Ռուս-թուրքական համաձայնագիր (1914)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռուս-թուրքական համաձայնագիր, 1914 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 8-ին) Կոստանդնուպոլսում հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված, հետագայում չեղյալ հայտարարված համաձայնագիր։ Կողմերի շահերը ներկայացրել են Ռուսաստանի կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչը և Թուրքիայի արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ փաշան: Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։

Համաձայնագրի բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կնքված համաձայնագրի՝ արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (1-ինը ընդգրկում էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), 2-րդը Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների, որոնց նշանակում էր Բարձր դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։ Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում գինված ուժեր։ Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, ստորին պաշտոնյաներին փոխարինել նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրքական կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին։ Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ։ Օրենքները, հրովարտակները և պաշտոնական հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով։ Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից։ Դատավճիռները կազմելու էին թուրքերեն և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով։ Վիլայեթի ժողովուրդներ կրթության բյուջեում յուրաքանչյուր ցեղային տարրի (ունսուր) բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան։ Կենտրոնական կառավարությունը չէր խոչընդոտելու հավատակիցներին համայնքներում հոգալու իրենց դպրոցների ծախսերը։ Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմանյան հպատակ իր գինվորական պարտականությունը կատարելու էր այն գինված շրջանում, որտեղ նա բնակվում Էր։ «Համիդիե» տխրահռչակ հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում։

Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարգելը (որը տեղի էր ունենալու մարդահամարի միջոցով՝ ընդհանուր տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների (մեջլիս) և Կոմիտեների (Էնջումեն) անդամներն ընտրվելու էին հավասար թվով՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Էրզրումի վիլայեթում (եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար) Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով։ Սվազի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվելու էին համեմատական սկզբունքով և այլն։ Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը։ վարչական մարմիններում անդամներն ընտրվելու էին կես առ կես՝ մուսուլմաններից և ոչ մուսուլմաններից։ Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ։ Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների (Բալկաններից գաղթած մուսուլմաններ) վերաբնակեցման արգելում արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն։ Հետագայում թուրքական կառավարությունը մշակում և Կոստանդնուպոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) է հանձնում նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրքական պաշտոնյաների։

Բարենորոգումների ծրագիրը նույնպես մնում է թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ է համարում համաձայնագիրը, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չեն հասցնում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեո. «Հայոց հարցի վավերագրերը», Թ., 1915, էջ 339-357:
  • «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» (1828-1923), Ե., 1972, էջ 149-365:
  • «Сборник дипломатических документов. Реформы в Армении 26 ноябри 1912 гoда мая 1914 года». П., 1915, с. 158-180;
  • Mandelstam A, «Le sort de L ՝Empire Ottoman», Lausanne P. 1917, p. 236-242.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png