Սաադի
Սաադի պարս․՝ ابومحمد مُصلِحالدین بن عَبدُالله سعدی شیرازی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ. 1210 |
Ծննդավայր | Շիրազ, Պարսկաստան, Խորեզմշահերի պետություն |
Վախճանվել է | 1291, 1292 կամ 1293 |
Վախճանի վայր | Շիրազ, Իրան |
Գրական անուն | Սաադի |
Մասնագիտություն | պոեզիա, գրականություն |
Լեզու | պարսկերեն և արաբերեն |
Ազգություն | պարսիկ |
Քաղաքացիություն | Խորեզմշահերի պետություն Salghurids? Հուլավյան Իլխանություն |
Ժանրեր | իսլամական միզտիցիզմ, էթիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Գուլիստան և Բուստան |
Սաադի Վիքիքաղվածքում | |
Sa'di Վիքիպահեստում |
Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլահ Սաադի Շիրազի (պարսկերենابومحمد مُصلِحالدین بن عَبدُالله سعد شیرازی, մտվ. 1181 - 1291), պարսիկ բանաստեղծ-մորալիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի՝ դպրոցական (1205 - 1226), թափառական (1226 - 1256) և շեյխական (1256 - 1291)։ «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195 - 1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։
Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիա մեդրեսեն։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների։
Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր իսլամադավան երկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։
Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու՝ Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ՝ որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը։ Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը՝ նա փաստորեն համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքներ տեր մյուս բանաստեղծների հետ։ Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդադդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ։
Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին։ Դրա համար նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք։ Այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը։
1257 թվականի գրել է «Բոստան» պոետական տրակտատը, որը պոետական զգացմունքների խորությամբ և հոգևոր իդեալների նկարագրվող բարձրությամբ համարվում է սուֆիական գրականության մեծագույն գործերից մեկը։ Այդուհանդերձ Սաադիի լավագույն գործը համարվում է «Գյուլիստան» ստեղծագործությունը։ Այն մեծ ժողովրդականություն է վայելում և դարձել է յուրաքանչյուր պարսիկի սեղանի գիրք՝ ուսումնասիրվելով նաև նրանց դպրոցական ծրագրում։ «Գյուլիստանը» լի է բազմապիսի առակներով և ասույթներով։
Սաադիի հիմնական վաստակն այն է, որ նա իր գազելներում կարողացել է միաձուլել սուֆիստական և սիրային թեմաները։ Յուրաքանչյուր երկ կարելի է դիտարկել ինչպես սիրային, այնպես էլ փիլիսոփա-դիդակտիկ տեսանկյունից։ Նրա ստեղծագործության շարունակող է համարվում մեկ այլ պարսիկ հայտնի բանաստեղծ Հաֆեզը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|