Քյուրաքչայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյուրաքչայի պայմանագիր
Պատրաստվել է 1805 թ. Մայիսի 14
Ստորագրել են Ղարաբաղի խան Իբրահիմ և Ցիցիանով (Ռուսական կայսրություն)
Լեզուներ ռուսերեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Кюрекчайский договор

Քյուրաքչայի պայմանագիր (ադրբ.՝ Kürəkçay müqaviləsi), Ղարաբաղի և Շեքիի խանությունների և Ռուսական կայսրության միջև ստորագրված համաձայնագիր[1][2]։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 1805 թվականի մայիսի 14-ին Քյուրաքչայ գետի ափին գտնվող ռուսական ռազմական ճամբարում, Գյանջայից ոչ հեռու[3]։ Պայմանագիրը կազմվել է ռուսերեն լեզվով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականի նոյեմբերի 6-ին վախճանվեց Եկատերինա կայսրուհին։ Նրան փոխարինած Պավելի կարգադրությամբ ռուսական զորքերը դուրս են գալիս Անդրկովկասից։ Ռուսական զորքերի այդ նահանջը առավել ևս օրհասական դարձրեց Վրաստանի վիճակը։ Դեռևս 1795 թվականին Աղա Մոհամմադ խան Ղաջարի արշավանքն ու Թբիլիսիի ավերումը այնպիսի հարվածներ էին, որոնցից չկարողացավ ուշքի գալ վրաց պետականությունը։ Ռուսաստանի հպատակության տակ մտնելու Գեորգիի խնդրանքներին ընդառաջելով` Պավել ցարը Թբիլիսի ուղարկեց մի զորագունդ` գեներալ Լազարևի գլխավորությամբ, և մի քաղաքացիական պաշտոնյա` Կովալենսկի, որոնք, փաստորեն, իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ կառավարումը։

Պավելը վճռել է առանց պայմանների ու տատանումների Վրաստանը միացնել Ռուսաստանին, այն դարձնել Ռուսաստանի նահանգներից մեկը։ Բայց այնքան էլ հեշտ չէ վերացնել մի թագավորություն, որը ծանր զոհողություններով անցել էր հազարամյա ճանապարհ։ Համընդհանուր բողոքներին ու անկայունությանը վերջ տալու համար 1803 թվականի փետրվարի 2-ին Թբիլիսի է հասնել կովկասյան նորանշանակ կառավարչապետ գեներալ Ցիցիանովը, որն անմարդկային դաժանությամբ իրականացնել է ցարական նվաճողականությունը` առաջին հերթին թագավորական գերդաստանի անդամներին աքսորելով Ռուսաստան։

Վրաստանում գործերը կարգավորելուց և մինչև Սև ծովի ափերը խաղաղ պարտադրանքներով Ռուսաստանին ենթարկելուց հետո Ցիցիանովը ցարին ներկայացրել է Անդրկովկասը մինչև Կասպից ծով Ռուսաստանին կցելու ծրագիրը և, օգնական զորք ստանալով, գործի անցել է։ Առաջին հերթին զենքի ուժով լուծել է Բելաքանի ու Զառի լեզգիների հարցը, ապա Գանձակի Ջավադ խանից պահանջել է «իբրև պատասխան երկու խոսք ձեր ընտրությամբ` այո կամ ոչ, այսինքն` հանձնում եք, թե չեք հանձնում»։ Ջավադ խանի «ոչ»-ի արդյունքը լինել է այն, որ Գանձակի տարածքը դարձել է մասը Ռուսաստանի` 1804 թվականի հունվարի 3-ին։ Գանձակի անկումը հարցականի տակ է դնել հարևան Շաքիի ու Ղարաբաղի խանությունների հետագա գոյությունը։

Պայմանագրի ստորագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանձակը նվաճելուց վեց օր հետո Ցիցիանովը նամակ է գրել Իբրահիմ խանին, ուր իր զարմանքն է հայտնել, թե խանը չի գալիս իրեն շնորհավորելու և ավելացնում. «Ես հույս ունեմ, որ չեք կամենա նմանվել նրան և կհետևեք ընդհանուր կանոնին, որով թույլը հպատակվում է ուժեղին և չի երազում չափվել նրա հետ»։ Իսկ Իբրահիմի տված պատասխանի առնչությամբ իր երկրորդ նամակում Ցիցիանովը գրել է. «Ձեր հնազանդությունն ու հպատակությունը չեմ ուզում և չեմ էլ ուզել... Լսվա՞ծ բան է աշխարհի վրա, որ ճանճը բանակցի արծվի հետ, ուժեղին հատուկ է հրամայել, իսկ թույլը ծնվել է նրա համար, որ հպատակվի ուժեղին։ ...Հրավիրում եմ ձեզ ապաշավության և ոչ թե հպատակության, դա ինձ հարկավոր չէ և եթե ուզում եք լինել կենդանի ու հանգիստ, այս նամակի մեջ իմ պահանջը կատարեցեք»։

Մեկ տարի ու հինգ ամիս տևած ծանրագույն սպառնալիքներից հետո Կովկասի կառավարչապետ Ցիցիանովն ու Ղարաբաղի խան Իբրահիմը 1805 թվականի մայիսի 14-ին հանդիպել են Քյուրաքչայի ափին և վավերացրել. «Մենք, այսինքն` Ղարաբաղի խան Իբրահիմ և համառուսական հետևակազորի գեներալ... Պավել Ցիցիանով... անմիջական հպատակության մեջ մտնելու գործին, կնքեցինք, որոշեցինք և ստորագրեցինք հետևյալ հոդվածները»։ Այդ հոդվածները ներկայացնող երկու աղբյուր կա մեր տրամադրության տակ։ Առաջինը Ահմեդբեկ Ջավանշիրի «Ղարաբաղի խանությունը» գիրքն է` տպագրված 1883 թվականին, երկրորդը Լեոյի «Հայոց պատմության» 4-րդ հատորը։ Երկու աղբյուրներն էլ բարեխղճորեն ներկայացնում են պայմանագրի հոդվածները` մեկ տարբերությամբ միայն։ Եթե Ահմեդբեկը հոդվածները դասավորում է ըստ կողմերի ստանձնած պարտավորությունների, առանձնացնում դրանք իրարից, Լեոն նույնը ներկայացնում է համատեղ, ըստ հոդվածների փոխադարձ կապի։

Պայմանագրի դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղի Իբրահիմ խանը պարտավորվել է.

  • Իբրահիմ խանն ընդմիշտ հրաժարվում է պարսկական կամ ուրիշ մի տերության վասալական կախվածությունից և ընդունում է ռուսական կայսրության հպատակությունը։
  • Խանը պարտավորվում է հարևան տերությունների հետ չունենալ որևէ առնչություն։ Նրանցից ստացած նամակներից կարևորները պարտավորվում է ուղարկել Կովկասի գերագույն հրամանատարությանը, քիչ կարևորություն ունեցողները հանձնել Ղարաբաղում տեղավորվելիք զորքի հրամանատարին։
  • Ռուսական զորքերի համար իր տիրույթներում ապահովում կենսապայմաններ գերագույն հրամանատարության կողմից հաստատված գներով։
  • Զորքին տրամադրում է բնակության շենք և վառելափայտ։
  • Ելիզավետպոլից մինչև Ղարաբաղ ճանապարհ է բացում սայլերի տեղաշարժի համար։
  • Ավագ որդուց ծնված թոռանը պատանդ է տալիս` մշտապես Թիֆլիսում ապրելու պայմանով։
  • Պարտավորվում է տարեկան 8000 չերվոնեց հարկ վճարելու երկու դրվագով` փետրվարի 1-ին և սեպտեմբերի 1-ին։

Այս ամենի դիմաց, ցարի անունից, Ցիցիանովը պարտավորվել է.

  • Խանի տիրույթների ամբողջականության պահպանությունը, ժառանգականությունն ըստ ավագության` կայսեր հաստատումով, խանության տիրապետումը` ներքին կառավարման ու եկամուտների տնօրինման լայն իրավունքներով։
  • 500 զինվորից բաղկացած, հրանոթներով զինված զորքի տեղադրում Ղարաբաղում` խանության տիրույթների պաշտպանության համար։
  • Ռուսական գերբով դրոշի նվիրում` տիրակալի տանը մշտապես պահպանվելու համար։ Պատանդ տրված խանի թոռան համար նշանակվում է ամենօրյա խնամք` 10 ռուբլի գումարի չափով։

Պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абасов Ф. М. Предыстория Карабахского-Российского Кюрекчайского трактата 1805 года // Доклады Национальной академии наук Азербайджана. — 2006. — Т. LXII, № 5—6. — С. 170.
  2. Bournoutian, George A. (1994). A History of Qarabagh: An Annotated Translation of Mirza Jamal Javanshir Qarabaghi's Tarikh-e Qarabagh (en inglés). Mazda Publishers.
  3. Mostashari, Firouzeh (2006). On the Religious Frontier: Tsarist Russia and Islam in the Caucasus (en inglés). I.B.Tauris. p. 144.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aktı, sobrannıe Kavkazskoi Arxeoaqrafiçeskoi Komissiei, t. II. Pod red. A. Bsrjs. Tiflis, 1868, sənəd 1436, s. 702—705
  • Mahmudov, Yaqub (2009). AZƏRBAYCAN BEYNƏLXALQ MÜNASİBƏTLƏR VƏ DİPLOMATİYA TARİXİ DÖVLƏTLƏRARASI MÜQAVİLƏLƏR VƏ DİGƏR XARİCİ SİYASƏT AKTLARI. Bakı.