Մարգարտե վզնոցով կինը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր |
տարի | 1664 |
բարձրություն | 55 սանտիմետր |
լայնություն | 45 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Բեռլինի պատկերասրահ |
հավաքածու | Բեռլինի պատկերասրահ և Բեռլինի պետական թանգարաներ |
պատկերված են
| |
Young Woman with a Pearl Necklace by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Մարգարտե վզնոցով կինը» (հոլ.՝ Vrouw met parelsnoer), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1664 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 55 × 45 սմ: «Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բեռլինի պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա):
Բովանդակություն
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունում հեղինակը՝ Յան Վերմեերը պատկերել է երիտասարդ կնոջ, որն, ըստ երևույթին, բարձր դասի ներկայացուցիչ է հանդիսանում: Կինը զբաղված է առավոտյան պճնազարդությամբ. պարանոցին է կապում մարգարտե վզնոցը՝ երկու դեղին ժապավենների օգնությամբ: Կնոջ դեմքը հանգիստ է: Ականջին նույնպես մարգարտե ականջօղ է, ինչը վկայում է, որ նա թանկարժեք զարդեր կրելու մեծ հակում ունի: Տեսարանը խիստ բնորոշ է Վերմեերին՝ կենցաղային տեսարան և կանայք: Այս հերոսուհին կա նաև Վերմեերի այլ նկարներում՝ «Սիրային նամակ» և «Նամակ գրող կինը»:
Մորթով երիզված դեղին կիսամուշտակ հագած կինը կիսադեմով է կանգնած հանդիսատեսի նկատմամբ. արևի ճառագայթները պատուհանից ներս են թափանցել և ընկել կնոջ վրա՝ ամբողջովին լուսավորելով վերջինիս: Կտավում տեղ գտած մնացած դետալները խիստ բնորոշ են Վերմեերի վրձնին: Կտավում հեղինակը օգտագործել է կապույտ և դեղին գույների երանգներ, արեգակի լույս, վարագույր, ֆոնի սպիտակ պատ, հերոսի արտահայտիչ դիմագծեր, կենցաղային իրեր և այլն: Կնոջ մոտ գտնվող զարդասեղանին Վերմեերը նկարել է հետևյալ իրերը՝ ջրով լցված կոնք, սանր, դիմափոշու վրձնիկ: Հնարավոր է, որ վերջինս խորհրդանշում է բարձր դասի երիտասարդ կանաց թեթևամտությունը, տնային հոգսերից ազատվածությունը և դատարկ գործերով զբաղվելու հակվածությունը: Լուսամուտի շրջակալի զարդանկարը հանդիպում է նաև Վերմեերի այլ կտավում՝ «Երիտասարդ կինը ջրի սափորով»:
«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործության մեծ մասը զբաղեցնում է ֆոնի սպիտակ պատը, որը թույլ է տվել, որ նկարիչը կնոջն առավել արտահայտիչ դարձնի ու հանդիսատեսի ուշադրությունը սևեռի կնոջ վրա, ոչ թե հարակից առարկաների վրա կենտրոնանա: Դեղնաթույ վարագույրը գունային հավասարակշռություն է ստեղծում կնոջ նույնագույն հագուստի հետ: Ձախ կողմում Վերմեերը պատկերել է մուգ կապույտ սփռոց, որով հակադրություն է ստեղծել սպիտակ ֆոնի հետ և ապահովել նկարի երկրաչափական հորինվածքի ամրապնդումը:
Վերմեերի ամենանուրբ միկրոսկոպիկ վրձնահարվածները վկայում են նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին: Մի քանի սպիտակ-գորշ շերտերի շնորհիվ Վերմեերը և բարոկկո դարաշրջանի շատ նկարիչներ կտավներին տվել են առավելագույն բնականություն: Շնորհիվ դրա պատմաբանները հնարավորություն ունեն դետալ առ դետալ ուսումնասիրել այդ ժամանակների ամենօրյա կենցաղը: 17-րդ դարի երկրորդ կեսին մորթե հանդերձանքը լայնորեն տարածված էր Նիդերլանդներում խիստ երկարաշունչ ու տևական ձմեռների հետևանքով: Նկարում պատկերված կիսամուշտակը սովորական էր այդ ժամանակների տնային կեցաղավարության մեջ:
Պատուհանի ձախ կողմում հեղինակը պատկերել է եբենոսյան փայտից սև շրջանակով հայելի: Այն վկայում է տերերի հարստության և բարձր հասարակական դիրքի մասին: Հայելին, որը շատ է նկարել Վերմեերը, կարող են խորհրդանշել նաև կանացիություն, սնափառություն, կանացի բնույթի երկվություն և նույնիսկ մահ[1]: Վերջին կարծիքին է եղել նաև սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Սալվադոր Դալին[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Piero Bianconi, István Schlégl: Das Gesamtwerk von Vermeer. Kunstkreis, Luzern 1967
- Junge Dame mit Perlenhalsband. In: Johannes Vermeer. Ausstellungskatalog National Gallery of Art, Washington, Mauritshuis, Den Haag 1996. Deutsche Ausg. Stuttgart 1996. S. 152–155. ISBN 90-400-9804-2
- Thierry Greub: J. Vermeer van Delft. Junge Dame mit Perlenhalsband. (Der Kunstbrief.) Berlin 2003. ISBN 978-3-7861-2448-1
- Mark von Schlegell: High Wichita Übers. von Simon Elson. Berlin 2011. ISBN 978-3-88221-620-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարգարտե վզնոցով կինը (նկար) կատեգորիայում։ |