Jump to content

Սինդրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինդրիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Nolinoideae
Ցեղ Սինդրիկ (Polygonatum)
Mill., 1754

Սինդրիկ (լատին․՝ Polygonátum), հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 50) տեսակ։ Հայկական տարանուններն են՝ կցմծուկ, սամնտրուկ, սանտրուկ, սնդրիկ, սնդրուկ, քրմնցուկ։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 6 տեսակ՝

  • Սինդրիկ սովորական (P. glaberrimum),
  • Սինդրիկ բազմածաղիկ (P. multiflorum),
  • Սինդրիկ օղակավոր (P. verticillatum),
  • Սինդրիկ բուրավետ (P. odoratum) և այլն։

Տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլ մարզերի անտառներում։ Մեր հանրապետությունում աճում են՝ օղակատերև, հարթ, բազմածաղկավոր և կովկասյան սինդրիկները։ Այս տեսակները լայնորեն տարածված են խառն անտառներում, ալպյան և ենթալպյան գոտիներում, 1500-2200 մ բարձրության վրա, գլխավորապես Իջևանի, Դիլիջանի, Ստեփանավանի, Կիրովականի, Հրազդանի, Գորիսի, Մեղրու և այլ շրջաններում։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնեբեկազգիների ընտանիքին պատկանող, 15-45 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է, հաստ կոճղարմատովց՝ մահացած ընձյուղների հետքերով (կնիքներով)։ Ցողունը կողակոսավոր է, բարձրությունը՝ 40-45 սմ։ Ունի հերթադիր, ձվանշտարաձև տերևներ, երկսեռ ծաղիկներ։ Ծաղիկները մեկական են կամ ողկուզանման ծաղկաբույլերով, սպիտակ-կանաչավուն, հազվադեպ՝ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։

Պտուղը սև կամ կապտավուն հատապտուղ է՝ 1-9 սերմերով[1]։ Ծաղկում է մայիս-հունիս, պտղակալում՝ հունիս-օգոստոս ամիսներին։

Սինդրիկ

Բոլոր տեսակներն էլ ունեն թե´ բուժական, և թե´ սննդային նշանակություն։ Սինդրիկը բազմանում է սերմերով և կոճղարմատով՝ հաճախ տալով լայնատարած բուսուտներ։ Պտղակալում է ոչ ամեն տարի։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի գրեթե բոլոր մասերում հայտնաբերված են ալկալոիդներ, սապոնիններ, հովտաշուշանի գլիկոզիդներից` կոնվալյարին, կոնվալյատոքսին, կոնվալյամարին, մինչև 330 մգ% C վիտամին, տանին, բուսական լորձ և օսլա։

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց,երիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ (տապակած և թթու դրած)։ Թունավոր է։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը։ Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն՝ աշնան ամիսներին։ Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում։ Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց։ Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց՝ ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա։

Սինդրիկ

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («պոլուղունաթին» անվան տակ), մաքրում է մեզը և ստամոքսը։ Արմատը` շաղախված շաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները։ Իսկ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը («սանդրուկ» անվան տակ) օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ այն շատ օգտակար է ստամոքսին և ներքին օրգաններին։ Ըստ Ա. Ա. Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն։ Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են։ Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով՝ անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն։ Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ։

Սինդրիկի ծաղիկը

Հաշվի առնելով սինդրիկի ախորժակ գրգռող հատկությունը՝ Կ. Ս. Մարջանյանի հետ համատեղ, գիտնականները չորացրած ընձյուղների եփուկը՝ 4,0-200 մլ չափով՝ որպես փորձնական նախաճաշ՝ օգտագործել են առողջ և ստամոքսային հիվանդություններով (քրոնիկական գաստրիտներ և խոցային հիվանդություն) հիվանդների մոտ. ստացված տվյալները՝ համեմատության մեջ դնելով պրակտիկայում լայնորեն կիրառվող Էրմանի և Լեպորսկու նախաճաշերից և հիստամինային դրդումից ստացված ցուցանիշների հետ, պարզվել է, որ սինդրիկի եփուկն անհամեմատ ավելի ուժեղ է դրդում ստամոքսահյութի արտազատությունը, նրա կարևոր բաղադրատարրերը (աղաթթուն, պեպսինը, գաստրոմուկոպրոտեինները) և ստամոքսի որոշ այլ ֆունկցիաներ (էվակուատոր, էլիմինացիոն), քան էթիլսպիրտը կամ կաղամբահյութը և այս հատկությամբ մոտենում է հիստամինի ներգործությանը։ Սինդրիկի ազդեցության տակ միաժամանակ գրանցել ենք ստամոքսի շարժիչ ֆունկցիան։

Պարզվել է, որ ելքային թերսեկրետոր, հիպոկինետիկ պայմաններում, սինդրիկի ներգործության տակ, հյութի քանակի և նրա բաղադրատարրերի նորմալացման ֆոնի վրա հաճախ նկատվել է հիվանդների ստամոքսի շարժիչ ֆունկցիայի նորմալացում։ Ըստ որում՝ խոցային հիվանդության և գերսեկրետոր գաստրիտների պայմաններում սինդրիկի ազդեցության տակ թեև նկատվել է շարժիչ ֆունկցիայի որոշակի արգելակում, սակայն սեկրեցիայի կողմից դեպի լավը ոչ մի փոփոխություն չի արձանագրվել։

Գիտնականները եզրահանգել են, որ սինդրիկն ունի ստամոքսի սեկրեցիան դրդող առավել ուժեղ ներգործություն, քան կաղամբահյութը կամ էթիլսպիրտը, ուստի այն լայնորեն կարելի է կիրառել փորձնական նախաճաշի ձևով՝ ստամոքսային հիվանդությունների ախտորոշման բնագավառում, քանի որ այն մատչելի է և բացարձակապես անվնաս օրգանիզմի համար։ Միաժամանակ նրանք առաջարկել են եփուկի ձևով սինդրիկն օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ՝ որպես սեկրեցիան և նրա կարևոր բաղադրատարրերը դրդող միջոց։

  ծակավոր բույսերի 44 կարգ   ևս 28 դաս  
         
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Հովտաշուշանազգիներ     մոտ 70 տեսակ
               
  Թագավորություն Բույսեր     կարգ Բարդածաղկավորներ     ցեղ Սինդրիկ (Polygonatum)    
             
  ևս 13-16 բաժիններ   ևս 24 ընտանիք   f2
     

Այլ օգտակար հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինդրիկը բնակչությանը ծանոթ կերաբույս է։ Մատղաշ ընձյուղները խաշում են ու օգտագործում քացախով, տապակում կամ պահածոացնում են ձմեռվա համար։ Այն ունի հաճելի ախորժակաբեր համ ու հոտ։ Կոճղարմատի փոշին՝ շնորհիվ լորձառատության, առաջարկվում է օգտագործել որպես սոսինձ։ Բույսը նեկտարատու է և՝ շնորհիվ գեղեցիկ տեսքի, ունի նաև դեկորատիվ նշանակություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Род 292. Купена — Polygonatum // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 456—467. — 760 + XXX с. — 5175 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդրիկ» հոդվածին։