Ջորջ Փիբոդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Փիբոդի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1795(1795-02-18)[1]
ԾննդավայրՓիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն և Հարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆինանսիստ, ձեռնարկատեր և բանկիր
Ծնողներհայր՝ Thomas Peabody?[2], մայր՝ Judith Peabody?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկայի հնավաճառության միություն
Ստորագրություն
Изображение автографа
 George Peabody Վիքիպահեստում

Ջորջ Փիբոդի (անգլ.՝ George Peabody /ˈpbədi/ PEE-bə-dee[3] փետրվարի 18, 1795(1795-02-18)[1], Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի ֆինանսիստ ու մարդասեր, որը համարվում է ժամանակակից մարդասիրության նախահայրը։

Մասաչուսեթս նահանգի աղքատ ընտանիքում ծնված Փիբոդին նախ զբաղվել է կտորեղենի գործով, հետո մտել բանկային համակարգ։ 1837 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որը այն տարիներին եղել է համաշխարհային ֆինանսների մայրաքաղաքը։ Այստեղ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի բանկիրը և օգնել է նորաստեղծ պետություններին հաստատել իրենց միջազգային վարկերը։ Փիբոդին զավակ ու ժառանգ չի ունեցել, այդ պատճառով էլ 1854 թվականին գործընկերություն է հաստատել Ջունիուս Սփենսեր Մորգանի հետ։ Այդ բիզնես-միության հիման վրա էլ 1864 թվականին՝ Փիբոդիի պաշտոնաթողությունից հետո, ստեղծվել է «J.P. Morgan & Co» ընկերությունը։

Կյանքի ուշ շրջանում Փիբոդին ավելի լայն ճանաչում է ձեռք բերել իր մարդասիրական գործունեության շնորհիվ։ Նա հիմնադրել է «Փիբոդի Թրասթը» Բրիտանիայում, «Փիբոդի» ինստիտուտն ու «Ջորջ Փիբոդի» գրադարանը Բալթիմորում, մասնակցել բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Փիբոդիի տուն-թանգարանը Մասաչուսեթսում

Փիբոդին ծնվել է 1795 թվականին Մասաչուսեթսում՝ նախկին Հարավային Դենվեր, ներկայիս Փիբոդի կոչվող բնակավայրում, պուրիտանների հետնորդների ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի յոթ զավակներից մեկը, ապրել է զրկանքներով լի չքավոր մանկություն, դպրոց է հաճախել ընդամենը մի քանի տարի։ Հայրը վաղ է մահացել, և Ջորջը ստիպված աշխատել է՝ ընտանիքը սովից փրկելու համար։ Այդ տարիների մասին նա ավելի ուշ ասել է. «Ես այդպես էլ չմոռացա ու երբեք չեմ մոռանա իմ վաղ տարիների այդ մեծ զրկանքները»[4]։

1816 թվականին նա տեղափոխվել է Բալթիմոր, որտեղ աշխատել ու ապրել է 20 տարի՝ դառնալով հաջողակ գործածար ու ֆինանսիստ։

Այդ տարիներին Լոնդոնը, Ամստերդամը, Փարիզն ու Ֆրանկֆուրտը համարվում էին միջազգային բանկային գործի ու ֆինանսների կենտրոններ։ Այստեղ կենտրոնացած կապիտալից երկարատև վարկեր էին տրամադրում ԱՄՆ-ի նման զարգացող երկրներին տնտեսության զարգացման համար։

Փիբոդին Անգլիա է եկել 1827 թվականին և Ամերիկայի Նահանգների պարտատոմսերի վաճառքով փորձել դրամագլուխ ստեղծել նահանգների «ներքին բարենորոգմանը»՝ ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը (հիմնականում տրանսպորտի ոլորտում՝ ճանապարհներ, երկաթուղի, նավահանգիստներ և ջրանցքներ)։ 1835 թվականից[4] նա իրականացրել է չորս անդրատլանտյան ճանապարհորդություն, որոնց արդյունքում Լոնդոնում հիմնել է «Peabody & Company»-ն (որը հետագայում վերանվանվել է «J.S. Morgan & Co.»[4])։ 1837 թվականից Փիբոդին մշտական բնակություն է հաստատել Լոնդոնում։

1840-ականներին Մերիլենդ նահանգը հրաժարվել է իր պարտքերի վճարումից, և Փիբոդին, որը զբաղվել էր Մերիլենդի արժեթղթերի մոտ կեսի վաճառքով, ճանաչվում է պերսոնա նոն գրատա Լոնդոնում։ Լոնդոնի «Թայմսը» նրա մասին գրել է՝ չնայած որ Փիբոդին «ամենաանբասիր բնույթով ամերիկացի ջենթլմեն է», Ռեֆորմների ակումբը սևացրել է նրան որպես մի երկրի քաղաքացու, որը հրաժարվում է իր պարտքերը վճարելուց։ Իրավիճակը փրկելու համար Փիբոդին նախ նամակներ է հղում Բալթիմորի ընկերներին՝ գրելով վճարումները վերսկսելու անհրաժետության մասին, և վճարում է լրագրողներին նահանգի մասին բարյացակամ հոդվածներ գրելու համար[4]։ Նրա ջանքերը հաջողությամբ են պսակվում․ Բալթիմորը վերսկսում է պարտքերի վճարումը։

Չնայած որ 1838 թվականին Փիբոդին կարճ ժամանակով նշանված է եղել (իսկ ավելի ուշ իբրև թե սիրուհի է ունեցել Անգլիայի Բրայթոն քաղաքում, որից դուստր է ունեցել)՝ այդպես էլ չի ամուսնացել[5]։ Ռոն Չերնաուն նրան նկարագրում էր որպես «անբարետես» մեկը՝ «գզգզված դեմքով․․․, դուրս ցցված կզակով, սոխաձև քթով, այտամորուսներով, կախված կոպերով»[4]։ Ինչևէ, պահպանվել են Փիբոդիի մեծ թվով լուսանկարներ ու դիմանկարներ, որոնք վկայում են, որ Չերնաուի բացասական կարծիքը խիստ սուբյեկտիվ է[6]։

Փիբոդին Լոնդոնում հայտնի է եղել ամերիկացի դիվանագետների, գործարարների և հայտնի մարդկանց պատվին և Հուլիսի 4-ի առիթով կազմակերպած անգլո-ամերիկյան ճաշկերույթներով։ Իսկ երբ 1851 թվականին ԱՄՆ Կոնգրեսը մերժել է հովանավորել ամերիկյան պատվիրակության ներկայությունը Բյուրեղապակյա պալատում կազմակերպվող Մեծ ցուցահանդեսում, նա տրամադրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և բարձր պահել Միացյալ Նահանգների հեղինակությունը համաշխարհային նշանակության այդ միջոցառումում։ Բայց 1854 թվականին՝ Հուլիսի 4-ին նվիրված ճաշկերույթի ժամանակ, նա վիրավորել է իր ամերիկացի հյուրերից շատերին, երբ նախ արտասանել է Վիկտորյա թագուհուն, հետո միայն ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Փիրսին նվիրված բաժակաճառը[7]։ Մոտավորապես այս տարիներին էլ նրա օրգանիզմում սկսել են զարգանալ ռևմատոիդ արթրիտ և հոդատապ[8]։

1867 թվականի փետրվարին՝ Միացյալ Նահանգներ այցերից մեկի ժամանակ նախագահ Էնդրյու Ջոնսոնի վաղեմի բարեկամ և Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ անդամ Ֆրենսիս Փրեսթոն Բլեյերը նրան առաջարկել է ստանձնել ֆինանսների նախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ տպագիր մամուլում լուրեր են սպրդել, թե Փիբոդին հավակնել է նախագահի թեկնածությանը։ Բայց նախարար դառնալու առաջարկը Փիբոդին անվանել է «բարի և սիրալիր վերաբերմունք» ու մերժել է։ Նա 72 տարեկան էր․ բավական տարիքով նման պաշտոն զբաղեցնելու համար[9]։

Ջորջ Փիբոդիի գերբը

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիբոդին որպես կամավոր մասնակցել է 1812 թվականի պատերազմին, որտեղ էլ ընկերացել է Էլիշա Ռիգսի հետ։ Ռիգսը զբաղվելիս է եղել գալանտերեայի մեծածախ վաճառքով։ 1814 թվականին Փիբոդին դարձել է նրա գործընկերը, և ստեղծվել է նրանց համատեղ «Riggs, Peabody & Co.» ընկերությունը, որը մասնագիտացած է եղել Բրիտանիայից գալանտերեայի ներկրման գործում։ 1822 թվականին մասնաճյուղեր են բացվել Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում։ 1829 թվականին Ռիգսը անցել է թոշակի և ընկերությունը վերանվանվել է «Peabody, Riggs & Co․», քանի որ գործը սկսել է գլխավորել Փիբոդին։

Փիբոդին առաջին անգամ Անգլիա է մեկնել 1827 թվականին՝ ապրանք գնելու և Լանքաշիրում ամերիկյան բամբակի վաճառքը կազմակերպելու համար։ Արդյունքում նա մասնաճյուղ է բացել Լիվերպուլում, և բրիտանական բիզնեսը աստիճանաբար դարձել է ավելի առաջնահերթ։

1837 թվականից Փիբոդին հաստատվել է Լոնդոնում, իսկ հաջորդ տարվանից սկսել է զբաղվել բանկային գործով։ 1851 թվականին նա հիմնել է «George Peabody and Company» բանկային ընկերությունը[10] Այն հիմնադրվել է Ամերիկյան երկաթուղիների թողարկած արժեթղթերի պահանջարկը բավարարելու համար։ Փիբոդին աստիճանաբար ընդլայնել է իր բանկային գործունեությունը՝ մասնագիտանալով կառավարությունների ու մեծ ընկերությունների ֆինանսավորման վրա[11]։

Լոնդոնում Փիբոդիի գտնվելու առաջին տարիներին Ամերիկայի նահանգները հրաժարվել էին բրիտանացի վարկատուներին վճարել իրենց պարտքերը։ Եվ Փիբոդին՝ որպես Լոնդոնում ամերիկացի հայտնի ֆինանսիստ, հաճախ արժանացել է արհամարհանքի, անգամ զրկվել Ջենթլմենների ակումբի անդամակցությունից։ Իրավիճակը շտկելու համար Փիբոդին միացրել է ուժերը «Barrings Bank»-ի հետ և Ամերիկայի նահանգների պարտքերը մարելուն նպաստող քարոզարշավ սկսել և արդյունքում, ինչպես գրված է Բրիտանիկա հանրագիտարանում, «նպաստել է ԱՄՆ -ի հանդեպ վստահության ստեղծմանը արտերկրում»[12]։

Փիբոդին թոշակի է անցել 1864 թվականին՝ իր հետ վերցնելով իր դրամագլխի մեծ մասը՝ մոտ 10 000 000 դոլար։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիբոդի Թրասթը շարունակում է մարդկանց ապահովել բնակարաններով Լոնդոնում

Փիբոդին խնայող,երբեմն անգամ ժլատ է եղել իր բարեկամների ու աշխատողների հանդեպ, փոխարենը՝ աննախադեպ շռայլ հանրային բարեգործական ներդրումներում[13]։ Նա դարձել է ժամանակակից մարդասիրության նախահայրը[14][15][16][17]։ Փոբոդին օրինակ է դարձել շատերի համար և ունեցել այնպիսի հետևորդներ ինչպիսիք են Ջոնս Հոփկինսը, Էնդրյու Կարնեգին, Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը և Բիլ Գեյթսը։ Միացյալ Նահանգներում Փիբոդին իր բարեգործական նախաձեռնություններով զարգացրել է կրթության ոլորտը, իսկ Բրիտանիայում աղքատներին ապահովել բնակարաններով։

Ամերիկայում Փիբոդին հիմնել ու հովանավորել է բազմաթիվ ինստիտուտներ։ 1867–1868 թվականներին, 3,5 միլիոն դոլար ներդրելով, հիմնել է «Փիբոդի կրթական հիմնադրամը», որի նպատակն է եղել «աջակցել հարավային նահանգների չքավոր երեխաներին ստանալ մտավոր, բարոյական և արտադրական կրթություն»[18][19]։

Առաջին բազմաբնակարան շենքը Սփիթալֆիլդսի Քոմերշալ փողոցում։ Լուսանկարը հրապարակվել է շենքի բացումից առաջ «Լոնդոն Նյուզ» թերթում

1862 թվականի ապրիլին Փիբոդին հիմնել է «Փիբոդի» բարեգործական հիմնադրամը, որը գործում է առ այսօր որպես «Փիբոդի թրասթ» (Peabody Trust) և «Լոնդոնի աղքատ արհեստավորներին և բանվորներին» ապահովում բարենորոգված բնակարաններով։ Առաջին բազմաբնակարան շենքը, որը նախագծել է ժամանակի հայտնի ճարտարապետ Հենրի Դարբիշիրը ջաքոբիթանյան ոճում, կառուցվել է Քոմերշալ փողոցում՝ Սփիթալֆիլդս թաղամասում 1864 թվականի փետրվարին։

Ջորջ Փիբոդի

Ջորջ Փիբոդին իրականացրել է ավելի քան 8 միլիոն դոլարի նվիրատվություն, որը 2017 թվականին համապատասխանել է 158,000,000 միլիոն դոլարի[20]։ Ահա նրա բարեգործությունների բավական ընդարձակ ցանկը․

1852 թվականին «Փիբոդի»ինստիուտը[21] հայրենի Փիբոդիում
1856 թվականին «Փիբոդի» ինստիտուտը Դենվերում[22]
1857 թվականին «Փիբոդի» ինստիտուտը Բալթիմորում[23]
1862 թվականին «Փիբոդի» բարեգործական ֆոնդը Լոնդոնում
1866 թվականին Հարվարդի համալսարանում «Փիբոդի» հնագիտության ու ազգագրության թանգարանը
1866 թվականին Եյլի համալսարանում «Փիբոդի» բնագիտության թանգարան
1867 թվականին «Փիբոդի» գիտությունների ակադեմիան Մասաչուսեթսում՝ Սալեմում
1867 թվականին «Փիբոդի» կրթության հիմնադրամը
1875 թվականին «Ջորջ Փիբոդի» ուսուցիչների քոլեջը Նեշվիլում՝ Թենեսիում
1877 թվականին «Փիբոդի» ավագ դպրոցը Թրենտոնում՝ Թենեսիում
1866 թվականին հանրային գրադարան Ջորջթաունում՝ Մասաչուսեթսում
1866 թվականին Թեթֆորդի հանրային գրադարանը Վերմոնտում
1901 թվականին «Փիբոդի» գրադարանը, Սեմ Հյուսթոն պետական համալսարանում՝ Տեխասում
1913 թվականին Միսսիսիպիի համալսարանի «Ջորջ Փիբոդի» քոլեջի շենքը[24]
1913 թվականին Արկանզասի համալսարանի «Փիբոդի» քոլեջի շենքը[25]
1913 թվականին Ջորջիայի համալսարանի «Փիբոդի» քոլեջի շենքը[26]
1913 թվականին Ֆլորիդայի համալսարանի «Փիբոդի» քոլեջի շենքը[27]
1913 թվականին Լուիզիանայի համալսարանի «Փիբոդի» քոլեջի շենքը
1914 թվականին Վիրջինիայի համալսարանի «Փիբոդի» քոլեջի շենքը

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիբոդիի հուղարկավորությունը Վեստմինստերյան աբբայությունում

Փիբոդին մահացել է 1869 թվականին նոյեմբերի 4-ին 74 տարեկանում իր ընկերոջ՝ Քուրտիս Լամփսոնի տանը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Վեստմինստերյան աբբայությունում[28]։

Նրա ցանկությունն է եղել թաղվել ծննդավայրում՝ Մասաչուսեթսում։ Այդ պատճառով էլ Փիբոդիի աճյունը տեղափոխվել է Մասաչուսեթս և 1870 թվականի փետրվարի 7-ին կազմակերպվել նրա երկրորդ հանդիսավոր հուղարկավորությունը Սալեմ քաղաքի գերերզմանատանը։ Փիբոդիի մահը և երկու հուղարկավորությունները լայնորեն լուսաբանվել են միջազգային լրատվամիջոցներում՝ նոր անցկացված անդրատլանտյան ստորջրյա հեռագրային կապի շնորհիվ։ Փիբոդիի թաղման արարողություններին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ էլ, չկարողանալով մասնակցել, հեռվից հետևել են[29]։

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր բարեգործությունների շնորհիվ Փիբոդին ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ։ Նրան բարձր են գնահատել եվրոպացի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են վարչապետ Ուիլյամ Գլադստոնը և գրող Վիկտոր Հյուգոն, իսկ Վիկտորյա թագուհին բարոնի տիտղոս է առաջարկել, որը Փիբոդին մերժել է[30]։

1854 թվականին բևեռային հետախույզ Իլայշա Քեյնը Գրինլանդիայի հյուսիս-արևմտյան ափի ջրային ուղին անվանել է Փիբոդիի ծովախորշ՝ ի պատիվ իր գիտարշավը ֆինանսավորած բարեգործի[31]։

Լոնդոնի աղքատ խավին մարդասիրական օգնություն տրամադրելու համար 1862 թվականին նա ստացել է Լոնդոն քաղաքի Ֆրիմենի հավաստագիր[32] ։ Նա այս պատվին արժանացած երկու ամերիկացիներից առաջինն է եղել, երկրորդը եղել է 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։ 1867 թվականի մարտի 16-ին նա արժանացել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ոսկե մեդալի[33] նաև Հարվարդի և Օքսֆորդի համալսարաների Իրավունքի պատվավոր դոկտոր կոչման։

Հայրենի քաղաքը՝ Հարավային Դենվերը, 1868 թվականին վերանվանվել է իր նշանավոր զավակի՝ Փիբոդիի անունով։ Նրա անունն են կրում Միացյալ Նահանգների մի շարք տարրական, ավագ դպրոցներ ու ինստիտուտներ, նաև Թենեսիում՝ Մեմփիսում, գտնվող հյուրանոցը։ Լոնդոնի Թագավորական բորսայի մոտ 1869 թվականի հուլիսին տեղադրվել է նրա արձանը, որի հանդիսավոր բացումը կատարել է Ուելսի արքայազնը։ Վատառողջ Փիբոդին արարողությանը չի կարողացել մասնակցել և մահացել է դրանից չորս ամիս անց։ Արձանի կրկնօրինակը 1890 թվականին կանգնեցվել է Բալթիմորում գտնվող «Փիբոդի» ինստիտուտի մոտ[34]։

Փիբոդիի արձանը Լոնդոնում

1900 թվականին Փիբոդին ներառվել է Մեծ ամերիկացիների փառքի սրահում ներկայացված առաջին 29 ընտրյալների ցանկում։

Փիբոդի քաղաքի Վաշինգտոն 205 հասցեում գտնվող տունը, որտեղ ծնվել է մեծ մարդասերը, վերակազմավորվել է տուն-թանգարանի, իսկ Լոնդոնի Բելգրեյվիա վարչական շրջանի Իթոն հրապարակի № 80 հասցեում գտնվող շենքի պատին1976 թվականին տեղադրվել է նրա մասին պատմող կապույտ հուշատախտակ[35]։

2018 թվականի մարտի 16-ին Փիբոդին հիշատակվել է Google Doodle-ի կողմից 151 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ ստանալու կապակցությամբ[36][37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
  3. This is the standard pronunciation in Massachusetts (his birthplace), and presumably how Peabody himself pronounced his name. However, in Maryland—location of the Peabody Institute and George Peabody Library—and also in Britain—home of the Peabody Trust--the name is pronounced as spelled, Pea-body.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 4. ISBN 9780802198136.
  5. Parker 1995, pp. 29–33.
  6. See early photos of Peabody, and portraits of him as a younger man in the collections of the National Portrait Gallery (United States), Maryland State Art Collection, and the Museum of Fine Arts, Boston.
  7. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 7. ISBN 9780802198136.
  8. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 8. ISBN 9780802198136.
  9. Parker 1995, pp. 164–5, 203, 214.
  10. Burk (1989), p. 1
  11. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 5. ISBN 9780802198136.
  12. «George Peabody | American merchant, financier, and philanthropist». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  13. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 9. ISBN 9780802198136.
  14. Bernstein, Peter (2007). All the Money in the World. Random House. էջ 280. ISBN 0-307-26612-5. «Even before the Carnegies and Rockefellers became philanthropic legends, there was George Peabody, considered to be the father of modern philanthropy.»
  15. The Philanthropy Hall of Fame, George Peabody
  16. Davies, Gill (2006). One Thousand Buildings of London. Black Dog Publishing. էջ 179. ISBN 1-57912-587-5. «George Peabody (1795–1869)—banker, dry goods merchant, and father of modern philanthropy...»
  17. «Peabody Hall Stands as Symbol of University's History». University of Arkansas. 2009 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին. «George Peabody is considered by some to be the father of modern philanthropy.»
  18. «George Peabody Library History». Johns Hopkins University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին. «After the Civil War he funded the Peabody Education Fund which established public education in the South.»
  19. Negro Year Book: An Annual Encyclopedia of the Negro ... 1913. էջ 180.
  20. «Measuring Worth - Result in Table». measuringworth.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  21. «Peabody Institute Library». peabodylibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  22. «administration/pilhistlong2». danverslibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  23. Ray E. Robinson, "The Peabody Institute: Ideas Implicit in Its Founding." Journal of Research in Music Education 19.2 (1971): 216-221.
  24. «About UM - History - University Buildings | Spring 2017-18 | UM Catalog». catalog.olemiss.edu. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  25. University Of Arkansas
  26. «Peabody Hall | Buildings & Locations | A–Z | University of Georgia». uga.edu. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  27. «Historic Campus - Peabody Hall». historic.facilities.ufl.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  28. «Funeral of George Peabody at Westminster Abbey». The New York Times. 1869 թ․ նոյեմբերի 13. էջ 3. «As soon as the ceremony within the church was over the procession formed again, and advanced to a spot near the western entrance, where a temporary grave had been prepared... Here the body was deposited, and will remain until it is transported to America.»
  29. Parker, Franklin (1966 թ․ հուլիս). «The Funeral of George Peabody». Peabody Journal of Education. Lawrence Erlbaum Associates (Taylor & Francis Group). 44 (1): 21–36. doi:10.1080/01619566609537382. JSTOR 1491421.
  30. Chernow, Ron (2010 թ․ հունվարի 19). The House of Morgan: An American Banking Dynasty and the Rise of Modern Finance (անգլերեն). Grove/Atlantic, Inc. էջ 14. ISBN 9780802198136.
  31. «Biography – KANE, ELISHA KENT – Volume VIII (1851–1860) – Dictionary of Canadian Biography». www.biographi.ca. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  32. «London People: George Peabody». Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին. «By 1867 Peabody had received honours from America and Britain, including being made a Freeman of the City of London, the first American to receive this honour.»
  33. «Congressional Gold Medal Recipients». United States House of Representatives. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  34. A detailed account of the commissioning, erection and reception of the statue appears in Ward-Jackson 2003, pp. 338–41.
  35. «George Peabody Blue Plaque». openplaques.org. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  36. «Google doodle honors philanthropist George Peabody». CNET (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  37. «Google Doodle Just Honored George Peabody, Financier-Turned-'Father of Modern Philanthropy'». Fortune (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փիբոդի» հոդվածին։