Սամվել Կարապետյան (գործարար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Կարապետյան
| Սամվել Սարգսի Կարապետյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 18, 1965 (60 տարեկան) |
| Ծննդավայր | Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրոն | Քրիստոնեություն |
| Կրթություն | ՀԱՊՀ (1986) |
| Կարողություն | $ 3,8 միլիարդ |
| Մասնագիտություն | գործարար |
| Աշխատանք | գործարար, բարերար |
| Կուսակցություն | Ուժեղ Հայաստան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Սամվել Սարգսի Կարապետյան (օգոստոսի 18, 1965, Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ 2013 թվականին կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, $ 3,8 միլիարդ է, որով Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է[1]։
2014 թվականին Կարապետյանը Ֆորբս ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն և ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է Տաշիր ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների, ռեստորանների և առողջարանների ցանց։ Ներկայումս Տաշիր Գրուպը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան 200 ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ 2007 թվականին «Տաշիր» ԸԽ-ն «Ֆորբս» ամսագրի վարկածով Ռուսաստանի անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի ցանկում զբաղեցնում է 12-րդ տեղը։
2020 թ. մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելուն[2]։
Ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ[3]։
Կալանավորում (2025-2026)
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունիսի 17-ին, Սամվել Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «News.am»-ի լրագրողի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակին[4][5][6][7]։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա քննադատել է Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ դրանք բնորոշելով որպես հարձակում Եկեղեցու և հայ ժողովրդի վրա[4][5][6]։ Նրա խոսքով՝ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»[4][5][6]։ Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքը մշտապես կանգնած է եկեղեցու և հայ ժողովրդի կողքին և պատրաստ է ակտիվորեն մասնակցել Եկեղեցու պաշտպանությանն ուղղված գործընթացներին[5][8][6]։ Միաժամանակ հայտարարել է, որ եթե քաղաքական գործիչների կողմից նախաձեռնված քայլերը արդյունավետ չլինեն, ապա ինքն ու իր համախոհները պատրաստ են «իրենց ձևով» ներգրավվել տեղի ունեցող գործընթացներին[4][5][6]։
Այս հայտարարություններին հաջորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցում արված գրառումը[5][6]։ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակված գրառման մեջ օգտագործել է կոշտ և վիրավորական ձևակերպումներ՝ անդրադառնալով հոգևորականներին և նրանց աջակցողներին[5][6]։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ ևս անդրադարձել են Սամվել Կարապետյանի հայտարարություններին[6]։ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը քննարկելով տեղի ունեցող զարգացումները՝ սպառնացել է «զբաղվել Սամվել Կարապետյանով»[6][9], իսկ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ «զբաղվելու են Սամվել Կարապետյանի հարցերով»[7]։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ գործողություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատանը[5][6][7]։ Խուզարկությունների մասին լուրերի տարածումից հետո Նիկոլ Փաշինյանը կատարել է երկորդ գրառումը․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։[5][6][10]։ Գործողությունների հետևանքով ժամանակավորապես փակվել են առանձնատան հարակից մի շարք փողոցներ[5]։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ օպերատիվ գործողությունների ընթացքում «մի խումբ անձինք բերման են ենթարկվել»[5], ովքեր փորձել են լուսանկարել գործողությունները, իսկ տեղի բնակիչները հայտնվել են խուճապահար վիճակում[7][11]։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավապահ մարմինները պատրաստվում էին բերման ենթարկել նաև Սամվել Կարապետյանին[5]։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արձագանքել է օպերատիվ գործողություններին[8]։ Հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ իրավապահների գործողությունները կատարվել են անմիջապես Սամվել Կարապետյանի Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո[8]։ Հայտարարությունում խստորեն դատապարտվել է «ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետպնդումը», և հորդրովել Հայաստանի իշխանություններին՝ «անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»[8]։
Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատների կողմից կատարվող օպերատիվ գործողությունների ընթացքում ձերբակալվում է Սամվել Կարապետյանը[7][12]։ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները[12][13]։ Նա միաժամանակ խնդրել է հեռացնել մեքենաները առանձնատան շրջակայքից, քանի որ այդ պահին այնտեղ են գնալու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները[12][13]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», 2001
- Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2001
- Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2003
- «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշան և «Ոսկե Օլիմպ» կրծքանշան, 2005
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2011[14]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2015)[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆորբս ամսագիր, Սամվել Կարապետյան, 2013 թ. մարտ։ (անգլերեն)
- ↑ Սամվել Կարապետյանը հաստատել է՝ օգնել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար սահմանված 2 մլրդ դրամը վճարելու հարցում
- ↑ ««Տաշիր Գրուպ» ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ի՞նչ կարծիք ունի Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Սամվել Կարապետյանի առանձնատանը «օպերատիվ գործողություններ» են իրականացվում Եկեղեցու դեմ արշավին». hetq.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում Սամվել Կարապետյանի տանը». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Ձերբակալվել է գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Մայր Աթոռը դատապարտել է Սամվել Կարապետյանին ձերբակալելու փորձը». hetq.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ ««Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը «հարձակվեց» գործարար Սամվել Կարապետյանի վրա». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի. Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա. Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «ՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի տան մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (ուղիղ)». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 13,0 13,1 «Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը որոշել է միայնակ դիմավորել ԱԱԾ աշխատակիցներին». news.am. 2025 թ․ հունիսի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Ս. Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Տաշիր քաղաքում ծնվածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Մոսկվայի սուրբ Դանիիլ իշխանի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- «Ռուսական ազգային Օլիմպոս» մրցանակի դափնեկիրներ
- Միլիարդատերեր
- Ռուսահայ գործարարներ