Իբրահիմ խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբրահիմ Խալիլ խան
(2-րդ) Ղարաբաղի խան
1763 թվական - 1806 թվական
Նախորդող Փանահ Ալի խան
Հաջորդող Մեհտի Ղուլի խան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1732
Ծննդավայր Շուշի
Վախճանի օր 1806
Վախճանի վայր Շուշիի մոտ, Ղարաբաղի խանություն
Թաղված Շուշի
Դինաստիա Ջևանշիր
Քաղաքացիություն Իրան
Հայր Փանահ Ալի խան
Ամուսին Bakhtika khanum?
Զավակներ Aghabeyim agha Javanshir?, Մեհտի Ղուլի խան, Mammad Hasan agha Javanshir?, Abulfat Khan Tuti?, Muhammad Gasim agha Javanshir?, Q111854238? և Khanlar agha Javanshir?

Իբրահիմ Խալիլ խան Ջևանշիր (1732, Շուշի - հուլիսի 18, 1806(1806-07-18), Շուշի, Ռուսական կայսրություն), Ղարաբաղի խան 1759/63-1806 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Ղարաբաղի խանության հիմնադիր Փանահ Ալի խանին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ խանը ծնվել է Ղարաբաղում մոտ 1732 թվականին։ 1759 թվականին Իբրահիմը պատանդ է հանձնվել Ֆաթհ Ալի խան Աֆշարին և տարվել Ուրմիա[1]։ 1762 թվականին Փանահ խանն անձնատուր է եղել Քարիմ խան Զենդին և որպես պատանդ տարվել Շիրազ, որտեղ և կարճ ժամանակ անց մահացել է[2]։ Քարիմ խան Զենդը, պարտության մատնելով Ֆաթհ Ալիին, Իբրահիմին ազատ է արձակել և նշանակել Ղարաբաղի կառավարիչ[1]։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ խանի գայիսոնը, Ադրբեջանի պատմության թանգարան

Ղարաբաղի խանությունը զգալիապես ուժեղացել է Իբրահիմ խանի իշխանության տարիներին[3]։ Իբրահիմն ամուսնացել Մելիք-Շահնազար Բ-ի դուստր Հուրիզատի հետ, ամրապնդելով Վարանդայի մելիքի հետ Ղարաբաղի խաների դաշնակցությունը[4]։ 1778 թվականին համաձայնության է եկել Վրաստանի Հերակլ թագավորի հետ և միասնաբար հարձակվել են Գանձակի վրա, կալանավորել այնտեղի Մահմեդ խանին և տարել նրան Շուշի[3]։ 1780-1781 թվականներին Իբրահիմ խանը արշավել է դեպի Թավրիզ և Խոյ[3]։ Իբրահիմ խանը թե ամուսնությունների միջոցով, թե ուժով իրեն է ենթարկել հարևան Գանձակի, Ղարադաղի, Նախիջևանի, Շաքիի, Արդաբիլի և Շիրվանի խանությունները և դաշնակցել Ավարիայի և Խոյի խաների հետ[3][5]։ Իբրահիմ խանը պարբերաբեր պատերազմել է Ղուբայի Ֆաթհ Ալի խանի հետ, որը Արևելյան Անդրկովկասում նրա միակ մրցակիցն էր[3]։

1783 թվականին Իբրահիմ խանը դաշնակցել է Խոյի Ահմեդ խանի հետ և նրա հետ միասին 1785 թվականին կրկին արշավել է Թավրիզ[3]։ 1783 թվականին նա որոշել է ամրացնել Շուշի բերդը, ինչի համար Ղարաբաղի մելիքներից պահանջել է 100-ական մարդ[6]։ Քանդվել են բերդի հին պարիսպները և կառուցվել են նոր, ավելի ամուր պարիսպներ[6]։ Շուշի բերդի վերակառուցումն ավարտվել է 1789 թվականին[6]։

Պայքար Խամսայի մելիքությունների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1780-1790-ական թվականներին, թեպետ որոշակիորեն թուլացած, բայց Ղարաբաղի հայ մելիքները շարունակում էին կարևոր դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում, ինչի հետ հաշվի չէր նստում Իբրահիմ խանը։ 1787 թվականին Իբրահիմ խանը բանտարկել է Ղարաբաղի մելիքներին և Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Է Հասան-Ջալալյանին։ Իբրահիմ խանը մելիքներին ազատ է արձակել վիթխարի փրկագնի դիմաց, իսկ Հովհաննես կաթողիկոսին նա սպանել է տվել[7]։ 1780-ական թվականներին Իբրահիմ խանը Տողի հայերի մի մասին և Դիզակի Եգան մելիքի ժառանգներից շատերին ստիպել է իսլամ ընդունել։ Մելիք-Շահնազարի սադրանքով Իբրահիմ խանը կալանավորել և սպանել է տվել Ջրաբերդի մելիք Ալլահ-ղուլիին։ Ալլահ-ղուլիի եղբայր Հաթամը և Գյուլիստանի մելիք Հովսեփը մարտնչում են Իբրահիմ խանի և Մելիք-Շահնազարի դեմ, սակայն վերջապես ստիպված են լինում հեռանալ Ղարաբաղից և ապաստանել Գանձակի խանի մոտ։ Հետագայում Իբրահիմ խանը տարագիր մելիքներին առաջարկում և հաշտվել և վերադառնալ Ղարաբաղ։ Հաթամը և Հովսեփն ընդունում են Իբրահիմի առաջարկը, սակայն հետագայում իրենց հաջորդները՝ Մելիք-Մեջլումը և Աբովը ևս ընդհարվում են Իբրահիմ խանի հետ։ Նրանք փախչում են Վրաստան, ապա հաստատվում Գանձակում, որտեղ և Մելիք-Մեջլումը սպանվում է 1796 թվականին։ Իբրահիմ խանը նրանց կալվածքները նվիրել է ուրիշներին։ Իբրահիմ խանը նաև բանտարկեց Դիզակի մելիք Բախտամին և նրան աքսորեց Արդաբիլ։

Իբրահիմ խանը անողոք պայքար է մղել Ղարաբաղում Հայ եկեղեցու դեմ, մասնավորապես փորձելով թուլացնել Գանձասարի կաթողիկոսությունը, որը գտնվում էր Հասան-Ջալալյանների մելիքական տոհմի ազդեցության ներքո։ 1763 թվականին Երից Մանկանց վանքում նշանակել է Իսրայել արքեպիսկոպոսին որպես հակակշիռ Հասան-Ջալալյանների Գանձասարի կաթողիկոսության։ Իբրահիմ խանի հրամանով Հովաննես Է կաթողիկոսի սպանությունից հետո բռնագրավվել են եկեղեցական կալվածքները և կողոպտվել են եկեղեցիները։ 1792 թվականին Սարգիս Հասան-Ջալալյանը ստանձնել է Գանձասարի կաթողիկոսի պաշտոնը, սակայն կարճ ժամանակ անց Իբրահիմ խանը նրան դրել է տնային կալանքի տակ և ստիպել հրաժարվել կաթողիկոսությունից։ Սարգիսը մնացել է կալանքի տակ մինչև 1799 թվականը, երբ փախել է Հաղպատ։ Նա Ղարաբաղ է վերադարձել 1806 թվականին՝ Իբրահիմ խանի մահից հետո, և 1810 թվականին կրկին ստանձնել է Գանձասարի կաթողիկոսի պաշտոնը, որը լուծարվել է ռուսական իշխանությունների կողմից դրանից 6 տարի անց։

Իբրահիմ խանի վայրագությունների հետևանքով սպանվել կամ տեղահանվել է Ղարաբաղի հայ ազգաբնակչության մի զգալի հատված։ Տեղահանվածներից շատերը վերադարձել են Ռուսաստանին Ղարաբաղի միացումից հետո։

Պատերազմներ Պարսկաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1791 թվականին Աղա Մոհամմադ խանը, որը հավակնում էր Իրանի գահին, պարտության է մատնել Թավրիզի կառավարիչը, որը ապաստում է Իբրահիմ խանի մոտ։ Տարածաշրջանի խաներից շատերն հպատակություն են հայտնում Աղա Մոհամմադ խանին։ Իբրահիմ խանը հրաժարվում է ենթարկվել Աղա Մոհամմադին և պատրաստվում է պաշտպանվել նրանից, սակայն Աղա Մոհամմադ խանը հեռանում է Իրանի կենտրոնական նահանգներից՝ իր դեմ բարձրացված խռովությունները ճնշելու համար։ Այնուհետ Իբրահիմ խանը լեզգիների 3000-անոց գունդով արշավել է Նախիջևան և պարտության մատնվել։ 1793 թվականին Աղա Մոհամմադ 6000-անոց զորք է ուղարկում Թավրիզ տարածաշրջանի խաներին և մասնավորապես Իբրահիմ խանին հպատակեցնելու համար։ Իբրահիմ խանը Աղա Մոհամմադին ձևականորեն հպատակություն է հայտնում և պատանդ հանձնում իր զարմիկ Աբդու Սամեդ բեկին։ Աղա Մոհամմադ խանի զորքերի կողմից Քերմանի պաշարման ժամանակ Աբդու Սամեդ բեկը Աղա Մոհամմադի փախուստի է դիմել և սպանվել, ինչն Իբրահիմ խանի և Աղա Մոհամմադ խանի միջև նոր թշնամության պատճառ է դարձել։

1795 թվականի գարնանը Աղա Մոհամմադ խանն առաջին անգամ արշավանք է կատարում դեպի Անդրկովկաս։ Իբրահիմ խանը դիմում է Վրաստանի և Օսմանյան կայսրության օգնությանը։ Վրաստանի Հերակլ թագավորը Ղարաբաղ է ուղարկում 2000-անոց մի գունդ, որի օգնությամբ Իբրահիմ խանի ուժերը ջախջախում են Աղա Մոհամմադ խանի 4000-անոց զորքը։ Աղա Մոհամմադ խանը վերանորոգում է Խոդ Աֆարինի կամուրջը և իր բանակով առաջանում դեպի Ղարաբաղ։ Որոշ տվյալների համաձայն Իբրահիմ զորք է հավաքում և տեղական ազգաբնակչության աջակցությամբ համառորեն դիմադրում պարսկական զորքերին։ Աղա Մոհամմադ խանը կարողանում է պաշարել Շուշի բերդը միայն Ղարաբաղի ազգաբնակչության դիմադրությունը հաղթահարելուց հետո։ Աղա Մոհամմադն ու իր զորավարները շրջապատում են Շուշին, սակայն 33-օրյա պաշարման ընթացքում նրանց չի հաջողվում գրավել ամրոցը։ Աղա Մոհամմադ խանը հեռանում է Ղարաբաղից և շարունակում իր արշավանքը դեպի Վրաստան։

1795 թվականին Աղա Մոհամմադ խանի ուժերը կրկին ներխուժում են Ղարաբաղ, բազմաթիվ բնակավայրեր ավերում և ահռելի ավար առնում։ 1796 թվականին ռուսական զորքերը գրավում են Անդրկովկասի մի մասը։ Իբրահիմ խանը բանակցում է ռուսական հրամանատարության հետ և համագործակցություն առաջարկում, սակայն Եկատերինա կայսրուհու մահից հետո ռուսական զորքերը հեռանում են Անդրկովկասից։ Աղա Մոհամմադ խանի վերջին ասպատակության, ինչպես նաև Ղարաբաղում տիրող սովի և ժանտախտի համաճարակի հետևանքով Ղարաբաղի խանությունը խիստ թուլանում է, և Իբրահիմ խանը որոշում է փախչել մինչև պարսկական բանակի հաջորդ հարձակումը։ 1797 թվականին Աղա Մոհամմադ շահն իր զորքով շտապում է Ղարաբաղ Իբրահիմ խանի փախուստը կանխելու համար։ Իբրահիմ խանին հաջողվում է փախել և մերձավորների և ընտանիքի հետ հասնել Դաղստան։ Աղա Մոհամմադ շահն առանց որևէ դիմադրության հանդիպելու մտնում է Շուշի և մի քանի օր անց սպանվում է իր իսկ ծառաների կողմից, հանավաբար՝ զորավար Սադեղ խան Շաղաղիի կազմակերպած դավադրության արդյունքում։ Այնուհետ Իբրահիմ խանը վերադառնում է Շուշի և հաշտություն կնքում Աղա Մոհամմադ շահի հաջորդ Ֆաթհ Ալի շահ Ղաջարի հետ՝ վերջինիս ամուսնացնելով իր դուստրերից մեկին։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականի մայիսի 26-ին, 1804–1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, Իբրահիմ խանը Ռուսաստանի ներկայացուցիչ գեներալ Պավել Ցիցիանովի հետ Քյուրաքչայի պայմանագիրն է կնքել, համաձայն որի Իբրահիմ խանը մտնում էր ռուսական հպատակության տակ և Ռուսաստանը նրան ճանաչում էր իբրև Ղարաբաղի խան։ Այնուհետ Ցիցիանովը մտել է Շուշի և այնտեղ ռուսական կայազոր թողել։ 1806 թվականի փետրվարի 20-ին Բաքվում Ցիցիանովի մահից և ռուսական հարձակման խաթարումից հետո Իբրահիմ խանը որոշել է հրաժարվել ռուսների հետ իր պայմանավորվածությունից և նորից ենթարկվել Պարսից շահին։ Իբրահիմ խանը շահից օգնություն է խնդրել Շուշիից ռուսական կայազորը հեռացնելու համար։ Երբ պարսկական բանակը մոտեցավ Շուշիին, Իբրահիմ խանը լքեց բերդը և ճամբարեց մոտակայքում։ 1806 թվականի հունիսի 12-ին (այլ տվյալներով՝ հունիսի 2-ին կամ մայիսի 27-ին) ռուսական բանակի մայոր Դմիտրի Լիսանևիչը, տեղեկանալով Իբրահիմ խանի ճամբարափոխության մասին Վարանդայի մելիք Ջումշուդից, իր զորախմբով հարձակվել է Իբրահիմ խանի ճամբարի վրա և սպանել խանին, նրա կանանցից մեկին, դստերը, և կրտսեր որդուն։ Այնուհետ ռուսները Ղարաբաղի խան են նշանակել Իբրահիմ խանի որդիներից մեկին՝ Մեհտի Ղուլիին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bournoutian, George (2001). Armenians and Russia, 1626-1796: A Documentary Record. Costa Mesa, California: Mazda Publishers. ISBN 1-56859-132-2.
  • Bournoutian, George (2011 թ․ դեկտեմբերի 6). «EBRĀHĪM ḴALĪL KHAN JAVĀNŠĪR». Encyclopædia Iranica. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  • Bournoutian, George (2004). Two Chronicles on the History of Karabagh. Costa Mesa, California: Mazda Publishers. ISBN 1-56859-179-9.
  • Hewsen, Robert H. (1972). «The Meliks of Eastern Armenia». Revue des Études Arméniennes. IX.
  • Tapper, Richard (1997). Frontier Nomads of Iran: A Political and Social History of the Shahsevan. Cambridge University Press. ISBN 9780511001048.
  • П. А. Чобанян, М. М. Карапетян (1991): «Из истории армяно-русских отношений (Об исторических связях Карабаха с Россией)»։ К освещению проблем истории и культуры Кавказской Албании и восточных провинций Армении. Составитель: П. М. Мурадян; Издательство Ереванского гос. университета։ ISBN 5-8084-0115-1
  • Կոստիկյան, Քրիստինե (1999). «Ղարաբաղի 18-րդ դարի վերջի քաղաքական պատմության մի քանի հարցեր». Արևելագիտական ժողովածու. XVIII: 118–134.
  • Մաղալյան, Արտակ (2019). «Ղարաբաղի Իբրահիմ խանի սպանության հարցի շուրջ». Պատմա-բանասիրական հանդես: 197–211.
  • Րաֆֆի (1964). Խամսայի Մելիքությունները. Vol. Երկերի ժողովածու, հատոր 10. Երևան: Հայպետհրատ.
  • Ուլուբաբյան, Բագրատ (1994). Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը. Երևան: «Մ․ Վարանդեան» հրատարակչություն. ISBN 5-8079-0960-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]