Ռոքֆորդ (Իլինոյս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոքֆորդ
անգլ.՝ Rockford
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1834 և հունվարի 3, 1852 թ.
Մակերես167,010845 կմ², 160,451467 կմ²
ԲԾՄ218 մետր
Բնակչություն148 655 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ815
Փոստային դասիչ61101-61110, 61112, 61114, 61125, 61126
Պաշտոնական կայքrockfordil.gov(անգլ.)
Ռոքֆորդ (Իլինոյս) (ԱՄՆ)##
Ռոքֆորդ (Իլինոյս) (ԱՄՆ)

Ռոքֆորդ (անգլ.՝ Rockford), բնակչության թվով երրորդ քաղաքը Իլինոյս նահանգում (ԱՄՆ)։ Գտնվում է Վինբագո շրջանում, նահանգի հյուսիսարևմտյան մասում, սահմանակից է Վիսկոնսին նահանգին։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռոքֆորդի բնակչության թիվը կազմում էր 152 871 մարդ։ 2000 թվականի մարդահամարի համեմատ այն աճել էր 1,8 %-ով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆորդ քաղաքի քարտեզը(1891)

1834-1835 թվականներին Գալենայից եկան առաջին բնակիչները՝ Գերմանիկուս Կենտին, Տետչեր Բլեյկը, Լյուսիա Լեմոնը, ովքեր բնակություն հաստատեցին Ռոք գետի արևմտյան ափին։ Նրանց թվում էր նաև արևելյան ափին բնակություն հասատատած Դենիել Շոու Հենտը։ Ժողովուրդը հաստատվեց Գալենայի և Չիկագոյի միջև։ Սկզբնական շրջանում կրում էր «Միդուեյ» անունը, սակայն այնուհետ հայտնի դարձավ «Ռոքֆորդ» անվամբ, ինչը պայմանավորված էր այնտեղ գտնվող գետանցով (անգլ.՝ ford): 1837 թվականին բացվեց փոստային տեղամաս, 1839 թվականին բնակավայրն ստացավ գյուղի, իսկ 1852 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ 1840 թվականից մեկնարկեց առաջին պարբերականի թողարկումը, իսկ 1877 թվականին լույս տեսավ ամենօրյա առևտրային պարբերականը։ 1847 թվականին հիմնվեց Ռոքֆորդյան կանանց սեմինարը, որը 1892 թվականին դարձավ քոլեջ անգլ.՝ Rockford College, իսկ 1958 թվականից այստեղ ներառվեց համատեղ կրթություն։ Քոլեջի ամենահայտնի շրջանավարտը Ջեյն Ադամսն է (1881), որը Չիկագոյում Հալ Հաուսի (անգլ.՝ Hull House) հիմնադիրն էր և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը (1930)։ 1872 թվականի օգոստոսին իր դռները բացած Ռոքֆորդի հանրային գրադարանը դարձավ երկրորդը Իլինոիս նահանգում[3]։

1850-ական թվականներին Ռոքֆորդը փոքր և ոչնչով աչքի չընկնող գյուղ էր, իսկ այժմ այն Վինբագո շրջանի կենտրոնն է։ Այդ փոխակերպման մեջ մեծ դեր ունեցան 1851 թվականին հիմնադրված Rockford Water Power Company ընկերությունը, և Galena & Chicago Union Railroad երկաթգիծը, որոնց շնորհիվ այն վերածվեց քաղաքի։ 1860 թվականին Ռոքֆորդը դարձավ նշանակալից, արագ զարգացող արդյունաբերական կենտրոն, որը հայտնի էր գյուղատնտեսական գործիքների պատրաստմամբ։ 1880 թվականին այստեղ հիմնվեց կահույքի արդյունաբերության ձեռնարկություն, որտեղ ակտիվորեն կիրառվում էր շվեդ վարպետների ներուժը, և 20-րդ դարի առաջին կեսին Ռոքֆորդը դարձավ երկրորդը՝ ԱՄՆ կահույքի արտադրության ծավալով։ Աշխատավոր դասակարգի մեծ կենտրոնացումը քաղաքում նպաստեց արհմիությունների և սոցիալիստների դիրքերի ամրապնդմանը, իսկ 1921-1955 թվականներին քաղաքը գլխավորեցին սոցիալիստ քաղաքապետներ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղատնտեսական պարագաների արտարդրությունն անկում ապրեց, իսկ Մեծ ճգնաժամի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անկում ապրեց նաև կահույքի արտադրությունը։ 1960-ական թվականների ավարտին երկու ճյուղերն էլ վերջնականապես վերացան։ 20-րդ դարում քաղաքի արդյունաբերությունը ներառում էր հաստոցաշինության, ծանր մեքենաշինության, ավտոմոբիլային և օդատիեզերական, ինչպես նաև փաթեթավորումների արտադրությունը[3]։

Ռոքֆորդի ժամանակակից կենտրոնը
«Միդուեյ» թատրոնը և Իսպանական աշտարակը

Առաջին բնակիչները հիմնականում Նյու Յորքի և Նոր Անգլիայի նահանգներից էին։ 1850-ական թվականներին այստեղ եկան իռլանդացի և շվեդ գաղթականներ։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո շվեդները գաղթում էին մեծ քանակով, և շուտով դարձան ճնշող ազգային խումբը։ Մինչև 1920-ական թվականները շվեդերենն այստեղ անգլերենի նման շատ տարածված էր։ 1880 թվականից հետո Ռոքֆորդում հայտնվեցին իտալացիներ, իսկ 1900 թվականին՝ լեհեր և լիտվացիներ, 1970 թվականից հետո լաոսացիներ, վիետնամցիներ և լատինամերիկացիներ։

Քաղաքի հիմնադիրներից մեկը՝ Լյուիս Լեմոնը, աֆրոմերիկացի էր (ստրուկ, որ ազատություն էր ստացել), սակայն մինչև Առաջին համաշխարհային պատերազմը սևամորթ բնակչությունը սակավաթիվ էր, իսկ դրանից հետո նրանք սկսեցին ներգաղթել հարավային նահանգներից, մասնավորապես՝ Արկանզասից և Միսսիսիպիից[3]։

Քաղաքացիական պատերազմին հաջորդած 6 տարիների ընթացքում, «Ֆորեսթ Սիթի» խմբի շնորհիվ, Ռոքֆորդը մեծ ճանաչում ունեցավ բեյսբոլի ասպարեզում։ Եվ թիմի անունն այնքան հայտնի էր, որ դարձավ քաղաքի կեղծանունը[3]։

20-րդ դարի առաջին կեսին Ռոքֆորդը նաև ռազմական կարևոր կենտրոն էր։ 1917 թվականին այստեղ բացվեց Քեմփ-Գրանտ ճամբարը՝ զինվորների մարզման համար, 1921 թվականին այն դադարեցրեց աշխատանքները, իսկ 1924 թվականին փոխանցվեց Իլինոյս նահանգին՝ որպես Ազգային գվարդիայի մշտական ուսուցման կենտրոն։ 1940 թվականին ճամբարը դարձավ ԱՄՆ բանակի բազան և ծառայեց որպես զորակոչիկների կենտրոն, այնուհետև՝ ուսումնական կենտրոն սանիտարների համար։ 1943-1946 թվականներին այստեղ պահվում էին ավելի քան 2000 գերմանացի ռազմագերիներ։ 1946 թվականին Քեմփ-Գրանտը փակվեց, իսկ նրա տարածքը կիսվեց Ռոքֆորդի միջազգային օդանավակայանի և Սետ-Էդվուդ այգու միջև[3]։

20-րդ դարի վերջին տասնամյակներում Ռոքֆորդը արդյունաբերության անկում ապրեց, խարխլված կառույցների շտապ վերակառուցման անհրաժեշտություն ունեցավ։ 1989 թվականին ակտիվ քաղաքացիների նախաձեռնող խումբը ստեղծեց մի ընկերություն, որը զբաղվում էր նահանգի դպրոցական համակարգում սեգրեգացիայի և ռասիզմի լիկվիդացման համար։ Այս շրջանի այլ կարևոր իրադարձություններ. Ռոք-Վելլի քոլեջի հիմնումը, Իլինոյս նահանգի համալսարանում Ռոքֆորդյան բժշկական քոլեջի ստեղծումը, հանրային կենտրոնի կառուցումը, ինչպես նաև քաղաքում մի շարք կարևոր շրջանային ֆինանսական կենտրոնների, առողջապահական և ժամանցային օբյեկտների բացումը[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքի ընդհանուր մակերեսը 158,2 կմ² է,(61,08 միլ²), որից 155,95 կմ² (60,21 միլ²) տարածք ցամաքային է, իսկ 2,25 կմ² (0,87 միլ²)՝ ջրային[4]։

Քաղաքով հոսում է Ռոք Ռիվը գետը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնի ճապոնական այգին

Շնորհիվ իր տեղադրության՝ Միջին Արևելքում և սաղարթավոր անտառներով շրջապատված լինելուն, Ռոքֆորդի կլիմայում հստակ դիտվում են չորս եղանակները։ Ամառը սովորաբար տաք է, ամենաշոգ ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը 29 °C է։ Ձմռանը եղանակի վրա հաճախ ազդում են սառը օդային զանգվածները Կանադայից։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -6 °C: Ամենախոնավ ամիսը հունիսն է, ամենաչորը՝ փետրվարը։ Տեղումների քանակը տարում կազմում է 930 մմ[5]։

Ռոքֆորդն ու նրա արվարձանը տորնադոյի առաջացման ռիսկի գոտում են։ Այսպես, 1967 թվականի ապրիլի 21-ին հարևան Բելվիդեր քաղաքը տուժեց տորնադոյից, որի ուժգնությունն՝ ըստ Ֆուջիտի սանդղակի F4 էր, ինչի արդյունքում 24 հոգի մահացավ, իսկ հարյուրավոր մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ[6]։ Փոթորիկների ժամանակ քաղաքը հաճախ ենթարկվում է ուժգին քամու՝ անձրևով և կարկուտով։ 2003 թվականի հուլիսի 5-ին տարերքը լուրջ ավերածությունների պատճառ դարձավ թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում. մոտավորապես 70 000 մարդ շաբաթվա ընթացքում մնաց առանց էլեկտրականության[7]։

Քաղաքը ձմռանը ենթարկվում է ուժեղ բուքերի։ 1918 թվականի հունվարի 6-ին քաղաքի պատմության մեջ տեղաց ամենաուժեղ ձյունը, որի արդյունքում ձյան շերտը հասել էր 41 սմ-ի։ 2011 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ բուքի ժամանակ ձյան շերտը կազմում էր 38,3 սմ[8]։ Ռեկորդային բարձր ջերմաստճանը ֆիքսվել է 1936 թվականի հուլիսի 14-ին, և կազմում էր 44 °C, իսկ ռեկորդային ցածր ջերմաստիճանը ֆիքսվել է 1982 թվականի հունվարի 10-ին և հասնում էր -33 °C[5]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 152 871 մարդ, գրանցված է բնակատեղերի 66,7 միավոր[9]։

Բնակչության տեղաբաշխումն ըստ ռասայական ցուցանիշի.[9]

  • սպիտակամորթներ - 58,4 %
  • աֆրոամերիկացիներ - 20,5 %
  • բնիկ ամերիկացիներ - 0,4 %
  • ասիացիներ - 2,9 %
  • լատինամերիկացիներ - 15,8 % և այլք

Բնակչության 10,4 %-ը ծնվել է Ռոքֆորդում, 84,4 %-ն ապրում են իրենց տանը մեկ տարուց ավելի։ 5 տարեկանից բարձր բնակիչների 16,3 %-ը խոսում է երկու և ավելի լեզուներով։ 25 տարեկանից բարձր բնակչության 80,3% -ը ունի միջնակարգ կրթություն, 20,6 %-ն ունեն բակալավրի, մագիստրոսի և ավելի բարձր աստիճան[9]։

Մարդկանց տեղաբաշխումն ըստ տարիքի[9].

  • մինչև 5 տարեկան - 7,6 %
  • մինչև 18 տարեկան - 25,9 %
  • 65 տարեկանից բարձր - 13,9 %

Տնատիրության տարեկան եկամուտը միջինում կազմում է 38 573 դոլար։ Մի շնչին հասնեղ եկամուտը 21 422 դոլար է։ Բնակիչների 23,3 %-ը գտնվում է կենսամակարդակի նվազագույնից ցածր։ Աշխատունակ բնակչությունը միջինում ծախսում է 20,6 րոպե աշխատանքի հասնելու համար[9]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին նախագահ Դուայթ Էյզենհաուերի օրոք կնքվեց ԱՄՆ և արտերկրի քաղաքների համագործակցության ծրագիրը։ 1967 թվականին, մեծ ժողովրդականություն վայելելու շնորհիվ այս ծրագիրը դարձավ առանձին ոչ առևտրային կազմակերպություն (անգլ.՝ Sister Cities International)[10]:

Sister Cities International կազմակերպությունը ստեղծում և ամրացնում է քույր քաղաքների համագործակցությունը՝ համաշխարհային համագործակցությունը, մշակութային փոխըմբռնումը և տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։ Ռոքֆորդն ու նրա արվարձանը սերտ կապեր ունեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրանիայի, Չինաստանի, Շվեդիայի, Իտալիայի, Ռումինիայի, Ղրղզստանի և Հունգարիայի քաղաքների հետ[10]։

Քաղաքի հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմս Բրեստեդ
  • Ջեյմս Հենրի Բրեստեդ, ամերիկացի հնէաբան և պատմաբան
  • Սթիվ Չերանդոլո, ամերիկացի ֆուտբոլիստ, ԱՄՆ հավաքականի և «Հաննովերա»-յի պաշտպան
  • Ջոն Բայարդ Անդերսոն, ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, Իլինոյս նահանգի կոնգրեսմեն
  • Միշել Վիլիամս, ամերիկացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի
  • Այդան Քուին, ամերիկացի դերասան
  • Ջենիս Էլեյն Վոսս, ամերիկացի ինժեներ և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց
  • Գորդոն Տալլոկ, ամերիակացի տնտեսագետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Rockford City Census 2010 Data - Population» (անգլերեն). Cubit Planning. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Rockford History» (անգլերեն). Rockford Area Convention & Visitors Bureau. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  4. «Places». 2010 Census Gazetteer Files (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  5. 5,0 5,1 «Monthly Averages for Rockford, IL» (անգլերեն). The Weather Channel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  6. «Belvidere, Illinois: 1967 Tornado Disaster Monument» (անգլերեն). RoadsideAmerica.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  7. «Damaging Winds at Rockford and Around Chicagoland» (անգլերեն). National Weather Service. 2003 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  8. «Chicago, IL» (անգլերեն). National Weather Service Weather Forecast Office. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Rockford (city), Illinois» (անգլերեն). US Census Bureau. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  10. 10,0 10,1 «Sister City Initiatives» (անգլերեն). Rockford Area Economic Development Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆորդ (Իլինոյս)» հոդվածին։