ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | գիտական գրադարան |
Հիմնվել է | 1935 |
Տեղադրություն | Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6 |
Այլ տվյալներ | |
Կայք | flib.sci.am |
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան, հիմնադրվել է 1935 թվականին ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին /ԱրմՖԱՆ/ կից` իբրև ԱրմՖԱՆ-ի կենտրոնական գրադարան[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը(ՀԳԳ) գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվանշային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։ Հիմնարար գիտական գրադարանը իրականցնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և նրանց գործունեության համակարգումը։ Ճյուղային գրադարանների արդիականացման և նորովի գործելու նպատակով ապահովվել է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումը և ինստիտուտների գրադարանների ներգրավումը թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում, և արդեն իսկ 21 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային համահավաք քարտարանի ձևավորման աշխատանքներում։ ՀԳԳ-ը հանրապետության մյուս խոշոր գրադարանների հետ մասնակցում է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի»[2] համալիր ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված «Համընդհանուր տասնորդական դասակարգման» հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով։ Որպես հեռանկարային ուղղություն` գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի։ Հատուկ նշանակություն է տրվում ՀՀ ԳԱԱ գիտական ժառանգության՝ մենագրությունների, ամսագրերի, մատենաշարային և շարունակական հրատարակությունների, ինչպես նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ձևավորմանը՝ համացանցում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու նպատակով[3]։ Գրադարանը, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում, ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների» ԳՀԻ և Պոզնանի գերհամակարգչային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի»[4] ձևավորման աշխատանքները։ Նպատակն է՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքել գիտական ուղղվածության հրատարակությունների թվայնացված պատճենները, որով մեծապես կբարձրանա նյութերի փնտրման արդյունավետությունը և կստեղծվեն գիտաչափական տվյալների հավաքագման նախադրյալներ։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը գիտական հրապարակումների թվային տարբերակների առաջատար ստեղծողներից է, ինչը հնարավորություն է ընձեռում գիտական գրականության հարուստ և բազմազան հավաքածուները պատշաճ մակարդակով ի սպաս դնելու հանրությանը[5]։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարուստ և բազմազան է ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի հավաքածուն, որը բաղկացած է շուրջ 3 մլն բնական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հասարակական գիտությունների վերաբերյալ հրատարակություններից և սպասարկում է ավելի քան 17 հազար ընթերցողների։ Ի թիվս այլ կարևոր խնդիրների` ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր հավաքածուն հայատառ հրատարակություններով և բոլոր լեզուներով հայագիտական գրականությամբ համալրելու գործին։
Հնատիպ գրքերի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշադրության է արժանի գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն, որը բաղկացած է 16-18 դդ. հայերեն, սլավոնական և եվրոպական լեզուներով բազմաթիվ մեծարժեք հրատարակություններից։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Հայ հնատիպ գիրք» հավաքածուն, որը նկարագրված է «ՀՀ ԳԱԱ էլեկտրոնային քարտարան» բաժնում, պարունակում է 482 միավոր/243 անուն տպագիր նյութ։ Հնատիպ հավաքածուի ամենահին հրատարակությունը “Pestis Descri Ptio Quomodo Ipsa” գիրքն է, որը տպագրվել է 1598թ.:
Քարտեզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուն բաղկացած է 159 միավոր քարտեզներից։ Հատուկ ուշադրության է արժանի Զատիկ Խանզադյանի անհատական ֆոնդում պահվող քարտեզները, որոնք արտացոլում են Փոքր Ասիան և Արևմտյան Հայաստանը 19-րդ դարում։
Անհատական հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով ստացված 28 գրքային հավաքածուները։ Այժմ գրադարանում պահպանվում են գիտության և մշակույթի երախտավորների՝
- Արամ Ագուլյան,
- Ասատուր-Արամ Ալթունյան
- Արշակ Ալպոյաճյան
- Թադևոս Ավդալբեգյան
- Արտեմ Երիցյան
- Լևոն Զեքիյան
- Հովիկ Էդգարյան
- Արմեն Թախտաջյան
- Մանուկ Թերզյան
- Բենիամին Ժամկոչյան
- Լև Լիպին
- Ստեփան և Սրբուհի Լիսիցյաններ
- Գարեգին Լևոնյան
- Զատիկ Խանզադյան
- Գալուստ Կյուլպենկյան
- Կարապետ և Հովսեփ Կուսիկյաններ
- Համազասպ Համբարձումյան
- Աշոտ Հովհաննիսյան
- Արարատ Ղարիբյան
- Կարապետ Մերդինյան
- Լուիզա Նալբանդյան
- Վաչե Նալբանդյան
- Գրիգոր Պողարյան
- Պետրոս Պոստանճյան
- Գևորգ Ջահուկյան
- Սուրեն Սարգսյան
- Հակոբ Փամբուկյան
- Գագիկ Սարգսյան
նվիրաբերած անձնական հավաքածուները, որոնք հարուստ են հատկապես մասնագիտական գրականությամբ։
Սպասարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանի գրքային ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի օգտվողներին բաժնույթի ծառայության և ընթերցասրահի միջոցով։ Օգտվողների սպասարկումն արդիականացված է էլեկտրոնային քարտարանի առկայությամբ, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել գրականության առցանց պատվերներ։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԳԱԱ Հիմնարարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային Համագործակցություն միջազգային կապերի իրականացման ուղղությամբ։ Այս բնագավառում ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության կապեր ունի արտասահմանյան երկրների մի շարք հաստատությունների /գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ, գիտական հիմնարկներ և այլն/ հետ։ Գրադարանի արտասահմանյան գործընկերներից հիշատակության են արժանի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Բրիտանական գրադարանը, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղարվեստական գրականության ակադեմիան, Բոլոնիայի համալսարանը, Իտալիայի Արևելագիտության ինստիտուտի գրադարանը, Կիոտոյի համալսարանին կից մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտը, Ռուսաստանի Ազգային և Բնական գիտությունների գրադարանները։ Գրադարանի գործունեության արմատական արդիականացման, գրադարանամատենագիտական սպասարկման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդի նվաճումների և նորույթների ներդրման, ինչպես և թվայնացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀԳԳ-ն ակտիվորեն համագործակցել է զանազան միջազգային հաստատությունների հետ և ներգրավված է եղել այդ հաստատությունների կողմից հովանավորվող ծրագրերում։ Այսպես, Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագիրը ՀԳԳ-ին շնորհել է դրամաշնորհ թվայնացման ճանապարհով գրադարանի հնատիպ գրքերի և պարբերական մամուլի երկարաժամկետ պահպանության նպատակով։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերել ավտոմատ նկարահանող Qidenus սարք՝ նախատեսված հիմնականում ամսագրերի և նոր շրջանի հրատարակությունների համար, որն է´լ ավելի խթանեց թվայնացման գործընթացը։
Համառոտ տարեգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն։
- 1944թ. ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը հաստատեց Կենտրոնական գրադարանին կից առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվեցին անվանի գիտնականներ Վ.Հ. Համբարձումյանը(նախագահ), Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Կ.Վ. Տրեվերը, Խ.Ս. Սարգսյանը, Ա.Գ. Արարատյանը, Ռ.Կ. Կարախանը, ինչպես և գրադարանային գործի մասնագետներ Ե.Ի Կոչուբինան(գրադարանի վարիչ), Ա.Ս. Բաբայանը, Լ.Բ. Մելքումյանը և Վ.Ն. Կարմենյանը։
- 1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը որոշում ընդունեց վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և այն անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան։
- ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի 1944թ. որոշմամբ Ֆունդամենտալ գրադարանն ընդգրկվեց միութենական գիտական գրադարանների երկրորդ կարգի մեջ։ 1957թ. Ֆունդամենտալ գրադարանը դասվել է երրորդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին և այդ ժամանակվանից կոչվում է Ֆունդամենտալ գիտական գրադարան։
- Մինչև 1959թ. ՖԳԳ-ը գործել է Աբովյան 15 հասցեում գտնվող ԳԱ Նախագահության շենքում։ 1959թ. ԳԱ Նախագահության նոր շենքի շահագործման հանձնվելուց հետո ՀԳԳ-ը գործել է Բաղրամյան 24 հասցեում։ 1980թ. հունվարին ՀԳԳ-ը տեղափոխվել է հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենք` Բաղրամյան 24/6 հասցեում։
- 1965թ. ՖԳԳ-ում ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը` պրոֆ. Համազասպ Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա։ Այժմ գրադարանում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով տարբեր տարիներին ստացված 28 գրքային հավաքածուներ, որոնց գրականության ընդհանուր քանակը կազմում է մոտ 93880 գրադարանային միավոր։
- 1986թ. ՖԳԳ-ը դասվում է ակադեմիական առաջին կարգի գրադարանների խմբին։
- 2002թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Կառավարության Որոշմամբ ՖԳԳ-ը վերակազմավորվել է որպես “ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան” պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Հրատարակչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ն իրականացրել է նաև հրատարակչական ծավալուն գործունեություն ընթացիկ ու թեմատիկ մատենագիտությունների և կենսամատենագիտությունների պատրաստման և տպագրության գծով, իսկ այժմ նաև առցանց։ Գրադարանը 15 հատորով լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ 1936-1986թթ. հրատարակությունների մատենագիտությունները, թեմատիկ մատենագիտությունների 23 պրակ և գրքագիտության հարցերին առնչվող 2 մենագրություն։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վաչե Կարմենյան (1944-1962 թթ.)
- Արարատ Ղարիբյան (1962-1976 թթ.)[6][7]
- Գուրգեն Հովնան (1976-1978 թթ.)
- Վաչե Նալբանդյան (1978-1998 թթ.)[8]
- Անրի Ներսեսյան (1998-2006 թթ.)
- Տիգրան Զարգարյան (2006-2011 թթ.)
- Կարապետ Մինասյան (2012-2018թթ.)
- Նունե Շահումյան (2019-2022թթ.)
- Մայա Գրիգորյան (2022-)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «https://www.flib.sci.am/». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ https://armunicat.nla.am/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Շտեմարաններ». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ https://arar.sci.am/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված ֆիլմ (2023թ.)». Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ղարիբյան Արարատ Սահակի (1899-1977)». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Նալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.