Արարատ Ղարիբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ Ղարիբյան (այլ կիրառումներ)
Արարատ Ղարիբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1899 Դարղալու, Հայաստան |
Մահացել է | մարտի 1, 1977 (78 տարեկանում) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | դոցենտ և պրոֆեսոր (1940) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ և ՀԽՍՀ պետական մրցանակ |
Արարատ Սահակի Ղարիբյան (1899, հունվարի 27, Դարղալու (այժմ՝ Այգեզարդ) - 1977, մարտի 1, Երևան), հայ լեզվաբան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արտաշատի շրջանի Դարղալու (այժմ՝ Այգեզարդ) գյուղում, հողագործի ընտանիքում։ 1923 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը և 1927 թվականին ավարտել։ 1928-1930 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում՝ մեծ հայագետ Հրաչյա Աճառյանի ղեկավարությամբ մասնագիտանալով հայոց լեզվի պատմության ուղղությամբ։ Այնուհետև Լենինգրադում որոշ ժամանակ հետևել է ակադեմիկոս Ն. Մառի դասախոսություններին։
Դասախոսել է ԵՊՀ-ում (1929-1948), Երևանի հեռակա (1934-1954) և ռուսական (1934-1956), Թբիլիսիի (1934-1937), Բաքվի (1935-1947) և Լենինականի (1936-1948) մանկավարժական ինստիտուտներում։ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1934-1937), դոցենտ (1937-1940), պրոֆեսոր (1940-77), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1934-1960)։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի (1943-1950, 1956-1962), հիմնարար գրադարանի (1962-1977) տնօրեն։ Վախճանվել է Երևանում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի մեթոդիկայի, բառարանագրության և այլ հարակից խնդիրներով. դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակ է։ Հայ դպրոցում երկար ժամանակ օգտագործվել է նրա 5-6-րդ դասարանների համար գրված հայոց լեզվի դասագիրքը։ Ունի բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայերենագիտության այլևայլ հարցերի։
Ներդրումը բարբառագիտության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենի բարբառների ձևաբանական դասագրքերի մեջ ավելացրել է 4-րդ՝ ս ճյուղը։ Փորձել է յուրովի զարգացնել այս դասակարգման սկզբունքները։ Կատարել է նաև բարբառների խմբավորում՝ հնչյունաբանական սկզբունքի կիրառումով։ Նրա գրած գրքերի ու հոդվածների թիվն անցնում է 200-ից։
Իր բարբառագիտական աշխատանքը Արարատ Ղարիբյանը ծավալել է երկու ուղղությամբ՝ բարբառային նյութի վերհանումով գիտության համար հայտնի դարձվող բարբառների գիտական նկարագրությամբ և կուտակված նյութի տեսական ընդհանրացմամբ ու դասդասմամբ։ Հայտնաբերել ու նկարագրել է 15 բարբառ, 6 ենթաբարբառ էլ առաջարկել է ընդունել իբրև բարբառ՝ հենվելով դրանց կառուցվածքային բնորոշ հատկանիշների վրա։ Նա զարգացրել է հայ բարբառների դասակարգման աճառյանական տեսությունը։ Նա գրել է «Հայ բարբառագիտությունը» ծավալուն աշխատությունը (1953 թ.)։
Ներդրումը բառարանագրության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ է Արարատ Ղարիբյանի ներդրումը բառարանագրության ասպարեզում։ Հեղինակակցությամբ կազմել, նաև խմբագրել է ռուսերենի հետ առնչվող մի քանի բառարաններ։ Սակայն նրա բառարանագրական գլուխգործոցը «Ռուս-հայերեն բառարանն» է (1968 թ.), որն արժանացել է պետական մրցանակի։
Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թ. Արարատ Ղարիբյանը ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, իսկ 1940-ին՝ դոկտորի գիտական աստիճան, 1947 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1960 թվականին՝ իսկական անդամ։ 1954 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1969 թ. պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով։ Նա պարգևատրվել է նաև պատվոգրերով ու մեդալներով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն, Երևան, 1937։
- Համառոտություն հայ բարբառագիտության, Երևան, 1941։
- Հայ բարբառագիտություն, Երևան, 1953։
- Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1954։
- Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Երևան, 1958։
- Հայոց լեզվի քերականություն, Երևան, 1934 և հետագա հրատարակություններ։
- Հայերեն ուղղագրության նոր բառարան, Երևան, 1944-47։
- Հայոց լեզվի քերականության, ուղղագրության և կետադրության ուղեցույց (հեղինակակից), Երևան, 1957։
- Մանկավարժական լեզվաբանություն, Երևան, 1969։
- Ռուս-հայերեն բառարան, Երևան, 1968-82։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Մարգարյան, Արարատ Ղարիբյան (ծննդյան 90-ամյակի առթիվ), Ա. տ., Ա. հ., 1989, 24 էջ:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Մարգարյան, Անխոնջ գիտնականը (Արարատ Ղարիբյան ծննդյան 70-ամյակի առթիվ): «Գրական թերթ», 1969, № 5:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ Արարատ Սահակի Ղարիբյան
- ՀՀ ԳԱԱ մատենագիտական տվյալներ՝ Ղարիբյան Արարատ Սահակի (1899-1977)
- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 447
- Էդուարդ Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Երևան, 1962
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆեսոր Ա. Աբրահամյան «Ա. Ս. Ղարիբյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1977, էջ 273-274
- Հունվարի 27 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Այգեզարդ (Արարատի մարզ) գյուղում ծնվածներ
- Մարտի 1 մահեր
- 1977 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայ բառարանագիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ դասախոսներ