Խոսե Կարերաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Կարերաս
Jose Carreras Royal Albert Hall 2001.jpg
Բնօրինակ անուն իսպ.՝ José Carreras և կատ.՝ Josep Maria Carreras i Coll
Ծնվել է դեկտեմբերի 5, 1946(1946-12-05)[1][2][3] (71 տարեկան)
Բարսելոնա, Իսպանիա[4]
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն օպերային երգիչ և երգիչ
Երգչաձայն տենոր
Շրջանավարտ Conservatori Superior de Música del Liceu
Ամուսին Katia Ricciarelli

Խոսե Կարերաս (իսպ.՝ José Carreras, ամբողջական անունը՝ Ժոզեպ Մարիա Կարերաս-ի-Կոլ, կատ.՝ Josep Maria Carreras i Coll, դեկտեմբերի 5, 1946(1946-12-05)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[4]), իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 5-ին, Բարսելոնայում։

Նրա երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռևս վաղ մանկությունից։ Այդ ժամանակ նա գտնվում էր Էնրիկո Կարուզոյի ստեղծագործության ազդեցության տակ։ Առաջին անգամ հանրության առջև հանդես է եկել ութ տարեկանում՝ Իսպանիայի պետական ռադիոյով կատարելով La donna è mobile մեներգը (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից)[6]։ Տասնմեկ տարեկանում հանդես է եկել պատմողի դերում Մանուել դե Ֆալյայի «Վարպետ Պեդրոյի խեղկատականոցը» օպերայում (դիսկանտ ձայն), հետո երկրորդ պլանի ևս մեկ դերով Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում։

Կարերասը սովորել է Conservatorio Superior de Música del Liceo երաժշտական հաստատությունում։ Նորամուտը նշել է Լիսեուում՝ կատարելով Ֆլավիոյի դերը Պուչինիի «Նորմա» օպերայում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Մոնսերատ Կաբալյեն։ Վերջինս նկատում է երիտասարդ տենորի տաղանդը և նպաստում նրան, որ նա ստանա առաջին պլանի դեր Գաետանո Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջիա» օպերայում։

Ելույթի պահին, 2011 թվական

Կարերասը Մոնսերատ Կաբալյեի հետ հաջորդ անգամ երգեց 1971 թվականին, երբ նորամուտն էր նշում Լոնդոնի բեմում՝ «Մարիա Ստյուարտ» օպերայում, իսկ ավելի ուշ նրանք միասին երգել են ևս մոտ տասնհինգ ներկայացումներում։

1972 թվականին «Մադամ Բատերֆլայ» օպերայում Պինկերտոնի դերերգով նորամուտն է նշել ամերիկյան բեմում։ 1974 թվականին Վիեննայում առաջին անգամ հանդես է եկել Մանտովայի հերցոգի դերում Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում։

28 տարեկանում Կարերասն արդեն կատարել էր դասական օպերային ռեպերտուարի առաջին պլանի 24 դերերգ։

1987 թվականին, երբ գտնվում էր փառքի գագաթնակետում, բժիշկներն ախտորոշեցին սարսափելի հիվանդություն՝ սուր լեյկեմիա։ Երգչի ողջ մնալու հավանականությունը գնահատվում էր տասը՝ մեկի։ Այդ հիվանդությունը Կարերասի կարիերան ընդհատեց մեկ տարով[7]։ Հաջորդ տարի Կարերասը ստեղծում է լեյկեմիան բուժելու բնագավառում հետազոտությունների համար նվիրատվություններ հավաքող José Carreras International Leukaemia Foundation հիմնադրամը[8]։ Տարեկան իր մոտ 60 համերգից գոյացած եկամուտը Կարերասը փոխանցում է այդ հիմնադրամին։

Հիվանդությունը հաղթահարելուց անմիջապես հետո Կարերասն ուղևորվեց Մոսկվա, որտեղ Մոնսերատ Կաբալյեի հետ անցկացրեց բարեգործական համերգ՝ հօգնություն Սպիտակի երկրաշարժից տուժածների[9]։

1990 թվականին աշխարհի հարյուրհազարավոր հեռուստադիտողներ ականատեսը եղան Հռոմում կայացած «Երեք տենորների» համերգին, որը նվիրված էր ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին։ Այդ համերգը, որը սկզբնապես մտածված էր որպես Կարերասի հիմնադրամին օգնելու միջոց, դարձավ Կարերասի և նրա գործընկերների՝ Լուչանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի մշտական հանդիպման առիթ։

1992 թվականին Կարերասը հանդես եկավ իր հայրենիք Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությանը։

Ելույթի պահին, Վիեննա, 2013 թվական

1990-ականների սկզբին մասնակցել է «Կարմեն» և «Սամսոն և Դալիլա» ներկայացումներին։ Այնուհետև տենորն ամբողջությամբ կենտրոնացավ մենահամերգային գործունեության վրա։ Օպերաներում նրան կարելի էր տեսնել տարեկան մեկ-երկու անգամից ոչ ավելի, և ամեն անգամ այդ ելույթները դառնում էին համաշխարհային մասշտաբի իրադարձություն։ Վերջին դերերգը երգիչը կատարել է 1998 թվականին Վոլֆ-Ֆեռարիի «Սլայ» օպերայում, 1999 թվականին նույն դերերգը կատարել է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի օպերայում կայացած այդ ստեղծագործության ամերիկյան պրեմիերային[10]։

1990-ականներին և 2000-ականների սկզբին Կարերասը տալիս էր տարեկան միջինը 50 համերգ։ 2009 թվականին տենորը հայտարարեց օպերային կարիերան ավարտելու մասին, քանի որ այլևս չէր կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը թատերական բեմում[11]։

2014 թվականի մարտի 16-ին Կարերասը ելույթ ունեցավ Սոչիի Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը՝ Դիանա Գուրցկայայի հետ կատարելով խաղերի օրհներգը։

Կարերասն աշխարհի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։

Նրա պատվին Իսպանիայում անվանակոչվել են կոնսերվատորիա, մի քանի երաժշտական դպրոց և համերգասրահ[12]։

Անձնական կյանք և բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին տենորը բաժանվեց իր առաջին կնոջից՝ Մերսեդես Պերեսից, որի հետ 1971 թվականին կնքված ամուսնությունից ունի երկու երեխա. որդին՝ Ալբերտը ծնվել է 1972 թվականին, և դուստրը՝ Ժուլիան՝ 1977[13]։

2006 թվականին տենորն ամուսնացավ ավստրիացի նախկին ուղեկցորդուհի Յուտա Եգերի հետ[11], սակայն այս ամուսնությունն էլ փլուզվեց 2011 թվականին[14][15]։

Կարերասն ապրում է Բարսելոնից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող ծովափնյա համեստ առանձնատանը[16]։

Երգչին լավ ճանաչող ընկերները նրան բնութագրում են որպես խիստ հակասական կերպարի։ Նշվում է, որ Կարերասի մեջ զարմանալիորեն համադրվում են ինքնամփոփվածությունը, անզուսպ խառնվածքը և ահռելի կենսասիրությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենոս Այրեսի ղեկավար Մաուրիսիո Մակրին Խոսե Կարերասին է հանձնել քաղաքի պատվավոր քաղաքացու հավաստագիր, 2010 թվական
  • «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» Մեծ խաչի ասպետ (1996)[17]
  • «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Մեծ սպա (1991)[18]

Ընդգրկված է Gramophone ամսագրի Փառքի սրահում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118859560 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Michael Kennedy and Joyce Bourne Kennedy The Concise Oxford Dictionary of Music (5th edition), Oxford University Press, 2007. ISBN 0-19-920383-0
  6. Carreras, J. Op. Cit. p. 85
  7. Խոսե Կարերաս. անվանի մարդկանց կենսագրություններ, լուսանկարներ
  8. «José Carreras International Leukaemia Foundation: Presentation»։ fcarreras.org։ Վերցված է 2012-12-27 
  9. Խոսե Կարերաս. անվանի մարդկանց կենսագրություններ, լուսանկարներ
  10. Խոսե Կարերաս. անվանի իսպանացիներ
  11. 11,0 11,1 Խոսե Կարերաս
  12. Խոսե Կարերաս
  13. Josep Carreras Biography
  14. Խոսե Կարերաս (Jose Carreras)
  15. Խոսե Կարերաս. հայտնի մարդկանց կենսագրություն, տեսանյութ
  16. Խոսե Կարերաս. հայտնի մարդկանց կենսագրություն, տեսանյութ
  17. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Maestro Jose Carreras (իտալ.) (իտալ.
  18. Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana Sig.
  19. «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]