանքի և ծառայությունների քանակության և գների ընդհանուր մակարդակի միջև եղած կախվածությունն է։ Դա ցույց է տալիս ապրանքների ու ծառայությունների այն քանակությունը, որը պետք է գնվի գների ամեն տվյալ մակարդակի դեպքում։

Պահանջարկի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջարկն ապրանքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են գնել տվյալ պահին գործող շուկայական գնով։ Պահանջարկը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր սպառող որքան է ծախսում այս կամ այն ապրանքի ձեռք բերման համար այդ պահին գործող գնով և որքան կծախսեր, եթե գինը բարձրանար կամ իջներ։ Պահանջարկի և գնի միջև նման փոխկապվածությունը ցույց է տալիս՝ երբ գինը բարձր է սպառողները համեմատաբար քիչ են գնում, իսկ երբ գինը ցածր է համեմատաբար շատ են գնում։ Եվ քանի որ շուկայում գտները մշտապես փոխվում են, ուստի սպառողները գերադասում են ցածր գնով շատ գնել՝ գների մակարդակի բարձրացման մտավախության պատճառով։

Հավասարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ամբողջական պահանջարկի մոդել է հանդիսանում փողի քանակական տեսության հավասարումը՝

MV = PY

որտեղ՝

M - փողի առաջարկն է,

V - փողի շրջապտույտի արագությունը (այստեղ այն ընդունում ենք կայուն),

P - գնի մակարդակը,

Y - արտադրված ապրանքների և ծառայությունների քանակը

Կորի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական պահանջարկի կորն ուղղված է դեպի աջ՝ ներքև։ Համաձայն փողի քանակական տեսության հավասարման, փողի առաջարկի յուրաքանչյուր տրված մակարդակին համապատասխանում է արտադրության ծավալի որոշակի մեծություն՝ ընթացիկ գներով (PY)։ Եթե գների P մակարդակը բարձրանում է, ապա արտադրության Y ծավալը կրճատվում է։ Քանի որ փողի շրջապտույտի արագությունը ընդունված է կայուն, կատարված գործարքների անվանական ծավալը որոշվում է փողի առաջարկի չափերով։ Գնի մակարդակի բարձրանալիս ցանկացած գործարքի կատարման համար պահանջվում է փողի մեծ քանակություն և այդ պատճառով էլ գործարքների թիվը, հետևաբար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների քանակը փոքրանում է։ Արտադրության ծավալի աճի դեպքում մեծանում է կատարվող գործարքների թիվը, հետևաբար և պահանջվում է փողի մեծ պաշար M/P իրական արտահայտությամբ։ Փողի կայուն առաջարկի ժամանակ իրական փողի պաշարները կարող են աճել միայն գնի առավել ցածր մակարդակի սահմանման դեպքում։ Եվ հակառակը, գնի առավել ցածր մակարդակին համապատասխոնում են իրական փողի մեծ պաշարներ։ Դա հնարավորություն է տալիս կատարել մեծ գումարի գործարքներ. այսինքն ավելացնել արտադրանքի արտադրության ծավալը։ Փողի առաջարկի փոփոխությունը փոխում է ամբողջական պահանջարկի կորի դիրքը։ Փողի առաջարկի կրճատումը այն տեղափոխում է դեպի ձախ-ներքև, իսկ առաջարկի բարձրացումը՝ դեպի աջ։ Ամբողջական պահանջարկի փոփոխության պատճառ կարող է հանդիսանալ նաև փողի շրջապտույտի արագությունը։

Կորը տեղաշարժող ոչ գնային դետերմինանտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջական պահանջարկի կորը տեղաշարժող ոչ գնային դետերմինանտներն են՝

  1. սպառողական ծախսերի փոփոխություն (սպառողների բարեկեցություն, սպասելիքները, պարտավորությունները, հարկերը),
  2. ինվեստիցիոն ծախսերի փոփոխությունը (տոկոսադրույք, ինվեստիցիաներից սպասվող զուտ շահույթի մեծությունը, ձեռնարկություններից հարկվող հարկերը, տեխնոլոգիան, ավելցուկային հզորությունները),
  3. պետական ծախսերի փոփոխությունները, պետական ծախսերի աճը անփոփոխ գների մակարդակի դեպքում մեծացնում է ամբողջական պահանջարկը քանի դեռ հարկերըև տոկոսադրույքները մնում են անփոփոխ,
  4. զուտ արտահանման ծավալների փոփոխությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն Երևան, «Նահապետ», 2010 թ., 324 էջ
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752էջ։