Բրածո բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրածո բույսեր, անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բույսեր, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում։ Ամբողջական տեսքով պահպանվել են ստորակարգ բույսերը (ջրիմուռներ, բակտերիաներ և այլն), երբեմն՝ բարձրակարգ բույսերի պարզունակ ձևերը (մամուռներ և այլն) կամ առանձին մասերը (տերև, ցողուն, կեղև, ծաղիկ

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում բրածո բույսերի մնացորդներ հայտնաբերվել են ծովային, լճային (մերձափնյա և ծանծաղուտային), ճահճացամաքային տարբեր հասակների նստվածքներում, հանքային աղբյուրների շրջակայքի կուտակումներում։ Ցամաքային բարձրակարգ բրածո բույսերի մասին տվյալները խիստ սակավ են։

Ամենահին նստվածքները (մոտ 230 միլիոն տարեկան), որոնցում հայտնաբերվել են բրածո բույսերի մնացորդներ, վերաբերում են վերին պերմի ժամանակաշրջանին։ Դրանցում կան կարմիր ջրիմուռների զգալի կուտակումներ (Վայոց ձորի մարզ)։ Վերին տրիասի և յուրայի նստվածքներում հայտնաբերվել են պտերազգիների (14 տեսակ) մնացորդներ, որոնք առաջացրել են այրվող թերթաքարերի ու ածխի կուտակումներ (Արարատի մարզի Ջերմանիսի ածխի հանքավայր)։ Բրածո բույսերի հարուստ համալիրներ հայտնի են օլիգոցենի, նեոգենի ու անթրոպոգենի նստվածքներում։

Արևադարձային և մերձարևադարձային մշտականաչ ու տերևաթափ բույսերի հարուստ բրածո մնացորդներ հայտնաբերվել են Լոռու մարզի Շամուտ գյուղում (ստորին էոցեն), մերձերևանյան շրջանում (ստորին-միջին օլիգոցեն), Դիլիջան քաղաքի շրջակայքում (վերին օլիգոցեն, ստորին միոցեն), Շիրակի մարզի Ջաջուռ, Բանդիվան, Արարատի մարզի Զանգակատուն գյուղերի մոտ մերկացող պլիոցենի նստվածքներում։ Դիատոմիտային ջրիմուռների (ավելի քան 200 տեսակ) մեծ կուտակումներ հայտնաբերվել են Սևանի ավազանի, Կոտայքի (Նուռնուսի կայծքարի հանքավայր), Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի պլիոցեն-անթրոպոգենի նստվածքներում, որոնցում երբեմն հանդիպում են տերևների լավ պահպանված դրոշմներ։

Բրածո բույսերի միջոցով որոշում են ապարների հարաբերական հասակը, բացահայտում նստվածքակուտակման, հնաաշխարհագրական և հնակլիմայական պայմանները։ Դրանց ուսումնասիրությունն ունի գիտական և արդյունաբերական նշանակություն, քանի որ բրածո բույսերը մասնակցում են որոշ օգտակար հանածոների (ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, կրաքար, դիատոմիտ և այլն) առաջացմանը։ Բրածո բույսերի ուսումնասիրությամբ զբաղվում է հնաբուսաբանությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png