Երևանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի երաժշտություն, Հին Երևանի երաժշտական կյանքի մասին տեղեկությունները սակավ են։ Վաղ անցյալում ռազմերթերը, հուղարկավորության և զոհաբերության ծիսակատարություններն ուղեկցվել են հարվածային գործիքների նվագակցությամբ։ Հայտնաբերված ամենահին գործիքները բրոնզե զանգակներ ու բոժոժներ են (մեր թվարկությունից առաջ II հազարամյակ)։

Կարմիր բլուրում 1948 թվականին պեղվել են նաև զույգ բրոնզե ծնծղաներ, որոնք գործածվել են մեր թվարկությունից առաջ VII դարում։

Երևանում ընդօրինակված (XIII-XV դարեր) ձեռագիր մատյանների մանրանկարներում հանդիպում են փողային գործիքների (շվի, ռազմական շեփոր և այլն) պատկերներ։

Ուշ միջնադարում երաժշտական կյանքը զարգացել է տաղասացների, զուռնաչիների և աշուղների գործունեության շնորհիվ։ Շրջիկ երգահանները սազի նվագակցույամբ երգել են սեփական ստեղծագործությունները։

Երգչախմբեր են գործել Երևանի ուսուցչական սեմինարիայում, Գայանյան օրիորդաց ուսումնարանում և Հռիփսիմյան գիմնազիայում, զբոսայգիներում՝ նվագախմբեր, կազմակերպվել են պարահանդես-համերգներ։

Արմեն Տիգրանյան

Երևանում կարևոր իրադարձություններ էին Կոմիտասի երգչախմբի (Գևորգյան ճեմարանի 85 սան) համերգը (1906 թվական) և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը՝ հեղինակի բեմադրությամբ (1913 թվական)։

Կոմիտաս

Խորհրդային տարիներին Երևանը դարձել է հայ երաժշտության մշակույթի կենտրոն։ 1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ ստեղծվել է երաժշտական ստուդիա, որը 1923 թվականին վերակազմավորվել է Կոնսերվատորիայի (1948 թվականից՝ Կոմիտասի անվան)։


Ձևավորվել է հայ կոմպոզիտորական դպրոցը, որի ավագ սերնդի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Սպիրիդոն Մելիքյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Կարո Զաքարյանի, Միքայել Միրզոյանի գործունեությունն էապես նպաստել է երաժշտարվի զարգացմանը։


Կոնսերվատորիայի ստեղծագործ, դասարանի բացումը (1930 թվական) և Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) հիմնադրումը (1932 թվական) խթանել են ազգային կոմպոզիտորական դպրոցի վերելքը, մեծ ավանդ ունեն նաև Հարո Ստեփանյանը, Գրիգոր Եղիազարյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և ուրիշներ։


Կատարողական արվեստի զարգացումը սերտորեն կապված է երաժշտա-ուսումնական հաստատությունների, Հայֆիլհարմոնիայի (1932, 1976 թվականներին՝ Հայհամերգ), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (1933 թվական), պետական ակադեմիական երգչախմբի (1937 թվական), Երգչախմբային ընկերության (1958 թվական, 1987 թվականից՝ Երաժշտական ընկերություն), փողային նվագախմբի (1964 թվական), ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի երաժշտական կոլեկտիվների գործունեության հետ։

Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տունը

Կամերային, վոկալ, գործիքային և երգեհոնային երաժշտության կենտրոն է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը (1977 թվական), հանդիսավոր երեկոների, երաժշտական տոնակատարությունների համար է նախատեսված Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայիև համալիրի (1984 թվական) համերգային սրահը (համերգներ են տեղի ունենում նաև մարզասրահում)։

1968 թվականից ավանդաբար անցկացվում է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարությունը, որի համար գրվել է «Էրեբունի-Երևան» (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի) երգը (հետագայում՝ Երևանի օրհներգը

Երաժշտական մշակույթի կենտրոններից են նաև Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ և Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահները, Ալեքսանդր Սպենդիարյանի (1967 թվական), Արամ Խաչատրյանի (1984 թվական) տուն-թանգարանները, Մանկական ֆիլհարմոնիան (1994 թվական, 1956 թվականին՝ Դպրոցականի ֆիլհարմոնիա, 2002 թվականից՝ Յուրի Բախշյանի անվան), «Նարեկացի» արվեստի միությունը (2004 թվական), «Սպեղանի» երգչախումբը «Մալխաս» ջազակումբը (2006 թվական), «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը և այլն։

Երևանում գործում են երաժշտական և արվեստի 25 դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական (1923, 2006 թվականից՝ քոլեջ), Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական (1967, 2005ից՝ քոլեջ) ուսումնարանները, էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը (1996 թվական, 1985-1996 թվականներին՝ Հայհամերգի էստրադային «Երևան» փողային նվագախումբը (1964 թվական, հիմնադիր՝ Հայկազ Մեսիայան, 2000 թվականից՝ գեղարվեստական ղեկավար Ա գլխավոր դիրիժոր՝ Հայկ Հովակիմյան), Հանրային ռադիոյի «Արևներ» անսամբլը (1978), «Արձագանք» ստուդիան (1990 թվական), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (1993 թվական) և «Սպեղանի» (1996 թվական) երգչախմբերը, Հայաստանի երգի պետական թատրոնը (1994 թվական), «էմիԲի» պրոդյուսերական կենտրոնը (1999 թվական) և այլն։

Երևանում պարբերաբար կազմակերպվում են մանկական երաժշտության շաբաթներ, երգչախմբային արվեստի, Յոհան Սեբաստիան Բախի անվան կամերային երաժշտության, «21-ի հեռանկարներ» («Երևանյան հեռանկարներ»), «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» դասական երաժշտության միջազգային փառատոներ, Արամ Խաչատրյանի անվան երաժիշտ-կատարողների, Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների ամենամյա, Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների մրցույթ-փառատոներ, «Ակորդ», «Ազգային երաժշտական», «Ոսկեքնար», «Թոփ 10» մրցանակաբաշխություններ, բացօթյա համերգներ [Ա. Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի կատարմամբ, 2004 թվական, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, Սերժ Թանգյանի (ԱՄՆ) (երկուսն էլ՝ 2011 թվական), Անդրեա Բոչչելիի 2012, և այլն], ինքնագործ երաժշտ. խմբերի ստուգատեսներ և այլն։ Երևանի երաժշտական թատրոններում և համերգային դահլիճներում հանդես են գալիս նաև արտերկրի անվանի երաժիշտներ ու խմբեր։ Ֆրանկոֆոնիայի օրերին պարբերաբար կազմակերպվում են համերգներ (նաև բացօթյա) և այլ միջոցառումներ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Երևանի երաժշտական մշակույթի զարգացմանը զգալիորեն նպաստում են հեռուստատեսային նախագծերը («Հայ սուպերսթար», «Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական պարեր», «Պարի՜ր, թե կարող ես», «Երգ երգոց», «Ռետրո», «Իմ անունն է» և այլն)։ 2011-ին Երևանում է անցկացվել մանկական «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը (2010-ին հաղթող է ճանաչվել Վլադիմիր Արզումանյանը)։ Հայ երաժշտական մշակույթի գործիչների արխիվային նյութերի հավաքածուները պահվում են Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Առաջին անգամ քաղաքի անունը հի շատակվել է Գրիգոր Խլաթեցու (1349 1425) տաղում։ XVI դարում Հովհաննես Տաղասացը գրել է ողբ (Մուստաֆա Լալա փաշայի՝ քաղաքն ավերելու և բնակչու թյունը գերեվարելու մասին), իսկ Նաղաշ Հովնաթանը (XVII դ.)՝ «Գովասանութիւն Երեւան քաղաքին» տաղը։ Երևանին նվիրվել են բազմաթիվ երաժշտ. ստեղծագործություններ (Ա. Սպենդիարյան, Ա. Բաբաջանյան, Ալեքսանդր Աճեմյան, Ա. Խաչատրյան, Ալեքսեյ Հեքիմյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Հախվերդյան, Էդգար Գյանջումյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։