Jump to content

Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ
Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ցեղ Eremias
Տեսակ Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (E. arguta)
Միջազգային անվանում
Eremias arguta
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ (լատին․՝ Eremias arguta transcaucasica), իսկական մողեսների ընտանիքի, անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին։ Արևմտյան Անդրկովկասի էնդեմիկ ենթատեսակ է։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի մարզում։ Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 2,5-9,6 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության։ Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ։ Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով։ Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտրոնական հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր։ Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ։ Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվում է մանր հոդվածոտանիներով։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ մայիսի վերջից հուլիս, դնում 4-6 ձու (13-14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբ։

Օգտակար է՝ կարգավորում է միջատների թվաքանակի աճը։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը լայնորեն տարածված է Հյուսիսարևելյան Ռումինիայից՝ արևմուտքում, մինչև Հարավարևմտյան Մոնղոլիա և Հյուսիսարևմտյան Չինաստան՝ արևելքում, ինչպես նաև մինչև Թուրքիա և Իրան՝ հարավում։ Հյուսիսային Եվրասիայի սահմաններում հանդիպում է Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Ղազախստանում, Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Հարավային Կովկասում։

Հայաստանում միակ հայտնի պոպուլյացիան գտնվում է Սևանա լճի հարավային ափին և Նորադուզ գյուղի շրջակայքում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սակավաթիվ և հիմնական արեալից կտրված, միայն Հայաստանում հանդիպող անհետացող ենթատեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

1961 թվականին Մարտունի գյուղի շրջակայքում պահպանված վերջին 27 հասուն մողեսիկները որսվել են նեղ հողաշերտում՝ դաշտերի և Սևանա լճի ափի միջև և բաց են թողնվել Նորադուզ գյուղի մոտակայքում։ Այդ առանձնյակներն առաջացրել են նոր պոպուլյացիա, որն աստիճանաբար լայնացնում է իր սահմանները։ Ներկայումս դրանց թվաքանակը կազմում է 80-150 առանձնյակ։

Սպառնացող վտանգներից է ընտանի կենդանիների գերարածեցումը և գյուղատնտեսական նպատակներով ապրելավայրերի մշակումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։