Հայաստանը նոր ժամանակներում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարչական բաժանումը Անդրկովկասում կատարելիս ռուսական կառավարությունը հաշվի չէր առնում ժողովուրդների պատմական տարածքներն ու անվանումները, ազգային առանձնահատկությունները։ 1867 թվականի դեկտեմբերի 9-ի օրենքով՝ երկրամասը վերաբաժանվել է 5 նահանգի՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի մեծ մասը մտել է Երևանի ու Ելիզավետպոլի նահանգների, Կարսի մարզի և որոշ գավառներ էլ՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ 1874 թվականին Երևանի նահանգը բաժանվել է 7 գավառի՝ Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի, իսկ 1878 թվականին Ռուսաստանին անցած Կարսի մարզը՝ 4 գավառի՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի։ Ելիզավետպոլի նահանգի ութ գավառներից հիմնականում հայկական էին Զանգեզուրի (Սյունիք), Շուշիի, Ջաբրայիլի և Ջևանշիրի (Արցախ) և Ղազախի և Ելիզավետպոլի (Գարդմանք) գավառները: Թիֆլիսի նահանգի մեջ էին Բորչալուի (Լոռի), Ախալքալաքի ու Ախալցխայի գավառները (Ջավախք)։ Վարչական այս բաժանումը պահպանվել է մինչև 1918 թվականը։

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում թուրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանում մի քանի անգամ կատարել է վարչական բաժանում այնպես, որ հայերը նահանգներում բացարձակ մեծամասնություն չկազմեն։

1834 թվականին Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի (Կարին), Սվազի (Սեբաստիա), Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների (նահանգ), 1848 թվականին Կիլիկյան Հայաստանում Մարաշի վիլայեթը միացվել է Ադանայի վիլայեթին։ 1865 թվականին Արևմտյան Հայաստանի մի մասը մտել է էրզրումի (Էրմենիստան անվամբ), մնացած մասերը՝ Սվազի և Դիարբեքիրի վիլայեթների մեջ։ 1886 թվականին Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Դերսիմի, Բիթլիսի (Բաղեշ), Վանի, Հեքյարիի ու Սվազի, իսկ 1895 թվականին՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի և էրզրումի նահանգների։ Վանի նահանգը բաժանված էր 2՝ Վանի և Հեքյարիի, Բիթլիսի նահանգը՝ 4՝ Բիթլիսի, Գենչի, Մուշի և Սղերդի, Դիարբեքիրի նահանգը՝ 3՝ Դիարբեքիրի, Արղնի-Մադենի և Մարդիևի, էրզրումի նահանգը՝ 3՝ էրզրումի, Բայազետի և Երզնկայի, Խարբերդի նահանգը՝ 3՝ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, Ավազի նահանգը՝ 4՝ Ավազի, Ամասիայի, Գարահիսարի և Թոքատի (Եվդոկիա) գավառների, 6 նահանգներն զբաղեցնում էին 270 200 կմ2 տարածություն։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Հալեպի վիլայեթների մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին հայերը համեմատաբար հավաք ապրում էին ողջ Հայկական լեռնաշխարհում, սակայն մեծ թվով հայեր ապրում էին նաև հայրենիքից դուրս։

1877-1878 թվականների տվյալներով՝ աշխարհում հաշվվում էր շուրջ 5,2 միլիոն հայ։ 1897 թվականին Ռուսական կայսրությունում ապրում էր 1.173.096 հայ, որից 441 hազարը՝ Երևանի, 292.188-ը՝ Ելիզավետպոլի, 196.189-ը՝ Թիֆլիսի, 52.233-ը՝ Բաքվի նահանգում, 73.406-ը՝ Կարսի մարզում, 24.043-ը՝ Քութայիսի նահանգում և Բաթումի մարզում, մյուսները՝ կայսրության այլ վայրերում։

Արևելյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական հանգամանքների բերումով՝ Արևելյան Հայաստանում ապրում էին նաև ռուսներ, թաթարներ, քրդեր և այլ ժողովուրդներ։ Կապիտալիզմի զարգացման հետևանքով գյուղ, բնակչության մի մասը տեղափոխվել է քաղաք։ 1886-1897 թվականներին Երևանի նահանգում քաղաքային բնակչությունն աճել է 44,7 %-ով, գյուղականը՝ 17,7 %-ով։ 1897-ին Երևանում բնակվում էր 29.033, Ալեքսանդրապոլում՝ 32.018, Նոր Բայազետում՝ 8.705 մարդ։ Արևելյան Հայաստանում բնակչության հարաբեր, մեծամասնությունը (շուրջ 10 %-ը) քաղաքաբնակ էր։ 1897 թվականի տվյալներով՝ Երևանի նահանգի քաղաքային բնակչության ավելի քան 58 %-ը հայ էր։ Հայերը հարաբերական մեծամասնություն էին կազմում նաև Կովկասի մի շարք քաղաքներում, միջին համամասնությունը մոտավորապես այսպիսին էր՝ հայեր՝ 21,4 %, թաթարներ՝ 11,8 %, վրացիներ՝ 9,2 %։

Արևմտյան Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականի տվյալներով՝ օսմանյանյան կայսրությունում բնակվում էր 3 միլիոն հայ, որից 400 հազարը՝ Կոստանդնուպոլսում և Բալկաններում, 600 հազարը՝ Փոքր Ասիայում և Կիլիկյան Հայաստանում, 670 հազարը՝ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում, 1.330 մլն-ը՝ Մեծ Հայքի՝ թուրքական տիրապետության տակ գտնվող մասում։ Սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության պայմաններում Արևմտյան Հայաստանի բնակչությունը դանդաղ է աճել, իսկ բռնի մահմեդականացման և 1890-ական թվականների աբդուլհամիդյան կոտորածներից հետո նրանց թիվն զգալիորեն նվազել է։

Արևմտյան Հայաստանի տարածքում ապրում էին նաև քրդեր, թուրքեր, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ, չեչեններ, չերքեզներ և այլ ժողովուրդներ, որոնք տարբեր ժամանակներում ներթափանցել էին այնտեղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png