Սըր Ռոբերտ Մենզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սըր Ռոբերտ Մենզիս
անգլ.՝ Robert Gordon Menzies
 
Կուսակցություն՝ Nationalist Party of Australia?, United Australia Party? և Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Grenville College? (1909)[1], Մելբուռնի իրավունքի դպրոց և Wesley College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և preface author
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր դեկտեմբերի 20, 1894(1894-12-20)[2][3][4][…]
Ծննդավայր Jeparit, Shire of Hindmarsh, Վիկտորիա, Ավստրալիա[5]
Վախճանի օր մայիսի 15, 1978(1978-05-15)[2][3][4][…] (83 տարեկան)
Վախճանի վայր Մելբուռն, Ավստրալիա
Թաղված Melbourne General Cemetery
Քաղաքացիություն  Ավստրալիա
Ի ծնե անուն անգլ.՝ Robert Gordon Menzies
Հայր James Menzies?[6]
Մայր Kate Sampson?[6]
Ամուսին Pattie Menzies?
Զավակներ Heather Henderson?
 
Պարգևներ

Սըր Ռոբերտ Գորդոն Մենզիս (անգլ.՝ Sir Robert Gordon Menzies, դեկտեմբերի 20, 1894(1894-12-20)[2][3][4][…], Jeparit, Shire of Hindmarsh, Վիկտորիա, Ավստրալիա[5] - մայիսի 15, 1978(1978-05-15)[2][3][4][…], Մելբուռն, Ավստրալիա), Ավստրալիայի պետական և քաղաքական գործիչ, Ավստրալիայի 12-րդ վարչապետ։ Նա Ավստրալիայի վարչապետի պաշտոնում գտնվելու տևողությամբ առաջինն էր։

Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1965)։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Ջեպարիտ քաղաքում, 1894 թվականի դեկտեմբերի 20-ին։ Հայրը՝ Ջեյմս Մենզիսը, խանութպան է, շոտլանդացի ֆերմերի որդի, որը Ավստրալիա էր ներգաղթել 1850-ականների կեսերին Վիկտորիայում ոսկե տենդի ալիքի հետ կապված, մայրը Քեյթ Մենզիսն (Սամպսոն) է[11]։ Ինչպես հայրը, այնպես էլ նրա քեռին, եղել են Վիկտորիա նահանգի խորհրդարանի անդամներ, իսկ մյուս քեռին՝ Ներկայացուցիչների պալատի անդամ[12]։ Սկզբում սովորել է մի փոքրիկ պետական դպրոցում, հետո տեղափոխվել է Բալլառատի և Մելբուռնի մասնավոր դպրոցներ։ Իրավունք է սովորել Մելբուռնի համալսարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց Մենզիսը դարձել է 19 տարեկան, և ծառայության է անցել համալսարանի ոստիկանական ջոկատում։ Երբ նա հեռացել է այնտեղից, նրա հասակակիցներն ու համադասարանցիները ձգտում էին մտնել զինված ուժեր։ Սակայն ընտանիքում երկարատև քննարկումից հետո (երեք եղբայրներից երկուսն արդեն պատերազմի մեջ էին) որոշվել է, որ Մենզիսը մնա տանը և ավարտի իր ուսումը[12]։ 1918 թվականին ավարտել է համալսարանը, որից հետո դարձել է հաջողակ իրավաբան՝ վաստակելով մեծ կարողություն։ 1920 թվականին ամուսնացել է Փեթի Լեկիի՝ Ավստրալիայի խորհրդարանի ազգայնական կուսակցության անդամի դստեր հետ[13]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Մենզիսը որոշել է թողնել իրավաբանական պրակտիկան, որպեսզի նահանգի խորհրդարան ընտրվի որպես Ավստրալիայի ազգայնական կուսակցության կողմից Վիկտորիա Օրենսդիր խորհրդի անդամ։ Ընտրությունների ժամանակ նա քիչ էր մնում պարտություն կրեր մամուլի ասուլիսներից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով, որի ժամանակ Առաջին աշխարհամարտի մի խումբ վետերաններ հարձակվել էին նրա վրա այն բանի համար, որ նա չի դիմել ժամկետային ծառայության։ Այնուամենայնիվ, Մենզիսին հաջողվել է հաղթահարել այդ ճգնաժամը և նա հաղթանակ է տարել ընտրություններում։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է նահանգի օրենսդիր ժողով՝ 1932 թվականից դառնալով պահպանողական վիկտորիանական կառավարությունում նախարար (մնացել է մինչև 1934 թվականը), ինչպես նաև Վիկտորիա նահանգի վարչապետի տեղակալ։

1934 թվականին Մենզիսը մասնակցել է դաշնային ընտրություններին՝ որպես Միացյալ ավստրալիական կուսակցության ներկայացուցիչ և վստահ հաղթանակ է տարել իր ընտրատարածքում։ Ընտրվելուց հետո նա Ջոզեֆ Լայոնսի կառավարությունում անմիջապես նշանակվել է գլխավոր դատախազ և արդյունաբերության նախարար։

1934-1935 թվականների վերջին Մենզիսը Լայոնսի կառավարության կողմից հանդես է եկել գործով, որը վերաբերվում էր չեխ հրեա կոմունիստ էգոն Քիշի՝ Ավստրալիայից վտարմանը։ Նա պետք է ելույթ ունենար Մելբուռնում պատերազմի և ֆաշիզմի դեմ ավստրալիական Կոնգրեսում, սակայն կառավարությունը հրաժարվել է նրան մուտքի թույլտվություն տալ։ Սակայն Քիշը նավով Մելբուռն հասնելուց հետո ցատկել է նավից և ինքնուրույն հասել ափ։ Երկար դատավարություններից հետո կառավարությունը ստիպվածէ եղել դադարեցնել դատական գործը և Քիշին վճարել բոլոր դատական ծախսերը՝ երկրից հեռանալու պայմանով։ Դրանից հետո Մենզիսի գործը մեղադրել են ազատական սկզբունքների և խոսքի ազատության խախտման մեջ[12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Մենզիսը որոշել է իր վրայից հանել բոլոր մեղադրանքները՝ այդ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը բարդելով ներքին գործերի նախարար Թոմաս Պատերսոնի վրա։

Հետագայում Մենզիսը դարձել է Միացյալ ավստրալիական կուսակցության ղեկավարի տեղակալ։ Շատերը նրա մեջ տեսել են Լայոնսի բնական իրավահաջորդին, այդ պատճառով Մենզիսին հաճախ մեղադրել են օրինական առաջնորդին հեռացնելու փորձի մեջ (այդ բոլոր մեղադրանքները նա հերքել է)։ 1939 թվականին կառավարության կողմից պետական ապահովագրության ծրագիրը կյանքի կոչել հրաժարվելուց հետո Մենզիսը որոշել է հեռանալ կառավարությունից։ Սակայն 1939 թվականի ապրիլի 7-ին մահացել է Լայոնսը, և Մենզիսը շուտով ընտրվել է Միացյալ ավստրալիական կուսակցության ղեկավար։

Առաջին վարչապետի պաշտոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մենզիսը 1939 թվականին

1939 թվականի ապրիլի 26-ին Մենզիսը Ավստրալիայի Ագրարային կուսակցության առաջնորդ Էրլ Փեյջի կարճատև վարչապետությունից հետո ընտրվել է երկրի վարչապետ։ Սակայն շուտով առաջացել է քաղաքական սկանդալ. Էրլ Փեյջը հրաժարվել է մնալ կառավարությունում։ Խորհրդարանի պալատում նա նաև անձնական վիրավորանք է հասցրել Մենզիսին՝ նրան մեղադրելով Առաջին համաշխարհային պատերազմին չմասնակցելու, ինչպես նաև Լայոնսի դավաճանության մեջ։ Դրանից հետո Մենզիսը ձևավորել է փոքրամասնության կառավարություն։ Երբ մի քանի ամիս անց Փեյջը հեռացվել է Ագրարային կուսակցության ղեկավարի պաշտոնից, Մենզիսը վերականգնել է կառավարական կոալիցիան կուսակցության նոր առաջնորդ Արչի Կամերոնի հետ։

1939 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի կողմից նացիստական Գերմանիայի դեմ պատերազմ է հայտարարվել։ Այս տարիներին Մենզիսը բոլոր ջանքերը գործադրել է երկիրը միավորելու համար, սակայն մշտապես դժվարությունների և անհասկացության է բախվել Ավստրալիայի քաղաքական վերնախավի և բնակչության շրջանում՝ իր անցյալի պատճառով. առաջին հերթին, Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որին նա չէր մասնակցել, 1938 թվականին Գերմանիա կատարած իր պաշտոնական այցի և խաղաղության քաղաքականության աջակցության պատճառով, որը վարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը։ Այնուամենայնիվ, Չեմբեռլենի կողմից պատերազմ հայտարարելուց հետո Մենզիսը հետևել է նրա օրինակին։ 1940 թվականի խորհրդարանական ընտրություններում Միացյալ ավստրալիական կուսակցությունը գրեթե պարտություն է կրել, և միայն խորհրդարանի երկու անկախ անդամների աջակցության շնորհիվ Մենզիսի կառավարությունը մնացել է իշխանության ղեկին։ Այդուհանդերձ, Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը՝ Ջոն Քերթինի ղեկավարությամբ, հրաժարվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու Մենզիսի առաջարկից, ինչպես նաև դեմ է հանդես եկել ավստրալիական զորքեր Եվրոպա ուղարկելուն։

1941 թվականին Մենզիսը Մեծ Բրիտանիայում երկար ամիսներ է անցկացրել՝ քննարկելով ռազմական ռազմավարությունը Ուինսթոն Չերչիլի և այլ առաջնորդների հետ։ Ընդ որում, նրա ժողովրդականությունը հայրենիքում աստիճանաբար նվազել է և, վերադառնալով Ավստրալիա, օգոստոսի 28-ին Մենզիսը նախ հարկադրված Է եղել հեռանալ վարչապետի, ապա նաև Միացյալ Ավստրալիայի կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Ավստրալիայի նոր վարչապետ է դարձել Ագրարային կուսակցության առաջնորդ Արթուր Ֆադենը։ Այս բոլոր իրադարձությունները Մենզիսն ընկալել է որպես դավաճանություն իր գործընկերների կողմից, ուստի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա գրեթե չի մասնակցել քաղաքականությանը։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մենզիսը և նրա կինը 1940-ականներին:

1941 թվականի հոկտեմբերին՝ Ֆադինի կառավարության պարտությունից հետո, իշխանության են եկել լեյբորիստները՝ Ջոն Քերթինի ղեկավարությամբ։ 1943 թվականին Քերթինը հերթական համոզիչ հաղթանակն է տարել խորհրդարանական ընտրություններում։ 1944 թվականին Մենզիսը մի քանի հանդիպում է անցկացրել Ռեյվենսքրեյգ հին առանձնատանը, որտեղ քննարկել է նոր հակալէյբորիստական կուսակցության ձևավորումը, որը պետք է փոխարիներ Միացյալ ավստրալիական կուսակցությանը։ Այն դարձել Է Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը, որը հիմնադրվել էր 1945 թվականի սկզբին և գլխավորել է Մենզիսը։ Այնուամենայնիվ, լեյբորիստներին դեռ երկար ժամանակ հաջողվում էր մնալ իշխանության ղեկին. Քերթինի հեռանալուց հետո նոր վարչապետ է դարձել Բեն Չիֆլին։ Նման պայմաններում պահպանողական մամուլում սկսել են ավելի հաճախ հայտնվել հոդվածներ այն մասին, որ «Մենզիսի հետ մենք չենք հաղթի»։

Սակայն հետագա տարիներին սառը պատերազմի սկզբնական շրջանում ավստրալիական հասարակության հակամունիստական մթնոլորտը փոքր-ինչ խաթարել Է լեյբորիստների աջակցությունը։ 1947 թվականին Չիֆլին հայտարարել է ավստրալիական մասնավոր բանկերը ազգայնացնելու մտադրության մասին՝ դրանով առաջացնելով միջին խավի ընդդիմությանը։ Հասարակության տրամադրություններից հաջողությամբ օգտվել է Մենզիսը։ 1949 թվականին դեկտեմբերին նա երկրորդ անգամ տպավորիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, իսկ նրա կուսակցությունը 48 տեղ է ստացել Ներկայացուցիչների պալատում։

Չնայած պալատում զգալի առավելությանը՝ Ավստրալիայի Սենատը մնացել է Լեյբորիստական կուսակցության վերահսկողության տակ։ Երբ 1951 թվականին Մենզիսը առաջարկել է Կոմունիստական կուսակցությունը արգելելու մասին օրինագիծ, այն վարչապետին անակնկալ կերպով ընդունվել է վերին պալատի կողմից։ Մենզիսն հույս ուներ հակառակ արդյունքի. այդ դեպքում նա կարող էր կրկնակի լուծարման հասնել, որը ենթադրում էր դաշնային խորհրդարանի երկու պալատների լուծարում։ Իսկ երբ Սենատը մերժել է բանկերի մասին օրինագիծը, Մենզիսն, այնուամենայնիվ, հասել է իր նպատակին, և հերթական ընտրություններում նա վերահսկողություն է ստացել արդեն Ավստրալիայի խորհրդարանի երկու պալատների նկատմամբ։

Ավելի ուշ՝ 1951 թվականին, Մենզիսը հանդես է եկել Ավստրալիայի Սահմանադրության փոփոխման հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով։ Նա առաջարկել է թույլ տալ խորհրդարանին, որտեղ դա անհրաժեշտ էր երկրի անվտանգության ապահովման համար, ընդունել օրենքներ, որոնք վերաբերում էին Ավստրալիայի տարածքում կոմունիստների և կոմունիստական կուսակցության գործունեությանը։ Եթե հանրաքվեն հաջող ընթանար, ապա կառավարությունն իրավունք կունենար Կոմունիստական կուսակցությունն արգելելու մասին օրինագիծ մտցնել խորհրդարան։ Սակայն լեյբորիստների նոր առաջնորդ Հ. Վ. Էվատը դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը՝ քաղաքացիական ազատությունների պաշտպանության նկատառումներով։ Այդ պատճառով 1951 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած հանրաքվեն տապալվել է։ Այս միջոցառումը դարձել է մենզիսի քաղաքականության սակավաթիվ սխալներից մեկը։ Հետագայում նա ավստրալիական զորքեր է ուղարկել Կորեական պատերազմին մասնակցելու համար, ինչպես նաև սերտ դաշնակցային հարաբերություններ է պահպանել Միացյալ Նահանգների հետ։

Ռոբերտ Մենզիսը և ԱՄՆ պաշտպանության նախարար Մաքնամարա Ռոբերտ Մաքնամարան 1964 թվականին:

Այնուամենայնիվ, տնտեսական իրավիճակը Մենզիսի ղեկավարության տարիներին աստիճանաբար վատացել է, և 1954 թվականի խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների կուսակցությունը Էվատի գլխավորությամբ ստացել է ձայների 50,03 %–ը, թեև մեծամասնական համակարգի պայմաններում դա նրանց 57 տեղ է տվել խորհրդարանի ստորին պալատում, իսկ լիբերալների և ագրարականների կոալիցիան ստացել է 64 տեղ։ Ընտրություններից առաջ Մենզիսը հայտարարել է, որ Ավստրալիայում խորհրդային դիվանագետ Վլադիմիր Պետրովը դիմել է կառավարությանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, ինչպես նաև հայտարարել է Ավստրալիայի տարածքում լրտեսների ցանցի գոյության մասին (դրանց թվում են եղել անձինք Էվատտի ապարատից)։ Սառը պատերազմի այս իրադարձությունները թույլ են տվել Մենզիսին հաղթել իր ընտրատարածքում և պահպանել իր տեղը խորհրդարանում։ Հետագայում Էվատը Մենզիսին մեղադրել է Պետրովի փախուստը նախապատրաստելու մեջ, սակայն այդ փաստը հերքվել է.նա պարզապես հաջողությամբ օգտվել է իրավիճակից։

Լեյբորիստական կուսակցությունում 1954 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո պառակտում տեղի է ունեցել. Անտիկոմունիստական տրամադրված անդամների մի խումբ Վիկտորիա նահանգից որոշել են դուրս գալ կուսակցության կազմից և ձևավորել ավստրալիական Լեյբորիստական հակակոմունիստական կուսակցություն։ Նոր կուսակցությունն իր քաղաքականության մեջ նախապատվություններ է տվել լիբերալներին, այդ պատճառով 1955 թվականին Մենզիսին առանց դժվարության հաջողվել է վերընտրվել վարչապետի պաշտոնում։ 1958 թվականին նա կրկին վերընտրվել է Դեմոկրատական Լեյբորիստական կուսակցության (Ավստրալիայի լեյբորիստական հակակոմունիստների կուսակցության նոր անվանումը) աջակցության շնորհիվ։

Այդ ժամանակ Ավստրալիայում աճող ներգաղթի, բնակարանային ֆոնդի և արդյունաբերական արտադրության աճի շնորհիվ երկիրը կարողացել է վերականգնել իր տնտեսական ներուժը։ Գանձարանի համալրման մեկ այլ կարևոր աղբյուր են դարձել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները, որոնց գները կայուն բարձր են մնացել։ Նման պայմաններում լեյբորիստների հնացած սոցիալիստական հռետորաբանությունն անարդյունավետ էր։

1960 թվականին փոխառությունների արժեքի չմտածված ավելացումից հետո գնաճը սահմանափակելու նպատակով Մենզիսի հեղինակությունը փոքր-ինչ նվազել է, քանի որ կառավարության առաջարկած գործողությունները հանգեցրել են միայն գործազրկության աճին։ Այդ պատճառով 1961 թվականի ընտրություններում Մենզիսի կուսակցությունը հաղթել է ընդամենը երկու տեղով։ Սակայն, օգտվելով սառը պատերազմի և ԱՄՆ-ի հետ միության առթիվ լեյբորիստների կուսակցության նոր պառակտումից, նրան հաջողվել է վստահ հաղթանակ տանել 1963 թվականի ընտրություններում (բացի այդ, դրանք առաջին «հեռուստատեսային ընտրություններն» էին Ավստրալիայի պատմության մեջ, և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քոուելի հետ տարբեր հեռուստաբանավեճերում Մենզիսն ապացուցել է իր հռետորական ունակությունները)։

1963 թվականին Մենզիսն արժանացել է The Most Ancient and Most Noble Order of the Thistle շքանշանի, որը շնորհվել է շոտլանդական արմատների ճանաչման համար։ Այսպիսով, նա դարձել է միակ ավստրալիացին, որին հանձնվել է այդ ասպետական շքանշանը (չնայած դրանով պարգևատրվել են նաև Ավստրալիայի երեք բրիտանացի գեներալ-նահանգապետեր), ինչպես նաև Ավստրալիայի երկրորդ վարչապետը, որը բարձրացվել է ասպետական արժանապատվության աստիճանի պետության ղեկավարման տարիներին (առաջինը Էդմունդ Բարտոնն էր)։

1965 թվականին Մենզիսը ճակատագրական որոշում է կայացրել ավստրալիական զորքեր ուղարկել Վիետնամական պատերազմի, ինչպես նաև կրկին պարտադիր զինվորական ծառայություն մտցնել։ Սկզբում այդ քայլերը ժողովրդայնություն էին վայելում հասարակության մեջ, բայց հետագայում դրանք մեծ խնդիր են դարձել նրա հետնորդների համար։ Չնայած նրան, որ Մենզիսը պրագմատիկ կերպով պահպանել է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռությունը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես նաև սերտ դաշնակցային հարաբերություններ է պահպանել ԱՄՆ-ի հետ, նա հրապարակավ խոստովանել Է, որ ցանկանում է սերտ կապեր ունենալ Մեծ Բրիտանիայի հետ, ինչն արտահայտվել է Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու նկատմամբ նրա բացահայտ հիացմունքով։ Անկախություն ստանալու պահից ի վեր անցած տասնամյակների ընթացքում ավստրալիացիների խանդավառությունը բրիտանական միապետության պաշտպանության և երկրում կառավարման միապետական ձևի պահպանման գործում մարել է, սակայն Մենզիսը բրիտանական թագի մոլի կողմնակից է եղել։

Հրաժարական։ Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենզիսի կիսանդրին Բալարատի Բուսաբանական այգում:

Ռոբերտ Մենզիսը պաշտոնաթող Է եղել 1966 թվականի հունվարին՝ իր տեղը զիջելով Լիբերալ կուսակցության առաջնորդ և Ավստրալիայի վարչապետ իր նախկին ֆինանսների նախարար Հարոլդ Հոլթին։ Գոյություն ունեցող կոալիցիան իշխանության էր մնացել ևս յոթ տարի, մինչև 1972 թվականի դեկտեմբերին դաշնային ընտրություններում հաղթանակ չի տարել Լեյբորիստական կուսակցությունը՝ Հոֆ Ուիթլեմի ղեկավարությամբ։

1966 թվականին Մենզիսը Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից նշանակվել է հինգ նավահանգիստների խնամակալ լորդի հին պաշտոնում։ Հետագայում նախկին վարչապետը երկար ժամանակ ճամփորդել է ԱՄՆ-ում, որտեղ դասախոսություններ է կարդացել համալսարաններում, ինչպես նաև հրապարակել է հիշողությունների երկու հատոր։ Վարչապետի պաշտոնից հեռանալը բացասաբար է անդրադարձել Մենզիսի առողջության վրա. 1968 և 1971 թվականներին նա երկու սրտի նոպա է տարել, որից հետո հեռացել է հասարակական կյանքից։ Նա մահացել է 1978 թվականին Մելբուրնում սրտի կաթվածից։

Ռոբերտ Մենզիսը Ավստրալիայի վարչապետն է եղել 18 տարի, 5 ամիս և 12 օր։ Սա Ավստրալիայի պատմության մեջ ամենաերկար ժամկետն է՝ մեկ մարդու վարչապետական պաշտոնում մնալու համար։ Չնայած իր առաջին ժամկետում նա թույլ է տվել բազմաթիվ քաղաքական հաշվարկներ և սխալներ, այնուամենայնիվ, կարողացել է վերականգնել իր հեղինակությունը հասարակության մեջ, ինչպես նաև պահպանողական թևի ազդեցությունը ավստրալիական քաղաքականության մեջ, որը ծանրագույն ճգնաժամ է ապրել 1943 թվականին։ Մենզիսը իր երկրորդ ժամկետի ընթացքում շատ առումներով արդյունավետ քաղաքականության շնորհիվ դեռ մնում է Ավստրալիայի պատմության մեջ ամենահեղինակավոր վարչապետներից մեկը։ Նա նաև զգալի ավանդ է ունեցել Ավստրալիայում, ինչպես նաև երկրի մայրաքաղաք Կանբերրայում բարձրագույն կրթության զարգացման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.thecourier.com.au/story/6110897/a-new-building-on-a-very-old-site-the-proud-past-of-grenville-college/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.science.org.au/profile/robert-menzies
  8. https://www.humanities.org.au/wp-content/uploads/2019/06/AAH-Obit-Menzies-1978.pdf
  9. Australian Honours Search Facility
  10. Plarr's Lives of the Fellows
  11. «Robert Gordon Menzies 1894-1978» (անգլերեն). Australian Academy of Science. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Robert Menzies. Before» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
  13. «Menzies, Sir Robert Gordon (Bob) (1894 - 1978)» (անգլերեն). Australian Dictionary of Biography. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սըր Ռոբերտ Մենզիս» հոդվածին։