Մյուրիել Բրանսկիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուրիել Բրանսկիլ
Ծնվել էդեկտեմբերի 18, 1899(1899-12-18)[1]
ԾննդավայրՔենդալ, Westmorland and Furness, Կումբրիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 18, 1980(1980-02-18)[1][2] (80 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունօպերային երգչուհի և կոմպոզիտոր

Մյուրիել Բրանսկիլ (անգլ.՝ Muriel Brunskill, դեկտեմբերի 18, 1899(1899-12-18)[1], Քենդալ, Westmorland and Furness, Կումբրիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 18, 1980(1980-02-18)[1][2]), քսաներորդ դարակեսի անգլիացի օպերային կոնտրալտո։ 1920-ական թվականների սկզբից մինչև 1950-ական թվականները զբաղվել է համերգային, օպերային ու մենահամերգային գործունեությամբ։ Աշխատել է իր ժամանակի առաջատար երաժիշտներից շատերի հետ, այդ թվում՝ սըր Թոմաս Բիչեմը, Ալբերտ Քոուտսը, Ֆելիքս ֆոն Վայնգարտները և Հենրի Ջոզեֆ Վուդը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Անգլիայի Վեստմորլենդ կոմսության Քենդալ քաղաքում[3], երգել սովորել է Լոնդոնում ու Փարիզում՝ Բլանշ Մարքեզիի մոտ[4]։ Դեբյուտը կայացել է 1920 թվականին Լոնդոնի Էոլիան դահլիճում։ Լոնդոնում ամենամյա անցկացվող Պրոմս փառատոնին 1921 թվականին երգել է Էդվարդ Էլգարի «Ծովապատկերներ» երգաշարքում, որի մասին «Թայմս» օրաթերթը գրել է․ «Նա գրագետ է երգում, բայց առոգանությունը հստակ չէ»[5]։ 1923 թվականին քննադատները նրա մասին ավելի բարձր կարծիքի էին, «The Musical Times»-ը գրում էր, որ «որպես Բախ կատարող՝ նա ակնհայտորեն լավագույններից մեկն է»[6]։

1922 թվականին ընդգրկվել է բրիտանական Ազգային օպերային ընկերությունում, որտեղ կատարած նրա դերերգերի թվում էին՝ Ամներիսը «Աիդա» օպերայից, Դալիլան «Սամսոն և Դալիլա» օպերայից, Էրդան «Նիբելունգի մատանին» օպերայից և Էմիլիան «Օթելլո» օպերայից[4][7]։ Ընկերության կազմում աշխատել է վեց տարի և կատարումներով հանդես եկել Կովենտ գարդեն արքունական թատրոնում ու Նորին Մեծության թատրոնում[3][4]։

1925 թվականի հոկտեմբերին Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության հետ սկսել է հանդես գալ «Քուինս Հոլ» համերգասրահում երգչախմբային ծրագրով, որտեղ ներառված էր նաև Լյուդվիգ վան Բեթհովենի «9-րդ սիմֆոնիան»։ 1927 թվականի մարտին Ալբերտ թագավորական սրահում տեղի ունեցած Բեթհովենի հիշատակի համերգին կատարել է վերջինիս «Հանդիսավոր մեսսան»[8]։

1925 թվականին ամուսնացել է դիրիժոր Ռոբերտ Էյնսվորթի հետ և ունեցել երկու որդի։ Ամուսինը մահացել է 1947 թվականին՝ 46 տարեկան հասակում։

Գլխավոր տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին բրիտանական Ազգային օպերային ընկերությունից հեռանալուց հետո երգել է հիմնականում օրատորիա և համերգային այլ ստեղծագործություններ, հաճախ ելույթներ ունեցել «Երեք երգչախումբ», հենդելյան, նորիջյան ու Լիդսի փառատոններին Թագավորական երգչախմբային ընկերության, Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության, Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հալլե նվագախմբի հետ։

1927 թվականին Էլգարի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգին երգել է վերջինիս «Երաժշտություն ստեղծողները» և «Ծովապատկերներ» ստեղծագործություններում։ Օվկիանոսից այն կողմ 1930 թվականին հանդես է եկել Կանադայում Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, 1931 թվականին՝ Ցինցինատիի մայիսյան փառատոնին, իսկ 1932 թվականին՝ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ ու Նյու Յորք քաղաքում։ 1934–1935 թվականներին Ավստրալիայի Մելբուռն ու Սիդնեյ քաղաքներում երգել է օպերային մեկ համերգաշրջան, որին հաջորդել է համերգային շրջագայությունը իր ամուսնու հետ Ավստրալիայով ու Նոր Զելանդիայով[3]։

1928 թվականին Դորա Լաբետի, Լիլիան Ստայլզ-Ալենի ու այլոց հետ մասնակցել է Հենդելի «Հերկուլես» երաժշտական դրամային[9]։ 1930-ական թվականներին հազվադեպ է հանդես եկել օպերային կատարումներով, բայց 1933 թվականին Կովենտ գարդենում նրա Ամներիսն արժանացել է ջերմ արձագանքի․ «Նրա դերակատարումը զգացմունքների ուղղակի և աննկարագրելի արտահայտություն էր, իսկ երգեցողությունը՝ հրաշալի սկզբից մինչև վերջ»[10]։

1936 թվականին կատարել է Կունդրիի դերերգը «Պարսիֆալ» օպերայում[11], 1938 թվականին երգել Պաուլ Հինդեմիթի «Մատիս նկարիչը» օպերայի անգլիական պրեմիերային[12]։

1938 թվականի հոկտեմբերի 5-ին Մարքեզիի մեկ այլ աշակերտի՝ Աստրա Դեզմոնդի, և տասնհինգ այլ առաջատար անգլիացի կատարողների հետ երգել է Ռալֆ Վոան Ուիլյամսի «Սերենադ երաժշտությանը» ստեղծագործության առաջին բեմադրության ժամանակ[13]։ Նույն տարում հանդես է եկել Գուստավ Մալերի «8-րդ սիմֆոնիայում»[14], 1940 թվականի աշնանային համերգաշրջանում «Քուինս Հոլ» համերգասրահում երգել Յոհաննես Բրամսի «Ալտո ռապսոդիայում»[15]։

1941 թվականի մայիսի 10-ին Անգելի դերակատարմամբ հանդես է եկել «Գերոնիտուսի երազը» ստեղծագործության մեջ, որը «Քուինս Հոլ» համերգասրահում տեղի ունեցած վերջին համերգն էր․ այդ գիշեր համերգասրահն ավերվել է գերմանացիների օդային հարձակման ժամանակ արձակված հրդեհածին ռումբից[16]։ 1942 թվականին Ալբերտ թագավորական սրահից BBC-ն հեռարձակել է «Ոսկե լեգենդ» կանտատան, որի մենակատարների թվում էր նաև Մյուրիել Բրանսկիլը[17]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Կովենտ գարդենում վերջին անգամ հանդես է եկել օպերային կատարմամբ, որը Օրտրուդի դերերգն էր «Լոհենգրին» օպերայից[4]։ 1950-ական թվականներին ընդլայնել է իր երգացանկը և հանդես եկել Ջոն Տորեի «Ոսկե քաղաքը» մյուզիքլում, որը բեմադրվել է Ադելֆի թատրոնում 1950 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր[18], և «Գիլբերտի ու Սալլիվանի պատմությունը» ֆիլմում 1953 թվականին[19]։ 1956–1957 թվականներին շրջագայել է Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում[3]։

Հանրահայտ լինելով օպերայում և օրատորիայում՝ Բրանսկիլը սիրվել է նաև իր համերգային կատարումներով։

Հանգստի անցնելուց հետո մեկնել է Դևոն կոմսության Բարնստապլ քաղաքի մոտ գտնվող Բիշոփս Թոութոն բնակավայրը, որտեղ էլ վախճանվել է ութսուն տարեկան հասակում։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին սըր Թոմաս Բիչեմի դիրիժորությամբ Հենդելի «Մեսսիայի» առաջին ձայնագրության մեջ Բրանսկիլը մենակատարներից մեկն էր, նույն ժամանակաշրջանի՝ Ֆելիքս ֆոն Վայնգարտների դիրիժորությամբ Բեթհովենի «9-րդ սիմֆոնիայի» ձայնագրության մեջ՝ կոնտրալտո մենակատարը։

Նրա մյուս ձայնագրություններից են՝ Շառլ Գունոյի «Ֆաուստը», Ռալֆ Վոան Ուիլյամսի «Սերենադ երաժշտությանը», որտեղ ձայնագրվել են նաև Լիլիան Ստայլզ-Ալենը, Իսոբել Բեյլին, Էվա Թըրները, Մերի Ջարեդը, Աստրա Դեզմոնդը և այլոք, ինչպես նաև Ջոն Թորեսի «Ոսկե քաղաքը»։

Բրանսկիլի վերջին ձայնագրությունների թվում է Սուրբ Ծննդյան երաժշտությամբ EMI ընկերության սկավառակը, որը թողարկվել է 1955 թվականին Իսոբել Բեյլիի, Հեդլ Նեշի ու Հարոլդ Ուիլյամսի մասնակցությամբ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Brunskill, Muriel", Who Was Who, A & C Black, 1920–2008; online edn, Oxford University Press, December 2007, accessed 1 May 2009
  4. 4,0 4,1 4,2 4,3 The Times obituary, 21 February 1980, p. 16
  5. The Times, 9 September 1921, p. 5
  6. The Musical Times, 1 February 1923, pp. 134–35
  7. The Times, 25 April 1925, p. 10
  8. Elkin, pp. 154 and 156.
  9. Elkin, pp. 158 and 164.
  10. The Times, 8 June 1933, p. 10
  11. The Times, 5 April 1928, p. 23
  12. The Times, 5 December 1938, p. 10
  13. The Times, 5 October 1938, p. 5
  14. Wood, pp. 323 and 325
  15. Pound, p. 260
  16. Elkins, pp. 271–72.
  17. The Times, 9 May 1942, p. 8
  18. The Times, 29 June 1950, p. 2; and 13 October 1950, p. 2
  19. The Times, 15 March 1952, p. 8
  20. The Musical Times, December 1955, p. 630

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elkin, Robert. Royal Philharmonic, Rider, London, 1946
  • MacRae, Julia (ed). Wigmore Hall: 1901–2001 – A Celebration. Wigmore Hall Trust, London, 2001. 0-9539581-0-8
  • Pound, Reginald. Sir Henry Wood, Cassell, London, 1969
  • Wood, Henry J. My Life of Music, Gollancz, London, 1946

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]