Հայաստանի փոքրիկ երգիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի փոքրիկ երգիչներ
Glkhavor-Senior.jpg
Հիմնական տվյալներ
Գործունեություն 1992 - ներկա

Հայաստանի փոքրիկ երգիչներ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր մանկապատանեկան երգչախումբ, որը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին։ Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին ՝ Հայ Փոքրիկ Երգիչներ միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի հովանավորության ներքո։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչախումբը բազմիցս մասնակցում է միջազգային ամենատարբեր փառատոների, համաշխարհային գիտաժողովների, ցուցահանդեսների, այդ թվում՝ «Բազելի» (Շվեյցարիա, 1995, 2014), Հոնգ Կոնգի և Պեկինի (Չինաստան,1999), EXPO 2000 (Հանովեր, Գերմանիա), «Ոսկե մակույկ» (Սոչի, Ռուսաստան, 2001), «Դիմիտրիա»(Թեսալոնիկի, Հունաստան, 2002), երգչախմբային Արվեստի VI Համաշխարհային գիտաժողով (Միննեապոլիս, ԱՄՆ, 2002), «Երգ միասնության՛» հայ-ամերիկյան երգչախմբային ամենամյա փառատոն (Հայաստան, «Թող ապագան երգի» (Ստոկհոլմ,Շվեդիա, 2012)։

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը հանդես է գալիս համերգներով՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ, մասնակցում մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների՝ այդ թվում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսություններին և Ռուսաստանում Հայաստանի տարի հռչակման առթիվ հանդիսավոր համերգին Մոսկվայի Սյունազարդ, Չայկովսկու անվան դահլիճներում և Կրեմլի պալատում (2001 և 2006), Հայաստանում Ֆրանսիայի օրերի կապակցությամբ «Ազնավուրը և իր բարեկամները» խորագիրը կրող համերգին Հանրապետության հրապարակում (2004), Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում «Հայաստան իմ Բարեկամ» խորագրով հանդիսավոր համերգին Գարնիե օպերայում (2007)։ 2012 թվականին երգչախումբը ճապոնական «Մին-Օն» մշակութային կազմակերպության հրավերով մեկնեց 40-օրյա շրջագայության դեպի Ճապոնիա։ Երգչախումբը համերգային շրջագայություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում, Լեհաստանում, Բելգիայում, Կանադայում, ԱՄՆ-ի 20 նահանգներում,Լատվիայում,Վրաստանում,Շվեդիայում,Ճապոնիայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը պարգևատրվել է ՀՀ վարչապետի, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի բարձրագույն պարգևներով և «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով՝ Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից։ «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն ու իր մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների՝ ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր՝ 2 Արծաթե մեդալ «Այսթեդֆուդ» (Ռուդեպուրտ, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, 1993), Արծաթե մեդալ «Այսթեդֆուդ» (Լանգոլեն, Մեծ Բրիտանիա 1994), գլխավոր մրցանակ,2 Ոսկե և Արծաթե մեդալ «Գոլդըն Գեյթ» (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, 1995)։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչախմբի ձայնագրություններն արժանացել են՝ «Տարվա լավագույն դասական ալբոմ» մրցանակի՝ Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների լիակատար խտասալիկի համար (AMFA, Լոս Անջելես, 2001 թ.), Վահան Թեքեյանի մրցանակի՝ «5-20-րդ դարերի հոգևոր երաժշտություն» խտասալիկի համար (Վահան Թեքեյան մրցանակաբաշխություն, 2004 թ.)։ Երգչախումբն ԱՄՆ-ում թողարկել է «Եղիցի Լույս» 5-21-րդ դարերի հոգևոր երաժշտության եռակի խտասալիկ։2012 թվականին, դեպի Ճապոնիա շրջագայությանն ընդառաջ երգչախումբը թողարկեց «Furusato» (Հայաստանի Փոքրիկ Երգիչները Ճապոնիայում)ձայնասկավառակը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչախմբի երգացանկի մեջ ընդգրկված են հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, և հանրամատչելի ստեղծագործություններ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]