Գեղարվեստական գրականությունը մատենադարանի ձեռագրերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ պատմագրության առաջին երկերը միաժամանակ հանդիսացել են գեղարվեստական գրականության կոթողներ։ Նրանք իրենց էջերում պահպանել են հայ հեթանոսական բանաստեղծության, հայկական առասպելների թանկագին մասունքները (Հայկ դյուցազն, Արամ, Տորք Անգեղ, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Վահագն Վիշապաքաղ և այլն), մի գրականություն, որը հետագա դարերում քրիստոնեական գաղափարախոսության ամրապնդման հետ իր տեղն է զիջել հոգևոր գրականությանը։ Հայ հոգևոր բանաստեղծության սկզբնավորումը կապվում է Մաշտոցի անվան հետ, որից բազմաթիվ շարականներ են մեզ հասել։ Շարականները պարունակում են բանաստեղծություններ հորինված եկեղեցական տոների, սրբերի, պատմական իրադարձությունների և այլ դեպքերի ու դեմքերի շուրջ։

10-րդ դարից սկսած հայ գրականության մեջ խոշոր բեկում է սկսվում։ Առաջ է գալիս մի նոր որակի բանաստեղծություն, որի անդրանիկ մեծ ներկայացուցիչը Գրիգոր Նարեկացին է (951-1003 թթ.)։ Նրա հոգեզմայլ բանաստեղծություններն ու «Մատյան Ողբերգության» երկն իրենց գեղարվեստական խոսքի անկրկնելի վարպետությամբ ու մարդկային հոգու ամենանրբին հույզերի դրսևորմամբ համաշխարհային գրականության գոհարներից են։ Հայ քերթողության պատմության մեջ առաջին անգամ Նարեկացին բանաստեղծության նյութ է դարձնում սերն ու կնոջ գեղեցկությունը, հայրենի բնությունը, աշխատանքը։ Նարեկացին նաև մեծ լեզվաշինարար է գրաբարին զուգընթաց գործածում է ժողովրդական բառեր, բառաբարդումների միջոցով հորինում է նոր բառեր։

Գրիգոր Նարեկացուց հետո միջնադարյան պոեզիան ավելի աշխարհիկ երանգ է ստանում Հովհաննես Սարկավագի ստեղծագործության մեջ։ Սարյակին նվիրված «Բան իմաստության» ոտանավորը (118 երկայն տողերով) իր ձևով ու բովանդակությամբ նորություն էր բերում միջնադարյան բանաստեղծության և բանաստեղծական արվեստի տեսության մեջ։ Սարկավագը ստեղծագործությունը համարում է բնության նմանողություն և ոչ թե ինչ-որ գերբնական շնորհ։

12-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Ներսես Շնորհալին (1102 - 1173 թթ.) կիրառում է թեթև ու դյուրըմբռնելի խոսքը, հորինում է երաժշտական ու ներդաշնակ ոտանավորներ, մշակում է Հայոց լեզվի տաղաչափությունը, Հայ գրականության մեջ առաջին չափածո պատմական քերթվածը («Վիպասանություն») պատկանում է Ներսես Շնորհալիուն։ Շնորհալին գրել է նաև ներբողներ, հանելուկներ։ Շնորհալու երկերից առանձնանում է «Ողբ Եդեսիո» (1070 երկտող տուն) պոեմը, որի հիմքում ընկած է 1144 թ. Եդեսիայի պաշարումը, գրավումն ու կոտորածը։ Պոեմում նա դիմում է նաև Մեծ Հայքին, Վաղարշապատ և Անի քաղաքներին, գովերգում է Հայաստանի փառավոր անցյալն ու ողբում նրա թշվառ ներկան։

13-րդ դարից սկսած հանդես են գալիս հասարակ ժողովրդի շահերն արտահայտող բանաստեղծներ՝ Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի և ուրիշներ, որոնք փորձում են ըմբոստանալ նաև եկեղեցու դեմ։

Որ մեկըն տեր լինի երկրի,
Մեկըն կարոտ դոյզ մի հացի,
Մեկըն իշխան և հոր որդի,
Մյուսն աղքատ և ողորմելի։

Աշխարհիկ թեմաների արծարծումը հետզհետե ավելի հաճախակի է դառնում, երևան է գալիս առաջին աշխարհիկ պոեմը՝ «Պատմություն Ֆարման մանկանն» (1200 տող)։

Ձեռագրերում պահպանվել են 13-18-րդ դարերում ապրած ու ստեղծագործած բազմաթիվ բանաստեղծների՝ Կոստանդին Երզնկացու, Խաչատուր Կեչառեցիու (13-14-րդ դարեր), Առաքել Բաղիշեցիու, Առաքել Սյունեցիու, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցիու (15-րդ դար), Գրիգորիս Աղթամարցիու (15-16-րդ դարեր). Ստեփանոս Թոխաթեցիու, Մարտիրոս Ղրիմեցիու, Նաղաշ Հովնաթանի (17-րդ դար), Սայաթ Նովայի (1712-1795 թթ.) և տասնյակ ուրիշերի քերթվածները, որոնք բացահայտում են միջնադրայան մարդու բարդ ու հակասական հոգեվիճակները, հոգևորի ու մարմնականի հավերժական պայքարը, ժողովրդի ծանր առօրյան, ընդվզումները օտար նվաճողների դեմ և հավատը վաղվա նկատմամբ։

Բանաստեղծության հետ զուգահեռ միջին դարերում զարգացում է ապրել նաև արձակի ժանրը՝ սկզբնական շրջանում միահյուսված պատմագրության հետ, իսկ հետագայում ինքնուրույն կերպով հանդես գալով որպես վարք, խրատ. առակ և զրույց։

12-13-րդ դարերում արդեն հրապարակի վրա էին Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցիու առակները, որոնք իրենց արմատներով առնչվելով հին աշխարհի առակագրությանը (Եզովպոս. Ողոմպիանոս)՝ գեղարվեստական բարձր կատարումով վերարտադրել են հայ ժողովրդական բանահյուսության հնորյա ավանդները։ Գեղարվեստական արձակի նմուշներից է նաև Ներսես Լամբրոնացիու (1153-1198) «Համբարձման» ներբողյանը, ինչպես և բազմաթիվ ձեռագրերում գտնվող այլ ներբողներ, ճառեր, վարքագրություններ և այլն։

Դեռևս 5-րդ դարից սկսած մեզ են հասել հին աշխարհի լավագույն գեղարվեստական երկերից մի քանիսի թարգամնությունները, որոնցից են Ողոմպիանոսի առակները, Կալիսթենեսին վերագրվող Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, ըստ որում վերջինիս հունական բնագրի ընդօրինակությունը պահպանված է ավելի ուշ դարերից, որով և հայերեն թարգմանությունը բնագրի արժեք է ստանում։ Հետագա դարերում օտար լեզուներից հայերենի թարգմանված ավելի շատ ստեղծագործություններ են հասել, դրանցից են պարսկերենից թարգմանված Նուշիրվանի խրատները և հին ֆրանսերենից թարգմանված «Փարիզ և Վեննա» սիրավեպը (16-րդ դար)։

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի բերումով դեռևս միջին դարերից սկսած հայերի հոծ զանգվածներ բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում իրենց մասնակցությունը բերելով այդ երկրների տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ Այլ ժողովուրդների հետ սերտ շփման արդյունք են հայերեն գրերով այլալեզու այն գրականությունը, որը ձեռագիր վիճակում մեզ է հասել 16-18-րդ դարերից։ Մատենադարանի հավաքածուներում ձեռագրեր են պահպանվում հայատառ լատիներենով, ռուսերենով, հունգարերենով, արաբերենով, պարսկերենով ու թուրքերենի տարբեր բարբառներով այստեղ կան ինչպես կրոնա-պատմական երկեր, այնպես և գեղարվեստական գրականության հատկապես -ժողովրդական բանահյուսությյան եզակի նմուշներ։

Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ֆոնդում պահվում են Նիզամու, Հաֆեզի երկերը, Ֆիրդուսու «Շահնամեն», Սաադիի «Գոլեսթանը», «Բուսթանը» և այլ երկեր, Ալիշեր Նավոյիի, Ջամիի, 13-14-րդ դարերի հնդիկ պոետ Խոսրով Դահլավու և ուրիշների երկերի արժեքավոր ընդօրինակություններ։