Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք, Հարրի Փոթերի աշխարհում մարդկանց կախարդական ունակությունները համարվում են պարգև՝ մարդու անձի առանձնահատուկ հոգևոր ունակություններ։ Նախ և առաջ յուրաքանչյուր հրաշագործ մարդ է, պարզապես, ի տարբերություն մագլների, նա ծնվել է կախարդանքի պարգևով։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ունակությունները տրվում են ծննդյան օրից․ եթե չկան, դրանք չի կարելի սովորել։ Սովորաբար դրանք փոխանցվում են ժառանգաբար, բայց ոչ միշտ։ Երբեմն երկու հրաշագործ ծնողներից ծնվում է սկվիբ-երեխա, այսինքն մարդ, որն ամբողջությամբ զրկվել է կախարդական ուժից, բայց հիմնականում երեխան հրաշագործ է դառնում, եթե ծնողներից գոնե մեկն այդպիսին է։ Երբեմն հրաշագործ ծնվում է մագլներից։ Այս խնդիրն առաջացրել է այսպես կոչված «մաքուր արյան» հարցը․ որոշ հրաշագործներ պնդում են, որ մագլածին հրաշագործները «երկրորդ կարգի» մարդիկ են և չեն կարող կախարդական միության մեջ որևէ տեղի հավակնել։ Սրա օբյեկտիվ պնդումներ չկան։ Իրականում շարքի էջերում նշվող շատ մագլածիններ ավելի շատ հաջողություններ են ունեցել, քան իրենց հասակակիցները, որոնք «մաքուր արյուն» ունեն։ Այն հրաշագործներից շատերը, որոնք «պայքարում են մաքուր արյան համար» և իրենց անվանում «զտարյուն մոգեր», իրականում երկրորդ-երրորդ սերնդի կիսարյուն են։ Սրա ամենավառ օրինակը շարքի գլխավոր չարագործն է՝ լորդ Վոլան դե Մորտը, որը հենց մագլի որդի է։

Կախարդելու համար մարդը պետք է յուրահատուկ ձևով կարգավորի իր հոգեբանությունը, այն բերի որոշակի վիճակի։ Կախարդական փայտիկի օգտագործումն անհրաժեշտ է կենտրոնացման, ինչպես նաև կախարդանքի թիրախի մատնանշման համար։ Փորձառու հրաշագործները շարունակում են օգտագործել այն, ըստ երևույթին, սովորության համաձայն, չնայած որոշ փորձառու և շատ հզոր մոգերին այն պետք չէ։ Յոթերորդ գրքում Դամբլդորը Հարրիին ասում է, որ «չկա այնպիսի բան, որ հրաշագործը չկարողանա անել առանց կախարդական փայտիկի, ինչը նա կարողանում է անել դրանով»։

Երիտասարդ հրաշագործները, կախարդանք սովորելով, պետք է սովորեն կախարդանքի անունը ճիշտ արտաբերել, ինչպես նաև կախարդական փայտիկով հստակ կատարել որոշակի շարժումը։ Եթե կախարդանքի անվանումը, շեշտադրումը կամ արտաբերումը սխալ է ասվում, ինչպես նաև եթե ժեստը ճշգրիտ չէ, կարող են տեղի ունենալ սարսափելի բաներ՝ սկսած այն բանից, որ կախարդանքը ամբողջությամբ չի կատարվում, վերջացրած նրանով, որ տուժում է հենց ինքը՝ կախարդողը։

Համապատասխան փորձառություն և տեսական պաշար ունենալու պարագայում կարելի է ստեղծել նոր կախարդանքներ։

Կախարդանքի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցի ժամանակ Ռոուլինգը նշել է, որ կախարդանքն ունի մի քանի տեսակ.

  • Կախարդանք (անգլ.՝ Spell), ընդհանուր եզրույթ է կախարդանքի այս տիպի համար։
  • Հմայություն (անգլ.՝ Charm), փոփոխում է օբյեկտի հատկությունները։ Օրինակ, բաժակի գույնի փոփոխումը հմայանք է, իսկ այն առնետի վերածելը՝ կախարդանք։
  • Նզովք (անգլ.՝ Curses), մթին մոգության ամենաավատ դրսևորումն է։
  • Անեծք (անգլ.՝ Hexes), մթին մոգության դրսևորում է, որը ներառում է դիվահարությունը՝ որպես մթին մոգության դրսևորում։

Հրաշագործներ ու մագլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարրի Փոթերի» բոլոր կերպարները բաժանվում են երկու խմբի՝ հրաշագործների և մագլների (սովորական մարդիկ, որոնք չեն տիրապետում կախարդական ունակությունների)։ Թեև հրաշագործները միայն մի փոքր փակ հասարակություն են մագլների աշխարհում, ամբողջ գրքի սյուժեն տեղի է ունենում հրաշագործների և կախարդական արարածների շրջանում։ Կախարդական ունակությունը բնածին է, և մագլը չի կարող տեսնել կողմնակի աչքերից թաքնված առարկաները (օրինակ՝ Հոգվարթսը կամ կառամատույց 9¾-ը), սովորել հրաշագործություն։

2003 թվականին «մագլ» բառն ավելացվել է Օքսֆորդի անգլերեն բառարանում՝ որպես անմիտ մարդ, որը չունի հմտություններ[1][2]։

Հրաշագործների շրջանում կա արյան մաքրություն հասկացություն։ Կախված հրաշագործ նախնիների քանակից՝ առանձնացնում են կերպարների մի քանի կարգ.

  • «զտարյուն հրաշագործներ» - հրաշագործներ, որոնց տոհմածառում միայն հրաշագործներ են,
  • «կիսարյուններ» - հրաշագործի և մագլի (կամ մագլից ծնված հրաշագործի) որդիները կամ դուստրերը,
  • «մագլածիններ» - հրաշագործներ՝ ծնված մագլների ընտանիքում։

Գոյություն ունեն նաև սկվիբներ, որոնք ծնվել են հրաշագործների ընտանիքում, բայց չեն տիրապետում կախարդական ուժերի։ Սակայն սկվիբների հնարավորություններն ավելի մեծ են, քան մագլներինը։ Նրանք կարող են տեսնել դեմենտորների, ավելի բարձր մակարդակով շփվել կենդանիների հետ, տեսնել կախարդված շինությունները (միստր Ֆիլչն աշխատում է Հոգվարթսում)[3]։ Կան նաև կիսամարդիկ՝ կերպարներ, որոնց նախնիների մեջ եղել են բանական կախարդական արարածներ, օրինակ՝ հսկաներ կամ տնապայներ (օրինակ՝ Հագրիդը, ում հայրը եղել է հրաշագործ մարդ, իսկ մայրը՝ հսկա[4]։

«Արյան մաքրության» գաղափարի էությունն այն է, որ զտարյուն հրաշագործների որոշակի խումբ կանխակալ կարծիքով է վերաբերում կիսարյուններին և հատկապես մագլածին հրաշագործներին (պղտոր արյուններ)[5]։ Նրանց համարում են «երկրորդ կարգի» մարդիկ։ Նման համոզմունքները չեն տարբերվում ռասիզմից և դասային հասարակությունների նախապաշարմունքից։ Այդ նախապաշարմունքը կարող է տարբեր ձևով դրսևորվել․ նրանք չեն ցանկանում, որպեսզի մագլածին հրաշագործները հաճախեն հրաշագործների ուսումնական հաստատություն՝ կարծելով, որ նրանք ավելի քիչ կախարդական ունակություններ ունեն, քան զտարյուն հրաշագործները։

Դա հերքվում է փաստերով․ չկա ոչ մի կապ արյան մաքրության և կախարդական ունակությունների միջև։ Հերմիոնա Գրեյնջերը և Լիլի Էվանսը ցուցաբերել են հիանալի ունակություններ մոգության մեջ, իսկ զտարյուններ Ռոն Ուիզլին և Նևիլ Լոնգբոթոմը ադքան էլ հաջողված չէին կախարդություն սովորելու ընթացքում։

Զտարյուն հրաշագործների գաղափարի աջակիցները Մահաբերներն են՝ լորդ Վոլան դե Մորտի գլխավորությամբ (չնայած, որ նա ինքը կիսարյուն էր)։ 1997-1998 թվականներին, երբ Մոգության նախարարությունը Վոլան դե Մորտի վերահսկողության տակ էր, ոչ զտարյուն հրաշագործները հալածվում էին (պաշտոնապես հայտարարված էր, որ նրանք գողանում են զտարյունների կախարդական ուժը)։

Բոլոր երեք գլխավոր հերոսները պատկանում են տարբեր կարգերի. Ռոն Ուիզլին զտարյուն էր, Գրեյնջերը՝ մագլածին, Հարրի Փոթերը՝ կիսարյուն։

Իրական զտարյուն հրաշագործների գերդաստանում չպետք է լինեն մագլներ։ Երկրպագուների՝ զտարյունության չափանիշների մասին հարցերին Ջոան Ռոուլինգը պատասխանել է, որ զտարյուն հրաշագործի բոլոր տատիկներն ու պապիկները պետք է լինեն հրաշագործ, բայց կան նաև ավելի խիստ տեսակետներ, որոնց համաձայն՝ պետք է մի քանի հրաշագործների սերունդ ավելի։ Նա նաև ավելացրել է, որ իրական զտարյուն ընտանիքներ ներկա պահին չկան. նրանք, ովքեր իրենց զտարյուն են համարում, պարզապես ջնջել են մագլներին և սկվիբներին իրենց տոհմածառից[6]։

Ավելին, զտարյուն ընտրյալների գաղափարի որոշ աջակիցներ, որքան էլ տարօրինակ թվա, զտարյուն չեն։ Ամենավառ օրինակը՝ Վոլան դե Մորտը, զտարյուն հրաշագործուհի Մերոպա Մրաքսի և մագլ Թոմ Ռեդլի (ավագ) որդին է։

Հարրի Փոթերի մասին գրքերում որոշ զտարյուն ընտանիքներ կարևոր դեր են խաղում։ Դրանք են Մալֆոյները, Բլեքները, Լոնգբոթոմները և Ուիզլիները։ Պատմվածքներից պարզ է դառնում, որ բազմաթիվ զտարյուն ընտանիքներ այժմ ոչնչացել են, օրինակ՝ Քրաուչների ընտանիքը։ Բարթեմիուս Քրաուչը ուներ միակ երեխա՝ Բարթի Քրաուչ-կրտսերը, ում նկատմամբ հանցագործությունների համար կիրառվեց Դեմենտորի համբույր՝ թողնելով միայն դժբախտ հիշողություններ։ Այլ օրինակ է Բլեքների ընտանիքը։ Վերջիններս Սիրիուս և Ռեգուլուս Բլեքների զտարյուն ընտանիքից էին և մահացան՝ չթողնելով ժառանգներ։ Քանի որ զտարյուն հրաշագործներ քիչ էին մնացել, զտարյունության գաղափարի երկրպագուներից շատերը ստիպված էին ամուսնանալ հարազատների հետ՝ արդյունքում առաջացնելով գենետիկական դեգեներացիա (Ռոն Ուիզլի. «եթե մենք՝ հրաշագործներս, չամուսնանայինք մագլների հետ, մենք վաղուց արդեն ոչնչացած կլինեինք»)։ Հայտնի է, որ հարազատների միջև ամուսնություն կար Բլեքների և Մրաքսների ընտանիքներում (օրինակ՝ Մոլլիի ու Արթուր Ուիզլիի միջև հեռու ազգակցական կապ կար, նրանց ընդհանուր բարեկամն էր Ֆինեաս Նայջելուս Բլեքը), և ամենայն հավանականությամբ կարելի է ենթադրել նաև, որ կապ կա զտարյուններ Մալֆոյների և Լեսթրեյնջների միջև։ Սիրիուս Բլեքը մի անգամ ասել է Հարրի Փոթերին, որ գրեթե բոլոր ազնվական զտարյուն հրաշագործները միմյանց հետ արյունակցական կապեր են ստեղծում (նույն իրավիճակն էր եվրոպական արիստոկրատիայի ազնվական ընտանիքներում)։ Մրաքսների ընտանիքում հարազատների միջև ամուսնությունների պատճառով այլասերումը ուժեղ դրսևորվեց. Վոլան դե Մորտի մորեղբայրը՝ Մորֆին Մրաքսը, տգեղ էր, դաժան, աննորմալ և խոսում էր միայն օձալեզվով։ Բլեքների ընտանիքում բոլորը բավականին խելացի և գեղեցիկ էին, բայց ընտանիքից շատերը տառապում էին աննորմալ դաժանությամբ, օրինակ՝ Բելատրիսա Լեսթրեյնջը։ Մրաքսների ընտանիքն իրեն համարում էր Փևերելների՝ Մահվան Պարգևների ստեղծողների ուղղակի ժառանգները, բայց իրականում Փևերելների ոչնչացած ընտանիքի հետ արյունակցական կապեր ունեն շատ կախարդական ընտանիքներ, այդ թվում՝ Փոթերները։

Կիսարյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսարյուններ, հրաշագործի (հրաշագործուհու) և մագլի ամուսնությունից ծնված երեխաներ կամ երկու հրաշագործներից ծնված երեխաներ, բայց նրանց տատիկների և պապիկների (իսկ ավելի խիստ կարծիքների համաձայն՝ ավելի խոր սերունդներում) անպայման կա գոնե մեկ մագլ։ Ըստ Ռոուլինգի՝ հրաշագործների աշխարհում հիմա ավելի շատ են կիսարյունները (Հոգվարթսի աշակերտների 50 %-ը կիսարյուն է)։ Զտարյունության համախոհները կիսարյուններին համարում են երկրորդ դասի հրաշագործներ, բայց ավելի լավը, քան մագլածինները։ Շատ հայտնի կերպարներ, այդ թվում՝ արյան մաքրության համար պայքարողները, կիսարյուն են, օրինակ՝ Հարրի Փոթերը (զտարյուն հրաշագործ Ջեյմս Փոթերի և մագլածին հրաշագործուհի Լիլի Էվանսի որդին), Վոլան դե Մորտը (մագլ Թոմ Ռեդլ-ավագի և զտարյուն հրաշագործ Մերոպա Մրաքսի որդին), Սևերուս Սնեյպը (մագլ Թոբիսա Սնեյպի և զտարյուն հրաշագործուհի Էյլին Պրինսի որդին) և այլք։

Մագլածիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագլածիններ, այն հրաշագործներն ու հրաշագործուհիներն են, որոնք ծնվում են մագլների ընտանիքում, ընդ որում, մագլների ծնողները նույնպես չեն տիրապետում կախարդական ունակությունների։ Հարրի Փոթերի մասին գրքերում սովորական ընտանիքներում հրաշագործների ծնվելու պատճառը չի ասվում, բայց Ռոուլինգը իր հարցազրույցում հայտարարել է, որ այդպիսի մարդկանց սերունդներում կա հրաշագործ կամ հրաշագործուհի։ Երբեմն ընտանիքներում ծնվում են մի քանի երեխա-հրաշագործներ, օրինակ՝ Դենիսի և Քոուլին Քրիվի ընտանիքում, երբեմն ոչ մի (օրինակ՝ Լիլին և Փեթունիա Դարսլին)։

Արյան մաքրության կողմնակիցները հատուկ արհամարհանքով են վերաբերվում մագլածիններին, նրանց նույնիսկ ավելի են արհամարհում, քան մագլներին և վիրավորում են՝ անվանելով «պղտոր արյուններ» (ինչը նման է ռասիզմին և իրական կյանքի այլ տիպի խտրականություններին)։ Բացի այդ, փաստերով ապացուցված է, որ մագլական ծագումը ոչ մի ձևով չի ազդում կախարդական ունակությունների վրա։ Վեպում որոշ հայտնի մագլածիններ՝ Հերմիոնա Գրեյնջերը և Լիլի Փոթերը, ցուցադրում էին փայլուն ունակություններ՝ չնայած իրենց մագլական ծագմանը։

Մագլածին հրաշագործների չափազանց վիրավորական մականունը՝ «պղտոր արյուն» (անգլ.՝ mudblood), օգտագործում են զտարյուն հրաշագործները, և այն համարվում է ստորացուցիչ։

Կիսամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամարդիկ, որոշ հրաշագործներ, որոնք լույս աշխարհ են եկել հրաշագործների և բանական կախարդական արարածների կապից։ Հայտնի է, որ Ռուբեուս Հագրիդը և Օլիմպիա Մաքսիմը կիսով չափ հսկաներ էին, Ֆիլիուս Ֆլիտվիկի նախնիների մեջ կային գոբլիններ, Ֆլոր Դելակուրը մեկ քառորդի չափով վեյլա էր, նաև Հարրիին թվում էր, որ Գրիգորի Գոյլը թրոլների ժառանգ է։ Երբեմն «կիսամարդ» տերմինը կիրառվում է մարդագայլերի և բանական կախարդական արարածների դեպքում, ինչպիսիք են կենտավրոսները[7]։ Դոլորես Ամբրիջը հատուկ ատելություն էր տածում կիսամարդկանց նկատմամբ։

Սկվիբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկվիբ, մարդ, որի ծնողներից գոնե մեկը հրաշագործ է, բայց ինքը չունի կախարդական ունակություններ։ Սկվիբները բավականին հաճախ են ծնվում. վեպից հայտնի են երկուսը՝ Արաբելլա Ֆիգգը՝ Դարսլիների հարևանը, և Արգուս Ֆիլչը՝ Հոգվարթսի տնտեսվարը։ Սկվիբները գիտեն կախարդական աշխարհի գոյության մասին կամ նույնիսկ կատարում են որոշակի գործառույթներ, բայց կախարդական ունակությունների բացակայության պատճառով չեն կարողանում լիարժեք կյանք վարել։ Հնարավոր է, որ հենց կախարդական ունակությունների բացակայությունն է Ֆիլչի՝ Հոգվարթսի աշակերտներին չսիրելու պատճառը։ Բացի այդ, այս հասկացությունը սխալմամբ կիրառվել է Ալբուս Դամբլդորի քրոջ՝ Արիանա Դամբլդորի վերաբերյալ։

Չնայած մոգական ունակությունների բացակայությանը՝ սկվիբները տարբերվում են մագլներից նրանով, որ կարող են տեսնել մագլներից հատուկ կախարդանքով թաքցրած առարկաները։ Օրինակ՝ Արգուս Ֆիլչը հաջողությամբ աշխատում էր Հոգվարթսում, որը մագլների համար կարծես հնագույն ամրոցի ավերակ լիներ։ Սկվիբները չեն կարող տեսնել դեմենտորներին (ինչպես բացատրել է Ռոուլինգը իր կայքում, Ֆիգգն իրականում չէր տեսել Հարրիի վրա հարձակված դեմենտորներին, բայց նա ուներ բավարար գիտելիքներ նրանց կողմից առաջացրած զգացողությունները սահմանելու համար)[8][9], ընդ որում, Մոգության նախարարության ներկայացուցիչների արձագանքը Արաբելլա Ֆիգգի հայտարարությանը դատարանում ցույց է տալիս, որ սկվիբների ունակությունները ամբողջովին ուսումնասիրված չեն։

Կախարդական ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմագիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմագիա, կենդանիների փոխակերպվելու արվեստը։ Այն հրաշագործները, որոնք կարողանում են իրենց մարմինը փոխակերպել կենդանու, կոչվում են Անիմագ։

Կենդանիների փոխակերպվելու ունակությունները բնածին չեն, այլ զարգանում են պարապմունքների ընթացքում՝ ուղղված կախարդության այդ տեսակի ուսումնասիրությանը։ Փոխակերպման համար կախարդական փայտիկի կիրառությունը պարտադիր չէ։ Ունակությունը դժվար և վտանգավոր է։ Դժվարության պատճառով 20-րդ դարում կար ընդամենը յոթ պաշտոնական անիմագ։ Գրքերում հիշատակվում է նրանցից միայն մեկը՝ Միներվա Մակգոնագալը, և չորս ոչ պաշտոնական՝ Ջեյմս Փոթերը, Պիտեր Պետիգրյուն, Սիրիուս Բլեքը և լրագրողուհի Ռիտա Սկիտերը։

Կենդանու տեսակը, որին փոխակերպվում է անիմագը, կոչվում է անիմագային ձև։ Յուրաքանչյուր անիմագի համար հնարավոր է միայն մեկ անիմագային ձև։ Ամենայն հավանականությամբ, այն ձևավորվում է անիմագի՝ ուսումնասիրության շրջանի անձնական հատկանիշներով։

Անիմագային ձևը կրում է բոլոր այն ֆիզիկական թերությունները, որոնք ունի հարաշագործի իրական մարմինը։ Օրինակ, եթե հրաշագործը մարմնի վրա սպի ունի, այն կլինի նաև անիմագային ձևում։ Նույնն էլ վերաբերում է ակնոցին․ անիմագային ձևում ակնոցը արտահայտվում է որպես աչքերի շուրջը բնորոշ նշաններ։ Անիմագի հագուստը կորչում է փոխակերպման ժամանակ և վերականգնվում է մարդկային մարմին վերադառնալուց հետո։ Հաճախ (բայց ոչ միշտ) է պատահում, որ հրաշագործի անիմագային ձևն ու պատրոնուսը համընկնում են (այսինքն՝ միևնույն կենդանին են լինում), այդ դեպքում այդ կենդանիները ունենում են միևնույն արտաքին առանձնահատկությունները։

Որպես կանոն, անիմագային փոխակերպումը արվում է որոշ ժամանակով, որից հետո հրաշագործը փոխակերպվում է մարդու։ Հնարավոր է նաև երկրորդ, ավելի դժվար ձևը, երբ հրաշագործը փոխակերպում է իր մարմինը անհայտ ժամանակով։ Այդ դեպքում հակառակ վերափոխումը բարդ կլինի կենդանական մարմնի համար։

Կան հմայախոսքեր, որոնց օգնությամբ այլ մարդկանց միջամտությամբ հնարավոր է հակառակ փոխակերպումը մարդու։ Երբեմն այդ փոխակերպումը կատարվում է անիմագի կամքից անկախ։ Հմայախոսքը անվնաս է սովորական կենդանիների համար։ Այդ հմայանքի գործածման ժամանակ երևում է սպիտակակապտավուն բոց, անիմագը կենդանու կերպարանքով կախվում է օդում, ընկնում գետնին, երկրորդ բոցը, հետո տեղի է ունենում հակառակ փոխակերպումը՝ կարծես դանդաղ նկարահանման տեսքով։

Յուրաքանչյուր անիմագ պարտավոր է գրանցվել Մոգության նախարարությունում։ Գրանցումը պարտադիր է փոխակերպման հմայանքի կիրառման վտանգավորության պատճառով։ Նրա անունը, անիմագային ձևն ու հատուկ նշանները պետք է ներկայացված լինեն հատուկ գրանցման, որպեսզի նրան հնարավոր լինի ճանաչել։ Գրանցումը հասանելի է հանրությանը։ Գրանցումից խուսափելու համար պատիժը հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ այն խիստ է։

Կերպարանափոխման և անիմագիայի տարբերությունն այն է, որ կերպարանափոխված հրաշագործը կորցնում է մարդկային մտավոր ունակությունները, ձեռք բերում կենդանու ինտելեկտ և մտածողություն, մինչդեռ անիմագն ունակ է մտածել մարդկայնորեն։

Պահպանելով մարդկային մտածողությունը՝ անիմագը միաժամանակ ստանում է սովորական կենդանիների հետ շփվելու ունակություն։ Դա պարզ է անիմագային ձևում նորմալ գոյության անհրաժեշտությունից, բայց այդ, ունակության տիրապետման աստիճանն անհայտ է։ Հայտնի է, որ Սիրիուս Բլեքը մեծ սև շան կերպարով կարողանում էր նվազագույն մակարդակով շփվել Հերմիոնայի կատվի հետ։ Շփման ճշգրիտ ձևն անհայտ է։

Ի տարբերություն մարդագայլերի (օրինակ՝ Ռիմուս Լուպինի)՝ իրեն կենդանու փոխակերպելը ենթակա է անիմագի կամքին և չի ազդում անձի բնավորության ու հոգեբանության վրա։ Մարդագայլն իր կենդանական ձևում ունի բնավորության ու հոգեբանության այլ կերտվածք, և չի հիշում, թե ով էր ինքը մինչ փոխակերպումը։

Ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերում նշված միակ անիմագը (գրանցված) Միներվա Մակգոնագալն է, որը կարողանում է փոխակերպվել զոլավոր կատվի՝ աչքերի շուրջը նշաններով։

Գրքերում հիշատակվում են նաև չգրանցված անիմագներ.

  • Սիրիուս Բլեք՝ սև շուն
  • Պիտեր Պետիգրյու՝ առնետ
  • Ջեյմս Փոթեր՝ եղջերու
  • Ռիտա Սկիտեր՝ բզեզ

Դերը գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմագիայի մասին հիշատակում չկա առաջին և երկրորդ գրքերում (բայց Միներվա Մակգոնագալը գալիս է Դարսլիների տուն հենց կատվի կերպարանքով, բացի այդ, նրա փոխակերպումը կարելի է տեսնել առաջին ֆիլմում)։

Երրորդ մասում անիմագիան դառնում է ավելի նշանակալի։ Պրոֆեսոր Մակգոնագալը առաջին անգամ իր դասի ժամանակ պատմում է անիմագիայի մասին՝ վերջում փոխակերպվելով կատվի։

Երրորդ գրքում պարզվում է, որ Ջեյմս Փոթերը, Սիրիուս Բլեքը և Պիտեր Պետիգրյուն չգրանցված անիմագներ են եղել։ Լուպինը մարդագայլ էր և գրեթե կծում էր Սնեյպին Սիրիուսի կատակի պատճառով։

Մետամորֆմագիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետամորֆմագիա, սեփական դեմքի հատկությունները (քթի ձևը, մազերի գույնը, հոնքերի ձևը և այլն) սեփական ցանկությամբ, առանց կախարդանքի կամ ձևափոխող դեղաթուրմի փոխելու ունակությունն է։

Հարրի Փոթերի մասին գրքերում հիշատակվում են երկու մետամորֆներ՝ Նիմֆադորա Տոնքսը և նրա տղան՝ Թեդի Լուպինը։

Մետամորֆի, ինչպես և ցանկացած այլ հրաշագործի ունակությունները խիստ կախված են նրա հոգեբանական վիճակից։ Երկարատև կամ ուժեղ դեպրեսիայի դեպքում կախարդական ունակությունները թուլանում են և նույնիսկ անհետանում։

Օձալեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Օձալեզուն (անգլ.՝ Parseltongue) մարդ է, որը կարող է խոսել օձերի հետ օձերի լեզվով։ Շրջապատի մարդիկ չեն հասկանում նրա խոսակցությունը օձի հետ, քանի որ նրանք լսում են միայն վշշոց, իսկ օձալեզվին թվում է, թե ինքն օձի հետ խոսում է մարդկային լեզվով։

Պարգևը հավանաբար բնածին է և չափազանց հազվադեպ է հանդիպում, հիմնականում փոխանցվում է ժառանգաբար կամ կախարդական ուժի հետ (Հարրի Փոթերը այդ ունակությունը ստացավ Վոլան դե Մորտի հարձակումից հետո, իսկ գրքերում հիշատակված մյուս բոլոր օձալեզուները Սալազար Սլիզերինի ժառանգներն էին)։ Դա հաճախ կապում են Մթին արվեստների հետ (անգլ.՝ Dark arts), բայց հայտնի է, որ որոշ հրաշագործներ նույնպես տիրապետում էին այս ունակությանը։ Ամենահայտնի օձալեզուն Սալազար Սլիզերինն էր, հենց այդ պատճառով իր ֆակուլտետի՝ «Սլիզերինի» խորհրդանիշն օձ է։

Հարրի Փոթերի մասին գրքերում հիշատակվում են հետևյալ օձալեզուները՝ Վոլան դե Մորտ, Հարրի Փոթեր, Մորֆին Մարկս, Մարվոլո Մարկս, Մերոպա Մարկս, Սալազար Սլիզերին։

Երկրորդ գրքում Հարրի Փոթերին հաջողվեց բացել Գաղտնի սենյակը՝ շնորհիվ օձալեզվի իմացության։

Յոթերորդ գրքում Գաղտնի սենյակ մտնելու համար Ռոն Ուիզլին օգտագործեց օձալեզվով արտահայտություն, որը լսել էր Հարրիից։ Այդ սենյակում էին գտնվում Վասիլիսկի ժանիքները, որոնք անհրաժեշտ էին հորքրուքսները ոչնչացնելու համար։

Այն բանից հետո, երբ Վոլան դե Մորտը «սպանեց» Հարրի Փոթերին անտառում և ոչնչացրեց նրա մեջ իր հոգու մի մասը, Հարրին կորցրեց օձալեզվով խոսելու ունակությունը։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչք, առանց ցախավելների կամ այլ օբյեկտների թռիչքը հազվադեպ հանդիպող ունակություն է։ Վոլան դե Մորտը կարողանում էր թռչել առանց ցախավելի կամ գորգի, հնարավոր է, որ դա կարողանում էր անել նաև Սնեյպը։ «Հարրի Փոթեր և Մահվան պարգևներ» գրքում նա դուրս թռավ վերին հարկի պատուհանից, և Մակգոնագալն ասաց, որ նա անվնաս մնաց. հնարավոր է, որ նա գիտեր Վոլան դե Մորտից որոշ հնարքներ, բայց, ամենայն հավանականությամբ, նա օգտվեց հարվածի ուժը մեղմացնող կախարդանքից (ինչպես Հերմիոնան յոթերորդ գրքի դրվագում, որտեղ նրանք ընկնում են տրոլեյբուսից Գրինգոթդսի բանկի կողոպտման ժամանակ), քանի որ ինֆորմացիան այն մասին, որ Վոլան դե Մորտը կարողանում է թռչել, առաջացրել է մեծ զարմանք։ «Լևիկորպուս» կախարդանքով մարդուն կարելի է վեր բարձրացնել, բայց նա չի կարող իրեն կառավարել։ Դատելով «Հարրի Փոթերը և Փյունիկյան Միաբանությունը» ֆիլմից՝ ծխի սյան վերածվելու և թռչելու ունակությունն ունեն Մահաբերները և Փյունիկյան Միաբանության անդամները (Փյունիկյան Միաբանության անդամները վերածվում են սպիտակ ծխի, իսկ Մահաբերները՝ մուգ մոխրագույն)։ Հնարավոր է, որ նման տեսողական էֆեկտով է ներկայացվում հեռահայտնվելու երևույթը (նմանատիպ էֆեկտներ են օգտագործվել հարություն առած Խավարի Լորդին կոչման տեսարանում, Մահաբերների կողմից, չորրորդ ֆիլմում)։ Բացի այդ, երիտասարդ հրաշագործները կարող են թռչել նախքան Հոգվարթս ընդունվելը, օրինակ՝ Հարրի Փոթերը, երբ փորձում էր փախչել Դադլիից, թռավ դպրոցի տանիքի վրա, իսկ նրա մայրը՝ Լիլին, երբ հանդիպեց Սևերուս Սնեյպին, ճոճվելով ճոճանակի վրա, թռավ նրանից և սահուն վայրէջք կատարեց։

Կանխագուշակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխագուշակ, հրաշագործ կամ հրաշագործուհի է՝ ապագայի իրադարձությունները կանխատեսելու ունակությամբ։ Այս ունակության միջոցով կանխատեսումները երբեմն կարող են ինքնուրույն տեղի ունեցող մարգարեություններ լինել։ Դրանք ոչ բոլորն են իրականանում՝ կախված մարգարեությունում հիշատակվածի որոշումներից։ Սա ցույց է տալիս, որ կանխագուշակը կանխատեսում է հնարավոր կամ հավանական իրադարձությունները, առնվազն որոշ դեպքերում։

Կանխագուշակի յուրաքանչյուր մարգարեություն գրանցվում է ապակյա գնդում, որը պահվում է Մոգության նախարարության Առեղծվածների բաժնի մարգարեությունների սրահում։ Միայն մարգարեության մեջ հիշատակված մարդը կարող է դիպչել գնդին․ կողմնակի մարդը կարող է խելագարվել հպումից, ինչպես դա պատահեց Բրոդերիկ Բոուդի հետ։

Համաձայն Մակգոնագալի խոսքերի՝ ճշգրիտ կանխագուշակները չափազանց հազվադեպ են հանդիպում։ Սիվիլլա Տրելոնին գրքերում նշված միակ կանխագուշակն է։

Լեգիլիմենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգիլիմենցիա, կախարդական հմտություն է, որով այլ մարդկանցից զգացմունքներ և հիշողություններ են դուրս բերվում։ Այն հնարավորություն է տալիս այլ մարդու փոխանցել տեսիլքներ կամ հիշողություններ՝ ինչպես իրական, այնպես էլ երևակայական։ Լեգիլիմենցիային տիրապետող հրաշագործը կարող է, օրինակ, հայտնաբերել սուտը և խաբեությունը այլ մարդու մտքում (իրական իրադարձությունների «դիտման» ճանապարհով), մարդու հիշողությունները կամ կեղծ տեսիլքները։ Լեգիլիմենցիան իրականացվում է կախարդանքի միջոցով կամ ոչ բանավոր, առանց կախարդանքի և փայտիկի օգտագործման, այն դեպքում, եթե հրաշագործն ունի բավարար հմտություններ լեգիլիմենցիայի ոչ բանավոր կիրառման համար (ինչպես օրինակ՝ Ալբուս Դամբլդորը կամ Վոլան դե Մորտը)։

Լեգիլիմենցիային տիրապետող՝ գրքերում հիշատակված հրաշագործներ են՝ Ալբուս Դամբլդոր, Միներվա Մակգոնագակ, Սևերուս Սնեյպ, Վոլան դե Մորտ։

Լեգիլիմենցիային գերազանց կերպով տիրապետում էր Վոլան դե Մորտը։ Եթե որևէ մեկը խաբում էր նրան, նա գրեթե միշտ անմիջապես հասկանում էր։ Այդ հմտությանը գերազանց տիրապետում էր նաև Ալբուս Դամբլդորը, որի մասին հասկանալի է դառնում գրքի համատեքստից։

Օկլյումենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկլյումենցիա, լեգիլիմենցիայի հակառակ հմտությունն է, որին տիրապետողը կարող է թաքցնել զգացմունքները կամ խոչընդոտել լեգիլիմենցիային, գտնել բառերին կամ գործողություններին հակասող մտքերը կամ հիշողությունները։ «Նա, ում անունը չեն տալիս», Սնեյպը, Դամբլդորը և Մակգոնագալը լեգիլիմենցիայի և օկլյումենցիայի որակավորված մասնագետներ են։

Տարածության մեջ տեղափոխվելու ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռահայտնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռահայտնվել, հաշված վայրկյանների ընթացքում և մեծ հեռավորության վրա հրաշագործի տեղափոխության միջոց է։ Ունակությունը բնօրինակում կոչվում է անգլ.՝ Apparition / Disapparition, այսինքն՝ «հայտնվում» և «անհայտացում»։

Տեղափոխման համար հրաշագործին անհրաժեշտ է հստակ պատկերացնել ժամանման վայրը (ուղղվածություն, ռուս.՝ нацеленность), կենտրոնանալ այնտեղ ընկնելու ցանկության վրա (համառություն, ռուս.՝ настойчивость) և առանց իրարանցման, հանգիստ (անշտապ, {{lang-ru|неспешность}}), մտքով շոշափել ճանապարհը և տեղափոխվել պլանավորված կետը։ Այդ գործողությունների ամբողջությունը կոչվում է Երեք «ն»-երի կանոն։

Հեռահայտնվելը կախարդական դժվար գործողություն է։ Այն կատարելու համար պահանջվում է քննություն տալ և ստալանալ թույլտվություն։ Հեռահայտնվելու քննություն կարող են հանձնել 17 տարին լրացած անձինք (17 տարեկան հրաշագործը համարվում է չափահաս)։ Սովորաբար Հոգվարթսում ամեն տարի 6-րդ կուրսեցիների համար կազմակերպվում են հեռահայտնվելու վճարովի դասընթացներ (դասընթացի վճարը 12 գալլոն է), որոնք վարում է հատուկ ուսուցիչը՝ Մոգության նախարարությունից։ 1996-1997 ուսումնական տարում ուսուցիչը Ուիլիկի Դվուկրետսն էր։

Սկսնակների առավել հաճախ հանդիպող սխալներից է այսպես կոչված «պառակտումը», երբ մարմնի այս կամ այն մասը մնում է մեկնարկի կետում։ Օրինակ, «Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» գրքում Ռոն Ուիզլին հեռահայտնվելու ժամանակ գրեթե պոկում էր թևը։ Դա տեղի է ունենում ուշադրության ոչ բավարար կենտրոնացման պատճառով։ Այն վերացնում է ինչ-որ կախարդանքի կիրառումը, որի օգտագործման դեպքում հայտնվում է մանուշակագույն ծխի ամպ։ Որոշ հրաշագործներ նախընտրում են չառնչվել հեռահայտնվելուն այսպիսի «անակնկալների» պատճառով։ Բացի այդ, հեռահայտնվելու ժամանակ կարող է մարմնից պոկվել մի մասը։ Այդ դեպքում օգտակար են բուժող կախարդանքները և դեղաթուրմերը։

Չնայած անմիջապես հեռահայտնվելու ընթացքում չի օգտագործվում կախարդական փայտիկ, բայց որոշ դեպքերում անփորձ հրաշագործներին հաջող հեռահայտնվելու համար անհրաժեշտ է դրա առկայությունը։

Կա նաև, այսպես կոչված, «զույգերով հեռահայտնություն», երբ մի հրաշագործը տեղափոխում է ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշ մարդու։ Պարտադիր չէ, որ այդ «ուղեբեռը» ունենա հեռահայտնվելու հմտություններ, պետք է միայն շատ ամուր բռնվել «առաջնորդողից»։

Բարեկրթության կանոնները հրաշագործներին դրդում են չհեռահայտնվել դեպի այլ հրաշագործի տուն, այլ հայտնվել ինչ-որ տեղ մոտակայքում և մնացած ճանապարհն անցնել ոտքով։ Նաև որոշ տներում, ինչպես Հոգվարթսում, կարող են կախարդանքներ արված լինել, որոնք արգելում են հեռահայտնվել այդ տանը։

Ինչպես հայտարարում են գրքերում, Հոգվարթսի տարածքում հեռահայտնվելն անհնար է, քանի որ այն պաշտպանված է կախարդանքով։ Միայն տնային էլֆերը կարող են հեռահայտնվել Հոգվարթսում, քանի որ նրանք օգտագործում են հատուկ էլֆական մոգություն։

Հետաքրքիր է, որ ոչ մի գրքում և ոչ մի ֆիլմում նույնիսկ ծայրահեղ իրավիճակներում ոչ մի անիմագ չի հեռահայտնվում. հնարավոր է, որ անիմագիայի և հեռահայտնվելու ունակությունները բացառում են միմյանց։ Հարրի Փոթերը սովորեց գերազանց հեռահայտնվել այն բանից հետո, երբ հակառակ երկրպագուների սպասելիքներին՝ չդարձավ անիմագ, և Ռոուլինգը հայտարարեց է իր հարցազրույցում, որ նա երբեք չի դառնա անիմագ։

Պորտալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալ, հատուկ ձևով կախարդված առարկա է, որը տեղափոխում է հրաշագործներին մի տեղից մյուսը որոշակի ժամանակում։

Պորտալ ստեղծելու համար օգտագործում են «Պորտուս» կախարդանքը։ Հրաշագործը պետք է փայտիկը ուղղի առարկայի ուղղությամբ և ասի «պորտուս»։ Պորտալը մի պահ բոցավառվում է կապույտ լույսով։

Պորտալների ստեղծումը և օգտագործումը գտնվում է Մոգության նախարարության հսկողության տակ։ Պորտալներով զբաղվում է Կախարդական տրանսպորտի բաժնի Պորտալների վարչությունը։ Անօրինական պորտալների ստեղծումը պատժվում է։

Պորտալները հաճախ են օգտագործվում հրաշագործների զանգվածային տեղափոխման համար, ընդ որում, մագլների մոտ չեն առաջացնում կասկածներ։ Չորրորդ գրքում պորտալները օգտագործվում են որպես տրանսպորտ քվիդիչի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ։ Պորտալներ ստեղծելու համար հրաշագործները հաճախ օգտագործում են աննկատ, մագլների համար անհետաքրքիր առարկաներ։

Ցախավելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցախավելներ, հրաշագործների տարածված տրանսպորտն են։

Թռչող ցախավելները (իհարկե, միայն որոշակի ձևով պատրաստված ցախավելները կարող են թռչել) համատարած օգտագործվում են տեղափոխության համար։ Օգտագործելու համար պետք է կանգնել ցախավելից ձախ (կարելի է պարզել ձեռքը և ասել «Վեր», որից հետո ցախավելը վեր է թռչում) և ոտքը գցել ցախավելի վրայով։ Բարձրանալու համար պետք է բարձրացնել ցախավելի կոթը, շրջվելու համար՝ թեքել համապատասխան կողմը, իջնելու համար՝ թեքել ներքև։ Անհայտ ձևով իրականացվում է արագացումը, արգելակումը և արագության պահպանումը։ Որոշ ցախավելներ, հատկապես նորագույնները, բարձրանում են ձեռքն առանց «Վեր» ասելու։

Ըստ էության, ցախավելն անձնական տրանսպորտ է, բայց այն կարող է բարձրացնել երկու կամ նույնիսկ երեք մարդու, նաև նրա միջոցով կարելի է տեղափոխել բեռ՝ նախապես ամրացնելով այն։

Ցախավելներն օգտագործում են ինչպես սովորական թռիչքի համար, այնպես էլ սպորտային նպատակներով (քվիդիչի խաղի ժամանակ)։ Կան տարբեր մոդելների ցախավելներ, ինչպես նաև ցախավելների մանկական մոդելներ՝ ցածր թռիչքով և արագությամբ։

Գորգեր և այլ անհայտ թռչող միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի համար կարելի է հարմարեցնել գրեթե ցանկացած բան՝ օգտագործելով որոշակի կախարդանքներ, բայց մագլների հայտնագործությունների օգտագործումը (օրինակ՝ գորգերը) կախարդանքի միջոցով օրենքով պատժվում է։ Մագլների հայտնագործությունների օգտագործման վերահսկողությունն իրականացնում է Մագլների հայտնագործությունների անօրինական օգտագործման դեմ պայքարի բաժինը (այստեղ էր աշխատում Արթուր Ուիզլին)։ Միայն թե հաճախ տեղեկությունները այս բաժին են հասնում չափազանց ուշ, երբ կախարդանքից արդեն տուժել են մագլներ՝ օգտագործելով կախարդված առարկան։

Վեյլայի կախարդանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեյլայի կախարդանք, վեյլաներին վերագրվող ունակություն է, օրինակ՝ Ֆլոր Դելակուրի տատիկին։ Այն օգտագործվում է տղամարդկանց կախարդելու համար։

Եզակի տղամարդիկ կարող են դիմադրել վեյլայի կախարդանքին, հատկապես, եթե նա ցանկանա գրավել տղամարդու սիրտը։ Բայց զայրացած վեյլան բոլորովին այլ տեսք ունի։ Նրա դեմքը նմանվում է սուր, չար թռչնի գլխի, իսկ մեջքից աճում են թեփուկավոր թևեր։ Բացի այդ, այդ վիճակում վեյլան կարող է վիրավորողին գցել կախարդական կրակի մեջ։

Վեյլայի մազերը կարելի է օգտագործել որպես կախարդական փայտիկի միջուկ (այս ամենը խոսում է այն մասին, թե որքան մոգական են վեյլայի ուժերը), բայց վարպետ Օլիվանդերն ասում է, որ վեյլայի մազերից պատրաստված կախարդական փայտիկները ներսից շատ վառ խառնվածքով են լինում։

Անդրժելի երդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրժելի երդում, երդման կախարդանքի միջոցով ամրացված կախարդանք է, որը խախտելը անհնար է․ խախտողին սպասվում է անխուսափելի մահ։

«Հարրի Փոթերը և Կիսարյուն արքայազնը» գրքում Սևերուս Սնեյպի և Նարցիս Մալֆոյի երդումը տեղի է ունեցել հետևյալ կերպ․ Սնեյպը և Նարցիսը ծնկի են գալիս դեմ դիմաց և բռնում միմյանց ձեռքը (աջը ձեռքը աջ ձեռքից)։ Բելատրիսա Լեսթրեյնջը, ներկա լինելով այդտեղ, փայտիկով դիպչում է հյուսված ձեռքերին և հարցնում․ «Երդվո՞ւմ ես», իսկ Սնեյպը պատասխանում է․ «Երդվում եմ»։ Ամեն երդման հետ փայտիկից դուրս են գալիս կրակներ և միահյուսվելով նախորդներին՝ փաթաթում ձեռքերը։

Մթին արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մթին արվեստներ, կախարդանք և մոգություն են՝ ունակ վնաս հասցնելու այլ մարդկանց և օգտագործվում են վատ մտադրություններով։ Մթին արվեստներ օգտագործող հրաշագործներին անվանում են մթին կախարդներ։ Նրանցից ամենամեծ հզորության է հասել Վոլան դե Մորտը։

Հրաշագործների աշխարհում մթին մոգություն անվանում են այն կախարդանքները, որոնք կարող են մարդու գոյությանը վնաս հասցնել կամ ստիպել իր կամքին հակառակ իրագործել որոշակի գործողություններ։ Այն կախարդանքները, որոնք կաթվածահար են անում մարդուն, խլացնում կամ զինաթափում, չեն համարվում մթին մոգություն։ Մթին մոգության մեջ ավելի կարևոր է այն, թե ինչ է զգացմունքներ է ունենում հրաշագործը՝ կիրառելով կախարդանքը։ Օրինակ, Հարրի Փոթերը կիրառեց Բելատրիսա Լեսթրենջի դեմ «Կռուցիատուս» կախարդանքը, բայց այն նրա կիրառմամբ շատ անարդյունավետ էր, քանի որ ըստ Բելատրիսայի՝ պետք է ցանկանալ ցավ պատճառել և հաճույք ստանալ այլ մարդկանց տանջանքներից, և միայն այդ ժամանակ կախարդանքը կգործի ամբողջ ուժով։ Մթին մոգությունը կարող է այլանդակել մարդու հոգին և մարմինը, ինչպես պատահեց Վոլան դե Մորտի հետ։

Աններելի նզովքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե կախարդանքի քանի տեսակ է թվագրվում մթին մոգությանը։ Ամենահայտնիները Աններելի երեք նզովքներն են, որոնք համարվում են ամենավատը, և դրանց կիրառումը մարդկանց նկատմամբ բավարար է Ազկաբանում ցմահ դատապարտվելու համար։ Բացի այդ, երբեմն այդ կախարդանքների օգտագործումը կարող է օրինական լինել։ Օրինակ, լուսաբերներին Աններելի նզովքների կիրառումը թույլատրվում էր Վոլան դե Մորտի դեմ առաջին պատերազմի ժամանակ։

Աններելի նզովքներ

  • Ավադա Կեդավրա՝ մահվան նզովք
  • Կրուցիատուս՝ ցավի նզովք
  • Իմպերիուս՝ մարդու կամքը ճնշող և նրան ամբողջովին կառավարելի դարձնելու նզովք

Մթին մոգությանը դասվող այլ կախարդանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սեկտումսեմպրա», կախարդանքը զոհին հասցնում է խորը կտրված վերքեր (հորինել է Սնեյպը)։ Օգտագործվել է Հարրի Փոթերի կողմից Դրաակո Մալֆոյի դեմ վեցերորդ ուսումնական տարում։ Դեպի «Նորա» (Ուիզլիների տունը) թռչելիս, չցանկանալով անել դա, Սնեյպը այդ կախարդանքով հարվածում է Ջորջ Ուիզլիի ականջին։
  • Անտոնին Դոլոխովի կախարդանքը, կախարդանքը մարմնի ներսում լուրջ վնասվածքներ է հասցնում՝ չթողնելով որևէ արտաքին հետք։
  • «Մորսմորդե», կախարդանքը ստեղծում է Սև նշան։ Օգտագործվում է միայն Մահաբերների կողմից, որպեսզի ցույց տան այլ մարդկանց, որ նրանք այդտեղ սպանություն են գործել, բայց կարող է օգտագործվել նաև այլ նպատակներով։ Սև նշանը գրքում նկարագրվում է բազմիցս, բայց հենց կախարդանքը նկարագրվում է միայն չորրորդ գրքում (առաջին անգամ կանչել է Բալթիի Կրաուչ կրտսերը)։
  • Հոքրուքսներ ստեղծող կախարդանք, հրաշագործների աշխարհում համարվում է սարսափելի։ Հորքրուքս՝ առարկա, որի մեջ պահվում է հրաշագործի հոգու մի մասը, ստեղծելու համար պետք է հոգին պառակտել մասերի՝ սպանություն գործելով։
  • Ֆինդֆայր ( անգլ.՝ Fienfire, բառացիորեն՝ «Սատանայական կրակ»), դժոխքային կրակի ստեղծում (ինքնակառավարվող), որի դադարեցնելը չափազանց դժվար է։ Կախարդանքը օգտագործել է Կրեբը կախարդանքի սենյակում՝ հույս ունենալով սպանել Հարրի Փոթերին։ Արդյունքում մահացավ ինքը և ոչնչացրեց նաև Վոլան դե Մորտի հորքրուքսը։

Ինֆեռնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեռնալ, կախարդանքի միջոցով մահացած մարմնից կենդանացածներն են։ Ակնհայտ է, որ տարբերություն չկա, թե ովքեր էին այդ մարդիկ կենդանի ժամանակ՝ հրաշագործներ, թե մագլներ։ Ինֆեռնալները իրագործվում են այն հրաշագործի հրամանով, որը ստեղծել է դրանք։ Զոմբիի նման ինչ-որ բան են։ Նրանց հնարավոր չէ սպանել, բազմաթիվ կախարդանքներ նրանց վրա չեն գործում (օրինակ՝ «Սեկտումսեմպրան» առաջացնում է խորը վերքեր և վտանգավոր է այլ մարդկանց համար, բայց բոլորովին չի ազդում դիակների դեմ կռվում, որոնք զգայուն չեն ցավի և արյան կորստի նկատմամբ։ Միայն թե, ինչպես և չարիքի բոլոր ծնունդները, ինֆեռալները վախենում են լույսից և ջերմությունից։ Նրանց հետ կարելի է կռվել կրակի միջոցով։

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերի աշխարհում բազմաթիվ նկարներ ապրում են իրենց կյանքով և ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին։ Ավելին, նկարներում պատկերված մարդիկ ունեն իրենց բնավորությունը, կարող են խոսել ինչպես միմյանց, այնպես էլ կենդանի մարդկանց հետ։ Կարևոր չէ՝ նրանց բնակիչներն ունեցել են նախատիպեր, թե ոչ, նրանք կարող են անցնել հարևան նկարներ, եթե դրանք բավականին մոտ են կախված պատին։ Այսպիսով, Հոգվարթսի դիմանկարների բնակիչները կարող են ճամփորդել ամբողջ ամրոցով։

Մարդը, որը երբևէ իրականում գոյություն է ունեցել և ունի մի քանի դիմանկար, կարող է ակնթարթորեն անցնել դրանցից ցանկացածի մեջ, որտեղ էլ որ այն գտնվի։

Հոգվարթսի յուրաքանչյուր տնօրենի դիմանկարը հայտնվում է տնօրենի սենյակում նրա մահից հետո։

Իրական մարդկանց կախարդական նկարները պահպանում են այդ մարդկանց հիշողությունն ու բնավորությունը։

Դպրոցի տնօրենի սենյակի դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի տնօրենի սենյակի դիմանկարները պատկերում են Հոգվարթսի բոլոր նախկին տնօրեններին։ Նրանց թվում են․

  • Ֆինեաս Նայջեուս Բլեք[10], դիմանկարը հայտնվում է Դամբլդորի սենյակում, բայց նրա դիմանկարը կապված է Լոնդոնի Գրիմմոյի հրապարակի համար 12 տան դիմանկարների հետ։ Ըստ Սիրիուսի՝ Ֆինեաս Նայջեուս Բլեքը Հոգվարթսի ամենաանհայտ տնօրեն է։ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գրքում նույն դիմանկարն է, բայց Հերմիոնան վերցնում է Բլեքների հարազատ տնից (Գրիմմոյի հրապարակ, համար 12) հորքրուքսների որոնման համար։ Նրա միջոցով Հերմիոնան, Հարրին և Ռոնը իմանում են որոշ լուրեր։ Սնեյպը դիմանկարի միջոցով կարողանում է գտնել նրանց, որպեսզի փոխանցի Գոդրիկ Գրիֆինդորի սուրը։
  • Արմանդո Դիպետ[11], Հոգվարթսի նախկին տնօրենը, Ալբուս Դամբուլդորին նախորդը։
  • Դելիս Դերվենտ[12] , հայտնի հրաշագործուհի, որն աշխատել է Սուրբ Մունգոյի հիվանդանոցում 1722-1741 թվականներին։ Հետագայում զբաղեցրել է մոգության և հրաշագործության դպրոց Հոգվարթսի տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատել է 1741-1768 թվականներին։ Նրա դիմանկարները կախված են ինչպես Սուրբ Մունգոյի հիվանդանոցի նախասրահում, այնպես էլ Հոգվարթսում՝ տնօրենի սենյակում։ Դրանցում Դելիս Դերվանտը տարեց, արծաթագույն երկար գանգուրներով կախարդուհի է[13]։
  • Էվերարդ[14], կապված է Մոգության նախարարության, հատկապես Առեղծվածների բաժնի հետ։
  • Դեքսթեր Ֆորտեսքյու[15], Հոգվարթսի նախկին տնօրնեններից մեկը, ում դիմանկարը կախված է Ալբուս Դամբուլդորի սենյակում։ Դատելով այն բանից, որ նա Կորնելիուս Ֆաջին, Դոլորես Ամբրիջին և ամբողջ Մոգության նախարարությանը անվանում էր «նողկալի կոռուպցիոներներ», նա հազիվ թե ապրած լինի 18-րդ դարից շուտ։ Կյանքի վերջին տարիներին Դեքսթերը տառապում էր խլությամբ, որի դեմ պայքարելուն նրան օգնում էր լսողական խողովակը։ Հնարավոր է, որ այդ պատճառով էր բարձր խոսում։
  • Ալբուս Դամբլդոր
  • Սևերուս Սնեյփ[16], մահից հետո նրա նկարը չի հայտնվել տնօրենի սենյակում։ Ռոուլինգը իր հարցազրույցներից մեկում բացատրել է, որ դա պատահականություն չէ[17]:․
․․․Միտումնավոր։ Սնեյպը փաստացի լքել էր տնօրենի պաշտոնը նախքան իր մահը, այդ պատճառով արժանի չէր օգոստոսյան հասարակության անդամ լինելու։ Բացի այդ, ինձ դուր է գալիս մտածել, որ Հարրին ժամանակի ընթացքում կնպաստի, որ Սնեյպի նկարը այնտեղ հայտնվի։

Գեր կին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեր կին[18], դիմանկար, որը փակում է Գրիֆինդորի հյուրասենյակի մուտքը և նրա հսկողն է։ Եթե նկարում պատկերված կինը երբևէ ունեցել է անուն, այն չի նշվում։ Նաև հայտնի չէ, թե երբ է այդ դիմանկարը հայտնվել։ Համենայն դեպս, երբ Արթուր Ուիզլին և Մոլլի Ուիզլին սովորում էին Հոգվարթսում, իսկ դա 1961-1968 թվականներն էին, Գեր Կինը արդեն իր պաշտոնում էր։

Գեր Կնոջ լավագույն ընկերուհին կախարդուհի Վիոլետան է, որի դիմանկարը կախված է առաջին հարկում։ Վիոլետան տեղեկացնում է Գեր Կնոջը ամրոցի բոլոր բամբասանքներին, քանի որ նա չի կարող լքել իր պաշտոնը։ Ընկերուհիները հաճույքով քննարկում են վերջին նորությունները։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարոն Կեդոգան[19], կարճահասակ ասպետ՝ միջնադարյան զրահով, որը փորձում է ձի նսստել։ Նրա դիմանկարը կախված է Հոգվարթսի ութերորդ հարկում։ Գաճաճը լի է քաջությամբ՝ չնայած իր անշնորհքությանը։ Նա պատրաստ է դուելի հրավիրել իր նկատմամբ անհարգալից վարվող յուրաքանչյուրին։ Բայց անմիջապես օգնության է կանչում նույն բորբոքվածությամբ, որով րոպեներ առաջ դուելի էր հրավիրում․․․ Պարոն Կոդոգանը օգնեց Հարրիին, Ռոնին և Հերմիոնային գտնել մարգարեությունների սենյակը։
  • Վիոլետա[20], սուր քթով կախարդի դիմանկար, կախված է Հոգվարթսի առաջին հարկում՝ Մեծ դահլիճին հարող սենյակում։ Բայց ինչպես և ամրոցի նկարների բնակիչների մեծ մասը, նա սիրում է հյուր գնալ այլ նկարներ։ Օրինակ, նա հաճախակի էր այցելում Գեր Կնոջը, ում հետ նրանք սիրում էին բամբասել։ Գեր Կինը ծառայության մեջ է, նա չի կարող լքել իր նկարը, այդ պատճառով լուրերը նրան բերում է Վիոլետան։
  • Վալբուրգա Բլեք[21] (Բլեքը նաև Վալբուրգայի օրիորդական ազգանունն է. նա և իր ամուսինը Ֆինեաս Նայջեուսի ծոռներն են), Սիրիուս և Ռեգուլուս Բլեքների մայրն է, Օրիոն Բլեքի կինը, Ալֆարդ Բլեքի քույրը։ Նա գումարով օգնել է Սիրիուսին, երբ վերջինս փախել է տնից։ Տիկին Բլեքի բնավորության մասին կարելի է դատել նրա դիմանկարով, որը կախված է Գրիմմոյի հրապարակի համար 12 տան միջանցքում։ Ամեն անգամ, երբ միջանցքում բարձր ձայներ են հնչում, դիմանկարը արթնանում է, նկարը ծածկող թավշյա վարագույրները բացվում են, և ապշած հանդիսատեսին է ներկայանում իր ամբողջ հասակով՝ նկարված այնքան հմուտ, ասես իրական է։ Մինչև հոգու խորքը վրդովված այդ ամբոխից, ովքեր ապաստան գտան իր հայրենի տանիքի տակ, նա սկսում է գոռալ, բղավել մինչև բերանի փրփրակալելը՝ գլորելով աչքերն ու բարձրացնելով ճաքճքված ձեռքերը, կարծես փորձում է ճանկռել միջանցքի մարդկանց դեմքերը. «Սրիկաներ, տականքներ, չարիքի և աղբի ծնունդներ, կիսարյուններ, մուտանտներ, հրեշներ, դուրս այստեղից, ինչպես եք համարձակվում պղծել իմ նախնիների տունը»։ Նրան չի հանգստացնում նաև որդու հայտնվելը․ «Դու, մեր ցեղը պղծող, նողկանք, դավաճան, իմ մարմնի խայտառակություն․․․»։ Նրան կարելի է ստիպել լռել միայն վարագույրին հարվածելով։
  • Արիանա Դամբլդոր[22], դիմանկար «Վարազի գլուխ» պանդոկից։ Հոգվարթսից Հոգսմիթ (ավելի ճիշտ՝ կարիքների սենյակից) տանող գաղտնի ելքերից մեկն է։ Այդ ելքի շնորհիվ անչափահաս հրաշագործները՝ Հոգվարթսի աշակերտները, տարհանվել են «Վարազի գլուխ» Խավարի Լորդի հետ կռվի ժամանակ 7-րդ գրքում։
  • «Հարրի Փոթերը և Ազկաբաննի բանտարկյալը» ֆիլմի 28-րդ րոպեին (27։09), երբ աշակերտները բարձրանում են աստիճաններով, աջ կողմում Վոլան դե Մորտի դիմանկարն է։

Կախարդանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավադա քեդավրա (Avada Kedavra)֊Մահվան նզովք։Երեք աններելի նզովքներից մեկը։Ակնթարթորեն սպանում է ինչ որ մեկին։
Կրուցիո (Krucio)֊Կրուցիատուսի նզովք։Երեք աններելի նզովքներիվ մեկը։Սարսափելի ցավ է պատճառում։
Իմպերիո (Imperio)֊Իմպերիուսի նզովք։Երեք աններելի նզովքներից մեկը։Թույլ է տալիս կառավարել կախարդվողին։
Էքսփելիարմուս (expeliarmus)֊Զինաթափում է դիմացինին։Նաև հրող կախարդանք է։
Էքսպեկտո պատրոնում (expecto pateonum)֊Պաշտպանական վահան է ստեղծում և դեմենտորներին հեռու է քշում։Երբեմն պատրոնուսը մարմնավորված է կենդանու տեսքով։
Սթուփեֆայ (stupefy)֊շշացնող,քարացնող և հրող կախարդանք։ 
Ալոհոմարա (Alohamora)֊բացում է ցանկացած դուռ
Սիստեմ ափերիո (sistem aperyo) ֊բացում է ցանկացած մեխանիզմ և փական։
էնգարդիում լեվիոսա (engardium leviosa)֊Լեվիտացիայի հմայություն։Առարկան օդ է բարձրացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meg McCaffrey (5 января 2003). «'Muggle' Redux in the Oxford English Dictionary» (անգլերեն). School Library Journal. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  2. BBC: 'Muggle' goes into Oxford English Dictionary(անգլ.)
  3. https://harrypotter.fandom.com/ru/wiki/%D0%A1%D0%BA%D0%B2%D0%B8%D0%B1
  4. https://harrypotter.fandom.com/ru/wiki/%D0%9F%D0%BE%D0%BB%D1%83%D0%BB%D1%8E%D0%B4%D0%B8
  5. https://harrypotter.fandom.com/ru/wiki/%D0%A7%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%82%D0%B0_%D0%BA%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8
  6. J.K.Rowling Official Site Արխիվացված 2007-12-26 Wayback Machine
  7. https://bararanonline.com/%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BD
  8. «Гарри Поттер и Орден Феникса», глава 8
  9. J.K.Rowling Official Site Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
  10. https://harrypotter.fandom.com/ru/wiki/%D0%A4%D0%B8%D0%BD%D0%B5%D0%B0%D1%81_%D0%9D%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B5%D0%BB%D1%83%D1%81_%D0%91%D0%BB%D1%8D%D0%BA. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. «Armando Dippet». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «Dilys Derwent». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Google Նկարի Որոնման Արդյունքները http://images6.fanpop.com/image/polls/1276000/1276841_1378662621665_full.jpg?v=1378663156-ի համար». www.google.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  14. «Эдвард Эверард». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Декстер Фортескью». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  16. https://harrypotter.fandom.com/wiki/Severus_Snape
  17. «Чат с Дж. К. Роулинг на сайте Bloomsbury». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «Полная Дама». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  19. «Сэр Кэдоган». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  20. «Violet». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  21. «Walburga Black». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  22. «Ариана Дамблдор». Гарри Поттер вики (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]