Կախովի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկաթյա առաջին կախովի կամուրջը Գերմանիայում, Նյուրնբերգ

Կախովի կամուրջ (անգլ.՝ Suspension bridge), կամուրջ, որի հիմնական կրող մասը կառուցված է առաձգական նյութից (ճոպան, շղթա և այլն): Աշխատում է գերձգումով, իսկ երթևեկելի հատվածը կլախված է: Այս տեսակի կամուրջներն անվանում են կախովի, սակայն ճարտարապետական ու շինարարական մասնագիտական գրականության մեջ «կախովի կամուրջ» եզրը չի գործածվում: Նմանատիպ կամուրջների ժամանակակից առաջին օրինակները կառուցվել են 1800-ական թվականներին: Կախովի հասարակ կամուրջները, որտեղ բացակայում են ուղղահայաց կախոցները, երկար պատմություն ունեն և ստեղծվել են աշխարհի լեռնային շատ շրջաններում:

Կախովի կամուրջները հաջող կիրառություն ունեն կամրջի մեծ երկարության դեպքում, երբ հնարավորություն չկա կամ վտանգավոր է միջանկյալ հենասյուների տեղադրել (օրինակ` նավարկման վայրերում): Այս տեսակի կամուրջները շատ ներդաշնակ տեսք ունեն: Կախովի կամրջի ամենահայտնի օրինակներից է Ոսկե դարպասները, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյի ծովախորշում:

Կրող հիմնական ճոպանները կամ շղթաները կամուրջը կախում են ափերին տեղադրված հենասյուներից, որոնց ամրացվում են ուղղահայաց ճոպաններ կամ հեծաններ, որոնցից կախվում է կամրջի հիմնական թռիչքի ճանապարհային պաստառը: Հիմնական ճոպանները շարունակվում են հենասյուների հետևում և ամրացվում գետնին: Ճոպանների շարունակությունը կարող է կիրառվել լրացուցիչ երկու թռիչքների համար:

Կենտրոնացված ծանրության ազդեցությամբ կրող կոնստրուկցիան կարող է փոխել իր ձևը, ինչը նվազեցնում է կամրջի կոշտությունը: Ժամանակակից կախովի կամուրջներում ճկվածքից խուսափելու համար ճանապարհային պաստառն ամրացնում են հեծաններով կամ ֆերմաներով, որոնք տեղաբաշխում են ծանրությունը:

Կախովի կամուրջների առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմնական թռիչքը կարելի է դարձնել շատ երկար նվազագույն չափի նյութերով: Այդ պատճառով էլ նմանատիպ կոնստրուկցիաների կիրառումը շատ արդյունավետ է լայն կիրճերի վրայով կամ ջրային տարածությամբ անցնող կամուրջների շինարարության դեպքում: Ժամանակակից կախովի կամուրջներում լայնորեն կիրառվում են մետաղալարե շատ ամուր պողպատից ճոպաններ, որոնք ունեն 2-2.5 ԳՊա (200—250 կիլոգրամ-ուժ/մմ²), ինչը զգալիորեն նվազեցնում է կամրջի սեփական քաշը:
  • Կախովի կամուրջները կարող են կառուցվել ջրի վրա, ինչն ապահովում է նրանց տակով նույնիսկ մեծ նավերի նավարկությունը:
  • Անհրաժեշտություն չի լինում միջանկյալ հենարաններ տեղադրելը, ինչը մեծ առավելություն է տալիս, օրինակ, լեռնային տեղանքներում կամ ուժեղ հոսք ունեցող գետերի շրջանում կառուցվող կամուրջների պարագայում:
  • Լինելով հարաբերականորեն դյուրաթեք` կախովի կամուրջները կարող են առանց կոնստրուկցիայի ամբողջականությունը վնասելու ճկվել ուժգին քամու կամ սեյսմիկ ծանրաբեռնվածության դեպքում, մինչդեռ ավելի կարծր կամուրջները հարկավոր է կառուցել ավելի ամուր ու ծանր:

Կախովի կամուրջների թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախովի կամուրջը սկզբունքով ներկայացնում է ինքնաթիռի թև, և դա պահանջում է, որ նրա կառուցման ու տեղադրման ժամանակ հաշվի առնվեն աերոդինամիկ հատկությունները: Կամրջի ոչ բավարար ամրության պատճառով փոթորկային եղանակի պայմաններում կարող է հարկավոր լինել փակել կամրջով տեղաշարժը (ԱՄՆ-ում Տակոմա կախովի կամուրջը 1940 թվականին քանդվել է փոթորկից):
  • Ուժեղ քամու ազդեցությամբ հենասյուները ենթարկվում են մեծ ուժի մոմենտի ազդեցությանը, դրա համար նրանց անհրաժեշտ է լավ հիմք` հատկապես ոչ կարծր հողի դեպքում:
  • Կամրջի պաստառը խիստ ճկվում է, եթե մի հատվածում կենտրոնացված է ավելի մեծ ծանրություն, քան մյուս հատվածներում: Դրա պատճառով կախովի կամուրջներն ավելի քիչ են գործածվում երկաթուղու համար, քան մյուս տեսակի կամուրջները: Ամեն դեպքում, կան երկաթգծի և ավտոմոբիլային շարժման զուգակցման շատ օրինակներ (որպես կանոն` դա իրականացվում է տարբեր հարկերով) կախովի կամուրջներում: Դրանցից են Նյու Յորքի Մանհեթենի կամուրջը, Լիսաբոնի Ապրիլի 25-ի կամուրջը:

Կոնստրուկցիայի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախովի կամուրջներում հիմնական լարումը գլխավոր ճոպանների և հենասյուներում սեղմման լարումն է. հենց թռիչքում լարումը փոքր է: Հենարանում գրեթե բոլոր ուժերն ուղղված են ուղղահայաց ներքև և կայունանում են ճոպանների հաշվին, այդ պատճառով հենարանները կարող են լինել շատ բարակ: Ծանրաբեռնվածության համեմատաբար պարզ բաշխումը կոնստրուկցիայի տարբեր բաղադրիչների միջև պարզեցնում է կախովի կամուրջների հաշվարկը:

Սեփական ծանրության և կամրջի թռիչքի ծանրության ազդեցությամբ ճոպանները կախվում են՝ ձևավորելով աղեղ, որը նման է պարաբոլի: Չծանրաբեռնված ճոպանը, որը կախվում է երկու հենասյուների միջև, ընդունում է շղթայական գծի տեսք, որը մոտ է պարաբոլին գրեթե հորիզոնական հատվածում: Եթե ճոպանների քաշն անտեսվի և թռիչքի քաշը հավասարապես բաշխվի կամրջի երկարությամբ, ապա ճոպանները կընդունեն պարաբոլի տեսք: Եթե ճոպանի քաշը համեմատենք ճանապարհի պաստառի քաշի հետ, ապա նրա ձևը կլինի շղթայական գծի ու պարաբոլի միջանկյալ տարբերակ:

Սևեռնի կամուրջ

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական տիպի կախովի կամուրջ, թանգարան բաց երկնքի տակ, Սիոկոկու Մուրա, Ճապոնիա

Բուսական ծագում ունեցող ճկուն նյութերի (լիաններ, բամբուկ) կիրառումը գետերի ու կամուրջների վրա ակնհայտորեն գնում է դարերի խորքերը: Կան պատմական բավական արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ այդպիսի կամուրջներ են կառուցվել Հին Եգիպտոսում, Հարավարևելյան Ասիայում, Ճապոնիայում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում:

Ինկերի կառուցած կախովի կամուրջների մասին բազմիցս հայտնել է Պեդրո Սիեսա դե Լեոնը (1553):

Aquote1.png Գետի ամեն ափին կամրջի համար տեղադրված են երկու խոշոր, ամբողջական քարեր` շատ խոր և ամուր հիմքով, իսկ կամուրջը կառուցված է պարանի պես միահյուսված ճյուղերից, որը նման է ջրհորից ջուր հանելու հյուսկեն պարաններին: Դրանք այնքան ամուր են, որ նրանցով կարող են անցնել ձիեր, ինչպես որ կանցնեին Կորդովայի կամ Ալկանտարի կամուրջներով: Երբ ես անցա այդպիսի կամրջով, նրա երկարությունը մոտ 166 ֆուտ էր[1]: Aquote2.png


Սիեսայի ճանապարհն անցել է Ինկերի ճանապարհներով (մոտ 3.000 կմ` Կուսկոյից մինչև Կիտո), որտեղ նա հանդիպել է կարծես անձեռակերտ, բայց մի գծով ձգվող ճարտարապետական հուշարձանների և կախովի կամուրջների, որոնց պատրաստման տեխնիկան մի քանի դարով կանխորոշել էր ժամանակի ճարտարագիտական միտքը[2]:

Կախովի կամուրջների հասարակ կոնստրուկցիաներից անցումը ժամանակակից համակարգին վերաբերում է 17-18-րդ դարերին և կապված է իսպանացիներ Վերանտիուսի, ֆրանսիացի Պոյեի և անգլիացի Ջեյմս Ֆինլիի անունների հետ: Վերջինս ստացել է կախովի համակարգի արտոնագիրը 1801 թվականին[3]:

Կախովի առաջին կամուրջները, որոնք համապատասխանել են ժամանակակից պահանջներին, կառուցվել են Հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարի վերջին: Առաջին կախովի կամուրջը կառուցվել է Ջեյմս Ֆինլիի կողմից 1796 թվականին Փենսիլվանիայում: 19-րդ դարի սկզբին այդ նահանգում գոյություն են ունեցել այդպիսի բավական շատ կամուրջներ: Դրանցից ամենամեծն անցել է Սքուլկիլ (Schuylkill) գետի վրայով (Ֆիլադելֆիայի մոտ): Բրիտանացի ինժեներները հետևել են ամերիկացիների օրինակին, ինչի արդյունքում 19-րդ դարի առաջին քառորդում Անգլիայում կառուցվել են շատ կամուրջներ: Դրանցից ամենախոշորը Մենայ գետի վրա կառուցված կամուրջն էր, որը Ուելսը կապում էր Անգլսի կղզուն: Այն ուներ մոտ 165 մ թռիչք և նախագծված էր Թոմաս Թելֆորդի կողմից: Շինարարությունն ընթացել է 1822-1826 թվականներին: Մայրցամաքային Եվրոպայի երկաթյա առաջին կախովի կամուրջներից մեկը կառուցվել է Վեսեկերե ամրոցի տարածքում (գտնվում է ներկայիս Բելգիայի տարածքում) ինժեներ Ժան Բատիստ Վիֆկենի նախագծով 1824 թվականին[4]:

Քլիֆթոն կամուրջ, Բրիստոլի մոտակայք

20-րդ դարում կառուցվել են մեծ թվով կախովի կամուրջներ, որոնց տեխնիկական ձեռքբերումներն ու կառուցման տեխնիկան հետևալ պատկերն է ունեցել.

  • 1929 թվականին Դեթրոյթում կառուցվել է Ամբասադոր կախովի կամուրջը, որն ունի 564 մ երկարություն: Թռիչքի երկարությամբ այն գերազանցել է բոլոր տեսակի կամուրջներին` անցնելով անգամ Քվեբեկի կամրջին (548 մ, մետաղական կախովի ֆերմա):
  • 1931 թվականին Հուդզոն գետի վրա կառուցվել է Ջորջ Վաշինգտոնի կամուրջը` 1067 մ երկարությամբ: Սա առաջին կամուրջն էր` մեկ կիլոմետր թռիչքով, ինչը վերջնականապես ամրապնդեց կախովի կառույցների գերազանցությունը:
  • 1937 թվականին Սան Ֆրանցիսկոյում կառուցվել է Ոսկե դարպասները` 1280 մ երկարությամբ: Կամուրջը դարձել է ամերիկացիների հպարտության առարկան. 1987 թվականին՝ կամրջի 50-ամյակի տոնակատարության ժամանակ, հավաքվել է մոտ 150.000 մարդ: Կամուրջը բավական մրցանակներ է ստացել իր գեղեցկության, կապույտ օվկիանոսի ֆոնին նարնջագույն ճոպանների հատուկ էֆեկտի համար:
  • 1965 թվականին Նյու Յորքում կառուցվել է Վերազանո Նարոուս կամուրջը, որի երկարությունը 1298 մ է: Սա ամերիկյան վերջին համաշխարհային ռեկորդն է, որ մինչ օրս մնում է Ամերիկայի ռեկորդ:
  • 1997 թվականին Ճապոնիայում` Սիկոկու և Հոնսյու կղզիների միջև կառուցվել է Ակասի Կայկիո կամուրջը, որը երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար կախովի կամուրջ (մեկ թռիչքի երկարությունը 1991 մ է) և որպես ամենաբարձր կամուրջ (հենասյուներն ունեն 297 մ բարձրություն, ինչը բարձր է տասհարկանի շենքից): Եռաթռիչք կառույցի ընդհանուր ձգվածությունը 3910 մ է: Չնայած կամրջի հսկայական չափերին՝ նրա կառույցը բավական ամուր է և կարող է դիմանալ 80 մ/վ արագությամբ քամուն և Ռիխտերի սանդղակով 8 բալ երկրաշարժին, որոնք հազվադեպ երևույթ չեն Հեռավոր Արևելքում:

Ամենաերկար կախովի կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակասի Կայկիո կամուրջը Ճապոնիայի Հոնսյու և Սիկոկու կղզիների միջև
Ցզին Մա կամուրջ, Հոնկոնգ
  1. Ակասի Կայկիո կամուրջ, Ճապոնիա, 1991 մ: Կառուցվել է 1998 թվականին:
  2. Սիխոումեն կամուրջ, Չինաստան, 1650 մ: Կառուցվել է 2009 թվականին:
  3. Մեծ Բելտ կամուրջ, Դանիա, 1624 մ: Կառուցվել է 1998 թվականին:
  4. Լի Սունսին կամուրջ, Կորեայի Հանրապետություն, 1545 մ: Կառուցվել է 2012 թվականին:
  5. Ժունյան կամուրջ, Չինաստան, 1490 մ: Կառուցվել է 2005 թվականին:
  6. Համբեր կամուրջ, Անգլիա, 1410 մ: Կառուցվել է 1981 թվականին, ամենաերկար կամուրջն է եղել 1981-1998 թվականներին:
  7. Սելիմ Ահեղի կամուրջ, Թուրքիա, 1408 մ: Կառուցվել է 2016 թվականին: Համարվում է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը:
  8. Ցզյանյին կամուրջ, Չինաստան, 1385 մ: Կառուցվել է 1997 թվականին Յանցզի գետի վրա:
  9. Ցզին Մա կամուրջ, Հոնկոնգ, 1377 մ: Կառուցվել է 1997 թվականին, ունի երկաթգիծ և մետրո:
  10. Վերազանո Նարոուս կամուրջ, ԱՄՆ, 1298 մ: Կառուցվել է 1964 թվականին: Ամենամեծ կամուրջն է եղել 1964-1981 թվականներին:
  11. Ոսկե դարպասներ կամուրջ, ԱՄՆ, 1280 մ: Կառուցվել է 1937 թվականին: Ամենամեծ կամուրջն է եղել 1964-1981 թվականներին:
  12. Հյոգակուստենբրուն կամուրջ, Շվեդիա, 1210 մ: Կառուցվել է 1997 թվականին:

Մեսիանայի նեղուցի կամուրջը, որի կենտրոնական թռիչքը 3.300 մ է, միացնելու է Իտալիան և Սիցիլիան, սակայն նրա շինարարությունը դեռ չի սկսվել: Նախատեսվում է կամուրջներ կառուցել Ջիբրալթարի նեղուցի և Սուդանի նեղուցի վրա, որտեղ թռիչքի երկարությունը կարող է հասնել մի քանի հազար կիլոմետրի: Իզմիտ ծովախորշի կամուրջը (Մարմարա ծով, Թուրքիա), որի հիմնական երկարությունը 1668 մ է, կարող է դառնալ աշխարհում երկրորդ ամենաերկար կախովի կամուրջը, սակայն 2009 թվականի դրությամբ այն գտնվում է նախագծի մշակման փուլում[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  2. :: Bienvenidos al web de Rodolfo Pérez Pimentel — Escritor Ecuatoriano
  3. Dr.-Ing.Sergej G.Fedorov. St-Petersburg- Leningrad. (2.Auflage) Universitet Karlsruhe (TH) Institut für Baugeschichte- Prof.Dr.-Ing.Wulf Schimmer- Karlsruhe 2000
  4. Alex Baerts, Bruno De Corte, Robin Engels, Karel Haustraete, Stephanie van de Voorde & Patrick Viaene 2. De ingenieur die het liet hangen // Ingenieurs en hun erfgoed. — Leuven: SIWE, 2009. — С. 14-15. — 100 с.
  5. Izmit bridge ссылка проверена 3 июня 2009