Հնէաբուսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնէաբուսաբանություն, հնաբուuաբանություն, պալեոբոտանիկա, պալեոֆիտոլոգիա, ուսումնասիրում է բրածո բույսերի մորֆոլոգիան, անատոմիան, ֆիլոգենիան և սիստեմատիկան՝ ըստ ապարներում պահպանված բուսական մնացորդների և դրոշմների։ Հնէաբուսաբանությունը հնարավորություն է ընձեռում վերականգնել անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բուսական աշխարհի պատմությունը և, հենց դրանով, ըմբռնել ժամանակակից բույսերի ծագումը։ Հնէաբուսաբանությունը հնէաբանության մի մասն է և կարևոր նշանակություն ունի մայրցամաքային, հատկապես ածխաբեր, նստվածքների շերտագրության մշակման համար, քանի որ բույսերի մնացորդների հետազոտության տվյալների հիման վրա որոշվում է շերտերի հասակը և կատարվում նրանց համադրումը տարբեր շրջաններում։ Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների արդյունքները կիրառվում են նաև հնէակլիմայական և հնէաաշխարհագրական վերականգնումների ժամանակ։ Հնէաբուսաբանության բաժանումը մի շարք ուղղությունների (մորֆոլոգիական հնէաբուսաբանություն, սիստեմատիկ հնէաբուսաբանություն, ֆլորիստիկ հնէաբուսաբանություն, հնէաէկոլոգիա) պայմանավորված է ուսումնասիրվող բուսական մնացորդների պատկանելությամբ այս կամ այն օրգանին (տերևներ, պտուղներ ու սերմեր, բնափայտեր, բեղմնիկներ ու ծաղկափոշիներ) և բրածո վիճակում նրանց պահպանման ձևով (ֆիտոլեյմներ, քարացուկներ, դրոշմներ)։ Բրածո ջրիմուռների պլանկտոն ձևերի հետազոտությունը գնալով ձեռք է բերում ավելի մեծ շերտագրական արժեք։ Օրգանական աշխարհի զարգացման վաղ փուլերի ըմբռնման համար խիստ կարևոր է հնագույն ջրիմուռների և մանրէների ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 493 CC-BY-SA-icon-80x15.png