«Կիթառահարուհին» (հոլ.՝ De gitaarspeelster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1670 թվականին: Յուղաներկովկտավի չափերն են 53 × 46,3 սմ: Այսօր «Կիթառահարուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համսթեդում՝ Քենվուդ-հաուսում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն):
Յան Վերմեերը «Կիթառահարուհին» ստեղծագործությունը վրձնել է ոչ ներդաշնակ և նրան բնորոշ ոչ տիպային ձևով: Կիթառ նվագող աղջկան հեղինակը տեղավորել է բավականին ձախ, այնքան, որ աջ արմունկը կտավի սահմաններից դուրս է մնացել: Ինչպես նախկին նկարներում, այստեղ նույնպես ձևերը կտրուկ պահպանված են՝ աղջկա մատները, որոնք լարերի վրա են, հետևի պատին փակցրած նկարի շրջանակը: Հարթություններն ու երկրաչափական պատկերները հեղինակը նկարել է իմպաստոյի ոճով[6]: Նկարի գլխավոր հերոսուհին մարմնով թեքված է դեպի աջ, շրթունքները ժպիտ են արտահայտում, դեպի գործիքը հակած գլուխը փաստում է, որ աղջիկը վայելում է երաժշտությունը: Պատին փակցրած նկարում Վերմեերը պատկերել է հովվերգական բնանկար, որը նմանեցնում են Ադրիան վան դե Վելդեի ոճին. նկարը ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ տիրում է անխռովություն[7]: Աղջկա ձեռքին պատկերված երաժշտական գործիքը իսպանական կիթառ է՝ հինգ լարերով, որը հայտնի դարձավ 15-րդ դարից սկսյալ[8]: