Սպան և ծիծաղող աղջիկը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Սպան և ծիծաղող աղջիկը
Johannes Vermeer - De Soldaat en het Lachende Meisje - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր
տարի1658
բարձրություն50,5 սանտիմետր
լայնություն46 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՖրիկի հավաքածու[1]
հավաքածուՖրիկի հավաքածու
https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02b/08offic.html կայք
Officer with a Laughing Girl (Vermeer) Վիքիպահեստում

Սպան և ծիծաղող աղջիկը, նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկար: Ստեղծվել է 1655-1660 թվականների միջակայքում: Մինչև 1890 թվականը կախված է եղել Պրատոլինո վիլլայում, որ պատկանել է ռուս արդյունաբերող Պավել Դեմիդովին: 1911 թվականից գտնվում է Նյու Յորքում` Ֆրիկի հավաքածուում:

Նկարը Վերմեերին բնորոշ ոճով է: Կինը դեղին վերարկուով է, լույսն ընկնում է ձախ կողմի բաց պատուհանից, պատին մեծ քարտեզ է. այս բոլոր տարրերը հանդիպում են նկարչի այլ նկարներում ևս, սակայն այս նկարում հայտնվել է տղամարդ, որ նստած է սեղանի մոտ: Արվեստագետների մեծ մասը, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում նկարը, համակարծիք են այն հարցում, որ Վերմեերը ոգեշնչվել է Հերիտ վան Հոնտհորստի «Կավատուհին» նկարից, և նկարի հեռանկարը ստեղծվել է օբսկուրա խցիկով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի գլխավոր կերպարը աղջիկն է, որի դեմքը լուսավորված է ուղիղ ընկնող մեղմ լույսով: Նա նմանություն ունի Վերմեերի կնոջ հետ, որը, ինչպես հայտնի է, նկարչի շատ նկարների համար է բնորդ հանդիսացել: Ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել, որ Վերմեերը նախատեսել էր կնոջը պատկերել սպիտակ մեծ օձիքով, որը կծածկեր զգեստի մեծ մասը, իսկ գլխաշորը, որ ծածկում է գլուխն ամբողջությամբ, մեծացվել է, որպեսզի նկարը դիտողն իր ուշադրությունը սևեռի աղջկա դեմքի արտահայտության վրա: Ժանյակով զգեստը, որը կարելի է տեսնել Վերմեերի այլ նկարներում ևս, կոչվել է սկորտ և եղել է ամենօրյա զգեստ: Կապույտ գոգնոցը, որ աղջիկը հագել է զգեստի վրայից, և որը մասամբ ծածկվել է սեղանի ստվերում, նույնպես լայնորեն տարածված է եղել: Հագուստից արվեստագետները եզրակացնում են, որ սպայի այցելությունն անակնկալ է եղել աղջկա համար, որ մինչ նրա ժամանելը զբաղված է եղել առտնին գործերով: Աղջկա ձեռքին գավաթ է` նախատեսված սպիտակ գինու համար, որն ավելի թանկ է եղել, քան գարեջուրը. դա ընդգծում է նրա առավելությունը:

Սպան կարմիր անձրևանոցով է, գլխին ունի թանկարժեք գլխարկ, որ ցույց է տալիս նրա բարեկեցությունը և բարձր կոչումը: Կուղբի մորթուց լայնեզր գլխարկը նախատեսված է եղանակային խիստ պայմանների համար: Նման գլխարկների հումքը բերվել է Նոր Նիդերլանդներից (Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատված), որը եղել է Հոլանդական արևմտահնդկական ընկերության վերահսկողության ներքո: Հագուստի կարմիր գույնը ասոցացվում է կրքի ու հզորության հետ, ինչը նկարին զգայական-ռոմանտիկ տրամադրություն է հաղորդում: Սպայական կոչման մասին է վկայում սև ուսակապը: Չնայած նկարի գլխավոր հերոսը աղջիկն է, սակայն սպայի խոշոր կերպարանքը առաջինն է աչքի ընկնում: Նրա ներկայությունն ավելացնում է դրամատիզմը և առեղծվածայնությունը: Գեղարվեստական այս հնարքը` օբյեկտին առջևի պլանում պատկերելը ֆոնի խորքայնությունն ընդգծելու նպատակով, կոչվում է ռեպուսար: Այս տեխնիկան հաճախ է կիրառել Կարավաջոն, և Վերմեերը կարող էր այն փոխառել կարավաջիզմի ներկայացուցիչների նկարներից:

Աղջկա և սպայի զրույցի թեման անհայտ է: Արվեստագետների մեծ մասը կարծում է, որ տեսարանը պատկերում է սպայի նպատակաուղղված ու անմեղ հետամտումը, սակայն մյուսները աղջկա ժպիտի և առաջ մեկնած ձախ ձեռքը ինտիմ բնույթի ծառայությունների ակնարկ են համարում: Քարտեզները, որ ներկայացված են մանրամասն դետալներով, հանդես են գալիս Վերմեերի մի շարք նկարներում, ինչը վկայում է քարտեզագրության նկատմամբ ունեցած նրա հատուկ հետաքրքրությունը: Կա կարծիք, որ «Սպան և ծիծաղող աղջիկը» նկարում պատկերված քարտեզը ներկայացնում է Բալթազար Ֆլորիս վան Բերկենրոդի Հոլանդիան ու Արևմտյան Ֆրիզլանդը. այն կարելի է տեսնել Վերմեերի երկու այլ նկարներում: Մեր օրեր չհասած քարտեզը հայտնի է արխիվային աղբյուրներից և երկրորդ հրատարակությունից, որ տպագրել է Վիլեմ Բլաուն 1621 թվականին[2]:

Պատուհանն ու լուսավորվող տեսարանները բնորոշ են Վերմեերի այլ աշխատանքներին ևս (հնարավոր է այն պատճառով, որ այդպիսին է եղել նկարչի արվեստանոցի լուսավորությունը): Պատուհանը նման է «Կաթնավաճառուհին», «Պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը» նկարների պատուհաններին, որոնք Վերմեերը նկարել է մանրազնին` ուշադրություն դարձնելով դետալներին: Պատուհանից երևում են պատի մի մասը և անհասկանալի ստվերներ, քանի որ Վերմեերը երբեք հանդիսատեսին թույլ չի տալիս իր նկարներից դիտել արտաքին աշխարհը:

Որոշ արվեստագետներ կարծում են, որ աշխատելով նկարի հեռանկարի վրա` Վերմեերը կիրառել է օբսկուրա խցիկ: Մաթեմատիկական հաշարկներ կատարելու փոխարեն` նա կարող էր բնորդների չափերը գնահատել մեխանիկական այդ սարքի օգնությամբ: Այս վարկածը հաստատող պատմական վկայություններ չկան, սակայն Վերմեերի նկարների անթերի հեռանկարը հիմք է տալիս նման ենթադրություն անելու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:275
  2. van der Krogt, Peter. 1998. «Vermeer’s Blaeu Period.» Mercator’s World. Volume 3 (5) September/October 1998. Page 82.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]