Սայքս-Պիկոյի համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայքս-Պիկոյի համաձայնագիր

Պոտրայի տարածքների բաժանման և հետաքրքրությունների ոլորտներ սահմանափագափագող նախագիծ ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի։

     Ֆրանսիայի օկուպացված
     Մեծ Բրիտանիաի օկուպացված
     Ռուսաստանի օկուպացված
     Տարածք «A», Ֆրանսիայի պրոտեկտորատ
     Տարածք «B», Բրիտանական պրոտեկտորատ

     Միջազգային տարածքներ
Պայմանագրի տիպ հետաքրքրությունների ոլորտներում սահմանափագման համաձայնագիր
Ստորագրվել է
— վայր
1916 թվականի մայիսի 16
Ստորագրել են Է. Գրեյ և Պ. Կոմբոն
Կողմեր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիա
Ռուսաստան Ռուսաստան
Իտալիա Իտալիա (ավելի ուշ)
Վիքիդարան պարունակում է տեքստը.
en:The Sykes–Picot Agreement
Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը

Սայքս–Պիկոյի համաձայնագիր, գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է 1916 թվականի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ «Սայքս-Պիկո»-յի անվանումը)։ Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում 1916 թվականի մայիսին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1915 թվականի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլիսի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտում են արաբական երկրների բաժանման շուրջ Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915 թվականի նոյեմբերին սկսվում են անգլո-ֆրանսիական նոր բանակցություններ։ 1916 թվականի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար։ Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը։

Երբ 1916 թվականի փետրվարին ռուսական բանակը գրավեց էրզրումը և Բիթլիսը, մոտեցավ Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916 թվականի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սազոնովին հանձնեցին հուշագիրը։ Որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը։ Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ 1917 թվականի նոյեմբերին, երբ սովետական կառավարությունը (Վ․ Ի․ Լենինի ցուցումով) հրապարակեց նրա տեքստը։ Համաձայնագիրը, հօգուտ Անգլիայի փոփոխություններով, դրվեց 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում։

Համաձայնագրի նախնական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան Կայսրության բաժանումը ըստ Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916)

Սայքս-Պիկոյի համաձայնագիրը նախատեսում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը

  1. «Կապույտ» գոտին, որն ընդգրկում էր Արևմտյան Սիրիան, Լիբանանը, Կիլիկիան՝ հարավարևելյան Անատոլիան (Այնթապ, Ուրֆա, Մարդին, Դիարբեքիր և Հաքյարիի մարզ (Վանա լճից հարավ)), անցնելու էր Ֆրանսիայի տիրապետության տակ։
  2. «Կարմիր» գոտին, որն ընդգրկում էր Իրաքի կենտրոնական և հարավային մասը (Բաղդադով և Բասրայով), ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ Հայֆան և Աքքան, անցնում էր Անգլիայի տիրապետության տակ։
  3. «Դարչնագույն» գոտին ընդգրկում էր Պաղեստինի մնացած մասը, որտեղ հաստատվելու էր միջազգային կառավարում, որի ձևը որոշվելու էր Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ համաձայնություն կայացնելուց հետո։
  4. «А» գոտին (Արևելյան Սիրիան և Մոսուլի վիլայեթը) դառնում էր Ֆրանսիայի ազդեցության ոլորտ։
  5. «В» գոտին (Անդրհորդանանն ու Բաղդադի վիլայեթի հյուսիսային մասը) դառնում էր Անգլիայի ազդեցության ոլորտ։

Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին՝ որպես արաբական պետությունների ֆեդերացիա։

Համաձայնագրի համալրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1916 թվականի փետրվարին ռուսական բանակը գրավում է էրզրումը և Բիթլիսը, մոտենում Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապում են իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916 թվականի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սագոնովին են հանձնում հուշագիրը։ Ռուսական կառավարությունն իր դժգոհություն է հայտնում այն առթիվ, որ ըստ նախագծի Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք էին բերելու թուրքական զգալի տարածքներ։

«Հայաստան» ու «Հայկական հարց» տերմիններն ընդհանրապես բացակայում էին փաստաթղթերում, այնինչ երկու տարի առաջ այդ հարցը եվրոպական տերությունների դիվանագիտական հատուկ քննարկման առարկա էր[1][2]։ Անգլիական կառավարության լիազոր Մ. Սայքսը Ռուսաստանում Անգլիայի դեսպան Ջ. Բյուքենենին հղած (1916-ի մարտի 12) գրության մեջ անհնար է նկատում հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին։

Քննարկումների ընթացքում, որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջում է իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը։ Փոխզիջումների արդյունքում ստանալով Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստում են վերջինիս իրավունքները Կ. Պոլսի և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված էին 1915 թվականի անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով, ինչպես նաև նրան են խոստանում Արևմտյան Հայաստանի նահանգները (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) և Քրդստանի մի մասը։

  1. Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «Դեղին» գոտին։
  2. Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «Կանաչ» գոտին (հարավարևմտյան Անատոլիա) և
  3. «C» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար։

Համաձայնագրի գործադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի է դառնում 1917 թվականի նոյեմբերի վերջին, երբ խորհրդային կառավարությունը հրապարակում է դրա տեքստը և չեղյալ համարում այն։ Դաշնակիցների միջև ստեղծված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվում է հօգուտ Մեծ Բրիտանիայի և դրվում հետագա համաձայնությունների հիմքում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սայքս-Պիկոյի համաձայնագիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 166
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։