Քեմբրիի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեմբրիի ժամանակաշրջան (համակարգ, փուլ) (լատ՝․ Cambria-Ուելսի հին անվանումը), պալեոզոյան խմբի առաջին փուլը։ Տևողությունը մոտ 70 մլն տարի է։ Անջատել է անգլիացի երկրաբան Ա․ Աեջվիկը, 1835 թվականին՝ Ուելսում։ Ստորաբաժանվում է երեք բաժնի։ Քեմբլի ժամանակաշրջանը շերտագրական սանդղակի միակ համակարգն է, որ չունի համընդհանուր միջազգային հարկեր՝ չնայած հարկային տրոհման փորձեր բազմիցս ձեռնարկվել են։ Քեմբրիի նստվածքները լայնորեն տարածված են և հայտնի են բոլոր մայրցամաքներում։ Առավել զարգացած են ստորին քեմբրիի ծովային նստվածքները, որոնք համապատասխանում են ընդարձակ ծովային տրանսգրեսիաների ժամանակին, երբ արդի մայրցամաքների զգալի մասը ծածկված էր առատ ֆաունա ունեցող տաք ծովերով։ Քեմբլի ժամանակաշրջանի վերջում ներկայացված էին կենդանական աշխարհի գրեթե բոլոր տիպերը։ Վաղ քեմբրիի վերջում արխեոցիատները գործնականում լրիվ անհետանում են։ Տրիլոբիտները շարունակում են կարևոր դեր խաղալ։ ԽՍՀՄ-ում քեմբրիի նստվածքները շատ մեծ տարածում ունեն հատկապես Սիբիրական պլատֆորմում, Ալթայ-Սայանյան ծալքավոր մարզում և Արևելա-Եվրոպական պլատֆորմում։ Քեմբրիի նստվածքները հայտնի են նաև Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, ՀԽՍՀ-ում (Քասաղ գետի ավազան, Զանգեզուր)։ Քեմբրիի նստվածքների հետ կապված են ֆոսֆորիտների խոշոր (Ղազախստան, ՄԺՀ), նավթի (Իրկուտսկի մարզ, Մերձբալթիկա), կապարի (Հյուսիսային Աֆրիկա), վանադիումի (Ղազախստան), աղերի (Սիբիրական պլատֆորմ, Հնդկաստան) հանքավայրեր։ Քեմբրիի կարբոնատային ապարները շատ շրջաններում օգտագործվում են որպես ցեմենտի հումք, մետալուրգիական արդյունաբերության մեջ, իսկ մարմարները՝ որպես երեսապատման նյութ (Մոսկովյան մետրո)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 435 CC-BY-SA-icon-80x15.png