Պիետրո Բադոլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիետրո Բադոլիո
իտալ.՝ Pietro Badoglio
Pietro Badoglio 2.jpg
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1871(1871-09-28)[1][2][3][…]
Ծննդավայր Գրացանո Բադոլո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 1, 1956(1956-11-01)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Գրացանո Բադոլո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Pietro Badoglio
 
Պարգևներ

Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Իտալիայի մարտական շքանշան, Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան, Իտալիայի թագի շքանշան, Colonial Order of the Star of Italy?, Ռազմական խիզախության մեդալ և Աստծո Երուսաղեմի սուրբ գերեզմանի շքանշան

Պիետրո Բադոլիո (իտալ.՝ Pietro Badoglio, US: /bəˈdlj/,[5] Իտալերեն: [ˈpjɛːtro baˈdɔʎʎo], սեպտեմբերի 28, 1871(1871-09-28)[1][2][3][…], Գրացանո Բադոլո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4] - նոյեմբերի 1, 1956(1956-11-01)[1][2][3][…], Գրացանո Բադոլո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա[4]), Իտալիայի մարշալ (1926 թվական, հունիսի 25), Ադիս Աբեբյան դուքս, վարչապետ Սաբոտինոյի մարկիզ, 1943 թվականին Մուսոլինիի տապալումից հետո ստանձնել է վարչապետի պաշտոնը, հայտարարել չեզոքություն և Իտալիան դուրս բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից[6]:

Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Բադոլիոն ծնվել է 1871 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Գրացանո Մոնֆերատոյի ընտանեկան կալվածքում: Նրա հայրը հարուստ ֆերմեր Մարիո Բադոլիոն էր, իսկ մայրը՝ Անտոնիետտա Պիտտարելլին: Ընտրելով ռազմական կարիերա՝ Բադոլիոն փայլուն ավարտել է ռազմական ուսումնարանը և 20 տարեկան հասակում ծառայության անցել բանակում: Նա իր ծառայությունը սկսել է հրետանային մարտկոցում: Այնուհետև ավարտել է Թուրինի ռազմական ակադեմիան և 1892 թվականի օգոստոսի 17-ին ստացել լեյտենանտի կոչում և տեղափոխվել Ֆլորենցիայում տեղակայված 19-րդ հրետանային գունդ: 1896 թվականին իտալական էքսպեդիցիոն կորպուսի կազմում նրան ուղարկել են Եթովպիա: 1896 թվականի մարտին Ադուայի ճակատամարտում իտալական էքսպեդիցիոն կորպուսը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Լեյտենանտ Բադոլիոն ճակատամարտում ծանր վիրավորվել է, տեղափոխվել մարտի դաշտից և շուտով ուղարկվել հայրենիք: Իտալա-եթովպական պատերազմին մասնակցության համար նա ստացել է կապիտանի կոչում:

Պիետրո Բադոլիոյի հաջորդ պատերազմը լիբիական արշավանքն էր: Այս պատերազմի ընթացքում նա ստացել է մայորի կոչում և շարունակել ծառայել Լիբիայում՝ Իտալիայի նոր գաղութում: 1914 թվականին նրան հետ են կանչել Իտալիա` շտաբային աշխատանքի համար:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Իտալիան ներքաշվեց Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, Բադոլյոն արդեն փոխգնդապետ էր և ծառայում էր որպես 2-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի պետ, այնուհետև տեղափոխվել է Գորիցիայի տարածքում գործող 4-րդ դիվիզիայի շտաբի պետ: 1916 թվականի մարտին իտալական զորքերը, փորձելով մեղմել Դաշնակիցների վիճակը Վերդենում, գրոհի են անցել Գորիցիայի ուղղությամբ: Արյունալի ճակատամարտի ընթացքում Բադոլիոն երկու անգամ վիրավորվել է, բայց այս հարձակման հաջողությունը չի կարողացել բարելավել իրավիճակը ճակատում: Սակայն Բադոլիոյին նկատել են, և նրան շնորհել են գնդապետի կոչում:

1916 թվականի մայիսին գնդապետ Բադոլիոն ստանձնել է 78-րդ հետևակային գնդի հրամանատարությունը և նշանակվել Իտալիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Արմանդո Դիազի խորհրդական: Պատերազմի ընթացքում Բադոլիոն արագ պաշտոն է ստացել: Նա առանձնացել է մի շարք մարտերում, հատկապես Սաբատինո լեռան օպերացիայում և 1916 թվականի օգոստոսի 7-17-ը Իզոնզոյի մոտ մղված մարտերի ընթացքում: Այստեղ, 78-րդ հետևակի գնդի գլխին, 58-րդ և 115-րդ հետևակային գնդերի երկու գումարտակ և երկու սակրավորական ջոկատներ են հարձակվել Սաբատինոյի լեռնազանգվածում տեղակայված թշնամու վրա և այնտեղից դուս մղել տարածքը գրաված ավստրո-հունգարական ստորաբաժանումներին: Նույն թվականին նա ստացել է գեներալ-մայորի կոչում: 1917 թվականին նա մասնակցել է լեռնային Իտալիայում անցկացվող ռազմական գործողություններին, ապա որոշ ժամանակ անց ղեկավարել հրետանային կորպուսը: 1917 թվականի նոյեմբերին Բադոլիոն նշանակվել է Գլխավոր հրամանատարական շտաբի պետի տեղակալ: Նրան վստահվել է շտաբային աշխատանքի մեծ մասը՝ իտալական բանակի հարձակման նախապատրաստման գործում: Նա Իտալիայի ներկայացուցիչն է եղել զինադադարի կնքման ընթացքում: 1919 թվականին նա փոխարինել է Դիազին՝ որպես Գլխավոր շտաբի պետ:

Պատերազմների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո նա ներկայացնում էր Իտալիան Փարիզի միջազգային խորհրդում: Ստացել է Մարկիզ Սաբոտինոյի կոչում: 1919 թվականի նոյեմբերից Բադոլիոն զբաղեցրել է արտակարգ կոմիսարի պաշտոնը Վենետիկում: Երկու տարի անց Պիետրո Բադոլիոն թոշակի է անցել և Բրազիլիայում նշանակվել դեսպան:

Չնայած այն բանին, որ Բադոլիոն ֆաշիզմի հաստատակամ հակառակորդներից է եղել[7], Մուսոլինին իշխանության գալուց հետո նրան համոզել է վերադառնալ Գլխավոր շտաբ: 1926 թվականին Դուչեն Պիետրո Բադոլիոյին շնորհել է մարշալի կոչում: Բայց Բադոլիոն երբեք չի կարողացել աշխատել Մուսոլինիի հետ: Բադոլիոն պահանջել է ստեղծել կառավարման մեկ մարմին՝ Իտալիայի բոլոր զինված ուժերի համար, մինչդեռ Մուսոլինին ցանկանում էր իր ձեռքում կենտրոնացնել բոլոր ռազմական նախարարությունները:

1928 թվականին Բադոլիոն պատվավոր աքսորի է ուղարկվել Լիբիա` զբաղեցնելով գլխավոր նահանգապետի պաշտոնը, որտեղ ծառայել է մինչև 1933 թվականը: 1933 թվականին մարշալ Բադոլիոն իր կյանքի ընթացքում երրորդ անգամ դարձել է Գլխավոր շտաբի պետ: 1936 թվականին իտալա-եթովպական պատերազմում գեներալ դե Բոնոյի անհաջողությունների պատճառով Դուչեն նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Պիետրո Բադոլիոն նշանակվել է Եթովպիայի իտալական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Բադոլիոյի ղեկավարության շնորհիվ իտալական զորքերը 1936 թվականի մայիսի 5-ին կարողացել են գրավել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբան և հաղթել պատերազմում: Մարշալ Բադոլիոն նշանակվել է նոր գաղութի փոխարքա և ստացել Ադիս Աբեբայի դուքսի կոչում:

1937 թվականին Բադոլիոն վերադարձել է Հռոմ, որտեղ շարունակել է աշխատել Գլխավոր շտաբում: Նրա նոր խնդիրն է եղել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին համակարգել իտալական կորպուսի գործողությունները, որոնք Մուսոլինին ուղարկել էր գեներալ Ֆրանկոյին օգնելու համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Իտալիան հայտարարեց Ալբանիայի դեմ իր տարածքային պահանջների մասին, Բադոլիոն փորձեց համոզել դուչեին, որ երկիրը պատրաստ չէ պատերազմի: Հունաստանի հետ պատերազմում կրած պարտություններից հետո Դուչեն փորձեց մեղքը բարդել բանակի վրա, բայց Պիետրո Բադոլիոն անկեղծորեն ասաց, որ պարտությունների իրական պատճառը Մուսոլինիի անխոհեմ քաղաքականությունն էր:

Սա էլ որոշեց մարշալի ճակատագիրը: 1940 թվականի դեկտեմբերի սկզբին Բադոլիոն թոշակի պաշտոնաթող եղավ՝ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զիջելով Ուգո Կավալյերոյին: Էլ-Ալամեյնում իտալո-գերմանական զորքերի պարտությունից, Լիբիայի կորուստից և Ստալինգրադում 8-րդ բանակի պարտությունից հետո, էլիտայում սկսեց հասունանալ դավադրություն Մուսոլինիի դեմ և շարժում սկսվեց հակահիտլերյան կոալիցիայի երկրների հետ խաղաղություն կնքելու օգտին: Այս տեսակի դավադրություններից մեկը ծագեց նաև զինվորականների շրջանում և Բադոլիոն անհրաժեշտ համարեց հեռացնել ոչ միայն Մուսոլինիին, այլև թագավորին, քանի որ նրանք իրենց վարկաբեկել էին ֆաշիզմի հետ կապեր ունենալով[8]: Սակայն, դավադիրներին միացավ նաև Վիկտոր Էմանուել թագավորը: Նրա հանձնարարությամբ Ակվարիոնայի դուքսը կապ հաստատեց մարշալ Բադոգլիոյի հետ, որը, թագավորի կարծիքով, լիովին համապատասխանում էր կառավարության նոր ղեկավարի պաշտոնին: 1943 թվականի հուլիսի 10-ին դաշնակիցները սկսեցին վայրէջք կատարել Սիցիլիայում: Հուլիսի 15-ին Պիետրո Բադոլիոն կազմեց կառավարության «պահուստային» կաբինետ: 1943 թվականի հուլիսի 25-ին Մուսոլինին հեռացվեց պաշտոնից և ձերբակալվեց: Նույն օրը Բադոլիոն նշանակվեց կառավարության ղեկավար:

Վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ Բադոլիոն հայտնվեց շատ ծանր վիճակում: Նա չէր կարող միանգամից անցնել Դաշնակիցների կողմը, քանի որ գերմանացիներն անմիջապես կգրավեին երկիրը: Բադոլիոն ռազմական դրություն հայտարարեց և ճնշեց կոմունիստական ելույթները, որոնք կարող էին սադրել գերմանացիներին: Նրա շնորհիվ 1943 թվականի հուլիսին Լիսաբոնում տեղի ունեցան խաղաղ բանակցություններ Իտալիայի և դաշնակիցների միջև, որոնք այնուհետև շարունակվեցին Սիցիլիայում, որտեղ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրվեց անվերապահ կապիտուլյացիայի պայմանները: Սակայն սեպտեմբերի 8-ին Իտալիան օկուպացիայի ենթարկվեց գերմանացիների կողմից: 1943 թվականի հոկտեմբերի 13-ին, Բադոլիոյի ղեկավարությամբ, Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: 1943-1944 թվականներին Դաշնակիցների կողմից պատերազմին Իտալիայի մասնակցության առաջին շրջանում Բադոլիոն գլխավորում էր Իտալիայի կառավարությունը, որտեղ ընդգրկված էին բոլոր հակաֆաշիստական կուսակցությունները, այդ թվում Իտալիայի Կոմունիստական կուսակցությունը, որի առաջնորդ Պալմիրո Տոլյատին 1944 թվականի մարտին դարձավ նախարար: 1944 թվականի հունիսին իտալական բանակը ամերիկյան և բրիտանական զորքերի հետ մտան Հռոմ: 1944 թվականի հունիսին Բադոլիոն վարչապետի պաշտոնը զիջեց Իվանոե Բոնոմիին:

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հունիսի 9-ին Պիետրո Բադոլիոն հրաժարական տվեց: Երկու անգամ միջոցներ ձեռնարկվեցին նրան մեղադրյալի աթոռին նստեցնելու` նախ, 1943 թվականի վերջում Վերոնայում Մուսոլինի կողմից գումարված ռազմական տրիբունալի հեռակա որոշմամբ, այնուհետև պատերազմից հետո միջազգային տրիբունալի մեղադրանքով նա դատապարտվեց մահապատժի: Միայն Չերչիլի անձնական միջամտությունը փրկեց նրան բանտարկությունից:

1947 թվականին Պիետրո Բադոլիոյին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվեցին, և նա տեղափոխվեց իր հայրենի դաստակերտ: Հետֆաշիստական Իտալիայի առաջին վարչապետը մահացավ Գրացանո Մոնֆերատոյում 1956 թվականի հոկտեմբերի 31-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118646281 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Cite Merriam-Webster, Badoglio
  6. «Pietro Badoglio»։ Encyclopaedia Britannica 
  7. «Пьетро Бадольо - Личности сквозь время»։ sites.google.com։ Վերցված է 2020-09-21 
  8. [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pietro Badoglio: Italy in the Second World War, memories and documents. (Transl.: Muriel Currey). Oxford University Press, 1948. Repr. 1976, Greenwood Press: 0-8371-8485-1
  • Pietro Badoglio: The war in Abyssinia. (Foreword: Benito Mussolini). London, Methuen Publishers, 1937.