Ռելիեֆի մեծ մասը միջին բարձրության լեռներ և աստիճանաձև սարավանդներ են։ Մեծ գետերն են Հռենոսը և Նեքարը։ Հարավում կան լճեր (Բոդենի, Ունտերզե)։ Աճում են լայնատերև և փշատերև անտառներ։
Տնտեսությունն ունի ինդուստրիալ բնույթ։ Արդյունահանվում է քարաղ. կալիումական աղ, երկաթաքար, բազմամետաղներ, նավթ, գազ։ Կան ՀԷԿ-եր, Օբրիգհայմում՝ ատոմային էլեկտրակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ավիահրթիռային և քիմիական արդյունաբերությունը։ Կա նաև ալյումինի, տեքստիլ, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Կարևոր դեր ունի արհեստագործությունը՝ ոսկերչությունը, երաժշտական գործիքների և ժամացույցների արտադրությունը։ Մշակում են ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ծխախոտ։ Որոշ վայրերում զարգացած է խաղողագործությունը։ Ունի զարգացած կաթնատու անասնապահություն։
Բադեն-Վյուրթեմբերգը տրանսեվրոպական ճանապարհների և խողովակաշարերի կարևորագույն շրջաններից է։
Հռենոս, Նեքար գետերը և Բոդենի լիճը ունեն նավագնացություն։ Խոշոր գետային նավահանգիստներ են Մանհայմը, Հայլբրոնը, Կարլսրուհեն, Շտուտգարտը։ Վերջինս նաև երկաթուղային գլխավոր հանգույց է և օդանավակայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 205)։